Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-23
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.01.2000-27.12.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.27/31(97)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.11.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.1999
Дата вступления в силу
06.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 նոյեմբերի 1999 թվականի

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքը կարգավորում է բույսերի սորտերի սելեկցիոն նվաճումների ստեղծման, իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները:

 

Հոդված 2. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սելեկցիոն նվաճումների պահպանության և օգտագործման բնագավառում իրավական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա գործում են այդ նորմերը:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) սորտ` միևնույն բուսաբանական տաքսոնի շրջանակներում հայտնի դասերի ստորադաս բույսերի խումբ, որը կարող է որոշվել տվյալ գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունը բնորոշող հատկանիշներով, նույն բուսաբանական տաքսոնի այլ խմբի բույսերից տարբերվում է առնվազն մեկ հատկանիշով և կարող է եզակի համարվել իր պիտանիության տեսանկյունից` սորտի ամբողջական անփոփոխ բույսեր ստանալու համար: Սորտը կարող է ներկայացվել բույսի մեկ մասով կամ մի քանի մասերով, այն պայմանով, որ այդ մասը կամ մասերը կարող են օգտագործվել սորտի ամբողջական բույսերի վերարտադրության համար: Սորտի պահպանվող կատեգորիաներն են` կլոնը, առաջին սերնդի հիբրիդը, պոպուլյացիան, սելեկցիոն գիծը.

բ) սելեկցիոն նվաճում` արհեստական ճանապարհով ստացված և գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը.

գ) սերմնանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.

դ) բուսանյութ` սորտի վերարտադրությունից բացի այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.

ե) պահպանվող սելեկցիոն նվաճում` բույսի սորտ, որը գրանցվել է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան).

զ) հանրահայտ սորտ` ճշգրիտ նկարագրություն ունեցող, պետական գրանցամատյանում գրանցում ստացած սելեկցիոն նվաճում.

է) հայտատու` սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

ը) հեղինակ` ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որոնց ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է սորտը.

թ) սելեկցիոներ` սորտի հեղինակը, նրա ժառանգորդները, անձինք, որոնք սորտի հեղինակի գործատուն և նրանց իրավահաջորդներն են.

ժ) լիազորված մարմին` սելեկցիոն նվաճման արտոնագրումն իրականացնող պետական լիազորված մարմին.

ժա) բողոքարկման խորհուրդ` լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողով, որը լուծում է սելեկցիոն նվաճումների փորձաքննության հետ կապված վիճելի հարցերը:

 

Հոդված 4. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սելեկցիոն նվաճման իրավունքը պահպանվում է օրենքով և հաստատագրվում է սելեկցիոն նվաճման արտոնագրով:

2. Արտոնագիրը հաստատում է արտոնագրատիրոջ` սելեկցիոն նվաճումն օգտագործելու բացառիկ իրավունքը:

3. Արտոնագիր ստացած սելեկցիոն նվաճումը գրանցվում է պետական գրանցամատյանում:

4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 20 տարի` սելեկցիոն նվաճումը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից սկսած: Խաղողի, պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակների սորտերի ու դրանց պատվաստակալների արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 25 տարի:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Սելեկցիոն նվաճման իրավական պահպանության չափանիշներն են`

1) նորությունը.

Սորտը համարվում է նոր, եթե մինչև արտոնագրման հայտ ներկայացնելու օրը տվյալ սորտի սերմնանյութը (տնկանյութը) սելեկցիոներն այլ անձանց չի վաճառել կամ այլ կերպ չի փոխանցել սորտն օգտագործելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան մեկ տարի առաջ,

բ) այլ պետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան չորս տարի առաջ, իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան վեց տարի առաջ.

2) տարբերիչ առանձնահատկությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է տարբերիչ առանձնահատկություն ունեցող, եթե արտոնագրման հայտը ներկայացնելու պահին հստակ տարբերվում է հանրահայտ սելեկցիոն նվաճումից.

3) միատարրությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է միատարր, եթե հաշվի առնելով նրա բազմացման առանձնահատկությունները` այդ սորտի բույսերը բավականաչափ միատարր են իրենց հիմնական հատկանիշներով.

4) կայունությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է կայուն, եթե նրա հիմնական հատկանիշները բազմակի վերարտադրությունից կամ վերարտադրության առանձնահատուկ ցիկլի դեպքում` ամեն մի այդպիսի ցիկլի վերջում, մնում են անփոփոխ:

 

Հոդված 6. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՈՒՄԸ

 

1. Սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու հայտը (այսուհետ` հայտ) լիազորված մարմին է ներկայացնում սելեկցիոները:

2. Հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:

3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում ազգային հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ միասին, իսկ օտարերկրյա հայտատուն` հայտը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4. Հայտը պետք է վերաբերի մեկ սելեկցիոն նվաճման:

5. Սելեկցիոն նվաճման հայտը պետք է պարունակի`

ա) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են սելեկցիոն նվաճման անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) սելեկցիոն նվաճման նկարագրությունը:

6. Սելեկցիոն նվաճման հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

7. Սելեկցիոն նվաճման հայտի փաստաթղթերի ձևերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազորված մարմինը:

 

Հոդված 7. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

1. Սելեկցիոն նվաճումը պետք է ունենա անվանում, որում պետք է ընդգրկվի սորտի ծագումնաբանությունը:

2. Անվանումը պետք է թույլ տա նույնականացնել սորտը, բացառի միայն թվային արտահայտությունը, տարակուսանք չառաջացնի սորտի որակական և ծագումնաբանական հարցերում:

3. Լիազորված մարմնին սորտի անվանումն առաջարկում է սելեկցիոները: Եթե հայտնաբերվում է, որ այդ անվանումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ապա վերոհիշյալ մարմինը մերժում է գրանցումն ու պահանջում է, որ սելեկցիոները մեկ ամսվա ընթացքում առաջարկի ուրիշ անվանում: Սորտի անվանումը գրանցում է լիազորված մարմինը` միաժամանակ տալով արտոնագիր:

4. Երրորդ անձանց կողմից նախկինում ձեռք բերված իրավունքները չեն քննարկվում:

5. Սելեկցիոն նվաճումն օգտագործվում է միայն պետական գրանցամատյանում գրանցված անվանմամբ:

 

Հոդված 8. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սելեկցիոն նվաճման առաջնությունը որոշվում է հայտը լիազորված մարմին ներկայացնելու թվականով:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 9. ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննությունը լիազորված մարմինն անցկացնում է սույն հոդվածի համաձայն:

2. Նախնական փորձաքննության ընթացքում` երեք ամսվա ընթացքում, ստուգվում է հայտի` սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

3. Եթե նախնական փորձաքննությունից հետո պարզվի, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:

4. Եթե հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը, հայտն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, հայտատուին, ուղարկում է հարցում` ուղղված և պակաս փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում ներկայացնելու առաջարկությամբ:

5. Հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկու ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է անվավեր:

6. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված սելեկցիոն նվաճման էությունը: Լրացուցիչ նյութերը համարվում են սելեկցիոն նվաճման էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված հայտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:

7. Լիազորված մարմինը նախնական փորձաքննությունից հետո կայացնում է որոշում` արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:

8. Եթե հայտատուն արտոնագիր տալը մերժելու մասին նախնական փորձաքննության որոշմանը չի համաձայնվում, ապա որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում իրավունք ունի կրկնական նախնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական նախնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

9. Լիազորված մարմինը կրկնական նախնական փորձաքննությունից հետո կայացնում է որոշում` արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:

10. Կրկնական նախնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից, հայտատուն կարող է դիմել դատարան:

 

Հոդված 10. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՆՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտը հրապարակելու օրվանից վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է լիազորված մարմին ներկայացնել առարկություն` հայտարարված սելեկցիոն նվաճման նորության վերաբերյալ:

2. Առարկության բացակայության դեպքում լիազորված մարմինը երեք օրվա ընթացքում որոշում է կայացնում հայտը նորության չափանիշին համապատասխանելու մասին, և որոշում կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ է պահում հայտատուին:

3. Առարկություն ստանալու դեպքում լիազորված մարմինը տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով առարկության պատճենը: Եթե հայտատուն ծանուցագիր ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում լիազորված մարմին գրավոր հերքում չի ներկայացնում, ապա լիազորված մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին:

4. Իր ունեցած նյութերի հիման վրա պետական լիազորված մարմինը հայտի պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամսվա ընթացքում որոշում է կայացնում հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին և մեկ շաբաթվա ընթացքում որոշման մասին տեղյակ է պահում հայտատուին:

5. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում և երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը:

6. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

 

Հոդված 11. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

 

1. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: Հայտատուն անհրաժեշտ քանակությամբ սերմնանյութ է տրամադրում փորձարկման համար:

2. Որպես փորձարկման արդյունք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան պայմանագիր կնքած օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների, ինչպես նաև հայտատուի տրամադրած տվյալները:

3. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները կարող են համատեղվել դրա տնտեսական օգտակարության նպատակով կատարվող պետական փորձարկումների հետ:

4. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման պաշտպանունակության չափանիշների փորձաքննության դրական արդյունքների հիման վրա կայացնում է որոշում` արտոնագիր տալու մասին և կազմում է սելեկցիոն նվաճման նկարագրությունը:

5. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կրկնական փորձաքննությունից հետո լիազորված մարմինը կայացնում է որոշում` արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:

7. Կրկնական փորձաքննությունից հետո արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում և երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը:

8. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

 

Հոդված 12. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Սելեկցիոն նվաճմանն արտոնագիր տալու մասին լիազորված մարմնի որոշումը հիմք է սելեկցիոն նվաճումը պետական գրանցամատյանում գրանցելու համար: Պետական գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 13. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել առանց թույլտվության օգտագործելու արտոնագրով պահպանվող սելեկցիոն նվաճումը, ինչպես նաև օգտագործելու դա իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները: Յուրաքանչյուր անձ արտոնագրատիրոջից կարող է լիցենզային պայմանագրով ստանալ թույլտվություն` սելեկցիոն նվաճման նկատմամբ հետևյալ գործողություններն իրականացնելու համար.

ա) արտադրություն և վերարտադրություն.

բ) հետագա բազմացման նպատակով սերմնանյութի ցանքային պիտանիության հասցնում.

գ) վաճառքի առաջարկություն.

դ) վաճառք կամ այլ եղանակներով իրացում.

ե) Հայաստանի Հանրապետությունից արտահանում.

զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծում.

է) նշված նպատակներով պահեստավորում:

2. Արտոնագրատիրոջ իրավունքը տարածվում է նաև այն բուսանյութի վրա, որն արտադրվել ու շրջանառության մեջ է մտցվել առանց իր թույլտվության:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ արտոնագրատիրոջ թույլտվությունը նաև այն սորտի սերմերի համար, որոնք`

ա) էապես ժառանգում են պահպանվող ելակետային սորտի հատկանիշները, եթե այդ պահպանվող սորտն այլ սելեկցիոն նվաճումների հատկանիշներն էապես ժառանգող սելեկցիոն նվաճում չէ.

բ) ակնհայտորեն չեն տարբերվում պահպանվող սորտից.

գ) պահանջում են պահպանվող սորտի բազմակի օգտագործում:

4. Պահպանվող (ելակետային) սելեկցիոն նվաճման հատկանիշներից էապես ժառանգող սելեկցիոն նվաճում է համարվում այն սելեկցիոն նվաճումը, որը ելակետայինից ակնհայտ տարբերության դեպքում`

ա) ժառանգում է ելակետային սելեկցիոն նվաճման կամ էական հատկանիշները ժառանգած այլ սելեկցիոն նվաճման առավել էական հատկանիշները` պահպանելով ելակետային սելեկցիոն նվաճման գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունն արտահայտող (բնորոշ) հիմնական հատկանիշները.

բ) համապատասխանում է ելակետային սելեկցիոն նվաճման գենոտիպին կամ գենոտիպերի համակցությանը, բացառությամբ այն շեղումների, որոնք առաջացել են այնպիսի մեթոդների կիրառության հետևանքով, ինչպիսիք են ելակետային սորտից մակածված ձևափոխության (մուտանտի) կամ սոմակլոնային տարբերակի ընտրությունը, հետադարձ տրամախաչումը, գենային ինժեներիան:

 

Հոդված 14. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող յուրաքանչյուր հեղինակի տալիս է հեղինակային վկայագիր:

2. Հեղինակային վկայագիրը հաստատում է սելեկցիոն նվաճման հեղինակ լինելը և հեղինակի` արտոնագրատիրոջից սելեկցիոն նվաճման օգտագործման դիմաց վարձատրություն ստանալու իրավունքը, եթե նա արտոնագրատեր չէ:

3. Սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող հեղինակի վարձատրության չափը և վճարման պայմանները որոշվում են արտոնագրատիրոջ և հեղինակի միջև կնքված պայմանագրով:

4. Սելեկցիոն նվաճման համահեղինակների վարձատրությունը կարգավորվում է նրանց միջև կնքված պայմանագրով:

5. Հեղինակության յուրացումը, համահեղինակության պարտադրումը, մինչև հայտ ներկայացնելն առանց հեղինակի համաձայնության հայտի էության հրապարակումը, ինչպես նաև ներկայացված սելեկցիոն նվաճման էության բացահայտումը պետական արտոնագրային փորձագետի կողմից մինչև դրանց պաշտոնական հրապարակումն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 15. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Արտոնագրատիրոջ սելեկցիոն նվաճման իրավունքի խախտում չի համարվում, եթե արտոնագրված սելեկցիոն նվաճումն օգտագործվում է`

ա) անձնական և ոչ առևտրային նպատակներով.

բ) փորձարարական նպատակներով.

գ) որպես ելանյութ` նոր սորտերի ստացման համար:

 

Հոդված 16. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սելեկցիոն նվաճման հայտի պաշտոնական հրապարակման օրվանից մինչև տրված արտոնագրի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը սելեկցիոն նվաճմանը տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն` համընդհանուր ծանոթացման դրված հավակնության սահմանման ծավալով: Սելեկցիոն նվաճման ժամանակավոր պահպանությունն ընդգրկում է սույն օրենքով արտոնագրատիրոջը տրվող բոլոր իրավունքները:

2. Ժամանակավոր իրավական պահպանությունը համարվում է չկայացած, եթե արտոնագիր տալը մերժելու մասին լիազորված մարմնի որոշման բողոքարկման հնարավորություններն սպառվել են:

3. Երրորդ անձինք, ովքեր օգտագործել են սելեկցիոն նվաճումը, սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցում, դրա օգտագործման համար համապատասխան դրամական փոխհատուցում են վճարում արտոնագրատիրոջը: Փոխհատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդ համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցը կարող է սկսվել այն օրվանից, երբ հայտատուն սելեկցիոն նվաճման մասին տեղեկացրել է դա օգտագործող անձին, եթե այդ օրը նախորդում է սելեկցիոն նվաճման հայտի պաշտոնական հրապարակման օրվան:

 

Հոդված 17. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԸ

 

1. Սելեկցիոն նվաճման օգտագործումը կարգավորվում է լիցենզային (բացառիկ, հասարակ, բաց և հարկադրական) պայմանագրերով:

2. Լիազորված մարմնում չգրանցված լիցենզային պայմանագրերն անվավեր են: Լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բացառիկ լիցենզիայի դեպքում սելեկցիոն նվաճման օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվում է լիցենզային պայմանագրով նախատեսված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքը փոխանցելով լիցենզառուին, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում` նաև երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:

5. Բաց լիցենզիայի դեպքում արտոնագրատերը կարող է դիմել լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրում սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով: Բացի լիցենզիա ձեռք բերելու ցանկություն հայտնած անձը պարտավոր է արտոնագրատիրոջ հետ կնքել պայմանագիր` վճարումների մասին:

6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հասարակության շահերից ելնելով կամ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավասու է օգտագործել կամ լիազորել երրորդ անձանց` օգտագործելու սելեկցիոն նվաճումը` դրա մասին տասն օրվա ընթացքում իրազեկ պահելով արտոնագրատիրոջը և ապահովելով նրան համարժեք դրամական փոխհատուցում` նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:

7. Հարկադրական լիցենզիա տրամադրելու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

8. Հարկադրական լիցենզիան կարող է լինել միայն հասարակ (ոչ բացառիկ) և, կախված դրա նպատակից, տրվում է որոշակի ժամկետով և պայմաններով: Այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե շարունակում են գործել այն պայմանները, որոնց հիման վրա տրվել է հարկադրական լիցենզիան: Հարկադրական լիցենզիան անվավեր է ճանաչվում, եթե լիցենզառուն խախտում է այն պայմանները, որոնց հիման վրա տրվել է հարկադրական լիցենզիան:

9. Լիցենզային պայմանագրերի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 18. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սելեկցիոն նվաճման իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`

ա) լիազորված մարմինը որոշում է կայացրել արտոնագիր տալը մերժելու մասին.

բ) հայտատուն հետ է կանչել հայտը, կամ արտոնագրատերը գրավոր ձևով հրաժարվել է արտոնագրից.

գ) եթե պարզվել է, որ իրավական պահպանությունը տրվել է`

գա) անձի, որն այդ իրավունքը չունի.

գբ) գլխավորապես սելեկցիոների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, և «տարբերիչ առանձնահատկություն», «միատարրություն» և «կայունություն» չափանիշները չեն կատարվել իրավական պահպանությունը տալու պահին.

դ) հայտատուն կամ արտոնագրատերը չի վճարել օրենքով սահմանված տուրքերը.

ե) սորտի անվանումը չեղյալ է համարվել իրավական պահպանություն ստանալուց հետո, իսկ հայտատուն կամ արտոնագրատերը չի առաջարկել համապատասխան անվանում:

2. Սելեկցիոն նվաճման իրավունքի պահպանությունը չի կարող վաղաժամկետ դադարեցվել սույն օրենքում սահմանված պատճառներից տարբերվող այլ պատճառներով:

 

Հոդված 19. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Լիազորված մարմինը պարբերաբար հրատարակում է սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիրը:

2. Արտոնագրման հայտերի և դրանց մասին ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ արտոնագրային հայտերի նյութերին:

 

Հոդված 20. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են տուրքեր: Տուրքերի տեսակները, դրանց չափն ու վճարման ժամկետները, տուրքերի չափը նվազեցնելը կամ վերադարձնելը, տուրքից ազատվելու հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 21. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից ու կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 22. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ և ՍՈՐՏԱՑՈՒՑԱԿ ՄՏԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի և շրջանացված բույսերի սորտերի, հիբրիդների անվանացանկ մտած նյութերի հիման վրա սելեկցիոն նվաճման արտոնագրումը կատարվում է արտոնագրի գործողության մնացած ժամկետի համար լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-23