Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.161
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
06.12.2019
Дата вступления в силу
06.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/2077/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/2077/02/16
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան  

Դատավորներ՝

Ա. Մխիթարյան
 

Ն. Մարգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2019 թվականի դեկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Արեն Տեպանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Սարգիս Նաջարյանի և Սևակ Տոնոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է համապարտության կարգով Սարգիս Նաջարյանից և Սևակ Տոնոյանից բռնագանձել գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 07.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Սևակ Տոնոյանից և Սարգիս Նաջարյանից հօգուտ Բանկի համապարտության կարգով բռնագանձել 2.068.350 ՀՀ դրամ, ինչպես նաև ժամկետանց վարկի գումարի 523.000 ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 30.05.2016 թվականից մինչև փաստացի մարումը ներառյալ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրի  3.3-րդ կետով նախատեսված տարեկան 36 տոկոսի չափով հաշվարկից առաջացած գումարները, ժամկետանց տոկոսագումարի՝ 182.427,20 ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 30.05.2016 թվականից մինչև փաստացի մարումը ներառյալ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրի 3.4-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց տոկոսի 0,2 տոկոսի չափով հաշվարկից առաջացած  գումարները։
Դատարանի 21.03.2018 թվականի որոշմամբ
«Կատարողական թերթ տրամադրելու և այն կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը, 371-րդ հոդվածի 4-րդ մասը:  

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ Բանկին վերադարձնելիս, ի թիվս այլնի, վերադարձվել է վերաքննիչ բողոքի պատճենը, և Բանկը, ստանալով այն, կրկին բերած վերաքննիչ բողոքը ներկայացրել է պատճենի տեսքով: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմանը կից չի վերադարձվել  Բանկի կողմից ստորագրված վերաքննիչ բողոքի բնօրինակը:

Այսինքն, Բանկին վերադարձվել է ներկայացված բողոքի պատճենը, իսկ բնօրինակը պահվել է քաղաքացիական գործում և նկատի ունենալով, որ բողոքում թույլ տրված խախտումը որևէ կերպ կապված չի եղել վերաքննիչ բողոքի բովանդակության հետ, Բանկի մոտ արդարացիորեն առաջացրել է ներքին համոզմունք առ այն, որ նման պայմաններում նոր վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Ավելին, Բանկը, չստանալով ներկայացված բողոքի բնօրինակը, իրականում զրկված է եղել այն վերաքննիչ դատարան ներկայացնելու հնարավորությունից, որպիսի հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է եղել հենց վերաքննիչ դատարանի գործողություններով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի    394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված  անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  վերաքննիչ  բողոքը  կազմվում  է գրավոր՝  նույն օրենսգրքի 16-րդ  հոդվածի  2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գործին կցելով դրանց պատճենները։ Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Ի հավելումն վերը նշվածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը՝ խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու  մատնանշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնել դատարան: Ընդ որում, օրենսդիրը, վերաքննիչ վարույթում սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը, միաժամանակ նախատեսել է պարտականություն` բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձին պետք է ուղարկվեն միայն վերը նշված փաստաթղթերի բնօրինակները` գործին կցելով դրանց պատճենները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է վերաքննիչ վարույթի առանձնահատկությամբ: Վերաքննության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից է՝ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը, ինչն իր մեջ ներառում է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված դատավարական գործողությունների ամբողջությունը:

Ըստ այդմ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վերաքննության վարույթն այդպես էլ չի հարուցվում, ինչն իր հերթին պահանջում է վերաքննիչ բողոքարկման իրավունքից օգտված անձին վերադարձնելու այն բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք անհրաժեշտ են նրան հետագայում՝ օրենքով սահմանված ժամկետում և կարգով իր բողոքարկման իրավունքը կրկին իրացնելու համար:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն  դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերը նշված օրենսդրական պահանջը, դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բանկի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը Դատարանի 21.03.2018 թվականի «Կատարողական թերթ տրամադրելու և այն կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 2-32):

Վերաքննիչ դատարանի 08.02.2019 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «Բանկի դատական պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանին լիազորագիրը տվել է վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, սակայն Վերաքննիչ դատարան չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Արսեն Միքայելյանը Բանկի վարչության նախագահն է»: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն  հետևության, որ սույն գործում առկա չէ պատշաճ փաստաթուղթ, որը հիմք կտար եզրահանգելու Արսեն Միքայելյանի` Բանկի ի պաշտոնե ներկայացուցիչ լինելու, հետևաբար նաև նրա կողմից լիազորված Աշոտ Հարությունյանի` որպես Բանկի ներկայացուցչի պատշաճ լիազորություններ ունենալու մասին: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար  (հատոր 2-րդ, գ.թ. 34-36):

Բանկը փոստային ծառայության միջոցով 21.02.2019 թվականին դիմումով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Բանկի խորհրդի 18.10.2013 թվականի թիվ 390-Ա որոշման պատճենը, որի համաձայն` 14.10.2013 թվականից Բանկի խորհուրդը Արսեն Միքայելյանին հաստատել է Բանկի վարչության նախագահի պաշտոնում (հատոր 2-րդ, գ.թ. 46-80):

Վերաքննիչ դատարանն իր 07.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման՝ առանց ժամկետի սահմանման (հատոր 2-րդ, գ.թ. 82-83)։ 

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա՝ Բանկի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը պատճենի տեսքով է (հատոր 2-րդ, գ.թ. 46-56):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի բնօրինակը նույնպես գտնվում է սույն քաղաքացիական գործում (հատոր 2-րդ, գ.թ. 4-13):

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է` Վերաքննիչ դատարանը, իր 07.03.2019 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել վերաքննիչ բողոքի բնօրինակը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Բանկը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

  Տ. Պետրոսյան
  Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով 06.12.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Արեն Տեպանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Սարգիս Նաջարյանի և Սևակ Տոնոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2019 թվականի դեկտեմբերի 06-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 06.12.2019 թվականին թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է համապարտության կարգով Սարգիս Նաջարյանից և Սևակ Տոնոյանից բռնագանձել գումար:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 07.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Սևակ Տոնոյանից և Սարգիս Նաջարյանից հօգուտ Բանկի համապարտության կարգով բռնագանձել 2.068.350 ՀՀ դրամ, ինչպես նաև ժամկետանց վարկի գումարի 523.000 ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 30.05.2016 թվականից մինչև փաստացի մարումը ներառյալ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրի  3.3-րդ կետով նախատեսված տարեկան 36 տոկոսի չափով հաշվարկից առաջացած գումարները, ժամկետանց տոկոսագումարի՝ 182.427,20 ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 30.05.2016 թվականից մինչև փաստացի մարումը ներառյալ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրի 3.4-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց տոկոսի 0,2 տոկոսի չափով հաշվարկից առաջացած  գումարները։

Դատարանի 21.03.2018 թվականի որոշմամբ «Կատարողական թերթ տրամադրելու և այն կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի  վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը, 371-րդ հոդվածի 4-րդ մասը

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ Բանկին վերադարձնելիս, ի թիվս այլնի, վերադարձվել է վերաքննիչ բողոքի պատճենը, և Բանկը, ստանալով այն, կրկին բերած վերաքննիչ բողոքը ներկայացրել է պատճենի տեսքով: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմանը կից չի վերադարձվել  Բանկի կողմից ստորագրված վերաքննիչ բողոքի բնօրինակը:

Այսինքն, Բանկին վերադարձվել է ներկայացված բողոքի պատճենը, իսկ բնօրինակը պահվել է քաղաքացիական գործում և նկատի ունենալով, որ բողոքում թույլ տրված խախտումը որևէ կերպ կապված չի եղել վերաքննիչ բողոքի բովանդակության հետ, Բանկի մոտ արդարացիորեն առաջացրել է ներքին համոզմունք առ այն, որ նման պայմաններում նոր վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Ավելին, Բանկը, չստանալով ներկայացված բողոքի բնօրինակը, իրականում զրկված է եղել այն վերաքննիչ դատարան ներկայացնելու հնարավորությունից, որպիսի հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է եղել հենց վերաքննիչ դատարանի գործողություններով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Բանկի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը Դատարանի 21.03.2018 թվականի «Կատարողական թերթ տրամադրելու և այն կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 2-32):

Վերաքննիչ դատարանի 08.02.2019 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «Բանկի դատական պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանին լիազորագիրը տվել է վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, սակայն Վերաքննիչ դատարան չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Արսեն Միքայելյանը Բանկի վարչության նախագահն է»: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն  հետևության, որ սույն գործում առկա չէ պատշաճ փաստաթուղթ, որը հիմք կտար եզրահանգելու Արսեն Միքայելյանի` Բանկի ի պաշտոնե ներկայացուցիչ լինելու, հետևաբար նաև նրա կողմից լիազորված Աշոտ Հարությունյանի` որպես Բանկի ներկայացուցչի պատշաճ լիազորություններ ունենալու մասին: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար  (հատոր 2-րդ, գ.թ. 34-36):

Բանկը փոստային ծառայության միջոցով 21.02.2019 թվականին դիմումով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Բանկի խորհրդի 18.10.2013 թվականի թիվ 390-Ա որոշման պատճենը, որի համաձայն` 14.10.2013 թվականից Բանկի խորհուրդը Արսեն Միքայելյանին հաստատել է Բանկի վարչության նախագահի պաշտոնում (հատոր 2-րդ, գ.թ. 46-80):

Վերաքննիչ դատարանն իր 07.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման՝ առանց ժամկետի սահմանման (հատոր 2-րդ, գ.թ. 82-83)։ 

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործում առկա՝ Բանկի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը պատճենի տեսքով է (հատոր 2-րդ, գ.թ. 46-56):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Բանկի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի բնօրինակը նույնպես գտնվում է սույն քաղաքացիական գործում (հատոր 2-րդ, գ.թ. 4-13):

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է` Վերաքննիչ դատարանը, իր 07.03.2019 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել վերաքննիչ բողոքի բնօրինակը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Բանկը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ 25.02.2019 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից 25.02.2019 թվականին կազմվել է համապատասխան ակտ։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմնավորմամբ, որ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է):

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել բողոք բերած անձի պատճառաբանությունները այն մասին, որ վերաքննիչ բողոքը պատճենի ձևով ներկայացնելը պայմանավորված է եղել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունը չկատարելու հետևանքով:

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թերությունները շտկված նոր բողոքը չի ստորագրվել և ներկայացվել է պատճենի ձևով` Վերաքննիչ դատարանի կողմից սկզբնական բողոքի ու կից փաստաթղթերի բնագրերը չվերադարձնելու պատճառով, բավարար հիմքեր չեն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու համար, քանի որ թերությունները շտկված նոր վերաքննիչ բողոքը ստորագրելու համար և օրենքի պահանջին համապատասխան ստորագրված  բողոքը Վերաքննիչ դատարան կրկին ներկայացնելու համար չի կարող էական լինել վերաքննիչ դատարանի կողմից վերադարձված բողոքի բնօրինակի գտնվելու վայրը:

Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով, կրկին ներկայացված բողոքը վերադարձներ, որպես թերություն նշելով դրանց բնօրինակների բացակայությունը, ինչը չենք կարող ասել չստորագրելու դեպքում։

Վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձի ստորագրության պատճենի ձևով ներկայացնելը, թույլ չի տալիս դատարանին եզրահանգելու դատական ակտի կողմի բողոքարկելու դատավարական իրավունքն իրացնելու հստակ ցանկության մասին, որն իրականացվում է բացառապես բողոքը ստորագրելով (այդ թվում նաև օրենքով թույլատրելի էլեկտրոնային ձևով):

Հետևաբար` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:  

      

Դատավորներ՝  

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան