Գլխավոր տեղեկություն
Номер
N 737-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2020
Дата вступления в силу
17.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 737-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-566-14.04.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-566-14.04.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում օժանդակել պետական նպաստ ստացող այն անձանց, որոնց տրվող պետական դրամական աջակցության չափը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի չափից:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստի տեսակների շարքում են նաև ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, որոնք ուղղված են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանը:

Օրենքով և դրա կիրառումն ապահովող 30.01.2014 թ. N 145-Ն որոշմամբ տրված իրավակարգավորումներն արդեն իսկ ապահովում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, առավելապես տնտեսական, ընտանիքներին նպաստի ձևով դրամական օգնության տրամադրումը:

Այսպիսով, օրենքի 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել համապատասխանաբար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ, իսկ 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները վերաբերում են նաև արտակարգ իրավիճակի դեպքերին, իսկ արտակարգ իրավիճակը համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակն է:

Գործող օրենսդրությամբ, արդեն իսկ երկրորդ և հաջորդող եռամսյակների համար սահմանված կարգով նախագծում նշված հիմքով կարող է նշանակվել (կամ արդեն նշանակվել են) եռամսյակային հրատապ օգնություն` դրա կարիքն ունեցող ընտանիքներին:

Այսպիսով, օրենքը Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել է արտակարգ դրության (իրավիճակներում) արագ և արդյունավետ գործելու հնարավորություն:

Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային բյուջեի միջոցների հաշվին կարող են և աջակցում են նման իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին):

Հայաստանի Հանրապետության կառավարության 26.03.2020 թ. «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» N 354-Լ որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ Համաձայն հավելվածի 1-ին կետի՝ ի թիվս այլ ոլորտների միջոցառումների հիմնական նպատակներից է նաև ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտանգությունը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ շահառուների առանձնացված խմբերի համար արդեն իսկ գործարկվել են կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համապատասխան միջոցառումներ, գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա, իսկ դրանով բարձրացված հարցերը հարկ է քննարկել կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի շրջանակներում։