ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 297-Լ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման 7.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի N 900-Ն որոշման հավելվածի 5.6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 297-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ»
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, իսկ մայրաքաղաք Երևանը հավակնում է համալրել տեխնոքաղաքների շարքը։ Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը` այն կուղղի համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրության և հնարավորությունների ընդլայնմանը, արտաքին նոր շուկաների հետ ուղիղ կապի հաստատմանը, ինչպես նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ամբողջական շղթայի ապահովմանը:
2019 թ․ սեպտեմբերի 23-ին «Գիտության և նորարարության համաշխարհային կենտրոն Սիլիկոնյան հովիտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ընթացքում բարձր տեխնոլոգիական ոլորտի շուրջ մեկ տասնյակից ավելի գործարարների, ներդրողների, գիտական հաստատությունների ղեկավարների և հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց «Հայկական վիրտուալ կամուրջ» գաղափարի իրականացման մասին։ Որոշում կայացվեց 2020 թվականին պետական աջակցությամբ 45 հայ ձեռներեցներին բացառիկ հնարավորություն տալ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրով այցելելու Սիլիկոնյան հովիտ` մասնակցելու ոլորտի լավագույն համալսարանների կողմից առաջարկվող ձեռներեցության և բիզնես-դասընթացներին, ունենալու վերապատրաստման հնարավորություն և մուտք՝ դեպի գլոբալ աքսելերացիոն ծրագրերը, հանդիպումներ ունենալ հնարավոր ներդրողների և վենչուրային կապիտալիստների, տեխնոաշխարհի ճանաչված ներկայացուցիչների հետ: Վերապատրաստման դասընթացների ոլորտներն ընդգրկում են արհեստական բանականություն, տվյալագիտություն, կիբեռանվտանգություն, քվանտային համակարգեր, նանոտեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, իրերի ինտերնետ, կապի ժամանակակից տեխնոլոգիաներ, ավիատիեզերական տեխնոլոգիաներ և այլն:
Հանդիպման ավարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար դոկտոր Երվանդ Զորյանի կողմից կնքվեց համագործակցության հուշագիր՝ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համատեղ իրականացման մասին։
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի գործակցության աշխարհագրությունը և հնարավորություններն ընդլայնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Առաջին վենչուր կապիտալիստ», «Դրեյփեր վենչուր նեթորկի» և Դրեյփերի համալսարանի հիմնադիրներ Բիլ և Թիմ Դրեյփերների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և «Դրեյփերի համալսարանի» խորհրդի նախագահ Թիմ Դրեյփերի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի համաձայն՝ 2020 թվականին առաջին անգամ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 15 հաջողակ ձեռներեցներ իրենց մասնագիտական վերապատրաստումը կստանան Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական համալսարանում՝ Դրեյփեր համալսարանում, ինչը բացառիկ հնարավորություն է ձեռներեցների համար` 7 շաբաթվա ընթացքում ստանալու պրակտիկ մասնագիտական գիտելիքներ, շփվելու ոլորտի հաջողակ ձեռներեցների և համաշխարհային ընկերությունների հիմնադիրների, վենչուրային ընկերությունների ղեկավարների և ներդրողների հետ, մասնակցելու տարբեր տեսակի միջոցառումների և մաս կազմելու Դրեյփեր էկոհամակարգի։ Այն «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է։
Ծրագիրը լուծում է շատ կարևոր խնդիր, այն է՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն և հաբ, ապահովել հայկական տեխնոարդյունաբերության ներկայացուցիչների, էկոհամակարգ ստեղծողների մեծ ներկայացվածությունը Սիլիկոնյան հովտում, ստեղծել միջավայր՝ արագ կապեր ստեղծելու և շուկաներ մուտք գործելու, մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քանի որ ողջ աշխարհում, ինչպես նաև Սիլիկոնյան հովտում առկա է հայկական մեծ տեխնոլոգիական համայնք, ինչը պետք է արդյունավետ և նպատակային օգտագործել։ Այդ նպատակով մշակվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը։
Ծրագրի նկարագրությունը, բաղադրիչները
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ընթացքին համընթաց շարժվելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել կենսունակ ցանցային համակարգ, որի միջոցով հայկական ընկերությունները ճկուն ձևով հնարավորություն կունենան կապ հաստատել տեխնոհսկա ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը, բանակցություններ վարել տարբեր ներդրողների հետ։ Այս ամենը «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա տեխնոլոգիական կենտրոն և դառնալով հաբ՝ կօգտագործի իր բոլոր առավելությունները և հնարավորությունները։
Ծրագիրը բաղկացած է 4 խոշոր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դնում է կոնկրետ նպատակներ և խնդիրներ:
Առաջին բաղադրիչ. «Հայաստան - Սիլիկոնյան հովիտ» - Հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծում Կալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքում, տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողներին և վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրում:
Երկրորդ բաղադրիչ. «Հայաստան-տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ»- Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տեխնոլոգիական ընկերությունների հայաստանյան մասնաճյուղի հիմնում, այդ ընկերությունների համար միջազգային աքսելերացիոն ծրագրերի իրականացում, «Ներուժ» սփյուռքի սթարթափ ծրագրի միջոցով սփյուռքի 20 սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստան ներգրավում, մարզերում 3000 շահառուների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Երրորդ բաղադրիչ. «Հայաստան - Ծոցի երկրներ համագործակցություն» – Արաբական Միացյալ էմիրություններում Հայկական անկյունի ստեղծում, 2 ամիս տևողությամբ աքսելերացիոն ծրագրերի մասնակցություն, հայկական ընկերությունների ներկայացում Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և ներդրումային ֆոնդերին, Dubai Future հիմնադրամի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին մասնակցություն, «Area 2071» ծրագրի շրջանակներում հայկական տարածքի ձեռքբերում: Քաթարի Պետության կողմից ստեղծված 3 հիմնական ինկուբատորներում թրեյնինգների և վերապատրաստման դասընթացների իրականացում, ներդրումային ծրագրերի և արտադրանքի ներկայացում վենչուրային ընկերություններին և ֆոնդերին հայկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության ապահովում: Ծրագրերին նախատեսվում է տարեկան 20 ձեռներեցների մասնակցություն: Այս բաղադրիչը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում:
Չորրորդ բաղադրիչ. «Ներուժ» սփյուռքի սթարթափ ծրագիր, որի նպատակն է սփյուռքահայ ձեռներեցների շրջանակում Հայաստանը դիրքավորել որպես իրատեսական ձեռնարկատիրական միջավայր, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և հիմնել սթարթափ գաղափարը: Հնգօրյա միջոցառման ընթացքում կազմակերպվում են տարբեր տեսակի ծրագրային ներկայացումներ, թրեյնինգներ, միմյանց հետ ընդհանուր ծրագիր սկսելու միջավայր, և վերջում ընտրվելով լավագույն գաղափարները և արդեն կայացած սթարթափները` տրվում է դրամական պարգև՝ իրենց գործունեությունը Հայաստան տեղափոխելու և Հայաստանում բնակվելու նպատակով:
Ծրագրի առաջին բաղադրիչ. «Հայաստան-Սիլիկոնյան hովիտ»
Ծրագրի առաջին բաղադրիչը` Հայաստան – Սիլիկոնյան հովիտ տեխնոլոգիական ընկերությունների միջև կամրջի ստեղծումն է: Ծրագրով նախատեսում է Կալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքում (Սիլիկոնյան հովիտ) տարածքի ձեռքբերում ու հայկական կենտրոնի ստեղծում։ Կենտրոնը ապահովված է լինելու համապատասխան աշխատանքային պայմաններով, տեխնիկապես գերհագեցված հնարավորություններով և կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Այն նախատեսված է լինելու տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող տեղական ընկերությունների համար, որոնք լինելով ծրագրի շահառու՝ հնարավորություն կստանան 3 շաբաթ տևողությամբ մասնակցելու բոլոր նախատեսված միջոցառումներին։
Տարածքն ընտրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի 2019 թ․ սեպտեմբերին ԱՄՆ այցի ընթացքում: Երկհարկանի, 3 ննջասենյակով տարածքն ամբողջությամբ կծառայի «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շահառուների նպատակներին: Տարածքն ունի բիզնես- քննարկումներ անցկացնելու հնարավորություններ և հանգստի հատված:
Կենտրոնը կդառնա կապող, աշխատանքային օղակ ներկայացուցչությունների և բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հսկաների միջև։ Այդ կապը հնարավորություն կտա ընկերություններին իրենց արտադրանքն ու գաղափարը ներկայացնելու համաշխարհային մակարդակով։
Կենտրոնում կազմակերպվելու են տարատեսակ հանդիպում-քննարկումներ, միջոցառումներ, բիզնես - հանդիպումներ։
Առաջին բաղադրիչի կարևորագույն կետը Դրեյփերի համալսարանի հետ համագործակցությունն է: Դրեյփերի համալսարանը հիմնադրել են Դրեյփեր վենչուր կապիտալիստների ընտանիքը, և այն իր տեսակով էականորեն տարբերվում է ստանդարտ ուսումնական հաստատություններից: Համալսարանի կարգախոսն է՝ «Մենք սովորեցնում ենք ինչպես տապալել աշխատանքը»: Դասընթացը տևում է 7 շաբաթ, դասավանդում են բացառապես հաջողակ ձեռներեցներ, համաշխարհային տեխնոլոգիական և ֆինանսական ընկերությունների հիմնադիրներ, գործադիր տնօրեններ և վենչուրային կապիտալիստներ:
2020 թվականից սկսած՝ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 15 հաջողակ ձեռներեցներ հնարավորություն ունեն, ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ, մասնակցելու 7 շաբաթ տևողությամբ դասընթացներին: 2020 թ. ձեռներեցների ընտրությունը կատարվելու է 3 անգամ՝ ամեն անգամ 5 ձեռներեց ընտրելով: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն իրենց սթարթափ գաղափարը և արտադրանքը ներկայացնելու վենչուր կապիտալիստներին, ներդրողներին, որը բացառիկ հնարավորություն է ընկերությունների համար:
Ծրագրով հնարավորություն է ստեղծվել նաև այն ձեռներեցների համար, որոնք համալսարանի ուսանող չեն: Մի քանի ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն «Հայկական անկյուն» ունենալու համար: Այն ծրագրի շահառուներին հնարավորություն կտա անսահմանորեն օգտվելու բազմահազարանոց էլեկտրոնային գրադարանից, մասնակցելու գիտական և բիզնես-քննարկումների, շփվելու ոլորտի լավագույն մասնագետների հետ, ներկայացնելու արտադրանքը և ձեռք բերելու նոր գործընկերներ։
Նշված համատեքստում առկա է նախնական 2 հստակ պայմանավորվածություն՝ Դրեյփերի և Սան Հոզեյի համալսարանների հետ։ Սակայն ցանկն ընդլայնելու ուղղությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են այլ համալսարանների հետ։
Աքսելերացիոն և ինկուբատոր ծրագրերը «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն բաղադրիչն են: Ծրագրի արժեշղթայի կարևոր մասն են կազմում 3-12 շաբաթյա աքսելերացիոն դասընթացները Սիլիկոնյան հովտի լավագույն կենտրոններում և ինկուբատորներում, դրանք վիրտուալ կամրջի շահառուների օրակարգի կարևորագույն մասն են։ Դասընթացները հատուկ մշակվում են ընտրության փուլն անցած ընկերությունների համար՝ ըստ ոլորտի և թիրախային խմբի։ Դրանք ներառում են դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ։
Ձեռներեցները և փորձագետները կներկայացնեն բիզնես - մոդուլի առաջխաղացման, գլոբալ շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման նրբությունները։
Ծրագրի առաջին բաղադրիչը կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից՝ 2020 թվականից սկսած:
Ծրագրի երկրորդ բաղադրիչ. «Հայաստան՝ տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ»
Ծրագրի այս բաղադրիչի հիմնական նպատակը տաղանդի ներհոսքի ապահովումն է, որը բխում է նաև ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից` նպատակ ունենալով Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:
Նշված դրույթն իրագործելու համար Հայաստանը պետք է դառնա «հաբ»` տաղանդի, գաղափարների ազատ մուտքի և ելքի հնարավորություններով երկրների հետ` տեխնոլոգիական ոլորտում համագործակցելով և օգտվելով էկոհամակարգի բոլոր հնարավորություններից և ռեսուրսներից: Որպես հիմնական կարևորագույն գործոն` սփյուռքի ներուժի օգտագործումն է:
«Հայկական հաբ»-ի ստեղծումով 2020 թվականին հնարավորություն կընձեռվի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածքի երկրների ընկերություններին տեղափոխվելու և ընկերությունը գրանցելու Հայաստանում, բացելու նոր աշխատատեղեր, ձևավորելու մասնագիտական փորձի փոխանակման նոր հարթակ հայ և օտարերկրյա ընկերությունների մասնագետների միջև:
«Հայկական հաբն» ապահովված է լինելու համապատասխան աշխատանքային պայմաններով, տեխնիկապես գերհագեցված հնարավորություններով և համալրված՝ միջազգային աքսելերացիոն դասընթացներով: Հայաստան տեղափոխված ընկերությունները, մեկ տարի ապրելով, աշխատելով և օգտվելով էկոհամակարգի առավելություններից, օրինակ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունից, Ազգային վենչուրային հիմնադրամից, տարատեսակ ինկուբացիոն և մասնագիտական վերապատրաստման ծրագրերից, մեխանիկորեն դառնում են ծրագրի առաջին բաղադրիչի շահառու և հնարավորություն են ստանում անցնելու մրցութային փուլեր` օգտվելով հայկական սփյուռքի ներուժից, դուրս գալու գլոբալ շուկաներ, մուտք ունենալու համաշխարհային աքսելերատորներին, հանդիպելու խոշոր ներդրողների և վենչուր կապիտալիստների հետ:
ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների սթարթափներին ներգրավելու և հայկական էկոհամակարգն առավել գրավիչ դարձնելու նպատակով՝ 2020 թվականին միջազգային հատուկ աքսելերացիոն ծրագրեր են ներդրվելու համակարգի մեջ, որը հնարավորություն կտա Հայաստանում տեսնելու միջազգային մենթորների, քոուչերի ու ոլորտի փայլուն ներկայացուցիչների:
Այս բաղադրիչի իրականացման կարևորագույն մասն է կազմում «Ներուժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը, աջակցել ՀՀ-ում ներդրումների իրականացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման, սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծելու Հայաստանում խթանելու սթարթափերի համակարգի կայացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելու նորարարական տեխնոլոգիաներ, նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստան հայրենադարձության խթանմանը:
«Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես - միջավայր ներկայացնելը։ Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանը պետք է դիտարկեն որպես իրատեսական ձեռնարկատիրական միջավայր, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
Բացի այդ, նպատակ է դրվել շուրջ 20 սփյուռքահայ գործարար կազմակերպությունների ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես-մենթորների և մարզիչների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ և սեմինարներ, որոնք կիրականացնեն ոլորտի լավագույն մասնագետները։ Բուն միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանանան մրցանակների։ Լավագույն մինչև 10 բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամի չափով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Նախնական մասնակիցների շրջանակն ընտրվել է սթարթափ մակարդակը, քանի որ այդ մակարդակում շատ ավելի հեշտ է բիզնեսների ռելոկացիան (տեղափոխումը)։ Հետագա տարիներին անցկացվելիք «Ներուժ» ծրագրում կանխատեսվում է ներգրավել նաև գործող և կայացած բիզնեսները։
Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես՝ մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 10 «Startup» ընկերություններ կտեղափոխվեն Հայաստան, որը կխթանի հայրենադարձությունը, ներուժի ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կնպաստի զբաղվածության խնդիրների լուծմանը, ինչպես նաև հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակների և հնարավորությունների ստեղծումը՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
հ/հ/ |
ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ |
2020 թվական | |||||||||||
1 |
«Հայկական վիրտուալ կամուրջ» |
Հունվար |
Փետրվար |
Մարտ |
Ապրիլ |
Մայիս |
Հունիս |
Հուլիս |
Օգոստոս |
Սեպտեմբեր |
Հոկտեմբեր |
Նոյեմբեր |
Դեկտեմբեր |
1.1. |
ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնյան հովտում տարածքի վարձակալություն |
||||||||||||
1.1.1. |
Տեխնոլոգիական մասնագիտացմամբ համալսարաններում «Հայկական անկյուն»-ի տարեկան անդամավճար |
||||||||||||
1.1.2. |
Ձեռներեցության դասընթացների մասնակցություն (անձ) |
||||||||||||
1.1.3. |
Աքսելերացիոն ծրագիր |
||||||||||||
1.1.4. |
Ծրագրի շահառուների ճանապարհածախս |
||||||||||||
1.1.5. |
Տեխնիկական վերազինում և սպասարկում |
||||||||||||
1.1.6. |
Պահպանման ծախսեր |
||||||||||||
1.1.7. |
Ապահովագրություն (travel Insurance) |
||||||||||||
1.2. |
Ծրագրի երկրորդ բաղադրիչ. «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հայկական հաբի ստեղծում |
||||||||||||
1.2.1. |
Միջազգային աքսելերացիոն ծրագրի իրականացում, դասասենյակների ընթացիկ նորոգում, կահույք, կահավորանք |
||||||||||||
12.1.2. |
Մասնակիցների կեցության ծախսերի ապահովում (անձ) |
||||||||||||
1.2.3. |
«Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների «startup» ծրագիր |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|