Գլխավոր տեղեկություն
Номер
N 882-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2020-26.04.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.739
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 882-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել նախորդ ամսվա ընթացքում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի վաճառքի մասին տեղեկատվությունը` նշելով վաճառքի ձևը, գույքի կազմը, հաշվեկշռային ու գնահատված արժեքները, վաճառքից ստացված գումարի չափը և գնորդների ստանձնած պարտավորությունները:

(2-րդ կետը փոփ. 06.11.14 N 1243-Ն, 06.03.18 N 236-Ն)

3. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (բացառությամբ մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի) (այսուհետ` գույք) օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին եզրակացություն:

(3-րդ կետը փոփ. 06.11.14 N 1243-Ն, խմբ. 10.09.15 N 1032-Ն)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 882-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական կառավարչական հիմնարկներին (այսուհետ` հիմնարկ) ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարումը:

Սույն կարգը չի տարածվում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1114-Ն)

2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա: Ընդ որում պետական գույքի օտարման եղանակի ընտրությունը կատարվում է «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 28.12.06 N 1926-Ն, 01.11.12 N  1380-Ն, փոփ., խմբ. 06.11.14 N 1243-Ն, խմբ. 10.09.15 N 1032-Ն)

2.1. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(2.1-ին կետը լրաց. 10.09.15 N 1032-Ն, խմբ. 23.04.20 N 605-Ն)

2.2. Հիմնարկի կամ կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

(2.2-րդ կետը լրաց. 10.09.15 N 1032-Ն)

 

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3. Հիմնարկներին ամրացված, կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված` օտարման ենթակա գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով:

Եթե բացակայում է օտարման ենթակա գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա գույքը ենթակա է գնահատման՝ գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից:

(3-րդ կետը լրաց. 10.02.05 N 138-Ն)

III. ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում: Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 141-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:

(4-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն, 06.11.14 N 1243-Ն, լրաց. 10.09.15 N 1032-Ն, խմբ. 20.07.17 N 870-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը կամ հրամանը պետք է ներառի տեղեկություններ`

ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին,

գ) հիմնական միջոցն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսից ավելի լինել),

դ) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող պետական գույքի վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին,

ե) այլ տվյալների մասին:

(5-րդ կետը լրաց. 06.11.14 N 1243-Ն)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպության ղեկավարի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

7. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը:

Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

8. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու վարչության եզրակացությամբ:

(8-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն, փոփ. 06.11.14 N 1243-Ն)

9. Եթե կազմակերպությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո խնդրում է վարչությանն իր սեփականությունը հանդիսացող գույքն օտարելու համար, ապա վարչության ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:

(9-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն, 20.07.17 N 870-Ն)

10. Սույն կարգի 6-9-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

 

V. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Սույն կարգի 4-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է վարչությունը:

(11-րդ կետը խմբ. 27.11.03 N 1608-Ն)

12. Սույն կարգի 6-8 կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում է օտարման մասին որոշմամբ նախատեսված մարմինը, իսկ այդպիսին նախատեսված չլինելու դեպքում` վարչությունը:

13. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում (սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում` համապատասխան որոշման հետ միասին) վաճառվող գույքին համապատասխան հիմնարկը կամ կազմակերպությունը վարչություն են ներկայացնում`

ա) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

բ) տեղեկություններ օտարվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին.

գ) այլ տեղեկություններ` հիմնարկի կամ կազմակերպության հայեցողությամբ:

14. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Գույքը (բացառությամբ հողամասի) սույն կետով չօտարվելու դեպքում այն ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն կարգով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 27.04.06 N 821-Ն, լրաց. 28.12.06 N 1926-Ն)

141. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(141-րդ  կետը լրաց. 27.04.06 N 821-Ն, 01.11.12 N  1380-Ն)

15. Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է օտարման մասին որոշմամբ) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:

16. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

17. Աճուրդի (մրցույթի) կազմակերպիչը գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am հրապարակում է գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

(17-րդ կետը փոփ. 10.02.05 N 138-Ն, 26.05.11 N 725-Ն)

17.1. Սույն կարգին համապատասխան` գույքն օտարելու նպատակով հիմնարկներին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո գույքը տեղափոխվում է վարչության կողմից նախատեսված տարածք՝ գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով: Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան հիմնարկ:

(17.1-ին կետը լրաց. 06.11.14 N 1243-Ն)

18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում.

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

19. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է օտարման մասին որոշմամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսի չափով:

(19-րդ կետը փոփ., լրաց. 10.02.05 N 138-Ն)

19.1. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի՝

1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).

4) գրավոր առաջարկություն գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

(19.1-ին կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

19.2. Լիազորված պետական մարմինը, սույն կարգի 19.1-ին կետում նշված պայմաններով գույքի օտարման վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:

(19.2-րդ կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

19.3. Եթե սույն կարգի 19.2-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:

(19.3-րդ կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

19.4. Դիմումատուի կողմից սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազորված պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

(19.4-րդ կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

19.5. Սույն կարգի 19.2-րդ և 19.3-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝

1) չեն ներկայացվել սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 19.4-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

(19.5-րդ կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

19.6. Սույն կարգի 19.5-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 19.1-19.5-րդ կետերով սահմանված պայմաններով:

(19.6-րդ կետը լրաց. 06.03.18 N 236-Ն)

 

VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
(գլուխն ուժը կորցրել է 26.03.20 N 395-Ն)

 

(հավելվածը խմբ. 27.11.03 N 1608-Ն, լրաց., փոփ. 10.02.05 N 138-Ն, խմբ., լրաց. 27.04.06 N 821-Ն, լրաց. 28.12.06 N 1926-Ն, 27.09.07 N 1114-Ն, փոփ. 26.05.11 N 725-Ն, լրաց. 01.11.12 N  1380-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.11.14 N 1243-Ն, խմբ., լրաց. 10.09.15 N 1032-Ն, խմբ. 20.07.17 N 870-Ն, լրաց. 06.03.18 N 236-Ն, փոփ. 26.03.20 N 395-Ն, խմբ. 23.04.20 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան