Գլխավոր տեղեկություն
Номер
N 359-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2020
Дата вступления в силу
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 359-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 26

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 359-Լ որոշման

    

 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

2. Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների), որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից և նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Ընդ որում, տնտեսավարողների աշխատակիցների քանակի և հաշվարկված եկամուտների հաշվարկման կարգը սահմանվում է սույն որոշման 2-րդ կետի հիման վրա ընդունված կարգով:

(2-րդ կետը խմբ. 09.04.20 N 501-Լ)

3. Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

4. Միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ԱՉ=(ԱՀ:ԱՔ)*(ԱՔ:5)

 

որտեղ՝

ԱՉ – պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է,

ԱՀ – տնտեսավարողի բոլոր աշխատողների համար հաշվարկված եկամուտների հանրագումարն է,

ԱՔ – տնտեսավարողի աշխատողների քանակն է,

ընդ որում (ԱՔ:5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև:

(4-րդ կետը խմբ. 09.04.20 N 501-Լ)

5. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բանաձևը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

1) մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.

2) 5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մարտ ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,

բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,

գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացնում մինչև միավոր:

(5-րդ կետը խմբ. 09.04.20 N 501-Լ)

(հավելվածը խմբ. 09.04.20 N 501-Լ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.04.2020, N 501-Լ 13.04.2020, N 359-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան