ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 879-Լ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում շարադրել նոր` յոթերորդ պարբերություն, այն է` «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ:»:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն …() Արտակարգ դրության և դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս, և (կամ) իրենց ծնողները չեն աշխատում: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ուսանողը բարձրագույն ուսումնական հաստատությունից կարող է հեռացվել հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում, նախագծով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքում սահմանել դրույթ, որն ուղղված կլինի նման դեպքերի կանխարգելմանը:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է սահմանել դրույթ, ըստ որի արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը կհետաձգվի մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում ներկայացնի ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին: Այսպես՝
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները՝
1) անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.
2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.
3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման՝ ներառյալ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.
5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.
6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.
7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.
8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.
9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.
10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.
11) պարետային ժամի սահմանում, այսինքն, ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
12) խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.
13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.
14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.
15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:»:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝
1. Արտակարգ դրության ընթացքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները և ազատությունները վարչական և դատական կարգով պաշտպանելու իրավունք:
2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքն արտակարգ դրության դադարումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։
Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների ժամանակավոր սահմանափակումներին համապատասխան բոլոր դեպքերում կիրառելի որոշակի իրավական երաշխիքներ: Այդպիսի իրավական երաշխիքներից են, օրինակ՝ յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից իր խախտված իրավունքների և ազատությունների վարչական և դատական կարգով պաշտպանության իրավունքը, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասների փոխհատուցումը, ինչպես նաև անհրաժեշտ օգնությունը, որն ստացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և այլ իրավական երաշխիքներ:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել և իրականացվում են մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումներ, որոնք անմիջականորեն ուղղված են նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բարձրացված խնդիրների լուծմանը: Մասնավորապես, տվյալ պարագայում խոսքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման մասին է, մասնավորապես, նշենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 596-Լ որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, ըստ որի 2-րդ կիսամյակի ուսման վարձավճարի փոխհատուցում կստանան Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ բարձր առաջադիմությամբ՝ 90 և ավելի տոկոս հանրագումարային միջին որակական գնահատական (այսուհետ՝ ՄՈԳ) ունեցող սովորողները:
Վերոնշյալ միջոցառման շրջանակներում պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար նախատեսվել են ուսանողական վարկերի տրամադրման նոր պայմաններ: 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար բարձր առաջադիմությամբ սովորողների համար ուսանողական վարկերի տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս, իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար՝ 5 տոկոսով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման շահառուների թիվը կկազմի ավելի քան 3 500 ուսանող, այդ թվում՝ 425 կլինիկական օրդինատոր, կանխատեսվում է 5000 նոր ուսանողական վարկի, ինչպես նաև գոյություն ունեցող 11 500 վարկի սուբսիդավորում:
Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող իրավակարգավորմանը, հարկ ենք համարում նշել, որ ինչպես և նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, նախագծով առաջարկվող կարգավորման նախատեսումն առավելապես պայմանավորված է ներկայումս նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրությամբ: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվելիք միջոցառումների և դրա ընթացքում իրավունքների, ազատությունների սահմանափակումների շրջանակը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված տվյալ պահին ստեղծված իրավիճակով, ուստի անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներին համընթաց, դրա ընթացքում կիրառվող անհրաժեշտ միջոցառումները նույնպես պետք է իրավիճակային լինեն, այլ կերպ ասած՝ պայմանավորված լինեն և անմիջականորեն բխեն արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավիճակից և դրանում առկա հանգամանքներից:
Տվյալ պարագայում գտնում ենք, որ «Կրթության մասին» օրենքում նման դրույթի նախատեսումն ըստ էության պայմանավորված է ներկայումս ստեղծված իրավիճակով, այլ կերպ ասած՝ նեղ իրավիճակային լուծում է: Դրա մասին է փաստում հենց նախագծով նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվելու է մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը:
Այս առումով հարկ է նկատել, որ արտակարգ իրավիճակներն իրենց բնույթով կարող են տարբեր լինել` ուստի դրա հիմքով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում պայմանավորված ստեղծված իրավիճակով, դրանում առկա հանգամանքների գնահատման արդյունքում կիրառվելիք միջոցառումների, իրավունքների և ազատությունների սահմանափակումների շրջանակը յուրաքանչյուր դեպքում կարող է տարբեր լինել: Բացի դրանից, հարկ ենք համարում նաև նշել, որ հայտարարված արտակարգ դրության ժամկետները յուրաքանչյուր դեպքում նույնպես կարող են տարբեր լինել, ուստի, նման կարգավորման նախատեսումը, այս տեսանկյունից նույնպես նպատակահարմար և արդարացված չէ:
Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվող կարգավորումը քննարկելով նաև «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների շրջանակներում, հարկ ենք համարում նշել հետևյալը՝
«Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
«Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:
«Կրթության մասին» 28-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավասու է տնօրինելու սեփական ֆինանսական միջոցները` ապահովելով մասնաճյուղի, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) ֆինանսական գործունեության ինքնուրույնությունը` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է իր ինքնավարությունն ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ ենթակետի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է ֆինանսների կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը:
Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ ուսումնական հաստությունների գործունեությունը կառուցված է որոշակի սկզբունքների վրա, որոնցից է նաև ինքնավարության սկզբունքը, ինչն էլ հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանը ի թիվս այլնի` ինքնուրույն սահմանելու և իրականացնելու նաև ֆինանսական ռեսուրսների կառավարումը: Մինչդեռ, տվյալ պարագայում նախագծով առաջարկվող կարգավորումը չի բխում ուսումնական հաստատության՝ ինքնուրույն ֆինանսական կառավարում իրականացնելու իրավունքից, որը կարող է լիովին խաթարել գործող համակարգի կայունությունը: Միաժամանակ նշենք, որ բուհի արտաբյուջեն, որից վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, գոյանում է ուսանողների ուսման վարձավճարներից և անորոշ ժամկետով (հայտնի չէ, թե երբ է ավարտվելու արտակարգ դրությունը) ուսման վարձերի վճարման հետաձգումը կարող է բուհերում լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:
Ինչ վերաբերում է վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարմանը, ապա հարկ է նշել, որ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի հինգերորդ պարբերության համաձայն վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը:
Նշված իրավակարգավորումից պարզ է դառնում, որ օրենսդիրն արդեն իսկ նախատեսել է վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի մաս-մաս վճարման հնարավորությունը՝ բացառելով նախապես կիսամյակային վարձի չվճարման դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողի հեռացվելու հնարավորությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ուսանողների վարձի վճարումը երեք ամսով հետաձգելու համար «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է՝ սույն առաջարկությամբ բարձրացված խնդիրների համատեքստում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան շրջաբերական գրությամբ բուհերի ռեկտորներին առաջարկվել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով բուհից հեռացնելուց և ուսման վարձավճարների վճարման հետ խնդիր ունեցող ուսանողների համար սահմանել անհատական ժամանակացույց:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|