Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.27/27(1582).1 ՄԱՍ1 Հոդ.344.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
11.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0068/06/18

ԵԴ/0068/06/18

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
 
մասնակցությամբ`
դատախազ` Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
պաշտպան`  Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
տուժողի ներկայացուցիչ`  Լ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Հարությունի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը։

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 69105317 քրեական գործը, որը միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ թիվ 55101817 քրեական գործի նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույնպես միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է մաս, որին շնորհվել է 69100618 համարը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Արտակ Հարությունի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը՝ Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելու մասին, մերժվել է:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը, Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի և գրավի գումարի չափ է սահմանվել 1.500.000 ՀՀ դրամը:

5. Տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը բեկանել է և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հովհաննիսյանի պաշտպան Հ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Մ]եղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, գրավով փոխարինելու դեպքում չի խախտվի անհատի և հասարակության միջև քրեադատավարական օրենքի կիրառման հավասարակշռությունը և նրա նկատմամբ համապատասխան գրավի չափի՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի, վճարումը այս դեպքում կարող է զսպել մեղադրյալի կողմից թաքնվելու վտանգը և ապահովել նրա՝ ինչպես նախաքննությանը, այնպես էլ դատաքննությանը (այդպիսին լինելու դեպքում) ներկայանալու երաշխիքները»1:

8. Վերաքննիչ դատարանը, բավարարելով տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով սույն գործի հանգամանքները, մեղադրյալին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել նրա ոչ պատշաճ վարքագիծը և ազատության մեջ գտնվելու դեպքում առկա է մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը:

[Ա]ռաջին ատյանի դատարանը մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում հանգել է սխալ եզրակացության՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների խախտումներ, ինչը հիմք է վիճարկվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու և սույն գործով մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար»2:

8.1 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան3 և 2018 թվականի նոյեմբերի 26-ին որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը` 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված Ա.Հովհաննիսյանի ազատության իրավունքը։

Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը, տուժողի ներկայացուցիչների բողոքը քննության առնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, քանի որ քննության է առել այն անձանց բողոքը, ովքեր մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք չունեին:

9.1 Անդրադառնալով գրավն անթույլատրելի ճանաչելու մասին ստորադաս դատարանի հետևություններին` բողոք բերած անձը փաստել է, որ դրանք պատճառաբանված և հիմնավորված չեն, ինչի հետևանքով էլ խախտվել են Ա.Հովհաննիսյանի իրավունքներն ու ազատությունները:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու) մասին դատարանի որոշումը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի կողմից բողոքարկելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը:

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։

14. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է4, ինչը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել: Ընդ որում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն, որ դրանց արդյունքում խաթարվի այդ իրավունքի բուն էությունը։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի օրինական նպատակ և պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի ու հետապնդված նպատակի միջև5:

15. Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումների հաշվառմամբ, իր մի շարք որոշումներում կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է6:

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն աստիճան լինեն, որ զրկեն իրավունքը կրողին այն իր ողջ էությամբ իրացնելու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման դեպքում քրեադատավարական հակակշռող գործոնների կիրառմամբ պետք է ապահովվի այդ իրավունքի՝ իր նպատակին հասնելուն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը։

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(…)

3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

17. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում՝ դատախազի և պաշտպանի ներկայությամբ:

(…)

Վերոշարադրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ (…)

-օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն՝ դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին՝ իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,

- օրենսգրքի 285 և 287-րդ հոդվածները վերաբերում են բացառապես կալանքի հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը և դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի բացառիկ իրավասությանը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկման առնչությամբ»7:

18. Վերը վկայակոչված քրեադատավարական նորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ շարքին է դասում մեղադրանքի կողմից` դատախազին, պաշտպանության կողմից` մեղադրյալին, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին: Նշվածից բխում է, որ օրենսդիրը մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին իրավունք չի վերապահում բողոքարկելու մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Այլ կերպ` նախնական կալանքի կամ այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին դատարանի որոշման դեմ վերադաս դատական ատյան դիմելու մատչելիության իրավունքը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի համար սահմանափակված է:

18.1 Սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը հակակշռող քրեադատավարական գործոններին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազը, հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված դատավարական սուբյեկտ, կոչված է երաշխավորելու գործով շահագրգիռ անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը: Այդ համատեքստում` դատախազն ապահովում է մեղադրանքի կողմից հանդես եկող տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հաշվի առնելով նաև վերջինիս ունեցած դիրքորոշումները` վարույթի ընթացքում կատարվող գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ: Ասվածն ուղղակիորեն հետևում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականից, համաձայն որի՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները8:

Ուստի, մինչդատական վարույթի ընթացքում դատախազը խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելիս նկատի է ունենում նաև տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումները (ինչպես օրինակ` մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու, անվտանգությանը սպառնալու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վտանգի վերաբերյալ): Հետևաբար, մինչդատական վարույթի շրջանակներում դատախազի կողմից` խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու միջոցով է ներկայացվում տուժողի հնարավոր դատավարական շահը, որպիսի մոտեցումն արձանագրվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերը վկայակոչված որոշման շրջանակներում9:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ուղարկվում է տուժողին։ Այսինքն` օրենսդիրն իմպերատիվ պահանջ է նախատեսել խափանման միջոցի վերաբերյալ որոշման բովանդակության մասին տուժողին տեղեկացնելու և այդ կերպ գործի ընթացքի մասին տուժողի պատշաճ իրազեկումն ապահովելու, ինչը նաև ըստ էության բխում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85)11 և 2006 թվականի հունիսի 14-ին ընդունված «Հանցագործությունից տուժած անձանց օժանդակության վերաբերյալ» թիվ Rec(2006)8 հանձնարարականներում ամրագրված դրույթներից։ Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահի ներկայացվածությունը կարող է ապահովվել ոչ միայն միջնորդավորված` դատախազի միջոցով, այլ կարիքն առաջանալու դեպքում կարող է ներկայացվել նաև անձամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար դատական նիստին կանչվելու միջոցով:

Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես հակակշռող գործոն հարկ է նաև առանձնացնել տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումների հաշվառմամբ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունը: Մասնավորապես, այն որպես գործուն միջոց, կարող է կիրառվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Վերոնշյալ հակակշռող գործոնների պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու, ինչպես նաև այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից վերադաս դատական ատյան բողոքարկելու մատչելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ է:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել տուժողի ներկայացուցիչները,

- Վերաքննիչ դատարանը քննության առնելով տուժողի ներկայացուցիչների բողոքը` 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բավարարել է այն՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը` գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի10:

20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելն իրավաչափ չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացված փաստարկին:

21. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ այդ գործով մինչդատական վարույթն ավարտված է, Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում11, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և ներկայումս կորցրել իր իրավական նշանակությունը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Արտակ Հարությունի Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը:

3. Արտակ Հարությունի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 51:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 108:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

4 Տե՛ս Golder v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, կետեր 28, 36:

5 Տե՛ս Hirschhorn v. Romania գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50։

6 Առավել մանրամասն տե՛ս Լևոն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը։

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականը, կետ 32:

9 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

     Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝

Ս. Ավետիսյան

 

ԵԴ/0068/06/18

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)՝ 2019 թվականի ապրիլի 11-ի` Արտակ Հարությունի Հովհաննիսյանի վերաբերյալ կայացրած դատական ակտի պատճառաբանական առանձին մասերի և եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը։

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 69105317 քրեական գործը, որը միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ թիվ 55101817 քրեական գործի նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույնպես միացվել է թիվ 55101817 քրեական գործին։

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է մաս, որին շնորհվել է 69100618 համարը:

2. Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Արտակ Հարությունի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

3. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 12-ի որոշման համաձայն՝ տուժող Հռիփսիմե Քոչինյանի ամուսնու սպանության գործով քրեական վարույթն իրականացնող մարմինը, ի դեմս՝ ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ներսիսյանի և քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գործողությունների խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված՝ գործի արդարացի քննության սկզբունքը՝ չի ձեռնարկել նույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, ամբողջությամբ չի բացահայտել հանցագործությունն ու այն կատարած անձին, որով էական վնաս է պատճառվել սպանության դեպքով տուժողի իրավահաջորդ ճանաչված Հռիփսիմե Քոչինյանի իրավունքներին ու օրինական շահերին1:

4. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը՝ Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելու մասին, մերժվել է:

Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը, Ա.Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի:

5. Տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը բեկանել է և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հովհաննիսյանի պաշտպան Հ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

7. ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման համաձայն՝ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, ճանաչվել է Արտակ Հարությունի Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը, Արտակ Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի շահերի պաշտպան Հայկ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի, գրավի չափ սահմանելով՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ2:

9. Վերաքննիչ դատարանը, բավարարելով տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը բեկանել է. մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի3:

10. 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան4 և 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը` 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

11. Պաշտպան Հ.Սարգսյանի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատական ակտով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված Ա.Հովհաննիսյանի ազատության իրավունքը։

Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը, տուժողի ներկայացուցիչների բողոքը քննության առնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, քանի որ քննության է առել այն անձանց բողոքը, ովքեր մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք չունեին:

Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումները և եզրահանգումները.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու) մասին դատարանի որոշումը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի կողմից բողոքարկելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

12.1. Այդ համատեքստում ստուգելով Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելու իրավաչափության հարցը, Վճռաբեկ դատարանը մեջբերելով քրեադատավարական մի շարք նորմեր և ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշումը հանգել է եզրահանգման, որ օրենսդիրը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ շարքին է դասում մեղադրանքի կողմից` դատախազին, պաշտպանության կողմից` մեղադրյալին, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին: Նշվածից բխում է, որ օրենսդիրը մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին իրավունք չի վերապահում բողոքարկելու մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Այլ կերպ` նախնական կալանքի կամ այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին դատարանի որոշման դեմ վերադաս դատական ատյան դիմելու մատչելիության իրավունքը տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի համար սահմանափակված է:

12.2. Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահի ներկայացվածությունը կարող է ապահովվել ոչ միայն միջնորդավորված՝ դատախազի միջոցով, այլ նաև դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար դատական նիստին կանչվելու միջոցով:

12.3.Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես հակակշռող գործոն հարկ է նաև առանձնացնել տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումների հաշվառմամբ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունը: Մասնավորապես, այն որպես գործուն միջոց, կարող է կիրառվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով:

12.4. Վերոնշյալ հակակշռող գործոնների պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու, ինչպես նաև այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից վերադաս դատական ատյան բողոքարկելու մատչելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ է:

12.5. Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը իրավաչափ չէ, հետևապես տեղի է ունեցել մեղադրյալի իրավունքի խախտում:

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումը և եզրահանգումները.

13. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը, դրա դեմ բերված մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, ծանոթանալով վարույթում առկա նյութերին և լսելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ դատավարության մասնակիցներ՝ դատախազ Հ.Պետրոսյանի և տուժողի ներկայացուցիչ՝ Լ.Սահակյանի պատասխանները, հայտնում եմ Հատուկ կարծիք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճառաբանական առանձին մասերի և եզրափակիչ մասի վերաբերյալ, ներքոշարադրյալ պատճառաբանություններով:

13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

13.2. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է, որ դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Նման օրենսդրական կարգավորումների պայմաններում՝ տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է5:

13.3. Տուժողի կարգավիճակին նվիրված միջազգային փաստաթղթերում մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների ընտրության վարույթին մասնակցելու վերաբերյալ պահանջ նախատեսված չէ: Միևնույն ժամանակ տարբեր փաստաթղթերում ընդգծվում է դատական և վարչական վարույթների՝ տուժողի կարիքներին հնարավորինս համապատասխանելուն աջակցելու6, ինչպես նաև մատչելի ընթացակարգերի միջոցով քրեական դատավարության բոլոր փուլերում տուժողի պահանջները հաշվի առնելու, քրեական արդարադատության նկատմամբ տուժողների վստահությունը բարձրացնելու7 անհրաժեշտությունը:

Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականի համաձայն՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները8:

Տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց ներկայացուցչի դատավարական կարգավիճակին մշտապես անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը, ընդգծելով, որ քրեական դատավարության ընթացքին տուժողի, տուժողի իրավահաջորդի մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը9:

13.4. Հիշյալ պահանջների հաշվառմամբ հայրենական գրականությունում քննարկվում է տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, նշվում է, որ մեղադրյալի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի ընտրությունը երաշխավորում է տուժողին անվտանգության որոշակի աստիճան, ուստի տուժողի իրազեկված լինելը, թե խափանման ինչ միջոց է ընտրվել մեղադրյալի հանդեպ, նրան վստահություն է ներշնչում իր անվտանգության հարցում: Իսկ այն դեպքում, եթե տուժողը համարի, որ ընտրված խափանման միջոցը բավարար չէ իր անվտանգությունն ապահովելու համար, նա հնարավորություն ունի ժամանակին միջոցներ ձեռնարկելու համապատասխան խափանման միջոցը փոխելու համար՝ համապատասխան միջնորդություն ներկայացնելով10:

Հատուկ հետազոտություն իրականացրած հեղինակները նշում են, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունքով պետք է օգտվի նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և տուժողի իրավահաջորդը, քանի որ կալանավորումը որպես խափանման միջոց նպատակ է հետապնդում նաև ապահովել քրեական դատավարության խնդիրները, որի կենսագործումն անմիջականորեն կապված է տուժողի շահերի հետ: Կալանքի օրինականության ու հիմնավորվածության ապահովումը չպետք է կապված լինի այն բանից, թե ով է այդ որոշումը բողոքարկում11:

Մի շարք հեղինակներ անդրադառնալով կալանքը՝ որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատական ակտը բողոքարկելու տուժողի իրավունքի հարցին, նշում են, որ տուժողը կալանքի վերաբերյալ դատարանի այս որոշումը բողոքարկելու իրավունք ունի: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը համարվում է պաշտպանության միջոց, իսկ 98-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու օրենսգրքով սահմանված կարգով: Այս նորմերից բխում է, որ եթե մինչդատական վարույթում տուժողը դիմել է քննիչին, որպեսզի վերջինս կալանքը, որպես պաշտպանության միջոց, կիրառելու միջնորդություն ներկայացնի դատարան, սակայն դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը, ապա տուժողը պետք է օժտված լինի այդ որոշմանը ծանոթանալու և այն բողոքարկելու իրավունքով12:

Քննարկվող հարցը վիճելի է նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, տեսաբանները, ինչպես նաև ՌԴ սահմանադրական և գերագույն դատարանները գտնում են, որ օրենսգրքով չնայած ուղղակի նախատեսված չէ, բայց նաև բացառված էլ չէ տուժողի մասնակցությունը քննարկվող վարույթին, և այն դեպքերում, երբ տվյալ խափանման միջոցի կիրառման հարցը շոշափում է տուժողի իրավունքները և օրինական շահերը, այդ թվում՝ իր անձնական անվտանգության պաշտպանության կամ պատճառված գույքային վնասի հատուցման ապահովման հետ կապված, նա պետք է ունենա տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու և դատական ակտը բողոքարկելու իրավունք: Գերագույն դատարանը պարզաբանել է, որ տուժողը կամ նրա ներկայացուցիչը ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 389.1-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, անկախ նրանց մասնակցությունից դատական նիստին, իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտը13:

13.5. Վերոգրյալի համատեքստում արձանագրում եմ հետևյալը.

1) Օրենսգրքի մեջբերված իրավական կարգավորումներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը հանձնում է նաև տուժողին, իսկ դատական նիստին չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկվում է նրան,

2) խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար Վերաքննիչ դատարանի դատական նիստին կարող է կանչվել նաև տուժողը:

3) գործող օրենսդրական կարգավորումների համաձայն տուժողը կալանավորման վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չունի,

4) կալանավորման որոշման բողոքարկման նպատակահարմարության հարցում տուժողի և դատախազի միջև անհամաձայնության դեպքում, տուժողը փաստացի զրկվում է դատական ակտը անձամբ բողոքարկելու և վերանայման վարույթին մասնակցելու իրավունքից,

5) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներում կարգավորվում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելու հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը: Մինչդեռ, «կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումը» նշված հոդվածներում մեջբերված չէ, ինչը կարելի է դիտարկել որպես օրենսդրական բաց: Սակայն, Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ (կետեր 11-րդ և 18-րդ) բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում օգտագործում է նաև «կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու» նախադասությունը: Հարկ է ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ այդպիսի արտահայտություն օգտագործված չէ:

14. Համակարծիք լինելով տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության մասին միջազգային հանրության կողմից և հայկական դոկտրինաներում արտահայտված մոտեցմանը, գտնում եմ, որ տուժողը, լինելով ենթադրյալ հանցագործության փաստացի տուժած սուբյեկտ, զոհ, առնվազն մահվան ելքով գործերով պետք է կալանավորման՝ որպես խափանման միջոց կայացված որոշումների բողոքարկման լիարժեք իրավունք ունենա:

Վերոնշված մոտեցումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Սահմանադրության 24-րդ հոդվածում հռչակված է կյանքի իրավունքը:

Քննարկվող իրավական հարցի համատեքստում սկզբունքային նշանակություն ունի նաև Վճռաբեկ դատարանի կողմից առանձին դեպքերում դատավարության մասնակիցներին հնարավորություն տալ Վերաքննիչ դատարան անմիջական ռեժիմով բողոքարկել այնպիսի դատական ակտեր, որոնց բողոքարկման վերաբերյալ օրենքով ուղղակի դրույթ նախատեսված չէ: Այսպես, Վճռաբեկ դատարանը քննարկել է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավաչափության հարցը: Հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ արձանագրել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման:

Վճռաբեկ դատարանն այս դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռվածության ողջամիտ հարաբերակցությունը14:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում սահմանված է դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման ազատության ընթացակարգը: Մինչդեռ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածում նախատեսված չէ տուժողի կողմից կալանավորման վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածում առկա է բաց: Սակայն հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, գտնում եմ, որ այդ բացը (առնվազն մահվան ելքով գործերով) իրավակիրառ պրակտիկայում հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ տվյալ նորմի և իրավակիրառ պրակտիկայում տրված դրա մեկնաբանությունների սահմանադրականության հարցը բացահայտելու համար:

Տվյալ իրավակարգավորման թերությունը հանգեցրել է հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը դատարանների կողմից լիարժեք հաղթահարված չէ: Բացի այդ, վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը կարող է խախտել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված իրավունքները: Գտնում եմ, որ տվյալ իրավակարգավորման բացը հակասում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի դրույթներին:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ տուժողի իրավահաջորդ Հռիփսիմե Քոչինյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են սպանության գործով քրեական վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց՝ քրեական օրենսգրքով արգելված գործողությունների հետևանքով (տե՛ս սույն Հատուկ կարծիքի 3-րդ կետը):

Կալանավորումը գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշումը բողոքարկվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից, սակայն քրեական գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոքի առիթով պատասխան չի ներկայացրել և չի օգտվել Վերաքննիչ դատարանի դատական նիստին մասնակցելու իր իրավունքից: Դատական նիստին չի մասնակցել նաև քրեական գործը վարող ավագ քննիչը:

Ավելին՝ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, դատախազությունը չի բողոքարկել:

Սակայն, ուշագրավ է, որ մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության ընթացքում, 2019 թվականի ապրիլի 11-ի դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի իմաստով տուժողին կարող է իրավունք վերապահվել կալանավորման վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքը, հակառակ պարագայում կարող են սահմանափակվել նրա դատավարական իրավունքները: Ինչ վերաբերվում է գրավ կիրառելու հարցին, ապա դատախազությունը գտել է, որ այն սույն գործի շրջանակներում թույլատրելի է, ուստի այդ մասով վճռաբեկ բողոք ևս չի բերվել:

16. Վերոշարադրյալ իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո գտնում եմ, որ մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը քննության առնելը ոչ իրավաչափ համարելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը վիճահարույց է:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ բավարար հիմքեր կան սույն գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար, պարզելու, թե արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը՝ կալանավորման կամ կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատական ակտի բողոքարկման վերաբերյալ տուժողին, տուժողի իրավահաջորդին կամ նրա ներկայացուցչին բողոքարկման իրավունք չվերապահելու մասով չի հակասում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների պահանջներին:

Հետևապես, պաշտպանի վճռաբեկ բողոքին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Հաշվի առնելով վերոշարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով,

 

միջնորդում եմ

 

մեղադրյալ Արտակ Հարությունի Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթը կասեցնել և վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համապատասխանությունը (կալանավորման կամ կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատական ակտը տուժողին, տուժողի իրավահաջորդին կամ նրա ներկայացուցչին բողոքարկման իրավունք չվերապահելու մասով) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

 

________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 40:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 51-52:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 108:

4 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը:

6 Տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 29.11.1985թ. թիվ 40/34 բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը:

7 Տե՛ս Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի՝ 28.06.1985թ. <<Քրեական իրավունքի և քրեական դատավարության շրջանակներում տուժողի կարգավիճակի մասին>> թիվ R (85) 11, 14.06.2006թ. <<Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ>> թիվ R(2006) 8 հանձնարարականները:

8 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականը, կետ 32:

9 Տե՛ս Ս.Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշման 25-26 կետերը:

10 Տե՛ս Ս.Ա.Դիլբանդյան, Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդատական վարույթում: Մենագր. /գիտ. խմբ.՝ Գ.Ս.Ղազինյան, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 216:

11 Տե՛ս Դ.Զ.Ավետիսյան, Կալանավորման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2006, էջ 214:

12 Տե՛ս Ա.Ս.Ղամբարյան, Դատական ակտերի բողոքարկումը ժամանակակից քրեական դատավարությունում /գիտ. խմբ., պրոֆեսոր Ս.Ավետիսյան., Եր.: Լուսաբաց, 2017, էջ 49-50, Брусницын Л., Право потерпевшего обжаловать неизбрание меры пресечания // Уголовный процесс. 2009.-N6, С. 37-40.

Դատավարագետ Անի Դանիելյանը գտնում է, որ կալանքի կիրառելիության հարցի քննարկման վարույթին տուժողին մասնակից դարձնելու վերաբերյալ պահանջի նախատեսման նպատակահարմարությունը բացակայում է (Տե՛ս Ա.Կ.Դանիելյան, Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, թեկն. ատենախոս., Եր., 2019, էջ 67:

13 Определение Конституционного Суда РФ от 17 октября 2006 г. N 422-О «Об отказе в принятии к рассмотрению жалобы граждан Диденко Виктора Владимировича и Осадской Татьяны Михайловны на нарушение их конституционных прав положениям статей 42, 108 и главы 43 Уголовно-процессуалньного кодекса Российской Федерации», Постановление Пленума Верховного суда РФ от 29 октября 2009 г. N 22 «О практике применения судами мер пресечения в виде заключения под стражу, залога и домашнего ареста», п. 17:

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշումը:

 

Դատավոր`

Ս. Ավետիսյան