Գլխավոր տեղեկություն
Номер
N 432-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.07/35(1590) Հոդ.393
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2020
Дата вступления в силу
17.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 432-Լ

 

ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 432-Լ որոշման

 

ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) սահմանում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գերակայություններն և ուղղված է Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ներդաշնակ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ծրագիրը կարևորում է երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը և միտված է երեխաներին որակյալ ծառայություններ մատուցելուն, երեխաներին իրենց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակից դարձնելուն: Ծրագրի մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով՝ ներգրավելով ոլորտի տարբեր շահեկիցների։ Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն), պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:

2. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են դեռևս 2000 թվականից, և դրանց հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն էր` մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման միջոցով: Բարեփոխումների այդ փուլը գրանցել է ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ նոր խնդիրներ։ Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում թևակոխեցին նոր փուլ 2014 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրում՝ համապատասխանեցնելու ռազմավարական քայլերը ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույցի պահանջներին։ Այդ ռազմավարության շրջանակներում կարգավորվել են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատություններում ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում երեխաների խնամքի տրամադրման, այդ թվում` տվյալ հաստատություններ նրանց ուղեգրման և ընդունելության հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատված N 1112–Ն որոշմամբ հաստատված կարգով: Մասնավորապես, սահմանվել է, թե որ չափանիշներով երեխաները կարող են տեղավորվել բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված) և խնամքի գիշերօթիկ հաստատություններում, հստակեցվել է սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում խնամք ստանալու իրավունք ունեցող երեխաների շրջանակը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշմամբ սահմանվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման սկզբունքները և չափորոշիչները, ինչպես նաև կարգավորվել են այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 18 արձանագրային որոշմամբ և դրանից բխող միջոցառումների ցանկում սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև նախանշվել են նոր տիպի ծառայությունների անհրաժեշտությունն ու դրանց ուղղությամբ իրականացվող հիմնական միջոցառումները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 30 արձանագրային որոշումը, որի հիմնական գերակայություններն ու սկզբունքները համահունչ են «Ինստիտուցիոնալ խնամքից դեպի համայնքային խնամքին անցնելու մասին» Եվրոպայի խորհրդի չափանիշների և ՄԱԿ-ի երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցի հիմնական սկզբունքներին: Այդուհանդերձ, իրավական դաշտում իրականացված փոփոխությունները դեռևս բավարար չեն երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման համար։ Ներառականության պահանջը, կյանքի դժվարին տարբեր իրավիճակներում հայտնվելու հանգամանքները և հասցեական ու թիրախային ծառայություններ տրամադրելու անհրաժեշտությունը, երեխաների պաշտպանության համակարգում առկա տարբեր մարմինների միջև պատասխանատվությունների և գործառույթների բաշխման անհստակությունը, ուղղորդման ոչ բավարար ընթացակարգն իրավական դաշտի վերանայման խնդիր են դնում։ Հատկապես խնդրահարույց են երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման այլընտրանքային ձևերի պարագայում ընթացակարգերի և կարգավորումների ոչ լիարժեք ամբողջականությունը, պարզությունն ու արդյունավետությունը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության, միջկառավարական, միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև շարունակական համագործակցության արդյունքում Հայաստանում պետական ֆինանսավորմամբ շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է՝ 2006 թվականի շուրջ 10000-ից նվազելով շուրջ 3900-ի՝ 2014 թվականի տարեվերջի դրությամբ, և ապա մինչև 2000 երեխայի՝ այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում։ Թեև վերջին տարիներին երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման քաղաքականության արդյունքում նվազել է այդ հաստատություններում խնամվող երեխաների թիվը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում աճում է՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու, խնամակալության, խնամատարության և որդեգրման հանձնելու գրեթե անհնարինությամբ պայմանավորված։ Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ավելի քան 90 տոկոսը հաստատություններում հայտնվում է՝ առողջական խնդիրների և ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով: Չլուծված է մնացել մանկատներում 18 տարին լրանալուց հետո հաշմանդամություն ունեցող անձանց հետագա խնամքի և կեցության հարցը, որը շարունակել է կազմակերպվել մանկատանը՝ այլ լուծումների բացակայությամբ, իսկ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք երբեմն տեղավորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հաստատություններում: Այս իրավիճակը խոչընդոտել է շահառուների՝ համայնքում ներգրավված լինելու և ապրելու իրավունքի իրացմանը։

4. Համընդհանուր ներառական կրթության ներդրման պայմաններում հաստատություններում խնամվող և գյուղական շրջաններում բնակվող հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաների համար չի ապահովվում բավարար որակյալ ներառական կրթություն: Երեխաների մի մասը փաստացի դուրս է մնում կրթությունից՝ նույնիսկ ուսումնական հաստատությունում գրանցված լինելու պարագայում։ Երեխաներին ուղղված անվճար ծառայությունների որակն ու հասանելիությունը խնդրահարույց է, ինչն ստիպում է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին լրացուցիչ վճարումներ կատարել, օրինակ, որակյալ պրոթեզներ կամ օրթոպեդիկ կոշիկներ ստանալու համար։

5. Խնամատարության ինստիտուտի զարգացմանը խոչընդոտել են ինչպես իրավական դաշտի անկատարությունը, այնպես էլ դրա համակարգված զարգացման ուղղությամբ նախկինում պետական լիազոր մարմնի կողմից ցուցաբերվող ոչ բավարար քաղաքական կամքն ու հետևողականությունը՝ հատկապես վաղ մանկության տարիքի երեխաներին խնամատարության հանձնելու մասով։ 2008-2018 թվականների ընթացքում խնամատար ընտանիքների և դրանցում խնամվող հոգեզավակների թիվը գրեթե չի փոփոխվել։ 2018 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերապատրաստումներ են կազմակերպվել 60 խնամատար ընտանիքների համար, իսկ խնամատարության հանձնված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվաքանակը 2017 թվականի 23 հոգեզավակից հասել է 40-ի։ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 34 խնամատար ընտանիքում խնամվում էր 48 երեխա, որոնցից 6-ը՝ մասնագիտացված խնամատար ընտանիքներում: Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ իրականացվում է հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալու կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի հունիսի 13-ին հաստատվել է «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 751-Ն որոշումը և հստակեցվել ու բարելավվել են խնամատարության որոշ ընթացակարգեր, որոնք բարենպաստ հիմք են ստեղծում խնամատարության խթանման համար։ Բարելավվել է նաև խնամատարության վերաբերյալ տվյալների հավաքագրման գործընթացը։ Մասնավորապես, «Մանուկ» տեղեկատվավերլուծական բազայում գործարկվել է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառման ենթաբաղադրիչը: 2019-ի երկրորդ կիսամյակում առաջին անգամ նախարարության կողմից կազմակերպվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց վերապատրաստումներ, վերապատրաստվել է շուրջ 25 խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ: 2020 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 90 խնամատար ընտանիքում 94 երեխայի խնամքի իրականացման համար 152 828 400 դրամ, և առաջին անգամ երկու հոգեզավակի խնամքի իրականացման համար հատկացվող ֆինանսավորումը կրկնապատկվել է, մինչդեռ նախկինում ավելանում էր միայն 30 տոկոսով: Ներկայում շուրջ 47 խնամատար ընտանիքում խնամք է ստանում 65 երեխա:

6. Ցերեկային խնամքի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բաշխված են ոչ համաչափ և կան մարզեր, որտեղ ցերեկային խնամքի ծառայությունները գրեթե բացակայում են։ Ցերեկային ծառայությունների ծածկույթի համաչափ ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում ներառվել են «Երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» և «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու, մուտքը հաստատություններ կանխարգելելու և աջակցության տրամադրման ծառայություններ» միջոցառումները: Վերոհիշյալ միջոցառումներն իրականացվելու են Երևանում և հանրապետության 10 մարզերում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով: 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել են ոչ պետական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման մրցույթներ, որոնց արդյունքներով 2020 թվականից շուրջ 30 խոշոր բնակավայրերում կգործեն ցերեկային կենտրոններ, ինչպես նաև բոլոր մարզերում և Երևանում կգործեն երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելող ծրագրեր, որոնք ծառայություններ կտրամադրեն շուրջ 3800 երեխաների։ Ընդ որում, ցերեկային ծառայությունն ընդգրկում է շարժական թիմի և սոցիալական օգնականի ծառայության բաղադրիչները՝ հնարավոր դարձնելով ծառայությունների տրամադրումը նաև շրջակա գյուղական համայնքներին։ Ընդհանուր առմամբ ծառայությունների շահառու երեխաների թիվն ավելի քան եռապատկվում է՝ նախորդ տարվա համեմատ։

7. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու անհնարինության պարագայում այլընտրանքային խնամքի գերադասելի ձևը, այդուհանդերձ, խնդրահարույց է ընթացակարգերի արդյունավետության և գործընթացի թափանցիկության տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, որն արդեն իսկ գումարել է չորս նիստ և իր լիազորությունների շրջանակներում անդրադարձել է ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ իրականացնելով համապատասխան վերլուծություններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ՝ որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով՝ որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման գործընթացները սահմանելու նպատակով՝ 2019 թվականի մայիսի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 630-Ն որոշումը: «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպում և անցկացում» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում շահած հասարակական կազմակերպությունն իրականացրել է որդեգրել ցանկացող շուրջ 60 անձանց վերապատրաստման դասընթացները:

8. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման քաղաքականության արդյունավետության նախապայման է փաստարկված և տվյալների ու հետազոտությունների վրա հիմնված լինելը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգը՝ իբրև գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության հիմնական գործիք, ինչպես նաև փաստարկված քաղաքականության մշակման համար տեղեկատվական շտեմարան, ունի էական բարելավման և զարգացման կարիք: Համակարգում կան մի շարք թերություններ, մասնավորապես, բացակայում են կարևոր տվյալներ, փաստվում է մուտքագրվող տվյալների հավաստիության և հուսալիության խնդիրը: Առանձին խնդիր է անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս ուղղությամբ 2019 թվականին նախաձեռնվել է համակարգի խնդիրների հավաքագրումը և արդիականացման աշխատանքների մեկնարկը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

9. Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգում հստակ չէ առկա պարտականությունների բաշխումն ու ուղղորդումը: Արդյունքում առկա են գործառույթներ, որոնցով պետական և տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կողմից փաստացի գործուն գործառնություն չի ապահովվում, ինչպես, օրինակ, թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հարցը, երեխաների աշխատանքային շահագործումը, կրթությունից դուրս մնալը, աջակցությունը բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթարկված երեխաներին, ծառայությունները վարքային խնդիրներ ունեցող երեխաների, հատկապես դեռահասների, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխաների համար և այլն։ Տևական ժամանակ չի գործել երեխաների պաշտպանության ոլորտի մոնիթորինգի և գնահատման ինստիտուցիոնալ մեխանիզմը։ Այս ուղղությամբ 2019 թվականին նախաձեռնվել է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի վերակազմավորումը և գործառույթների ընդլայնումը՝ հաստատվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի N 1552-Ն որոշմամբ։ Մասնավորապես, ընդլայնվել են հանձնաժողովի գործառույթները երեխաների պաշտպանության ոլորտի մոնիթորինգի և գնահատման ոլորտում, ապահովվել է քաղաքացիական հասարակության մասնակցային ներկայացվածությունը հանձնաժողովում, 2019 թվականի նոյեմբերին գումարվել է առաջին նիստը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Այն նախանշում է բարեփոխումների նոր փուլ, որի նպատակն է ապահովել երեխաների պաշտպանության համակարգի և երեխաների իրավունքների իրացմանն ուղղված անհրաժեշտ միջավայրի ստեղծման համար համալիր միջոցառումներ՝ ելնելով ներկա իրավիճակից և նախորդ փուլերի ընթացքում ձեռք բերված փորձառությունից և քաղած դասերից:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի նպատակն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և նրանց ներառումը հասարակություն:

12. Սույն ծրագրի գերակայություններն են՝

1) ապահովել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավումը.

2) ապահովել այլընտրանքային խնամքի համաչափ և ըստ կարիքի ծառայությունների ցանցի ընդլայնումը.

3) համալիր աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին՝ խրախուսելով կայուն եկամտի աղբյուրների ձևավորումը և զբաղվածությունը.

4) ապահովել շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ ներառյալ ոչ պետական հաստատություններն ու մասնագիտացված խնամքի հաստատությունները:

13. Ծրագրի հիմնական սկզբունքներն են՝

1) երեխայի պաշտպանության, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցումը և փոխհամագործակցության ապահովումը.

2) շահագրգիռ կողմերի գործառույթների հստակ բաշխվածությունն ու կրկնօրինակման բացառումը.

3) պետական քաղաքականության գերակայությունը ոլորտում իրականացվող տարբեր նախաձեռնությունների նկատմամբ.

4) երեխաների և նրանց ընտանիքի անդամների անձնական տվյալների պաշտպանությունը՝ բացառելով տվյալների հետագա տարածումը կամ օգտագործումը.

5) համայնքների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին.

6) անհարկի բյուրոկրատիայի հնարավոր դրսևորումների բացառումը.

7) երեխաներին ուղղված ծառայությունների մատչելիությունը՝ տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը և հասցեականությունը.

8) երեխաների մասնակցության ապահովումն իրենց խնդիրների լուծման գործընթացում.

9) խտրականության բացառումը.

10) երեխայի լավագույն շահը:

 

III. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի հիմնախնդիրներն են՝

1) երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ոչ արդյունավետ գործունեությունը, մասնավորապես, երեխաների իրավունքների պաշտպանության համար պատասխանատուների ոչ հստակ լինելը, գործառույթների վարչարարական բնույթը և համանման պահանջներով կրկնությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման համայնքային ծառայությունների պակասը, իսկ համայնքների մեծ մասում՝ դրանց բացակայությունը.

3) պետական հոգածության կարիք ունեցող առողջական խնդիրներով երեխաների թվի աճը, հանրապետությունում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված մասնագիտական ծառայությունների ոչ բավարար ծածկույթը և ընդգրկումը.

4) որդեգրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, որդեգրման գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որդեգրման ենթակա երեխաների տվյալների տրամադրման, գործընթացի վերահսկողության ոչ բավարար մեխանիզմները.

5) ընդհանուր, մասնագիտացված, ճգնաժամային և արձակուրդային խնամատարություն իրականացնելու համար խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց փոքր թիվը.

6) հանրային ոչ բավարար իրազեկվածությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կենսաբանական կամ ընտանեկանին մոտ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ.

7) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տվյալների ոչ բավարար տեղեկատվական բազայի առկայությունը, բազայի ոչ միասնական լինելը և տվյալների հենքի վրա քաղաքականության մշակման աշխատանքային մշակույթի բացակայությունը.

8) երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման և գնահատման միասնական և արդյունավետ համակարգի բացակայությունը:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

15. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

1) երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի գործունեությունը համակարգված է.

2) հանրապետությունում առկա է այլընտրանքային խնամք տրամադրող համաչափ և ըստ կարիքի ծառայությունների ցանցը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված մասնագիտական որակյալ ծառայություններ.

3) հաստատություններում խնամվող երեխաները խնամվում են ընտանիքներում, երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելվել է, և բարելավվել է նրանց ընտանիքների կյանքի որակը.

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կենսաբանական կամ ընտանեկանին մոտ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքի իրացման վերաբերյալ հասարակության շրջանում առկա է բարձր իրազեկվածություն.

5) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների, ինչպես նաև երեխայի ցերեկային ծառայությունների համակարգի տարբեր կառույցների մասնագետները վերապատրաստված են և ունեն բավարար կարողություններ որակյալ ծառայություններ տրամադրելու համար.

6) երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման և գնահատման միասնական և արդյունավետ տեղեկատվական համակարգը առկա է և գործում է:

 

V. ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

16. 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացման ընթացքում կներդրվի երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմ, որը կնպաստի նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատմանը, ծագած խնդիրների հստակեցմանը և հնարավոր լուծումներին:

17. Սույն որոշմամբ նշված միջոցառումների կատարման, ինչպես նաև համալիր ծրագրի IV բաժնում նախանշված ակնկալվող ամփոփ արդյունքների ապահովման ընթացքի վերաբերյալ՝ այդ միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմինները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի երկրորդ տասնօրյակը նախարարություն ներկայացնում են տեղեկատվություն, որը նախարարությունն ամփոփելով՝ հաջորդ տարվա հունվարին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի նաև այլընտրանքային խնամքի բարեփոխումների ընթացիկ մշտադիտարկման համար մշակված ցուցանիշների մասին «Մանուկ» տեղեկատվական համակարգի միջոցով եռամսյակային կտրվածքով ստացվող ամփոփ տեղեկատվության հիման վրա։ Մշտադիտարկման արդյունքները կարող են նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացվել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով՝ քննարկման։

 

VI. ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

18. Ծրագրի ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ շահագրգիռ նախարարություններին տրամադրվող միջոցների շրջանակում).

2) միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում, սեփական ֆոնդեր.

3) հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

19. Ծրագրի իրականացման արդյունավետության նախապայման է միջգերատեսչական սերտ համագործակցությունը պետական տարբեր կառույցների միջև, ինչպես նաև համագործակցությունը պետական, մասնավոր և հասարակական սեկտորների միջև։ Համագործակցության հարթակ կարող է հանդիսանալ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը։

20. Ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի գործողությունների ժամկետների երկարաձգումներ՝ պայմանավորված լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու հանգամանքով։ Ինչպես, օրինակ, հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը կարող է պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում։

21. Ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի խնդիրներ՝ համակարգային նորամուծությունների հետ կապված։ Նոր համակարգերի, մեխանիզմների ներդրումը հաճախ բախվում է որոշակի դիմադրության, թյուրընկալման, անբավարար կարողությունների։ Նախատեսվում է իրականացնել իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման ծրագրեր՝ ռիսկը նվազագույնի հասցնելու միտումով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 432-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառումները

Ակնկալվող արդյունքը

Կատարման վերջնա-ժամկետը

Արդյունքային ցուցանիշները

Պատաս-խանատու կատարողը

Համակատարողը

Ֆինան-սավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

8

1.

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Բարեփոխումների իրականացման համար ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտը: ՀՀ օրենսդրությունը համապա-տասխանեցված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորու-թյուններին, մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին

2020 թ. երկրորդ կիսամյակ

ՀՀ կառավարության կողմից նախագծերի հաստատումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաների հիմնական կարիքները գնահատվել են, որոնց հիման վրա մշակված զարգացման ծրագրերն իրականացվում են:

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների թվի համամասնությունը գնահատված կարիքներով ընտանիքների նկատմամբ առնվազն 70% է առաջին տարում և յուրաքանչյուր տարի աճում է առնվազն 5%-ով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ,
Տեղական ինքնակառավարման մարմիններ,
հասարակական և միջազգային կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

Ցերեկային խնամքի համայնքահեն և ներառական հասանելի ծառայությունների ստեղծում Երևան քաղաքում և ՀՀ մարզերի խոշոր համայնքներում՝ ներառելով տարաբնույթ ծառայություններ կյանքի դժվարին տարբեր իրավիճակներում հայտնված երեխաների համար

ՀՀ մարզերում առկա են համայնքների կարիքներին համապատասխան ներառական ծառայություններ, որոնք գործում են համապատասխան հաստատված նվազագույն որակական չափորոշիչներին համապատասխան

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Մարզերում պատվիրակված ծառայություններից օգտվող երեխաներից առնվազն 40%-ը ստանում է ծառայություններ, ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող շահառուների համամասնությունը՝ առնվազն 20%:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական և միջազգային կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքներին ընտանեկան խորհրդատվության և ծնողավարման, կենցաղավարման թեմաներով դասընթացների կազմակերպում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի որակը բարելավվել է:

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, հաշվառված (տարեկան կտրվածքով) երեխաների ընտանիքների առնվազն 50 %-ին տրամադրվել է խորհրդատվություն, իսկ 20 %-ը վերապատրաստվել է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ծնողների և ընտանիքների ներգրավման առաջնահերթության սահմանում, թիրախային ծրագրերի մշակում և իրականացում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքներն առաջնահերթ ընդգրկված են սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում:

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Աջակցության ծրագրերում յուրաքանչյուր տարի ընդգրկված ընտանիքների առնվազն 60 %-ը ձևավորել է կայուն եկամտի աղբյուր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսաբանական ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և բնակարանների ձեռքբերմանն ուղղված ծրագրերի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Կարգավորող համապատասխան իրավական ակտերի առկայություն:
Ձևավորված համագործակցության հարթակ մասնավոր սեկտորի հետ: Բնակարանային վատ պայմանների պատճառով երեխայի՝ ընտանիքից դուրս մնալու դեպքերի բացառում, կենսաբանական ընտանիքների բարելավված բնակարանային պայմաններ:

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երեխաների ընտանիքների հաշվառված թվի առնվազն 30 %-ի բնակարանային պայմանների բարելավում ամեն տարի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

7.

Ճգնաժամային աջակցության կենտրոնների ստեղծում Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում

Երևան, Գյումրի և Կապան քաղաքների կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները ներառվել են հասարակություն:

2020 թ․ երկրորդ կիսամյակ

Ճգնաժամային աջակցության կենտրոններում խնամվող երեխաների ընդհանուր թվի առնվազն 50 %-ը վերադարձել է ընտանիք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

8.

Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունների ստեղծում՝ Երևանում և ՀՀ մարզերում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին անկախ կյանքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը

2021 թվականից սկսած՝ պարբերաբար

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն օգտվում են անկախ ապրելակերպ ուղեկցող կյանքի ծառայություններից՝ ըստ գնահատված կարիքի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

9.

Ցերեկային խնամքի ծառայություններում սոցիալական օգնականի բաղադրիչի ներդնում և գործարկում

Սոցիալական օգնականի ծառայությունն առկա է և գործում է բոլոր մարզերում:

2020 թվականից սկսած՝
պարբերաբար

Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող ծառայություններից օգտվողների առնվազն 80 %-ը բավարարված է ստացած ծառայություններից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

10.

Ցերեկային խնամքի ծառայություններում վարքային խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունների բաղադրիչի ներդնում և գործարկում

Երևանում և ՀՀ մարզում վարքային խնդիրներ ունեցող երեխաներն ստանում են համապատասխան ծառայություններ:

2020 թվականից սկսած՝ պարբերաբար

Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող ծառայություններից օգտվողների առնվազն 80 %-ը բավարարված է ստացած ծառայություններից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

11.

Պալիատիվ խնամքի կազմակերպում շուրջօրյա խնամքի մասնագիտացված տիպի հաստատու-թյուններում գտնվող չափահաս անձանց և երեխաների համար

Բարելավվել է պալիատիվ խնամքի կարիք ունեցողների կյանքի որակը:

2023 թ.

Երեխաների շուրջօրյա խնամքի մասնագիտացված տիպի հաստատու-թյուններում գտնվող պալիատիվ խնամքի կարիք ունեցողների առնվազն 30-%-ը հաստատությունից դուրս ստանում է պալիատիվ խնամք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

12.

Երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող ոչ պետական, բարեգործական հաստատությունների ուսումնասիրություն և դրա հիման վրա գործունեության դադարեցման կամ վերակազմավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Երեխաների խնամքն իրականացվում է ընտանիքում կամ ընտանեկանին մոտ պայմաններում:

2020 թ. երկրորդ կիսամյակ

Յուրաքանչյուր տարի շուրջօրյա խնամքի հաստատո-ւթյուններում խնամվող երեխաների առկա թվի առնվազն 30%-ը խնամվում է ընտանիքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն, միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ
(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան