Գլխավոր տեղեկություն
Номер
N 416-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.05.2020-27.05.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.31/29(1584).1 Հոդ.348.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2020
Дата вступления в силу
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 416-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի NN 355-Լ, 356-Լ, 357-Լ որոշումները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ.

2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված միջոցառումների ֆինանսավորման համար ծախսերի կատարման հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառումների իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով հաստատված կարգով սահմանված միջոցառումների համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

4) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ:

(2-րդ կետը լրաց. 21.04.20 N 585-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:

(2-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ)

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած վարկային կազմակերպություններն առնվազն պետք է ունենան 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ և նրանց վրա տարածվի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․

1. Համաֆինանսավորում վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

2. Վերաֆինանսավորում վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

3. Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

3.1 Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը ։

4. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով․

- տնտեսավարողի աշխատողներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (այսուհետ՝ աշխատավարձ), բայց յուրաքանչյուր աշխատողին ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր), ընդ որում սույն Հավելվածի իմաստով աշխատակիցներ են համարվում այն անձիք, որոնց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2020թ. փետրվարի 29-ը ներառյալ ներկայացվել են գրանցման հայտեր: Միաժամանակ Միջոցառման շրջանակում ֆինանսավորվող աշխատավարձերը ենթակա չեն բարձրացման այդ աջակցության ամբողջ ընթացքում: Տնտեսավարողի աշխատողներին աշխատավարձի մասով ցուցաբերվող օժանդակության գումարը յուրաքանչյուր ամսվա հաշվով չի կարող գերազանցել 2020 թվականի փետրվար ամսվա համար հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված՝ աշխատավարձի ընդհանուր գումարը:

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր)՝ առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների,

- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),

- նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),

- Հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),

- ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):

(4-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 09.04.20 N 503-Լ, լրաց. 22.04.20 N 586-Լ)

5. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով` ՀՀ օրենսդրությամբ թույլատրված լինելու դեպքում, եթե Տնտեսվարողներն ունեն նման պահանջ,

- ժամկետը՝ մինչև 24 ամիս,

- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամ, ներառյալ Միջոցառման շրջանակներում բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,

- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ՝ բանկային փոխանցումներով,

- առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար՝ 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում՝ 6 %:

(5-րդ կետը խմբ. 09.04.20 N 503-Լ, փոփ. 22.04.20 N 586-Լ)

6. Սույն hավելվածի շրջանակում ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ Միջոցառման ներքո նախատեսվող վարկերի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով:

7. ՀՀ կենտրոնական բանկը Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած և սույն որոշմամբ սահմանված ֆինանսական կազմակերպությունների հետ կնքում է ֆինանսական գործակալության պայմանագրի պահանջներին բավարարող գլխավոր վարկային պայմանագրեր (այսուհետ՝ ԳՎՊ)։

8. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները դիմում են ՀՀ կենտրոնական բանկի հետ ԳՎՊ կնքած ֆինանսական կազմակերպություններին վարկավորման նպատակով՝ ներկայացնելով Միջոցառման ներքո օժանդակության կոնկրետ ուղղություններով գումարների օգտագործման մասին տեղեկատվություն, մասնավորապես, օրինակ, հումքի, նյութերի, սարքավորումների, սննդի և դեղերի վարկերի դեպքում պարտադիր շահառուի կողմից ներկայացման են ենթակա համապատասխան կնքված պայմանագրերը և դրանց գծով հաշիվ ապրանքագրերը, աշխատավարձի և կոմունալ վճարների գծով պարտավորությունների մասով տեղեկությունները:

9. Ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են վարկառուների վարկունակության գնահատումը և նախնական որոշում կայացնում Միջոցառման ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում)։

10. Ֆինանսական կազմակերպությունները վարկի նախահաստատումից հետո ԳՎՊ-ով սահմանված ընթացակարգով համապատասխան հայտ են ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակը (այսուհետ՝ Հիմնարկ):

11. Հիմնարկը Միջոցառման մեկնարկից հետո 3 աշխատանքային օրերի ընթացքում հավաքագրում է Ֆինանսական կազմակերպություններից 10-րդ կետով սահմանված հայտերը, ստուգում դրանց համապատասխանությունը Միջոցառման ընդհանուր պայմաններին: Նշված աշխատանքային օրերի ավարտից հետո Հիմնարկի կողմից հայտերի ընդունումը և դրանց համապատասխանության ստուգումն իրականացվում է ամենօրյա կտրվածքով՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հիմնարկի կողմից Միջոցառման ընդհանուր պայմաններին համապատասխանող հայտերը հաստատվում են ըստ հայտով ներկայացված հատկացման գումարի մեծության՝ փոքրից մեծ սկզբունքով: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաստատվող հայտերով նշված հատկացման գումարների ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել 3 մլրդ ՀՀ դրամը, ընդ որում յուրաքանչյուր օժանդակության գործիքի համար՝ ոչ ավել քան 1 մլրդ ՀՀ դրամ: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում Միջոցառման ընդհանուր պայմաններին համապատասխանող, սակայն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սույն կետով սահմանված չափերի գերազանցման արդյունքում չբավարարված հայտերը, փոխանցվում են հաջորդ աշխատանքային օր և դիտարկվում են հաջորդ աշխատանքային օրը ներկայացված հայտերի հետ՝ փոքրից մեծ սկզբունքով:

13. Ֆինանսական կազմակերպությունը Հիմնարկի կողմից հայտի հաստատման դեպքում տրամադրում է վարկ: Վարկը տրամադրվում է բացառապես անկանխիկ եղանակով: Ընդ որում շահառուները տրամադրված վարկերը կարող են օգտագործել բացառապես սույն Միջոցառման նպատակների համար:

14. Ֆինանսական կազմակերպությունը վարկը տրամադրելուց հետո ԳՎՊ-ով սահմանված ընթացակարգով համապատասխան դիմում է ներկայացնում Հիմնարկ՝ այդ վարկի վերաֆինանսավորման կամ համաֆինանսավորման նպատակով:

15. Միջոցառման պահանջներին բավարարող վարկերի համաֆինանսավորման և վերաֆինանսավորման նպատակով վարկերը Հիմնարկի կողմից ֆինանսական կազմակերպություններին նույնպես տրամադրվում են անկանխիկ եղանակով:

16. Միջոցառման ներքո ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված համաֆինանսավորման վարկերի գծով մարումներն իրականացվում են համամասնորեն: Տնտեսավարողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, երբ վարկային հարաբերությունների հետ կապված միջոցները (վարկի և դրա ապահովման) որ բավարար են՝ բավարարումն իրականացվում է ընդհանուր կարգով հետևյալ սկզբունքով՝ նախ բավարարվում են ֆինանսական կազմակերպությունների պահանջները, այնուհետև՝ ՀՀ կառավարության պահանջները:

17. Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման նպատակով հայտերի ներկայացման, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքված համապատասխան ֆինանսական գործակալության պայմանագրով։

18. Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է ֆինանսական կազմակերպության համապատասխան հաշվին՝ ֆինանսական կազմակերպության հայտի հիման վրա: Տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ֆինանսական կազմակերպությունների և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրերով:

19. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքների կիրառման մոնիտորինգն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ եռամսյա կտրվածքով, իսկ Հիմնարկը 15 օրը մեկ անգամ սույն կարգի 17-րդ կետով նշված պայմանագրով սահմանված համապատասխան ձևաչափով հաշվետվություն է տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, փոփ., լրաց., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ,  լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

1.1. Սույն hավելվածի շրջանակում, Միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով, ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ դրամ, տարեկան 5,7 տոկոսով:

(1.1-ին կետը լրաց. 21.04.20 N 585-Լ)

1.2. Սույն hավելվածի շրջանակում՝ Միջոցառման Աղյուսակ 3-ով նախատեսված՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ. դրամ՝ տարեկան 2,7 տոկոսով:

(1.2-րդ կետը լրաց. 11.05.20 N 720-Լ)

2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:

(2-րդ կետը փոփ., խմբ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 30.04.20 N 644-Լ)

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև՝ Ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման ձևով:

 Ընդ որում, Միջոցառմանը մասնակցել կարող են այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ։ Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

4․ Համաֆինանսավորումը վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի և արժութային ռիսկի մասնակի չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվող անտոկոս փոխառություն է:

 Ընդ որում, համաֆինանսավորում տրվում է այն դեպքում, եթե յուրաքանչյուր գործարքի ֆինանսավորման դեպքում Ֆինանսական կազմակերպությունների միջոցներով ֆինանսավորվող մասի փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում ՀՀ դրամով 14%-ը, իսկ արտարժույթով՝ 9%-ը։

5. Համաֆինանսավորվել կարող են այն Ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկերը, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ ՊՀ Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ Կառույց) հետ կնքել են Միջոցառմանը մասնակցության վերաբերյալ պայմանագրեր (այսուհետ՝ Պայմանագիր)։

6. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները վարկավորման/լիզինգի նպատակով դիմում են Կառույցի հետ Պայմանագրեր կնքած Ֆինանսական կազմակերպություններին՝ ներկայացնելով Միջոցառման ներքո օժանդակության կոնկրետ ուղղություններով գումարների օգտագործման մասին տեղեկատվություն՝ համաձայն գյուղատնտեսության ոլորտի աջակցման գործող պետական ծրագրերի պահանջների:

7. Ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են վարկառուների վարկունակության գնահատումը և կայացնում են նախնական որոշում՝ Միջոցառման ներքո վարկ/լիզինգ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

8. Սույն աջակցության նպատակով վարկի նախահաստատում չի կարող իրականացվել այն դեպքում, եթե Գյուղատնտեսական կոոպերատիվի փոխկապակցված անդամների փայերի հանրագումարը գերազանցում է փայատիրական կապիտալի 40%-ը։ Սույն կարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

9․ Ֆինանսական կազմակերպությունները վարկի նախահաստատումից հետո, Պայմանագրով սահմանված ընթացակարգով՝ Կառույցին են ներկայացնում համապատասխան հայտ:

10. Կառույցը ստուգում է ներկայացված հայտի համապատասխանությունը Միջոցառման ներքո սահմանված պահանջներին։ Եթե համաֆինանսավորման ընդհանուր գումարը չի գերազանցում 15 մլն դրամը, ապա Կառույցը Ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է համապատասխան եզրակացություն:

11․ Միջոցառման ներքո վարկը Ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվում է Կառույցի դրական եզրակացության առկայության դեպքում: Վարկը տրամադրվում է բացառապես անկանխիկ եղանակով:

12. Գյուղատնտեսական կոոպերատիվների համար համաֆինանսավորման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով Գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահին տրված համապատասխան հավաստագրի առկայությունը:

13. Վարկը տրամադրելուց հետո՝ Ֆինանսական կազմակերպությունը Պայմանագրով սահմանված ընթացակարգով Կառույցին է ներկայացնում վարկի համաֆինանսավորման հայտ:

14.Կառույցը բավարարված հայտերի գծով դիմում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ հայտերով պահանջվող գումարները ստանալու և Ֆինանսական կազմակերպությունների համապատասխան հաշիվներին փոխանցելու նպատակով: Ընդ որում, բավարարված հայտերի և դրանցով հատկացված ընդհանուր ֆինանսավորման մեծության 3 մլրդ ՀՀ դրամը լրանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գրությամբ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառույցի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ հայտերով պահանջվող գումարները Կառույցին փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համաֆինանսավորման գումարը փոխանցվում է Կառույցի բանկային հաշվին:

(14.1-ին կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

14.2. Նպատակային վարկերի համաֆինանսավորման գումարը Կառույցին փոխան-ցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝

1) Կառույցի անվանումը.

2) Կառույցի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) համաֆինանսավորման գումարի չափը:

(14.2-րդ կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

15. Ֆինանսական կազմակերպության կողմից 15 մլն ՀՀ դրամը չգերազանցող համաֆինանսավորման նպատակով հայտը Կառույցին կարող է ներկայացվել այն դեպքում, եթե շահառուների սեփական ֆինանսական մասնակցությունը պակաս չէ համաֆինանսավորման գումարի 30 տոկոսից:

16. 15 մլն ՀՀ դրամը գերազանցող չափով պետության համաֆինանսավորման վերաբերյալ դրական եզրակացություն տրվում է այդ մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունմամբ:

17. Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համաֆինանսավորման նպատակով հայտերի ներկայացման, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են Կառույցի և Ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերով։

18. Միջոցառման ներքո տրամադրված վարկերի մոնիտորինգն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

(հավելվածը փոփ., խմբ. 03.04.20 N 464-Լ, լրաց. 17.04.20 N 576-Լ, 21.04.20 N 585-Լ, խմբ. 30.04.20 N 644-Լ, լրաց. 11.05.20 N 720-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ըստ այդմ` գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում ստեղծված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային արտոնյալ վարկերի տեսքով։

4. Սույն կարգի իմաստով արտոնյալ վարկ է համարվում բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով Միջոցառման շրջանակում Շահառուներին տրամադրվող վարկը։

5. Սույն կարգի շրջանակում ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ Միջոցառման ներքո նախատեսվող վարկերի ժամկետը լինելու է 36 ամիս:

6. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումների աջակցման կենտրոնը (այսուհետ` ՆԱԿ)՝ Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքում են ֆինանսական գործակալության պահանջներին բավարարող գլխավոր պայմանագիր։

Ընդ որում, Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած վարկային կազմակերպություններն առնվազն պետք է ունենան 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ։ Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

7. Ֆինանսական գործակալության պայմանագիր կարող է ստորագրվել այն Ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց կողմից Միջոցառման շրջանակում վարկի տարեկան սպասարկման վճարը չի գերազանցի վարկի մայր գումարի 0.3%-ը։ Վարկի սպասարկման վճարը Ֆինանսական կազմակերպությանը վճարում է Ներդրումների աջակցման կենտրոնը։

8. Միջոցառման չափանիշներին բավարարող Շահառուները վարկավորման նպատակով դիմում են ՆԱԿ՝ ներկայացնելով նրանց ընտրության համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված տեղեկատվությունը։

9. ՆԱԿ-ը Շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության նախնական համապատասխանության ստուգումն իրականացնում է երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Թերությունների կամ մերժման հիմքերի առկայության դեպքում դրանց վերաբերյալ Շահառուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն ժամկետում։

10. Վարկային հայտի ստացման ժամկետ է համարվում ամբողջական տեղեկատվության ստացման ամսաթիվը։

11. Վարկային հայտի ստացումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ-ը դիմում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ Շահառուի ընտրության համար սահմանված բարվոք հարկային պատմության պահանջների համապատասխանությունը հաստատելու նպատակով։ ՀՀ ՊԵԿ-ը սահմանված պահանջների համապատասխանության հաստատումը կամ հերքումը ՆԱԿ-ին է տրամադրում հարցումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում։

12. ՊԵԿ-ի կողմից Շահառուի բարվոք հարկային պատմության հերքում ստանալու դեպքում ՆԱԿ-ը որոշում է ընդունում հայտի մերժման վերաբերյալ և այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կարգով ծանուցում է Շահառուին:

13. Շահառուի բարվոք հարկային պատմության վերաբերյալ ՊԵԿ-ի դրական հաստատումը ստանալու դեպքում ՆԱԿ-ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է արտոնյալ վարկավորումը հաստատելու վերաբերյալ որոշում և այդ մասին էլեկտրոնային կարգով ծանուցում Շահառուին՝ տրամադրելով նաև այն Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տվյալները, որոնց միջոցով կարող է հաստատվել արտոնյալ վարկի ստացումը։

14. Շահառուն ՆԱԿ-ի արտոնյալ վարկավորման որոշման վերաբերյալ ծանուցումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ է ներկայացնում այն Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տեղեկությունը, որի միջոցով ցանկանում է իրականացնել իր վարկի սպասարկումը։

15. Ֆինանսական կազմակերպության ընտրության վերաբերյալ Շահառուի հաստատումը ստանալուց և նրան առնչվող երաշխավորության պայմանագրերը ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացում ՆԱԿ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և համապատասխան Ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում այդ տվյալները։

16. Ֆինանսական կազմակերպությունը տեղեկացումը ստանալուց հետո գործակալության պայմանագրով սահմանված ժամկետում Շահառուի հետ կնքում է վարկավորման պայմանագիր կամ ՆԱԿ-ին և Շահառուին տեղեկացնում է դրանից հրաժարվելու պատճառների վերաբերյալ։

17. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ վարկի գումարը փոխանցվում է Ֆինանսական կազմակերպության բանկային հաշվին։

(17-րդ կետը խմբ. 17.04.20 N 576-Լ)

17.1. Արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝

1) Ֆինանսական կազմակերպության անվանումը.

2) Ֆինանսական կազմակերպության ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) վարկի գումարի չափը:

(17.1-ին կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

18. Արտոնյալ Վարկը Շահառուին տրամադրում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Միջոցառմամբ սահմանված ծախսային ուղղություններով։

19. Արտոնյալ վարկերի տրամադրման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և ֆինանսական կազմակերպության միջև եռակողմ պայմանագրով՝ հաշվի առնելով Վարկերի մարման կարգի վերաբերյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սահմանած նվազագույն պահանջները։

20. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքների կիրառման մշտադիտարկումն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ եռամսյա պարբերականությամբ։

(հավելվածը խմբ., լրաց. 17.04.20 N 576-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան