ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 893-Լ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-600-05.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-600-05.05.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) արդեն իսկ նախատեսված են սահմանափակումներ, որոնք վերաբերում են արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը:
Մասնավորապես՝ որոշման հավելվածի 15.1-ին կետում սահմանվում է, որ արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը: Սույն ենթակետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո: Իսկ նույն կետի 2-րդ ենթակետով սահմանափակվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում կատարելու լիազորությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ վերոհիշյալ որոշմամբ մասամբ կարգավորված են նախագծով առաջարկվող լուծումները, հետևաբար, այս առումով նախագծով նախատեսված կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է:
Մյուս կողմից, անդրադառնալով կատարողական վարույթի էությանը և նրա մասնակիցների շահերի հարաբերակցությանը, պետք է նշել հետևյալը.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է հստակ նախադեպային իրավունք` իր մի շարք վճիռներում արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն և դրանով իսկ ենթակա է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) պաշտպանությանը (տես, մասնավորապես, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով (N 13427/87) 09.12.1994 թ. վճռի 59 կետը, VASILOPOULOU v. GREECE գործով (N 47541/99) 21.03.2002 թ. վճռի 22 կետը, BURDOV v. RUSSIA գործով (N 59498/00) 07.05.2002 թ. վճռի 40 կետը, TIMOFEYEV v. RUSSIA գործով (N 58263/00) 23.10.2003 թ. վճռի 45 կետը, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով (N 33509/04) 15.01.2009 թ. վճռի 87 կետը):
Իր հերթին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության վարույթում պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռության հարցին, 30.01.2013 թվականի թիվ ՍԴՈ-1073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը պայմանավորում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու առաջնահերթ անհրաժեշտությամբ: Դրանք են` շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ:
Վերոգրյալից բխում է, որ կատարողական վարույթում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է հավասարակշռել մի կողմից պարտապանի, մյուս կողմից պարտատիրոջ շահերը: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ պարտապանը գործել է անբարեխիղճ, ինչի արդյունքում էլ պարտատիրոջ պահանջն արդեն իսկ կատարվում է հարկադիր կարգով: Հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 53-րդ հոդվածի կարգավորումները` պետք է նշել, որ բոլոր դեպքերում առաջին հերթին բռնագանձման ենթակա են պարտապանի դրամական միջոցները: Նշված մոտեցումը տրամաբանական է և արդարացված, քանի որ պարտատիրոջ պահանջը ևս դրամական պահանջ է: Ուստի այն դեպքում, երբ պարտապանն ունի բավարար դրամական միջոցներ, ապա արդարացված չի լինի այդ պահանջի բավարարման համար արգելադրել և իրացնել պարտապանին պատկանող այլ` շարժական կամ անշարժ գույք: Ավելին, այլ գույքի հայտնաբերումը և դրա հաշվին պարտատիրոջ պահանջի բավարարումը ենթադրում է լրացուցիչ ռեսուրսների կիրառում ևս: Մյուս կողմից, օրենքի այլ դրույթներ, օրինակ` 58-րդ հոդվածը, առանձին երաշխիքներ է նախատեսում դրամական միջոցների առանձին տեսակների նկատմամբ արգելանքները ոչ ամբողջ չափով կիրառելով:
Ինչ վերաբերում է որոշակի դրամական գումարի չափով պայմանավորված արգելանքներ չկիրառելուն` այս մասով հատկանշական է Դատական կատարողների միջազգային միության (այսուհետ` միություն) դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ: Մասնավորապես, միությունը հայտնել է, որ վարակը և դրա հետևանքներն ամբողջ աշխարհում տնտեսական զգալի կորուստներ կբերեն՝ սնանկություններ, գործազրկություն և անվճարունակություն: Երկրները քայլեր են ձեռնարկում իրենց քաղաքացիների տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Սակայն միության պնդմամբ` դա չի կարող նշանակել, որ վարակի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացքում օրենսդրական միջոցները պետք է կենտրոնանան միայն պարտապանների շահերի վրա` անկախ նրանց ֆինանսական վիճակից: Կատարողական վարույթում որպես պարտատեր սովորաբար հանդես են գալիս փոքր և միջին ձեռնարկությունները: Այսինքն` դրանց կասեցումները կամ հետաձգումները կբերեն դրամական միջոցների հոսքի լուրջ խնդիրներ, որոնք էապես կազդեն տնտեսական համակարգի և շուկայի կառուցվածքի վրա: Միության պնդմամբ` ներդրողները ևս կկորցնեն վստահությունն իրավական համակարգի նկատմամբ: Կոռուպցիոն դեպքերը ևս հնարավոր չէ բացառել: Կատարողական ընթացակարգերի իրականացումը պետք է մնա համաչափ: Դրանք պետք է հնարավորություն ընձեռեն երաշխավորել պարտատիրոջ պահանջի կատարումը` միաժամանակ պաշտպանելով պարտապանի հիմնական իրավունքները: Սոցիալ-տնտեսական իրավունքները ենթադրում են պետության պարտավորությունը երաշխավորելու, հարգելու և պաշտպանելու բոլոր շահագրգիռ անձանց իրավունքները:
Միությունը նշել է, որ թեև դատական ակտի կատարումն արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից է, սակայն այն չի կարող համարվել պարտադիր: ՄԻԵԴ-ը իր որոշումներից մեկում նշել է, որ պետություններին հնարավոր չէ պարտավորեցնել կատարել օրինական ուժի մեջ մտած բոլոր դատական ակտերը (C. M. v. Belgium, 13 March 2018, App. no.67957/12): ՄԻԵԴ-ը նշել է, որ դատական ակտի կատարման ձգձգումը կարող է արդարացված համարվել բացառապես հատուկ հանգամանքների առկայության դեպքում (7 May 2002, Burdov v. Russia, Appl. No. 59498/00, §35):
Միությունը հանգել է այն եզրակացության, որ դատական ակտի կատարման հետաձգումը հնարավոր է միայն այն պայմանով, որ այն ժամանակավոր և պատշաճ կերպով հիմնավորված լինի` խստորեն անհրաժեշտ լուծում գտնել վարակի տարածման դեմ պայքարում: Միությունը գտել է, որ հետագա երկարացումը մարտահրավեր կլիներ պարտատերերի և պարտապանների իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռության համար: Բացի աղետալի, նյութական և ֆինանսական հետևանքներից, որոնք աստիճանաբար կանդրադառնան տնտեսության բոլոր ոլորտների վրա, շահագրգիռ պետությունը, անկասկած, ենթարկվելու է ՄԻԵԴ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառման՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման համար` դատարանի որոշումների կատարման իրավունքի բուն էությունից անհամաչափ հեռանալու պատճառով:
Ելնելով վերոհիշյալից գտնում ենք, որ պարտապանի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանքներ կիրառելիս պետք է ընտրել այնպիսի մեխանիզմ, որ հավասարակշռի իրավահարաբերության երկու կողմերի շահերը և հաշվի առնվի բարեխղճության սկզբունքը և եթե անգամ դիտարկվի արգելանքներ չկիրառելու տարբերակը, այդ դեպքում պետք է սահմանափակվել որոշակի սուբյեկտային կազմով (արտակարգ դրության հետևանքով, այդ թվում` դրա հետևանքով չկատարված պարտավորությունների արդյունքում տուժած անձինք, տնտեսվարողներ, արտակարգ դրության ընթացքում կատարված իրավախախտումներով կայացված ակտերով հարուցված վարույթներ), ինչպես նաև այդպիսի արտոնություն կիրառելու համար սահմանել հստակ ժամանակահատված:
Ամփոփելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող կարգավորումը համարում ենք խնդրահարույց պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պոզիտիվ պարտականության իրացման տեսանկյունից: Առաջարկվող կարգավորման արդյունքում խախտվում է պարտապանների և պարտատերերի շահերի հավասարակշռությունը, պարտատերերի պահանջները ստորադասվում են պարտապանների շահերի նկատմամբ: Նախագծով անտեսվում է նաև այն հանգամանքը, որ կատարողական վարույթների ժամանակ բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա արգելանք կարող է դրվել նաև ալիմենտ բռնագանձելու, առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ, հանցագործությամբ պատճառված վնասները հատուցելու համար և այդ բռնագանձված դրամական միջոցները նույնպես կարող են հանդիսանալ արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական անձանց առաջնային պահանջմունքները բավարարելու միակ հնարավորությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: