ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 507-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 507-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ նախատեսված միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը սույն կարգի իմաստով չի համարվում վարձու աշխատող և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։
2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ։
3. Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ հաստատված միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) 2-րդ և 3-րդ կետերը, էլեկտրոնային եղանակով Ծառայությանն է տրամադրում՝
1) բացառապես Տուժած ոլորտների գործատուների ՀՎՀՀ-ները.
2) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է գործատուի ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող գործատուների ՀՎՀՀ-ները.
3) բացառապես Տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները և հանրային ծառայությունների համարանիշները, 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.
4) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ները, հանրային ծառայությունների համարանիշները և Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը:
Սույն կետում նշված՝ Տուժած ոլորտների գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:
Սույն կետում նշված՝ անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ներկայացված համապատասխան հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները՝ սույն կարգի 3.1-ին կետին համապատասխան։
3.1. Ավելացված արժեքի հարկ վճարող կամ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված համապատասխանաբար 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ավելացված արժեքի հարկի և 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկները։
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է վերջիններիս կողմից ներկայացված իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված ընդամենը իրացման շրջանառության Զ-ի չափով։
Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, և Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը կազմում է անհատ ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերի Տուժած ոլորտների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործունեության տեսակների տեսակարար կշիռը։
4. Ծառայությունը, հիմք ընդունելով Միջոցառման 6-րդ և 7-րդ կետերի դրույթները, ինչպես նաև Տուժած ոլորտների գործատուների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը, ձևավորում է շահառուների ցանկ։
5. 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար շահառուին վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ՝ եկամուտ) հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։ Սույն կետում նշված՝ եկամտի չափում չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը և այլ պարտադիր վճարները։
6. Շահառուների ցանկում ներառվում են նաև Տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները:
7. Եթե շահառուների ցանկում ներառված վարձու աշխատողների համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին եկամուտ չի հաշվարկվել կամ անհատ ձեռնարկատերը 2019 թվականի 4-րդ եռամսյակում իրացման շրջանառություն չի ունեցել, ապա աջակցության գումար չի վճարվում:
8. Համատեղությամբ աշխատող շահառուի միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում միայն Տուժած ոլորտի գործատուի կողմից (իսկ եթե շահառուն աշխատում է Տուժած ոլորտի մեկից ավելի գործատուների մոտ՝ բոլոր այդ գործատուների կողմից) վարձու աշխատողի համար հաշվարկված եկամուտը։
9. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող՝ շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման համար հիմք է հանդիսանում Տուժած ոլորտներում իրացման շրջանառությունը։
10. Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։
11. Եթե անհատ ձեռնարկատերը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա նրան աջակցություն տրամադրվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության մեջ Տուժած ոլորտներում գործունեության (իրացման շրջանառության) տեսակարար կշիռը կազմում է առնվազն 40 տոկոս։
12. Շահառուների ցանկում ներառվում են՝
1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, գործատուի ՀՎՀՀ-ն.
2) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը, միջին ամսական աշխատավարձի չափը.
3) անհատ ձեռնարկատեր շահառուի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը.
4) հաշվարկված աջակցության չափը։
13. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է առանձին, որպես վարձու աշխատող, և առանձին, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով՝ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի դրույթները:
14. Դիմումը ներկայացնելու համար անձը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում՝
1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը.
2) շահառուի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) բանկը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը։
15. Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը Շահառուների ցանկում։
16. Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում Ծառայությունը հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը՝ շահառուին տեղեկացնելով՝
1) հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ դիմումը հաշվառելու և շահառուին վճարման ցուցակներում ներառելու մասին, եթե շահառուն ընդգրկված է շահառուների ցանկում, կամ.
2) էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ դիմումը մերժելու մասին, եթե շահառուն ընդգրկված չէ շահառուների ցանկում։
17. Ծառայությունը օրական պարբերականությամբ, սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը համադրում է շահառուների ցանկի հետ և ձևավորում է վճարման ցուցակ։
18. Վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները հանվում են շահառուների ցանկից։
19. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը։
20. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
21. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։
22. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
23. Աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
24. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն կարգով սահմանված աջակցություն ստացած աշխատողների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
3) ամփոփ տեղեկատվություն Տուժած ոլորտների գործատուների թվաքանակի, աջակցություն ստացած աշխատողների և նրանց վճարված գումարների և վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
է. Աղաջանյան |