Գլխավոր տեղեկություն
Номер
N 16
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.03.2020-01.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
24.03.2020
Подписан
Պարետ
Дата подписания
24.03.2020
Дата вступления в силу
24.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի, 2020 թ. N 16

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝

1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում

4) Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

(2-րդ կետը փոփ. 28.03.20 N 21, լրաց. 30.03.20 N 23)

3. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը.

(3-րդ կետը խմբ. 26.03.20 N 18, 30.03.20 N 23)

4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթի և թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի առկայության ստուգումը.

(4-րդ կետը խմբ. 28.03.20 N 21)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Մարտի 24-ի N 16 որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

 ——— մարտի, 2020թ․

 

Անուն, Ազգանուն, Հայրանուն

 

Ելքի ժամը

 

Ելքի հասցե

 

Այցելության վայրի հասցե և անվանում

 

Այցելության նպատակը

 

Վերադարձի ակնկալվող ժամը

 

 

 Ստորագրություն ———————————————

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին: