Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1531
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.656
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
19.05.2020
Дата вступления в силу
19.05.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մայիսի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի,

hամաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 20-ի N 178-Ա որոշմամբ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի փետրվարի 28-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում` երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման գործում համագործակցության նպատակով:

2. Համաձայն Համաձայնագրի՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները հայկական և բուլղարական կողմերի միջև և նրանց տարածքներով տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից, կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) ապահովել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև, ինչպես նաև նրանց տարածքներով տարանցմամբ կանոնավոր երթերով ավտոբուսներով ուղևորափոխադրումների իրականացումն իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների առկայության դեպքում (հոդվ. 3, կետ 1),

2) ապահովել, որ թույլտվությունները տրամադրվեն հայկական և բուլղարական կողմերի իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, իսկ մերժման որոշումն ընդունվի երկու ամսից ոչ ուշ, եթե չկան որևէ հատուկ պայմաններ (հոդվ. 3),

3) երաշխավորել, որ հայկական և բուլղարական կողմերի միջև և նրանց տարածքներով տարանցիկ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվեն առանց թույլտվությունների (հոդվ. 5, կետ 1),

4) ապահովել, որ ավտոբուսով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ապահովված լինեն հսկիչ փաստաթղթով (հոդվ. 5, կետ 2),

5) ապահովել, որ փոխադրման թույլտվությունները տրվեն փոխադրողի անունով՝ առանց դրանք այլ փոխադրողի փոխանցման իրավունքի (հոդվ. 6, կետ 1),

6) արգելել կաբոտաժային ուղևորափոխադրումների իրականացումը. տարածաշրջանային ուղևորությունները, որոնք կազմակերպված են նույն փոխադրողի կողմից որոշակի վայր տեղափոխված միայն ուղևորների խմբի համար, չհամարել կաբոտաժային, եթե դրանք ներառված են ճանապարհային տվյալների ցանկում (հոդվ. 6, կետ 2),

7) ապահովել, որ ՀՀ կողմի իրավասու մարմինը բուլղարական կողմի իրավասու մարմնի հետ ամեն տարի փոխանակի թույլտվությունների (քվոտաների) որոշակի քանակ (հոդվ. 9, կետ 1),

8) ապահովել, որ թույլտվությունները տրամադրվեն յուրաքանչյուր հետադարձով ուղևորության և յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար` մինչև հաջորդ օրացուցային տարվա հունվարի 31-ը վավերականության ժամկետով (հոդվ. 9, կետեր 4, 5),

9) որպես ընդունող կողմ` ՀՀ տարածքում մաքսային տուրքերից ազատել տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից ներկառուցված և տրանսպորտային միջոցի երթևեկության և շահագործման համար նախատեսված սովորական բաքում պահպանվող վառելանյութը, ինչպես նաև փոխադրման ժամանակ շահագործման համար անհրաժեշտ քանակով քսանյութերը, եթե պահպանվում են մաքսային օրենսդրության պահանջները (հոդվ. 10, կետ 1),

10) ՀՀ օրենսդրության համաձայն` Համաձայնագրով կարգավորվող փոխադրումների համար գանձել հարկեր, վճարումներ և տուրքեր, այդ թվում նաև՝ ճանապարհային ցանցի, կամուրջների և այլ ենթակառուցվածքային օբյեկտների համար, որոնց օգտագործման համար գանձվում են տուրքեր (հոդվ. 10, կետ 2),

11) ապահովել, որ վտանգավոր կամ շուտ փչացող բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կահավորված և սարքավորված լինեն Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին եվրոպական համաձայնագրի և Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդ փոխադրումների համար նախատեսված հատուկ ավտոտրանսպորտային միջոցների մասին համաձայնագրի պահանջներին համապատասխան (հոդվ. 12, կետ 1),

12) ապահովել, որ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի աշխատանքի շարունակականության և հանգստի վերահսկման նպատակով օգտագործված սարքավորումը համապատասխանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի ռեժիմի մասին եվրոպական համաձայնագրի դրույթներին (հոդվ. 12, կետ 2),

13) աջակցել Համաձայնագրի սահմաններում շրջակա միջավայրի անվտանգության և պահպանության չափանիշերին համապատասխանող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմանը (հոդվ. 12, կետ 3),

14) ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի բուլղարական կողմի իրավասու մարմնի հետ Համաձայնագրի կատարման ու կիրառման և օգտակար տեղեկության փոխադարձ փոխանակման համար (հոդվ. 15, կետ 1):

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հղում կատարվող «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին» եվրոպական համաձայնագրի, «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդ փոխադրումների համար նախատեսված հատուկ ավտոտրանսպորտային միջոցների մասին» համաձայնագրի և «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի ռեժիմի մասին» եվրոպական համաձայնագրի դրույթները Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կստանան սահմանված կարգով վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1531