Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-123
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.27/15
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.06.1997
Дата вступления в силу
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
9 հունիսի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1. Օրենքի 30 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված  30. Հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը

 

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

 

2. Օրենքի 34 հոդվածը (1994 թվականի հոկտեմբերի 31-ի Հ.Ն.-1101-1-ՀՕ-120 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 34. Հաշմանդամների կենցաղային սպասարկումը

 

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխաներին, էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

 

Հոդված 2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1. Օրենքի 34 հոդվածի (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից, իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

 

2. Օրենքի 36 հոդվածը (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից:

Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայողները մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:

Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, օգտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից»:

 

Հոդված 3. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1. Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված  9. Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

 

2. Օրենքի 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Բռնադատվածին գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրավունք»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
26 հունիսի 1997 թ.
ՀՕ-123