Գլխավոր տեղեկություն
Номер
N 861-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 04.06.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2020
Дата вступления в силу
05.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 861-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 3

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետևյալը։

Նախագծով առաջարկվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մի շարք ապրանքների, մասնավորապես, դեղամիջոցների, սննդամթերքի որոշ տեսակների (օրինակ՝ միս, կաթ, կաթնային ապրանքներ, բանջարեղեն, մրգեր, սուրճ, թեյ, ցորեն, զովացուցիչ ըմպելիքներ, սպիրտային խմիչքներ և այլն) ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվող վերոնշյալ ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները վճարվում են հարկային մարմնին:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածման ներկա փուլում տնտեսավարող սուբյեկտներին առավել քան երբևէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ, և այս առումով սննդամթերքի ու դեղամիջոցների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետն անհրաժեշտ է տեղափոխել հաջորդ ամիս՝ հաշվի առնելով նաև այդ ապրանքների արագ իրացվելիությունը։

Վերոգրյալի կապակցությամբ, նախ, հայտնում ենք, որ նախագծի հեղինակի կողմից դեռևս 2019 թվականին ներկայացվել էր նույնաբովանդակ առաջարկություն («Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0), իսկ առաջարկությունը հիմնավորվում էր ապրանքները ԵԱՏՄ անդամ համարվող և չհամարվող երկրներից ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծման և ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների ավելացման նպատակադրումներով: Ընդ որում, 2019 թվականին ներկայացված նախագծի համեմատությամբ այս նախագծում ավելացվել են ԱՏԳ ԱԱ 3003, 3004, 3005 ծածկագրերին դասվող ապրանքները (դեղամիջոցներ, բամբակ, թանզիֆ, փաթույթային վիրակապեր և նմանատիպ արտադրատեսակներ), ինչպես նաև սահմանվել է, որ առաջարկությունը գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (նախկին նախագծով ներկայացված առաջարկության կիրառության ժամկետային սահմանափակում նախատեսված չէր):

Վերոնշյալի կապակցությամբ, հայտնում ենք, որ նախկին նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի մայիսի 10-ի N 538-Լ որոշմամբ համարել է ոչ նպատակահարմար՝ ներկայացնելով մի շարք նկատառումներ և խնդիրներ։ Նախկին նախագծի վերաբերյալ ներկայացված նկատառումները և խնդիրներն արդիական են նաև այս նախագծի պարագայում, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Նախ, որպես ընդհանուր նկատառում, հայտնում ենք, որ նախագծի ընդունմամբ հետապնդվող նպատակն ուղիղ հակադրվում է տեղական արտադրությունը զարգացնելու, ներմուծումն աստիճանաբար տեղական արտադրությամբ փոխարինելու և արտահանմանը միտված տնտեսություն կառուցելու հայտարարված քաղաքականությանը։

2. Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի տարածման ներկա փուլում, երբ սահմանափակվել են մի շարք ոլորտներում իրականացվող տնտեսական գործունեությունները, սննդամթերքի և դեղամիջոցների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունները չեն սահմանափակվել: Հետևաբար, եթե խոսքը գնում է շրջանառու միջոցների անբավարարության խնդրի մասին, ապա նման խնդիր ամենաքիչը կարող են ունենալ նախագծով ներկայացված ապրանքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները։ Ավելին, գտնում ենք, որ այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները շրջանառու միջոցների անբավարարության խնդիրներ առհասարակ կարող են չունենալ, քանի որ սահմանափակումները սահմանելուց հետո խնդրո առարկա ապրանքների առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառությունները նախկինում ունեցած իրացման շրջանառությունների համեմատությամբ աճել են, ինչն, ըստ էության, նշանակում է, որ այդ ապրանքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն ստացել են առնվազն բավարար շրջանառու միջոցներ։ Այս առումով, հայտնում ենք, որ առաջարկությունը հիմնավորված համարվել չի կարող։

3. Նախագծի ընդունման հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ապրանքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե առաջարկության նպատակը տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների հնարավոր անբավարարության խնդրի լուծումն է, ապա ինչու է փոփոխությունն առաջարկվում միայն դեղամիջոցների և սննդամթերքի որոշ տեսակների համար: Մյուս կողմից, եթե առաջարկության նպատակը, օրինակ, շուտ փչացող ապրանքների համար բացթողնման գործընթացի արագացումն է, ապա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետաձգումն ինքնին չի կարող ազդել նշված գործընթացի վրա՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից կատարվող ներմուծումների դեպքում ապրանքների բացթողնման համար պետք է պահպանված լինեն մի շարք այլ պայմաններ, մասնավորապես՝ սննդամթերքի պարագայում անհրաժեշտ է ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանվածությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

4. Նախագծով ներկայացված ապրանքներն ունեն ոչ թե ներդրումային, այլ ընդգծված առևտրային նշանակություն: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այլ հավասար պայմաններում, ապրանքների ներմուծման ու վաճառքի գործառնական փուլի տևողությունն անհամեմատ ավելի կարճ է, քան, օրինակ, հումքի կամ հիմնական միջոցների ներմուծման, արտադրության կազմակերպման ու արտադրանքի վաճառքի գործառնական փուլի տևողությունն է՝ գտնում ենք, որ առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների պակասի խնդիրը չի կարող ավելի ընդգծված լինել, քան ավելի երկար գործառնական փուլ ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների պարագայում, որոնց կողմից ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման մասով մաքսային սահմանին ԱԱՀ-ի չգանձումը կամ վճարման ժամկետի հետաձգումն իրապես կարող է շրջանառու միջոցների համալրման խնդիր լուծել:

5. Նախագծով ներկայացված՝ առևտրային նշանակության ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը տնտեսավարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների համալրման խնդրի լուծման ուղղությամբ առանձնապես կարևոր քայլ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ապրանքները գործնականում իրացվում են ներմուծմանը հաջորդող բավական կարճ ժամկետում (որի մասին նշվում է նաև նախագծի ընդունման հիմնավորման մեջ)՝ հաշվի առնելով նաև այդ ապրանքներից շատերի պահպանման ժամկետները, ինչը նշանակում է, որ հիմնականում այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարը գնորդից ստացվելու են էականորեն ավելի շուտ, քան նախագծով առաջարկվող՝ ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետն է:

6. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) համաձայն՝ նախքան ապրանքները «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելը դրանք կարող են հանձնվել ժամանակավոր պահպանության, ինչն օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կազմում է մինչև 4 ամիս, իսկ միջազգային փոստային փոխադրումներով ներմուծվող ապրանքների համար՝ մինչև 6 ամիս: Հետևաբար, նախագծով առաջարկվող խմբագրության ընդունման պարագայում նախագծում նշված ժամկետից հետո մինչև ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտն ապրանքների մաքսային ձևակերպում կատարելու դեպքում հայտարարատուի մոտ կառաջանան ԱԱՀ-ի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուի համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է ապրանքների մասին հայտարարագրի գրանցման պահից: Այս առումով, նախագծի ընդունումը կարող է ոչ միայն չնպաստել գործունեության միջավայրի բարելավմանը, այլ նաև տրամագծորեն հակառակ ազդեցություն ունենալ: Միաժամանակ, եթե առաջարկվող խմբագրությունը վերաշարադրվի և ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը կապվի ոչ թե սահմանը հատելու, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրվա հետ, ապա այդ դեպքում էլ անհավասարությունը կլինի ի օգուտ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվող ապրանքների՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի սկիզբը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն՝ կապված է սահմանը հատելու օրվա հետ:

7. Հայտնում ենք նաև, որ ստորև ներկայացված նկատառումներով նույնպես, որոշ դեպքերում նախագծի ընդունումը կարող է ոչ միայն չնպաստել նախագծի ընդունման հիմնավորմամբ ակնկալվող արդյունքի ստացմանը, այլ նաև ճիշտ հակառակը՝ կրճատել տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցները՝ դրանով իսկ ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց գործունեության համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բաց- թողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը (եթե ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀ վճարողները սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Հետևաբար, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կատարելու պարագայում կստեղծվի հետևյալ իրավիճակը. եթե, օրինակ, հարկ վճարողն ապրանքի ներմուծումը կատարում է 2020 թվականի փետրվարի 26-ին (ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օր), և այդ նույն ապրանքն օտարում է 2020 թվականի փետրվարի 28-ին, ապա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացումից առաջացող ԱԱՀ-ն պետք է վճարվի մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ: Դիցուք, 2020 թվականի փետրվար ամսվա համար ԱԱՀ-ի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում 2020 թվականի մարտի 12-ին, երբ դեռևս վճարված չէ ներմուծման ԱԱՀ-ն, հետևաբար վերջինս Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա)» ենթակետի համաձայն՝ 2020 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով դեռևս ենթակա չէ հաշվանցման (հաշվարկված պարտավորությունից նվազեցման): Արդյունքում, ստացվում է, որ մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ վճարվելու է օտարումից առաջացող ԱԱՀ-ն ամբողջությամբ՝ առանց դրանից հաշվանցումներ կատարելու, և բացի այդ, պետք է մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ վճարվի նաև ներմուծման ԱԱՀ-ն: Ընդ որում, վերջինս հաշվանցման ենթակա կդառնա միայն այն դեպքում, եթե 2020 թվականի փետրվար ամսվա համար ներկայացվի ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ, որի պարագայում նախկինում իրացումից վճարված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է ներմուծման ԱԱՀ-ի գումարին, կդառնա պարտավորության չափից ավել վճարված ԱԱՀ-ի գումար: Այսինքն, նկարագրված դեպքում հարկ վճարողի կողմից կատարվող ԱԱՀ-ի վճարումները ոչ միայն չեն օպտիմալացվի, այլ հակառակը՝ հարկ վճարողը ժամանակավորապես կծանրաբեռնվի ԱԱՀ-ի լրացուցիչ պարտավորություններով, ինչը չի բխում քննարկման ներկայացված նախագծի ընդունման նպատակադրումից:

8. Նախագծի 2-րդ հոդվածով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները նախատեսվել են որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, ինչը կարող է որոշակի խնդիրների հանգեցնել՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվող ապրանքների համար վճարվող ԱԱՀ-ի գումարները համարվում են մաքսային վճարներ, որոնց հաշվառման և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում չվճարելու դեպքում օրենսգրքով նախատեսված գործողություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից: Հետևաբար, նշված դեպքում ԱԱՀ-ի գումարները որպես հարկային մարմնին կատարվող վճարներ նախատեսելը հիմնավորված չէ: Ընդ որում, նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակներում հստակեցված և կարգավորված չեն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ նախագծով սահմանվող ապրանքատեսակների համար հետաձգված ԱԱՀ-ի գումարների` որպես հարկային մարմնին վճարվող գումարների գծով պարտավորությունների հաշվառման և դրանց կատարման ապահովման հարցերը:

9. Կրկին անդրադառնալով նախագծի ընդունման հիմնական նպատակադրմանը՝ տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների ավելացման խնդրի լուծմանը՝ գտնում ենք, որ ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետ կապված հարցին պետք է անդրադառնալ համակարգված (ոչ տեղային) մոտեցումներով: Եվ այս խնդրի լուծման նպատակով գործող օրենսդրությամբ արդեն իսկ տրված են հետևյալ հիմնական լուծումները.

1) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային նշանակության շատ ապրանքատեսակների (օրինակ՝ հոսքագծերի կամ հումքային ապրանքների) ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից.

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի և դրա կիրառությունն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման համաձայն՝ կատարվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների (այդ թվում՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարների) բացասական տարբերությունը (ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) եռամսյակային պարբերականությամբ ենթակա է հարկ վճարողին հետ վերադարձման:

Վերը թվարկված բոլոր գործիքները նպատակ ունեն բարձրացնել ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների օգտագործման արդյունավետությունն ու տնտեսության ներդրումային գրավչությունն առհասարակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: