Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1510
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.04/16(1571) Հոդ.199
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.02.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.02.2020
Дата вступления в силу
25.02.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

25 փետրվարի 2020 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում՝ թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության գործում համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի և զենքի փոխանցման կարգ սահմանելու նպատակով:

 

2. Արձանագրության անբաժան մասն են կազմում 4 հավելվածները` Հավելված 1՝ «Իրեղեն ապացույցների փոխանցման կարգ», Հավելված 2՝ «Իրեղեն ապացույցների ընդունման-հանձնման արձանագրության ձև», Հավելված 3՝ «Իրեղեն ապացույցի հաշվառման քարտի ձև», Հավելված 4՝ «Իրեղեն ապացույցի պիտակի ձև»:

Ադրբեջանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է վերապահումով: Այդ կապակցությամբ Արձանագրությունը վերապահումով է ստորագրել նաև Հայաստանի Հանրապետությունը:

 

3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

● մյուս Կողմի հարցումով վերջինիս փոխանցել իրեղեն ապացույցներ՝ հարցում ուղարկող Կողմի քրեական դատավարության ընթացքում օգտագործելու համար,

● ապահովել հարցումն իրականացնելու ընթացքում փոխանցվող տեղեկույթի գաղտնիությունը և իրեղեն ապացույցների անվտանգությունը,

● ապահովել, որ Արձանագրության հիման վրա ստացված տեղեկությունները և իրեղեն ապացույցներն առանց դրանք տրամադրած Կողմի գրավոր համաձայնության չօգտագործվեն այլ նպատակներով՝ բացի այն նպատակներից, որոնց համար դրանք հարցվել և տրամադրվել են,

● ապահովել, որ Արձանագրության հիման վրա փոխանցված տեղեկություններն ու իրեղեն ապացույցներն առանց դրանք տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության չփոխանցվեն երրորդ կողմի,

● ապահովել, որ ստացած տեղեկության և իրեղեն ապացույցների անվտանգության պաշտպանության վերաբերյալ ՀՀ ստանձնած պարտավորություններն ուժի մեջ մնան նաև Արձանագրության գործողության դադարեցումից կամ դրանից դուրս գալուց հետո,

● Արձանագրության կատարման ընթացքում ծախսերը կատարել ինքնուրույն, եթե ամեն կոնկրետ դեպքի համար այլ կարգ չի համաձայնեցվում,

● ապահովել, որ Արձանագրության կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագող վիճելի հարցերը լուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

25 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1510