ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 854-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 19-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 239-240 կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2020 թվականի հունիսի 10-ը հաստատել միջոցառման շրջանակում շահառուների ընտրության և միջոցառման իրականացման մոնիթորինգի իրականացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 854-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԿՍՆԱԿ ԿԱՄ ՆՈՐԱՐԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին (այսուհետ` շահառուներ) հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
2. Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`
1) «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը.
2) շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
3. Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
1) համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներին.
2) աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն.
3) գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում.
4) չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
5) մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
4. Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%‑ը՝ որպես դրամաշնորհ։
5. Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |