Գլխավոր տեղեկություն
Номер
N 656
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2020-06.08.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2000
Дата вступления в силу
01.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
23 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 656
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Կադաստրի կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ:

(2-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, 10.10.19 N 1442-Ն, 16.04.20 N 572-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 16.08.01 N 761)

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» N 6 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:

2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:

3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:

4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները`

ա) հողի սեփականության ձևի,

բ) հողի օգտագործման ձևի,

գ) հողի նպատակային նշանակության,

դ) հողատեսքերի և գործառնական նշանակության,

ե) հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,

զ) ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, հողերի շարժի և փոխակերպման (տրանսֆորմացիա),

է) նոր անտառատնկումների և անտառահատումների,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:

(4-րդ կետը փոփ., լրաց. 16.04.20 N 572-Ն)

5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքների ղեկավարներին ու մարզպետներին` ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողհատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին և Կադաստրի կոմիտե:

(5-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 16.04.20 N 572-Ն)

6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

(6-րդ կետը փոփ. 16.04.20 N 572-Ն)

7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը, ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն)

9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):

(9-րդ կետը խմբ. 11.03.10 N 240-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն) 

10. Մարզպետը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը, համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:

(10-րդ կետը լրաց. 10.01.08 N 8-Ն, խմբ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 07.04.11 N 358-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն) 

11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(11-րդ կետը լրաց., փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 16.04.20 N 572-Ն) 

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները և մարզպետները Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:

(12-րդ կետը փոփ. 11.03.10 N 240-Ն, փոփ., լրաց. 16.04.20 N 572-Ն) 

13. (կետն ուժը կորցրել է 16.04.20 N 572-Ն) 

(կարգը լրաց. 10.01.08 N 8-Ն, փոփ., խմբ., լրաց., 11.03.10 N 240-Ն, փոփ. 07.04.11 N 358-Ն, 10.10.19 N 1442-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.04.20 N 572-Ն)