Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.11/18(1573) Հոդ.228
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2019
Дата вступления в силу
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1984/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/1984/05/17
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան  

Դատավորներ՝

 Կ. Բաղդասարյան

 

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

 

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Արմեն Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մամիկոնյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` Ծառայության 05.12.2015 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ արգելանք դնելու մասով նույն որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Մամիկոնյանը պահանջել է Ծառայության 05.12.2015 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով նույն որոշումը ճանաչել անվավեր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2017 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է և Ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Վարդան Մամիկոնյանի բռնագանձվել է 3.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 16.08.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարդան Մամիկոնյանը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի հիմքով ազատված լինելով հայցադիմումի համար պետական տուրք վճարելու պարտականությունից, պետական տուրք չի վճարել: Հետևաբար, սույն գործով պետական տուրքի մասով որևէ դատական ծախս չի առաջացել, ինչը նշանակում է, որ գործի վարույթը կարճելիս կողմերը, այդ թվում՝ Ծառայությունը, պետական տուրքի վճարման պարտականություն չեն կրում:

Միաժամանակ Ծառայության վրա չէր կարող դրվել նաև ներկայացուցչի վճարը հատուցելու պարտականություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի` դատական ծախսերի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարողի 19.06.2017 թվականի «Արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշմամբ վիճարկվող վարչական ակտին վերաբերող մասով վերացվել են Վարդան Մամիկոնյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, ինչպես նաև կարճվել է վեճի առարկա կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 64):

2) Վարդան Մամիկոնյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանի միջև 17.02.2017 թվականին կնքված «Իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման մասին» թիվ Ճ-0047 պայմանագրի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանը պարտավորվել է «մատուցել իրավաբանական խորհրդատվական ծառայություններ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ գործողությունները՝  կապված ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 04.06.2015թ-ի թիվ 1503156787 տուգանքի որոշման (…) բողոքարկման հարցերով»: Պայմանագրի գինը կազմել է 50.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրք վճարելու պարտականությունից հայցվորի ազատված լինելու պայմաններում վերջնական դատական ակտով պետական տուրքի գումարը պատասխանող վարչական մարմնից հօգուտ պետության գանձելու անհրաժեշտության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք պատասխանող վարչական մարմինը պարտավոր է պետությանը հատուցել հարկադիր կատարողի գործողությունների բողոքարկման նպատակով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով, եթե վարչական գործի վարույթը կարճվում է այդ գործի քննության ընթացքում վարչական մարմնի կողմից կիրառված արգելանքը վերացվելու և կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով կարճվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` (...) հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կատարողական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս հարկադիր կատարողը ոչ միայն կատարում է փաստացի գործողություններ, այլև ընդունում է որոշումներ, որոնք հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումը, գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության իմաստով «գործողություն» եզրույթը ներառում է նաև հարկադիր կատարողի կողմից ընդունվող որոշումները, որոնց իրավաչափությունը վիճարկելու նպատակով հայցադիմում ներկայացնելու համար նույնպես ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատված են պետական տուրքի վճարումից: Ընդ որում, պահանջելով ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ անձն, ըստ էության, դատական քննության առարկա է դարձնում վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը): Հետևաբար, նշված պահանջով դատարան դիմելու դեպքում ևս ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 5-րդ պարբերության ուժով ազատված են պետական տուրքի վճարումից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:  Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։ 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` վեճն ըստ էության սպառվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում պատասխանող վարչական մարմինը վերացնում է կիրառված արգելանքը և կատարողական վարույթը կարճում է այն հիմքով, որ անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտն անբողոքարկելի դառնալու հիմքը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ), ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա: Քննարկվող հիմքով կատարողական վարույթը կարճվելու հետևանքով վարչական գործի վարույթը կարճվելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դնելու վերաբերյալ եզրահանգում կատարելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ hանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու հիմքի բացակայության պայմաններում hանրային իրավական դրամական պահանջները հարկադիր կատարման չեն կարող ենթարկվել: Հետևաբար, գործի դատական քննության ընթացքում պատասխանող վարչական մարմնի կողմից արգելանքի վերացումը և քննարկվող հիմքով կատարողական վարույթի կարճումը հաստատում են, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, ուստի դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող վարչական մարմինը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում պատասխանող վարչական մարմնի վրա կարող են դրվել միայն այն դատական ծախսերը, որոնք կատարվել են կամ կատարվելու են հայցվորի կողմից: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված այն օրենսդրական կանոնը, որի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, պարտավոր է հատուցել այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կատարել է: Ընդ որում, կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի կրած դատական ծախսերը ողջամիտ չափով, այսինքն` միայն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

 

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված կարգավորումը հստակորեն ընդգծում է դատական ծախսերի հատուցման պարտականության սահմանները, որոնք հանգում են հետևյալին.

1) որպես կանոն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կամ այն կողմը, որի վրա դատարանի կողմից օրենքով սահմանված դեպքերում դրվում է այդ պարտականությունը, օրինակ` պատասխանող վարչական մարմինը` գործի քննության ընթացքում վարչական մարմնի կողմից կիրառված արգելանքը վերացվելու և կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով կարճվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում,

2) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար,

3) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի քննության ընթացքում վարչական մարմնի կողմից կիրառված արգելանքը վերացվելու և կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով կարճվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս պարտավոր է հայցվորին հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Մինչդեռ հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելիս (ներառյալ հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով) հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է: Հետևաբար, քննարկվող իրավիճակում դատարանը գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ պարտավոր է լուծված համարել հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու նպատակով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

1) եթե գործի քննության ընթացքում վարչական մարմինը վերացնում է կիրառված արգելանքը և կատարողական վարույթը կարճում է այն հիմքով, որ անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ), և ըստ էության վեճը սպառվում է, ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա,

2) եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա, ապա վերջինս պարտավոր չէ պետությանը հատուցել հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու նպատակով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Վարդան Մամիկոնյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է Ծառայության 05.12.2015 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով նույն որոշումը ճանաչել անվավեր:

Դատարանը կարճել է վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ. Ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Վարդան Մամիկոնյանի` 3.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի այն դիրքորոշումը, որ Ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Վարդան Մամիկոնյանի` 3.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարդան Մամիկոնյանի կողմից ներկայացված պահանջով դատարան դիմելու համար վերջինս օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Ըստ այդմ, Վարդան Մամիկոնյանը հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել: Սակայն դատական պաշտպանություն նրան տրամադրվել է, քանի որ կաշկանդված լինելով քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով` հարկադիր կատարողի գործողությունների դեմ ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրականացման ապահովման նպատակով պետությունը սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման ձևով արտոնություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի վարույթը կարճվել է գործի քննության ընթացքում Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարողի նախաձեռնությամբ Վարդան Մամիկոնյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները վերացնելու, ինչպես նաև կատարողական վարույթը կարճելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: Սույն գործի նման ելքի պայմաններում, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն, դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի` Ծառայության վրա: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ներկայացված պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում Վարդան Մամիկոնյանը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել և չի կատարելու: Ավելին, հարկադիր կատարողի գործողությունների դեմ Վարդան Մամիկոնյանի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Վարդան Մամիկոնյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ ներկայացված պահանջով դատարան դիմելիս պետական տուրքի գծով ծախս չի կատարվել, և այդ ծախսի կատարումը ողջամտորեն անհրաժեշտ չէր, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարճելով սույն գործի վարույթը` Դատարանը պարտավոր էր լուծված համարել ներկայացած պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Անդրադառնալով 3.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար բռնագանձելու մասով դատական ակտը բեկանելու վճռաբեկ բողոքի պահանջին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործը հարուցվել է Վարդան Մամիկոնյանի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է Ծառայության 05.12.2015 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով նույն որոշումը ճանաչել անվավեր: Վարդան Մամիկոնյանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունները բողոքարկելու համար իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Մհեր Հակոբյանի հետ, իսկ պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 50.000 ՀՀ դրամ: Սույն վարչական գործի քննության ընթացքում վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է Վարդան Մամիկոնյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, ինչպես նաև կարճել է վեճի առարկա կատարողական վարույթը, և սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջի հիմքում ընկած հանրային-իրավական վեճն ըստ էության սպառվել է:

Դատարանը 16.08.2017 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով և որոշել է Ծառայությունից հօգուտ Վարդան Մամիկոնյանի բռնագանձել 3.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար, իսկ Վերաքննիչ դատարանը համաձայնել է Դատարանի եզրահանգումներին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկելով հայցվորի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարման ենթակա գումարների հատուցման հարցը և արձանագրելով, որ այն ենթակա է հատուցման պատասխանողի կողմից՝ դատարանի սահմանած չափով՝ ստորադաս դատարանները եկել են իրավաչափ եզրահանգման: Հետևաբար, Ծառայության այն դիրքորոշումը, որ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի մասով ևս դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, չի բխում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից, իսկ վճռաբեկ բողոքն էլ չի պարունակում ներկայացուցչի վճարի մասով գործը սխալ լուծված լինելու մասին այլ հիմնավորումներ, բացառությամբ Ծառայության՝ ներկայացուցչի վճարի հատուցման պարտականություն չկրելու փաստարկից, ուստի այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում գտել է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար, վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, նաև Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 16.08.2017 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Ծառայությունը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ծառայությունը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` պետական տուրքի բաշխման մասով բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան