Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.22/23(1578).1 Մաս 2 Հոդ.280.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
11.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0032/06/18

ԵԴ/0032/06/18

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
 
մասնակցությամբ`
դատախազ` Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
պաշտպան`  Տ. ՍԱՖԱՐՅԱՆԻ
մեղադրյալ` Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ մեղադրյալ Արայիկ Մարտունի Ներսիսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է առանձին մաս, որին շնորհվել է 69100618 համարը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Արայիկ Մարտունի Ներսիսյանը թիվ 69100618 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Ա.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ա.Ներսիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Տ.Սաֆարյանի միջնորդությունը` Ա.Ներսիսյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին, և գրավի գումարի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը:

5. Տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել է և Ա.Ներսիսյանին գրավով կալանքից ազատելը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Ներսիսյանի պաշտպան Տ.Սաֆարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ արձանագրել է. « (...)[Ս]ույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունը դատարանին թույլ է տալիս գալ այն հետևության, որ բացակայում են կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը, և գրավը, որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի գտնվելն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից: (...)»1:

8. Վերաքննիչ դատարանը, բավարարելով տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում` մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասով` ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել` (...)»2:

8.1 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Ներսիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան3 և 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Ա.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Ա.Ներսիսյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև ճիշտ չի մեկնաբանել կալանքը կիրառելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու պայմանները կանոնակարգող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը։

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 79-րդ, 134-րդ, 143-րդ, 287-րդ և 376.1-րդ հոդվածները` բողոքաբերը նշել է, որ կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշումը չի կարող բողոքարկվել տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից, քանի որ վերջիններս ներառված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ որոշումների դեմ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շարքում:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և Ա.Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի` սահմանելով գրավի ողջամիտ չափ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(…)

3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

13. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում՝ դատախազի և պաշտպանի ներկայությամբ:

(…)

Վերոշարադրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ (…)

-օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն՝ դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին՝ իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,

- օրենսգրքի 285 և 287-րդ հոդվածները վերաբերում են բացառապես կալանքի հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը և դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի բացառիկ իրավասությանը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկման առնչությամբ»4:

14. Վերոշարադրյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն Արտակ Հովհաննիսյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք չի վերապահել5:

Ասվածի շրջանակներում, քննարկման առարկա դարձնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցը, Վճռաբեկ դատարանն Արտակ Հովհաննիսյանի գործով որոշմամբ առանձնացրել է այդ սահմանափակմանը հակակշռող մի քանի գործոններ.

- դատախազը, որպես գործով շահագրգիռ անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովման պարտականությունը կրող սուբյեկտ, ապահովում է նաև մեղադրանքի կողմից հանդես եկող տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հաշվի առնելով նաև վերջինիս ունեցած դիրքորոշումները` վարույթի ընթացքում կատարվող գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ: Մասնավորապես` մինչդատական վարույթի շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահը ներկայացվում է դատախազի կողմից` խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու միջոցով, որի շրջանակներում դատախազը նկատի է ունենում նաև տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումները (ինչպես օրինակ` մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու, անվտանգությանը սպառնալու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վտանգի վերաբերյալ),

- խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման շրջանակներում տուժողի հնարավոր դատավարական շահի ներկայացվածությունը կարող է ապահովվել ոչ միայն միջնորդավորված` դատախազի միջոցով, այլև կարիքն առաջանալու դեպքում կարող է ներկայացվել նաև անձամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար դատական նիստին կանչվելու միջոցով,

- վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի (տուժողի իրավահաջորդի) դիրքորոշումների հաշվառմամբ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունը:

Այսպիսով` վերը նշյալ հակակշռող գործոնների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրա ներկայացուցչի կողմից նախնական կալանքի կամ այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին դատարանի որոշման դեմ վերադաս դատական ատյան դիմելու մատչելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ է6:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- մեղադրյալ Ա.Ներսիսյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել տուժողի ներկայացուցիչները,

- Վերաքննիչ դատարանը քննության առնելով տուժողի ներկայացուցիչների բողոքը` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բավարարել է այն՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը` գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի7:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելն իրավաչափ չէ:

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ այդ գործով մինչդատական վարույթն ավարտված է, Ա.Ներսիսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում8, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և ներկայումս կորցրել իր իրավական նշանակությունը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել մեղադրյալ Ա.Ներսիսյանի իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Արայիկ Մարտունի Ներսիսյանի իրավունքի խախտման փաստը:

3. Արայիկ Մարտունի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 48-49:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 108:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը։

5 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշումը։

6 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշումը։

7 Տե՛ս սույն որոշման 4-5-րդ կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝

Ս. Ավետիսյան

 

ԵԴ/0032/06/18

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)՝ 2019 թվականի ապրիլի 11-ի` Արայիկ Մարտունի Ներսիսյանի վերաբերյալ կայացրած դատական ակտի պատճառաբանական առանձին մասերի և եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 55101817 քրեական գործից անջատվել է առանձին մաս, որին շնորհվել է 69100618 համարը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Արայիկ Մարտունի Ներսիսյանը թիվ 69100618 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Ա.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ա.Ներսիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է: Պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Տ.Սաֆարյանի միջնորդությունը` Ա.Ներսիսյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին, և գրավի գումարի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը:

5. Տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել է և Ա.Ներսիսյանին գրավով կալանքից ազատելը ճանաչել անթույլատրելի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Ներսիսյանի պաշտպան Տ.Սաֆարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

7. Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման համաձայն՝ Վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Ճանաչվել է Արայիկ Մարտունի Ներսիսյանի իրավունքի խախտման փաստը: Արայիկ Մարտունի Ներսիսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 29-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի շահերի պաշտպան Տ.Սաֆարյանի միջնորդությունը բավարարել է, մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի, գրավի չափ սահմանելով՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ1:

9. Վերաքննիչ դատարանը, բավարարելով տուժող Հ.Քոչինյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել է. մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի2:

10. 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Ներսիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Առաջին ատյանի դատարան3 և 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Ա.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Ա.Ներսիսյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև ճիշտ չի մեկնաբանել կալանքը կիրառելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու պայմանները կանոնակարգող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը։

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 79-րդ, 134-րդ, 143-րդ, 287-րդ և 376.1-րդ հոդվածները` բողոքաբերը նշել է, որ կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշումը չի կարող բողոքարկվել տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից, քանի որ վերջիններս ներառված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ որոշումների դեմ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շարքում:

Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և Ա.Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի` սահմանելով գրավի ողջամիտ չափ:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումները և եզրահանգումները.

12. Վճռաբեկ դատարանը, ստուգելով Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելու իրավաչափության հարցը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության և քրեադատավարական մի շարք նորմեր, ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը և Արտակ Հովհաննիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները4, հանգել է եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը իրավաչափ չէ, հետևապես տեղի է ունեցել մեղադրյալի իրավունքի խախտում:

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումը և եզրահանգումները.

13. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 29-ի որոշումը, դրա դեմ բերված մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը, ծանոթանալով վարույթում առկա նյութերին, լսելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ պաշտպանի հիմնավորումները և դատախազ Հ.Պետրոսյանի պատասխանը, հայտնում եմ Հատուկ կարծիք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճառաբանական առանձին մասերի և եզրափակիչ մասի վերաբերյալ, ներքոշարադրյալ պատճառաբանություններով:

13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «[Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու] որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: (…) Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին (…)»:

13.2. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնելով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտների հարցը, արձանագրել է, որ դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Նման օրենսդրական կարգավորումների պայմաններում՝ տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է5:

13.3. Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշման առնչությամբ ներկայացված Հատուկ կարծիքում քննարկման առարկա դարձնելով տուժողի, տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցը, արտահայտել եմ հետևյալ իրավական դիրքորոշումները.

«Տուժողի կարգավիճակին նվիրված միջազգային փաստաթղթերում մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների ընտրության վարույթին մասնակցելու վերաբերյալ պահանջ նախատեսված չէ: Միևնույն ժամանակ տարբեր փաստաթղթերում ընդգծվում է դատական և վարչական վարույթների՝ տուժողի կարիքներին հնարավորինս համապատասխանելուն աջակցելու6, ինչպես նաև մատչելի ընթացակարգերի միջոցով քրեական դատավարության բոլոր փուլերում տուժողի պահանջները հաշվի առնելու, քրեական արդարադատության նկատմամբ տուժողների վստահությունը բարձրացնելու7 անհրաժեշտությունը:

Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականի համաձայն՝ վարույթի ընթացքում դատախազը պարտավոր է ներկայացնել և պատշաճ ուշադրության արժանացնել տուժողի տեսակետներն ու մտահոգությունները8:

Տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց ներկայացուցչի դատավարական կարգավիճակին մշտապես անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը, ընդգծելով, որ քրեական դատավարության ընթացքին տուժողի, տուժողի իրավահաջորդի մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը1:

13.4. Հիշյալ պահանջների հաշվառմամբ հայրենական գրականությունում քննարկվում է տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, նշվում է, որ մեղադրյալի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի ընտրությունը երաշխավորում է տուժողին անվտանգության որոշակի աստիճան, ուստի տուժողի իրազեկված լինելը, թե խափանման ինչ միջոց է ընտրվել մեղադրյալի հանդեպ, նրան վստահություն է ներշնչում իր անվտանգության հարցում: Իսկ այն դեպքում, եթե տուժողը համարի, որ ընտրված խափանման միջոցը բավարար չէ իր անվտանգությունն ապահովելու համար, նա հնարավորություն ունի ժամանակին միջոցներ ձեռնարկելու համապատասխան խափանման միջոցը փոխելու համար՝ համապատասխան միջնորդություն ներկայացնելով10:

Հատուկ հետազոտություն իրականացրած հեղինակները նշում են, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունքով պետք է օգտվի նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և տուժողի իրավահաջորդը, քանի որ կալանավորումը որպես խափանման միջոց նպատակ է հետապնդում նաև ապահովել քրեական դատավարության խնդիրները, որի կենսագործումն անմիջականորեն կապված է տուժողի շահերի հետ: Կալանքի օրինականության ու հիմնավորվածության ապահովումը չպետք է կապված լինի այն բանից, թե ով է այդ որոշումը բողոքարկում11:

Մի շարք հեղինակներ անդրադառնալով կալանքը՝ որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատական ակտը բողոքարկելու տուժողի իրավունքի հարցին, նշում են, որ տուժողը կալանքի վերաբերյալ դատարանի այս որոշումը բողոքարկելու իրավունք ունի: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը համարվում է պաշտպանության միջոց, իսկ 98-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու օրենսգրքով սահմանված կարգով: Այս նորմերից բխում է, որ եթե մինչդատական վարույթում տուժողը դիմել է քննիչին, որպեսզի վերջինս կալանքը, որպես պաշտպանության միջոց, կիրառելու միջնորդություն ներկայացնի դատարան, սակայն դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը, ապա տուժողը պետք է օժտված լինի այդ որոշմանը ծանոթանալու և այն բողոքարկելու իրավունքով12:

Քննարկվող հարցը վիճելի է նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, տեսաբանները, ինչպես նաև ՌԴ սահմանադրական և գերագույն դատարանները գտնում են, որ օրենսգրքով չնայած ուղղակի նախատեսված չէ, բայց նաև բացառված էլ չէ տուժողի մասնակցությունը քննարկվող վարույթին, և այն դեպքերում, երբ տվյալ խափանման միջոցի կիրառման հարցը շոշափում է տուժողի իրավունքները և օրինական շահերը, այդ թվում՝ իր անձնական անվտանգության պաշտպանության կամ պատճառված գույքային վնասի հատուցման ապահովման հետ կապված, նա պետք է ունենա տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու և դատական ակտը բողոքարկելու իրավունք: Գերագույն դատարանը պարզաբանել է, որ տուժողը կամ նրա ներկայացուցիչը ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 389.1-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, անկախ նրանց մասնակցությունից դատական նիստին, իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտը13:

13.5. Վերոգրյալի համատեքստում արձանագրում եմ հետևյալը.

1) Օրենսգրքի մեջբերված իրավական կարգավորումներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը հանձնում է նաև տուժողին, իսկ դատական նիստին չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկվում է նրան,

2) խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ընթացքում բացատրություններ տալու համար Վերաքննիչ դատարանի դատական նիստին կարող է կանչվել նաև տուժողը:

3) գործող օրենսդրական կարգավորումների համաձայն տուժողը կալանավորման վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չունի,

4) կալանավորման որոշման բողոքարկման նպատակահարմարության հարցում տուժողի և դատախազի միջև անհամաձայնության դեպքում, տուժողը փաստացի զրկվում է դատական ակտը անձամբ բողոքարկելու և վերանայման վարույթին մասնակցելու իրավունքից,

5) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներում կարգավորվում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելու հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը: Մինչդեռ, «կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումը» նշված հոդվածներում մեջբերված չէ, ինչը կարելի է դիտարկել որպես օրենսդրական բաց: Սակայն, Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ (կետեր 11-րդ և 18-րդ) բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում օգտագործում է նաև «կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու» նախադասությունը: Հարկ է ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ այդպիսի արտահայտություն օգտագործված չէ:

14. Համակարծիք լինելով տուժողի կարգավիճակի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության մասին միջազգային հանրության կողմից և հայկական դոկտրինաներում արտահայտված մոտեցմանը, գտնում եմ, որ տուժողը, լինելով ենթադրյալ հանցագործության փաստացի տուժած սուբյեկտ, զոհ, առնվազն մահվան ելքով գործերով պետք է կալանավորման՝ որպես խափանման միջոց կայացված որոշումների բողոքարկման լիարժեք իրավունք ունենա:

Վերոնշված մոտեցումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Սահմանադրության 24-րդ հոդվածում հռչակված է կյանքի իրավունքը:

Քննարկվող իրավական հարցի համատեքստում սկզբունքային նշանակություն ունի նաև Վճռաբեկ դատարանի կողմից առանձին դեպքերում դատավարության մասնակիցներին հնարավորություն տալ Վերաքննիչ դատարան անմիջական ռեժիմով բողոքարկել այնպիսի դատական ակտեր, որոնց բողոքարկման վերաբերյալ օրենքով ուղղակի դրույթ նախատեսված չէ: Այսպես, Վճռաբեկ դատարանը քննարկել է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավաչափության հարցը: Հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ արձանագրել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման:

Վճռաբեկ դատարանն այս դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռվածության ողջամիտ հարաբերակցությունը14:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում սահմանված է դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման ազատության ընթացակարգը: Մինչդեռ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածում նախատեսված չէ տուժողի կողմից կալանավորման վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածում առկա է բաց: Սակայն հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, գտնում եմ, որ այդ բացը (առնվազն մահվան ելքով գործերով) իրավակիրառ պրակտիկայում հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ տվյալ նորմի և իրավակիրառ պրակտիկայում տրված դրա մեկնաբանությունների սահմանադրականության հարցը բացահայտելու համար:

Տվյալ իրավակարգավորման թերությունը հանգեցրել է հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը դատարանների կողմից լիարժեք հաղթահարված չէ: Բացի այդ, վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը կարող է խախտել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված իրավունքները: Գտնում եմ, որ տվյալ իրավակարգավորման բացը հակասում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի դրույթներին»:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ կալանավորումը գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բողոքարկվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից:

Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, և գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի, դատախազությունը չի բողոքարկել:

Ուշագրավ է նաև, որ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության ընթացքում, 2019 թվականի ապրիլի 11-ի դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանը, մասնավորապես, հայտնեց, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի պարզաբանումների իմաստով նպատակահարմար կլինի տուժողների իրավունքները քրեական դատավարությունում ապահովվելու տեսանկյունից վերջիններիս իրավունք վերապահել բողոքարկելու խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները, չնայած, որ օրենքի համաձայն այդ իրավունքը պատկանում է դատախազին: Ինչ վերաբերվում է գրավ կիրառելու հարցին, ապա դատախազությունը գտել է, որ այն սույն գործի շրջանակներում թույլատրելի է, ուստի այդ մասով վճռաբեկ բողոք ևս չի բերվել:

16. Վերահաստատելով Արտակ Հովհաննիսյանի գործով կայացված որոշման առնչությամբ բերված Հատուկ կարծիքում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում եմ, որ մեղադրյալ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման դեմ տուժողի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը քննության առնելը ոչ իրավաչափ համարելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը նույն պատճառաբանությամբ վիճահարույց է:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ բավարար հիմքեր կան սույն գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար, պարզելու, թե արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը՝ կալանավորման կամ կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատական ակտի բողոքարկման վերաբերյալ տուժողին, տուժողի իրավահաջորդին կամ նրա ներկայացուցչին բողոքարկման իրավունք չվերապահելու մասով չի հակասում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների պահանջներին:

Նման պայմաններում, պաշտպանի վճռաբեկ բողոքին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Հաշվի առնելով վերոշարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով,

 

միջնորդում եմ

 

մեղադրյալ Արայիկ Մարտունի Ներսիսյանի վերաբերյալ վարույթը կասեցնել և վերստին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համապատասխանությունը (կալանավորման կամ կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին դատական ակտը տուժողին, տուժողի իրավահաջորդին կամ նրա ներկայացուցչին բողոքարկման իրավունք չվերապահելու մասով) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

 

________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 48-49:

2 Տե՛ս նյութեր, թերթ 114:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ:

4 Տե՛ս Արտակ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշումը։

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշումը:

6 Տե՛ս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 29.11.1985թ. թիվ 40/34 բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը:

7 Տե՛ս Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի՝ 28.06.1985թ. <<Քրեական իրավունքի և քրեական դատավարության շրջանակներում տուժողի կարգավիճակի մասին>> թիվ R (85) 11, 14.06.2006թ. <<Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ>> թիվ R(2006) 8 հանձնարարականները:

8 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ (2000)19 հանձնարարականը, կետ 32:

9 Տե՛ս Ս.Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշման 25-26 կետերը:

10 Տե՛ս Ս.Ա.Դիլբանդյան, Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդատական վարույթում: Մենագր. /գիտ. խմբ.՝ Գ.Ս.Ղազինյան, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 216:

11 Տե՛ս Դ.Զ.Ավետիսյան, Կալանավորման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2006, էջ 214:

12 Տե՛ս Ա.Ս.Ղամբարյան, Դատական ակտերի բողոքարկումը ժամանակակից քրեական դատավարությունում /գիտ. խմբ., պրոֆեսոր Ս.Ավետիսյան., Եր.: Լուսաբաց, 2017, էջ 49-50, Брусницын Л., Право потерпевшего обжаловать неизбрание меры пресечания // Уголовный процесс. 2009.-N6, С. 37-40.

Դատավարագետ Անի Դանիելյանը գտնում է, որ կալանքի կիրառելիության հարցի քննարկման վարույթին տուժողին մասնակից դարձնելու վերաբերյալ պահանջի նախատեսման նպատակահարմարությունը բացակայում է (Տե՛ս Ա.Կ.Դանիելյան, Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, թեկն. ատենախոս., Եր., 2019, էջ 67:

13 Определение Конституционного Суда РФ от 17 октября 2006 г. N 422-О «Об отказе в принятии к рассмотрению жалобы граждан Диденко Виктора Владимировича и Осадской Татьяны Михайловны на нарушение их конституционных прав положениям статей 42, 108 и главы 43 Уголовно-процессуалньного кодекса Российской Федерации», Постановление Пленума Верховного суда РФ от 29 октября 2009 г. N 22 «О практике применения судами мер пресечения в виде заключения под стражу, залога и домашнего ареста», п. 17:

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշումը:

 

Դատավոր`

Ս. Ավետիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան