Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-163
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.01.1998-13.01.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.25/29
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.11.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.12.1997
Дата вступления в силу
04.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
17 նոյեմբերի 1997 թ.

 

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ներքին զորքերը (այսուհետ` ներքին զորքեր) ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` ներքին գործերի հանրապետական մարմին) համակարգի մեջ և կոչված են պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը:

 

Հոդված 2.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ներքին զորքերի խնդիրներն են`

- հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.

- հատուկ և կարևորագույն օբյեկտներ ու հատուկ բեռներ պահպանելը.

- ուղղիչ-աշխատանքային հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը.

- Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը:

 

Հոդված 3.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ներքին զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 4.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Ներքին զորքերի կազմում ընդգրկվում են`

ա) օպերատիվ նշանակության զորամասերը.

բ) հատուկ մեքենայացված զորամասերը.

գ) հատուկ և կարևորագույն օբյեկտների և հատուկ բեռների պահպանության զորամասերը.

դ) ուղղիչ-աշխատանքային հիմնարկների պահպանության, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցող զորամասերը.

ե) ներքին զորքերի կառավարման մարմինները.

զ) ներքին զորքերի գործունեությունն ապահովող ավիացիայի, շինարարական, կապի և այլ բնույթի հիմնարկներն ու զորամասերը:

 

Հոդված 5.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԸ

 

Ներքին զորքերի թվակազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 6.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՒՅՔԸ

 

Ներքին զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը:

Ներքին զորքերը հողի, ընդերքի, օդային տարածության և ջրերի օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 7.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ներքին զորքերի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա:

 

Հոդված 8.

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

 

Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ներքին զորքերին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրականացնում է քաղաքացիների զորակոչը և զորահավաքը` ներքին զորքերում ծառայելու համար և պայմանագրային հիմունքներով օժանդակում է ներքին զորքերի սպայական կազմի պատրաստմանն և որակավորման բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները, ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ, իրենց օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովում են ներքին զորքերի առջև դրված խնդիրների իրականացման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառի հանրապետական գործադիր մարմինը ներքին զորքերին վարձակալական հիմունքներով տրամադրում է հատուկ վագոններ, երկաթուղային կայարաններում վագոններ կանգնեցնելու համար առանձնացնում է հատուկ կայանատեղեր` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց տեղափոխելու և տեղավորման հարցերը հոգալու համար:

Տրանսպորտի կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, տրանսպորտային զինվորական և հատուկ փոխադրամիջոցների գծով ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացուցիչները ներքին զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակների պայմաններում` արտահերթ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

 

Հոդված 9.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

Ներքին զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:

Ներքին զորքերի զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ: Ներքին զորքերի զինծառայողները կրում են ծառայողական համազգեստ և տարբերանշաններ, որոնց ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ներքին զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 10.

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

 

Ներքին զորքերի համալրումն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ներքին զորքերի զինծառայողների զինվորական ծառայության անցկացման կարգը, պայմանները, նրանց որակավորումը, զինվորական կոչումների շնորհումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ներքին զորքերի զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներով:

Ներքին զորքերում ծառայության անցնելու առանձնահատկություններից ելնելով` զորակոչիկների ընտրությանը մասնակցում են ներքին զորքերի համապատասխան ծառայությունները` նպատակ ունենալով համալրել ներքին զորքերը նախկինում չվարկաբեկված, բարոյահոգեբանական, ֆիզիկական բարձր հատկանիշներ և առնվազն միջնակարգ կրթություն ունեցող զորակոչիկներով:

 

Հոդված 11.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Ներքին զորքերի կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման աշխատանքներն իրականացվում են ներքին զորքերի և այլ ռազմաուսումնական հաստատություններում:

 

Հոդված 12.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Ներքին զորքերի զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են մարտական ծառայության պահակախմբերի և զինվորական վերակարգերի անձնակազմերի միջոցով:

Սույն օրենքով նախատեսված խնդիրների կատարման համար նշանակված պահակախմբերի և զինվորական վերակարգերի կազմում զինծառայողների ծառայությունը համարվում է մարտական ծառայություն:

Ներքին զորքերի զինծառայողների մարտական ծառայության անցնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եվ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 13.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Ներքին զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարը, իսկ անմիջական ղեկավարումը` ներքին զորքերի հրամանատարը:

 

Հոդված 14.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ներքին զորքերի զորամասերի պարտականություններն են`

ներքին գործերի հանրապետական մարմնի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համապատասխան մարմինների հետ համատեղ պարեկապահակային ծառայությունը.

- վթարների, խորտակումների, հրդեհների, տարերային աղետների ժամանակ և այլ արտակարգ իրավիճակներում մարդկանց փրկության, առանց հսկողության մնացած գույքի և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելիս ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմիններին աջակցելը.

- զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը մասնակցելը.

- հետախուզաորոնողական բնույթի միջոցառումներ իրականացնելը` սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման տարածքում:

Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը և ցույցերը կանխելու համար ներքին զորքերի ներգրավումն արգելվում է:

 

Հոդված 15.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ և ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ

 

Հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները պահպանելիս, ներքին զորքերի զորամասերի պարտականություններն են`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները, հաղորդակցության կառույցները պահպանելը.

- պահպանվող կառույցներում և օբյեկտներում վթարների, խորտակումների, տարերային աղետների, հրդեհների և այլ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելը.

- պահպանվող տարածքներ մուտք գործած անձանց որոնմանը և ձերբակալմանը մասնակցելը:

 

Հոդված 16.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁևՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ և ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑԵԼԻՍ

 

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկները պահպանելիս, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին ու կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս ներքին զորքերի զորամասերի պարտականություններն են`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված ուղղիչ-աշխատանքային հիմնարկները պահպանելը.

- ներքին զորքերի կողմից պահպանվող ուղղիչ-աշխատանքային հիմնարկներից ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին արտադրական օբյեկտներ ուղեկցելը և վերադարձնելը, ինչպես նաև նրանց աշխատանքի ժամանակ այդ օբյեկտները պահպանելը.

- ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց` սահմանված պլանային երթուղիներով քննչական մեկուսարաններից ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ ուղեկցելը և վերադարձնելը, իսկ ամբաստանյալներին` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված դատարաններ ուղեկցելը և դատավարության ընթացքում նրանց պահպանելը.

- ներքին զորքերի կողմից ուղեկցելու ժամանակ փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց հետախուզմանը մասնակցելը.

- ներքին գործերի հանրապետական մարմնի և ներքին զորքերի նյութատեխնիկական բազաները և պահեստները պահպանելը:

 

Հոդված 17.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

Ներքին զորքերի զինծառայողները մարտական ծառայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն`

ա) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջել պահպանել հասարակական կարգը, խափանել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են նրանց պարտականությունները կատարելուն.

բ) ստուգել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց` իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

գ) ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմիններ բերման ենթարկել իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

դ) մինչև երեք ժամ (մինչև ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմիններին հանձնելը) ներքին զորքերի ծառայողական սենյակներում պահել պահպանվող օբյեկտների վրա ոտնձգություն կատարած անձանց, պարզել նրանց անձնավորությունը, կատարել անձանց և իրերի զննում, իսկ անհրաժեշտության դեպքում վերցնել նրանց իրերն ու փաստաթղթերը.

ե) փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց փնտրելիս, պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունները և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև տարերային աղետների, վթարների, խորտակումների, համաճարակների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս, ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքերում` զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարել տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում.

զ) ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս կամ հետախուզման ընթացքում նրանց ձերբակալելիս օրենքով սահմանված կարգով կատարել խուզարկություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ եվ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Հոդված 18.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ և ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐեԼու պայմանները և սահմանները

 

Ներքին զորքերն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, պահել և օգտագործել հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք և մարտական տեխնիկա` միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

Ներքին զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստվածություն, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք, մարտական տեխնիկա գործադրելու պիտանիության պարբերական ստուգումներ, ինչպես նաև ունենալ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելիս ներքին զորքերի զինծառայողը պարտավոր է`

- դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին` բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ ներքին գործերի մարմինների աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անտեղի է կամ անհնարին.

- ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.

- սահմանված կարգով զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին:

Ներքին զորքերի հրամանատարը և զորամասի հրամանատարները պարտավոր են համապատասխան դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա կիրառելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 19.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ներքին զորքերի զինծառայողները հանցագործությունները և վարչական իրավախախտումները խափանելիս, նման գործողություններ կատարած անձանց ձերբակալելիս, ներքին զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, եթե այլ միջոցներով հնարավոր չէ կատարել իրենց վրա դրված պարտականությունները:

 

Հոդված 20.

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ներքին զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել հետևյալ դեպքերում`

ա) քաղաքացիների, զինծառայողների, ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմինների և ուղղիչ-աշխատանքային հիմնարկների աշխատակիցների վրա հարձակումները դիմագրավելիս.

բ) ներքին զորքերի զինծառայողներին, իրենց պարտականությունները կատարելիս, ցույց տրվող դիմադրությունը կասեցնելիս.

գ) քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.

դ) այն անձանց ձերբակալելիս, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք ունեն զինված դիմադրություն ցույց տալու մտադրություն.

ե) ձերբակալված անձանց ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, ձերբակալվածներին և վարչական կալանքի ենթարկված կամ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս և պահպանելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց, կամ եթե ներքին զորքերի զինծառայողներին դիմադրություն են ցույց տալիս.

զ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս.

է) պատանդներին, ինչպես նաև կառույցները, շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները և տեղամասերը ազատագրելիս.

ը) տրանսպորտի, կապի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև ուղղիչ-աշխատանքային հիմնարկների գործունեությունը կազմալուծող զանգվածային անկարգությունները և գործողությունները կանխելիս.

թ) տրանսպորտային փոխադրամիջոցներով փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին կամ կալանքի տակ գտնվող անձանց ձերբակալելիս.

ժ) փախուստի դիմած և կալանքի տակ գտնվող անձանց որոնելիս և ձերբակալելիս:

Ներքին զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել`

- ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «գ», «զ», «է», և «ը» կետերով նախատեսված դեպքերում.

- արցունքաբեր գազ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի «բ», «գ», «դ», «ե», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործել ձեռքի տակ եղած այլ միջոցներ.

- ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում, եթե դրանք վնաս չեն պատճառում անձի կյանքին կամ առողջությանը.

- արգելքները քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- փոխադրամիջոցի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- ջրանետներ և զրահամեքենաներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում և միայն զորամասի հրամանատարի կամ նրա տեղակալի ցուցումով` դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.

- ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում:

Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 21 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ` բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:

Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ներքին զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած այլ միջոց:

 

Հոդված 21.

ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ներքին զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրել հետևյալ դեպքերում`

ա) քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանելիս.

բ) զինծառայողների, ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմինների և ուղղիչ-աշխատանքային հիմնարկների աշխատակիցների ու իրենց վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը խափանելիս.

գ) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.

դ) քաղաքացիների կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

ե) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվածների, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց փախուստը, ինչպես նաև նշված անձանց բռնի ազատազրկման փորձերը խափանելիս.

զ) տրանսպորտային միջոցները վնասելով դրանք կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն` չկատարելով ներքին գործերի մարմինների աշխատակցի կամ ներքին զորքերի զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջը.

է) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների վրա խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.

ը) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջները.

թ) կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս, եթե նրանք վտանգ են սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը.

ժ) զենք գործադրելու մտադրության մասին քաղաքացիներին զգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնության կանչելիս:

Զենք գործադրելն առանց զգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով կալանքից փախչելիս կամ տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության պայմաններում փախչելիս:

Արգելվում է զենք գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անհայտ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:

 

Հոդված 22.

ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ներքին զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում`

ա) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.

բ) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

գ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

դ) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ներքին զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները:

 

Հոդված 23.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Ներքին զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնել զենքը և այն բերել պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված` զենք գործադրելու հիմքեր ծագել:

Ներքին զորքերի զինծառայողն իրավունք ունի սույն օրենքի 21 հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում` զենք գործադրել, եթե ձերբակալվող անձը ներքին զորքերի զինծառայողին մոտենալու փորձեր է կատարում մերկացված սառը զենքով, հրազենով կամ այնպիսի առարկաներով, որոնցով հնարավոր է մարմնական վնասվածքներ հասցնել նրան:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով` չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ներքին զորքերի զինծառայողների ծառայության և բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով:

Ներքին զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարի կամ ներքին զորքերի հրամանատարի թույլտվությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ եվ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Ներքին զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար:

Ներքին զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները չկատարելը, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ներքին զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Որևէ մեկն իրավունք չունի միջամտել ներքին զորքերի զինծառայողի` օրենքով սահմանված գործողությանը, բացի նման լիազորությամբ օժտված անձանցից:

 

Հոդված 25.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներքին զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 26.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներքին զորքերի զինծառայողներն իրենց զանցանքների և այլ իրավախախտումների համար կրում են օրենքին համապատասխան պատասխանատվություն:

Ներքին զորքերի զինծառայողների կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ եվ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 27.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ներքին զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 28.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ներքին զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ:

Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ձեռնարկություններում և հիմնարկներում` պայմանագրային հիմունքներով:

Ներքին զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրումը, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկումը, նորոգումը և նոր շենքերի ու շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանված կարգով ու նորմատիվներով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-163