Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1508
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.04/16(1571) Հոդ.197
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.02.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.02.2020
Дата вступления в силу
25.02.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

25 փետրվարի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում՝ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու և խորացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

 

2. Համաձայնագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ ընդունող կողմերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից ստանալ վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն՝ «Գերմանահայկական ֆոնդ» (ԳՀՖ), վերաֆինանսավորման գիծ I», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում I (նախագծային 2-րդ փուլ)», «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ», Ագրարային ապահովագրությունների ներդրման և այլ ծրագրերի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար (հոդվ. 1):

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) երաշխավորել Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով՝ ի կատարումն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն (հոդվ. 2, պարբերություն 3),

բ) ապահովել, որ Վերականգնման վարկերի բանկին տրվի երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք ֆինանսավորման պայմանագրերից, եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն (հոդվ. 2, պարբերություն 4),

գ) երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կստանձնի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա այն հարկերը, որոնք ծագում են Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման և իրականացման արդյունքում, Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման և իրականացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև կվճարի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա բոլոր պետական տուրքերը (հոդվ. 3),

դ) երաշխավորել, որ վարկերի և ֆինանսական օժանդակությունների օգտագործումից անհրաժեշտաբար բխող՝ ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձանց և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տրվի տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չձեռնարկել միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար (հոդվ. 4),

ե) Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման շուրջ ծագող բոլոր վեճերը լուծել Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով (հոդվ. 6, պարբերություն 5) և այլն:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

25 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1508