ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 2-592/2007 Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան Ա. Խառատյան
Քաղաքացիական գործ
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
ս. Միքայելյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի դեկտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչներ Դավիթ Ասատրյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը, ի թիվս այլնի, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10-րդ շենքի թիվ 4/4 բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով, և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 16.01.2007 թվականի թիվ 2-892/2007 վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ, 360-րդ և 361-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վերսանդիկ Հակոբյանը մինչև Դատարանի 16.01.2007 թվականի թիվ 2-892/2007 վճռի օրինական ուժի մեջ մտնելը Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10-րդ շենքի թիվ 4/4 բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ ունեցել է սեփականության իրավունք: Այսինքն՝ բողոքաբերը վերոնշյալ անշարժ գույքի նկատմամբ ունեցել է գործուն իրավունքներ, հետևաբար այդ իրավունքների դադարման վերաբերյալ գործի քննությունը պետք է իրականացվեր վերջինիս մասնակցությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Կազմակերպությունը խնդրել է հաստատել այն փաստը, որ Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ դադարել է և այդ գույքը սեփականության իրավունքով այժմ տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը, որպիսի պայմաններում բողոքաբերը պետք է ներգրավվեր տվյալ գործով որպես երրորդ անձ, քանի որ բողոքարկվող դատական ակտով նրա իրավունքները վեճի առարկա գույքի նկատմամբ դադարել են: Ավելին, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 օրինական ուժի մեջ մտած վճռով բողոք բերած անձը պարտավորեցվել է Կազմակերպության հետ կնքել գույքի օտարման պայմանագիր, սակայն հետագայում որևէ օտարման պայմանագիր այդպես էլ չի կնքվել, ինչպես նաև այդ վճռի հիման վրա որևէ պետական գրանցում չի կատարվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վերսանդիկ Հակոբյանը, մասնակից չդառնալով սույն քաղաքացիական գործի քննությանը, հնարավորություն չի ունեցել առարկելու Կազմակերպության կողմից ներկայացված դիմումի դեմ և պնդել, որ մինչ օրս վեճի առարկա գույքը չի օտարվել Հայաստանի Հանրապետությանը և վերջինիս սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ գրանցված չէ, իսկ Վերսանդիկ Հակոբյանն էլ իր հերթին չի ստացել որևէ փոխհատուցում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձի ներկայացուցիչները պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներով արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 360-րդ և 372-րդ հոդվածների վերլուծությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս անդրադարձել է գործին մասնակից չդարձած անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման առանձնահատկություններին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների թիվ ԵԱՆԴ/2466/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերսանդիկ Հակոբյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, ինչպես նաև սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Կազմակերպությունն ի թիվս այլնի` պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10-րդ շենքի թիվ 4/4 բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով, և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը:
Դատարանը, 16.01.2007 թվականի վճռով դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով դադարել է Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Աբովյան 10 շենքի 4/4 հասցեում գտնվող 124,52քմ մակերեսով բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ և մինչ օրս նշված գույքը սեփականության իրավունքով ՀՀ անվամբ ինչ-ինչ պատճառներով չի ստացել պետական գրանցում» (հատոր 2-րդ, գ.թ. 1031-1129):
Վերսանդիկ Հակոբյանը` որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի 16.01.2007 վճիռը` վերաքննիչ բողոքում վկայակոչել է այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաբերում է իր իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ ինքը գործին մասնակից չի դարձվել (հատոր 4-րդ, գ.թ.7-14):
Վերաքննիչ դատարանը, Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, պատճառաբանել է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, որ դատական ակտն առերևույթ վերաբերում է իր իրավունքներին և պարտականություններին, որպիսի պայմաններում բողոքը ներկայացվել է դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից: Վերաքննիչ դատարանը վերը նշված հետևությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է «Վերսանդիկ Հակոբյանին ու Հեղինե Ամիրխանյանին պարտավորեցնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր՝ ք. Երևան, Աբովյան 10 շենքի 4/4 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ՝ 60.292.000 ՀՀ դրամով՝ ներառյալ հարկերը և Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին նրանց ընտանիքի անդամների՝ Արմեն և Լուսինե Հակոբյանների հետ վտարել նշված հասցեից (հատոր 1-ին, գ.թ. 76-77): Ընդ որում նշված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 78)»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փոխհատուցմամբ վիճելի գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն Վերսանդիկ Հակոբյանին պարտավորեցնելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նույն գույքի վերաբերյալ կայացված դատական ակտը չի կարող գնահատվել որպես Վերսանդիկ Հակոբյանի իրավունքների վերաբերյալ կայացված դատական ակտ (հատոր 4-րդ, գ.թ. 29-31):
Մինչդեռ սույն գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ վճռով, ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ընդդեմ Վերսանդիկ Հակոբյանի, Հեղինե Ամիրխանյանի, Արմեն և Լուսինե Հակոբյանների՝ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջների մասին, հաստատվել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10-րդ շենքի թիվ 4/4 բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի սեփականատերեր են Վերսանդիկ Հակոբյանն ու Հեղինե Ամիրխանյանը, նշված վեճի առարկա անշարժ գույքը գտնվում է իրացման գոտում և գույքն անկախ գնահատող կազմակերպության կողմից 27.06.2006 թվականին գնահատվել է 60.292.000 ՀՀ դրամ: Մինչդեռ պատասխանողները նշված գնով խուսափում են պայմանագիր կնքել հայցվորի հետ: Նշված վճռով հայցը բավարարվել է՝ պարտավորեցվել է Վերսանդիկ Հակոբյանին ու Հեղինե Ամիրխանյանին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր՝ (…) և Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին նրանց ընտանիքի անդամների՝ Արմեն Հակոբյանի և Լուսինե Հակոբյանի հետ միասին վտարել նշված հասցեից (հատոր 1-ին, գ.թ. 76-77):
Հետագայում, 30.10.2006 թվականին, տվյալ վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, որի վրա հարկադիր կատարման ծառայության բաժանմունքի պետ Տ. Թադևոսյանի և հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի կողմից առկա է հետևյալ գրառումը. «27.11.2006 թվականին հարուցվել է թիվ 01/08-297/06 կատարողական վարույթը: 01.12.2006 թվականին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն վտարումը կատարվել է: ԴԱՀԿ ծառայության Երևանի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը պարտապանները չեն ստացել, պայմանագիր չեն կնքել(…)» (հատոր 1-ին, գ.թ. 78):
Սույն գործով Դատարանը, 16.01.2007 թվականի վճռով բավարարելով Կազմակերպության դիմումը, հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է և նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը (հատոր 2-րդ, գ.թ. 1031-1129):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 16.01.2007 թվականի վճիռն ուղղակիորեն վերաբերում է Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վեճի առարկա անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է նաև Վերսանդիկ Հակոբյանին, և գտնվելով իրացման գոտում՝ պետության կարիքների համար վերցվել է ու դատական կարգով Վերսանդիկ Հակոբյանը պարտավորեցվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր:
Սույն գործով բողոքարկվող դատական ակտով հաստատվել է Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքի դադարման փաստը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև տվյալ գույքը Հայաստանի Հանրապետության կողմից սեփականության իրավունքով տիրապետելու փաստը, մինչդեռ Վերսանդիկ Հակոբյանը տվյալ քաղաքացիական գործով չի ներգրավվել որպես գործին մասնակցող անձ: Դատարանի կողմից կայացված վճռով դադարել է Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքը և հաստատվել է, որ վերջինիս գույքը սեփականության իրավունքով տիրապետում է մեկ այլ անձ, այսինքն՝ տվյալ դատական ակտն անմիջականորեն վերաբերել է գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքին, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ փոխհատուցմամբ վիճելի գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն Վերսանդիկ Հակոբյանին պարտավորեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում սույն գործով կայացրած դատական ակտը չի կարող գնահատվել որպես Վերսանդիկ Հակոբյանի իրավունքների վերաբերյալ կայացված դատական ակտ, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, նկատի ունենալով, որ Վերսանդիկ Հակոբյանի սեփականության իրավունքի դադարման փաստը վիճելի անշարժ գույքի նկատմամբ հաստատվել է սույն գործով կայացված և բողոքարկվող դատական ակտով: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 օրինական ուժի մեջ մտած վճռով Վերսանդիկ Հակոբյանը, ի թիվս այլնի, պարտավորեցվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ կնքել տվյալ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը որևէ նշանակություն չունի բողոքարկվող դատական ակտը Վերսանդիկ Հակոբյանի իրավունքներին և պարտականություններին վերաբերելու հարցը գնահատելիս:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվում է Դատարանի կողմից կայացված դատական ակտն անմիջականորեն գործին մասնակից չդարձված անձի սեփականության իրավունքին առնչվելու փաստը, հետևաբար, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հետևանքով Վերսանդիկ Հակոբյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակումը վերացնելու նպատակով անհրաժեշտ է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|