Գլխավոր տեղեկություն
Номер
N 1220-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.07.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2020
Дата вступления в силу
25.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1220-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1301.64 քառ. մ մակերեսով, 9.059.414 (ինը միլիոն հիսունինը հազար չորս հարյուր տասնչորս) դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը, բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով, կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝

1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2200.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում՝ Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.

2) Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.

3) օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանի համայնքին 800.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում` քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով.

4) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում Երևան համայնքին վերադարձնել քննարկվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը և վճարել տուգանք՝ սույն որոշման կայացման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

5) սույն որոշման 2-րդ կետում նշված 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը կարող է օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

6) Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժումից հետո՝ չկառուցապատվող 346 քառ. մ մակերեսով հողամասը ընկերության կողմից բարեկարգելուց, կանաչապատելուց հետո Երևան համայնքին նվիրելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումներն (արգելանքները) Արզումանյան 8/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Արզումանյան փողոցի հ. 8ա շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրի գծով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:

7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 23-ի N 1220-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

«Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) Երևանի Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որը նշված հասցեում իրականացնում է 12 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող՝ ընդհանուր 7386.4 քառ. մ բնակելի մակերեսով և մոտ 40 հատ ավտոկայանատեղիով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականի վերջին եռամսյակում:

Նշված շենքի հարևանությամբ տեղակայված է 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող շենքը (հիմք՝ 08.11.19 թ. «Բաբայան-Լատ նախագիծ» ՍՊԸ-ի (շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննում) եզրակացությունը):

Ծրագրով առաջարկվում է Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ գտնվող վթարային շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն 1301.64 քառ. մ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:

Երևան համայնքի կողմից ուղղակի վաճառքի ձևով տրամադրվող հողամասի և վթարային շենքի զբաղեցրած հողամասի վրա նախատեսվում է կառուցել մինչև 18 հարկից բաղկացած բազմաբնակարան երկու շենք՝ ընդհանուր 15.541 քառ. մ բնակելի մակերեսով, որտեղից 800.0 քառ. մ մակերեսով վերանորոգված բնակարաններ կհանձնվեն Երևան համայնքին:

Ներդրումային ծրագիրը բաղկացած է 3 բազմաբնակարան բնակելի շենքից, որոնցից Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում գտնվող շենքի շինարարությունը մեկնարկել է: Ծրագիրն իրականացվելու է փուլերով:

● Առաջին փուլ

Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով:

● Երկրորդ փուլ

Նախատեսվում է կառուցել «Ա» մասնաշենքը՝ մինչև 18 հարկ հարկայնությամբ և ընդհանուր 9271.0 քառ. մ մակերեսով: Նշված փուլը նախատեսվում է սկսել օրենսդրությամբ սահմանված կարգով 1301.64 քառ. մ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գործընթացը վերջնական ավարտին հասցնելուց հետո:

● Երրորդ փուլ

Նախատեսվում է կառուցել «Բ» մասնաշենքը՝ մինչև 18 հարկ հարկայնությամբ և 6270.0 քառ. մ ընդհանուր մակերեսով, որը ծրագրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով Արզումանյան փողոցի հ. 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերջնական փոխհատուցում տալուց և շենքն ապամոնտաժելուց հետո:

Ընկերությունը պարտավորվում է նաև ապամոնտաժված շենքի հողակտորի մի մասը՝ շուրջ 350.0 քառ. մ մակերեսով, բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և որպես նվեր փոխանցել Երևան համայնքին: Միաժամանակ՝ «Ա» և «Բ» մասնաշենքերի կառուցումից հետո դրանցում 800.0 քառ. մ մակերեսով բնակելի հատվածի վերանորոգումից հետո նույնպես փոխանցել Երևան համայնքին՝ Երևան քաղաքում առկա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք՝ շուրջ 340 բնակարաններով և մոտ 100 ստորգետնյա ավտոկայանատեղիներով և ավարտին հասցնել մոտ 5 տարում: Ընդհանուր առմամբ իրականացվելու են 11.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվելու է 100-120 մարդ և ներգրավվելու են մինչև 10 լիցենզավորված կազմակերպություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 23-ի N 1220-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներմուծեք նկարագրությունը_21025

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան