Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.11/18(1573) Հոդ.227
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2019
Дата вступления в силу
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1176/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/1176/05/17
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան  

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան
 

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմինե Պետրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի 26.01.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0207038 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմինե Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից 26.01.2017 թվականին կայացված թիվ Վ-0207038 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2018 թվականի որոշմամբ Արմինե Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 14.06.2017 թվականի վճիռը և այն փոփոխվել` հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի 26.01.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0207038 որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ պարբերությունները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մեքենան կայանատեղում կայանելու համար կայանած անձի կողմից վճարում չիրականացնելու դեպքում վճարման պարտավորությունը կրում է տվյալ մեքենայի սեփականատերը, ընդ որում, միայն այն հանգամանքը, որ իրավախախտման պահին մեքենան չի վարել ինքն անձամբ, չի կարող բավարար հիմք հանդիսանալ սեփականատիրոջ կողմից պատասխանատվությունից խուսափելու համար:

Համադրելով սույն գործի փաստերը և հաշվի առնելով թիվ ՎԴ/1322/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2017 թվականի որոշմամբ հայտնած դիրքորոշումը` նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գործող օրենսդրության պահանջներն ու հիմք է ընդունել միայն տեսության մեջ ընդունված սկզբունքների «ենթադրյալ» խախտման հանգամանքը` դրանով փորձելով հիմնավորել Արմինե Պետրոսյանի` վարչական պատասխանատվության ենթակա չլինելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2018 թվականի որոշումը, փոփոխել այն և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետարանի 19.12.2016 թվականի թիվ 0223062 արձանագրության համաձայն` SKODA OCTAVIA TOUR 1.6 մակնիշի 35VT470 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը 14.12.2016 թվականին ժամը 11։48-ից մինչև 14.12.2016 թվականի ժամը 12։05-ի ընթացքում 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 23.12.2015 թվականի թիվ 434-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը (հատոր 1-ին, գ.թ. 27):

2) Ծառայության պետի 26.01.2017 թվականի թիվ Վ-0207038 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` Արմինե Պետրոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի խախտման հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 04-05):

3) Արմինե Պետրոսյանի և Արմեն Խաչատրյանի միջև 15.06.2015 թվականին կնքված ավտոմեքենայի վարձակալության պայմանագրի (պատճենի) համաձայն` Արմինե Պետրոսյանը 3 տարի ժամկետով, համապատասխան վարձավճարի դիմաց, Արմեն Խաչատրյանի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «SKODA» մակնիշի 2013 թվականի արտադրության, «35VT470» համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 07):

4) Արմեն Խաչատրյանը, 30.05.2017 թվականի դատական նիստի ընթացքում հարցաքննվելով որպես վկա, Դատարանին հայտնել է, որ ինքը շուրջ 3 տարի, վարձակալության հիմունքներով մշտապես վարում է սպիտակ գույնի «35VT470» պետհամարանիշի SKODA OCTAVIA տրանսպորտային միջոցը (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 1-ին, գ.թ. 36, 44-46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտի որոշման հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. տրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (այն անձին, որին ամրակցված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցը) վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը կարո՞ղ է արդյոք անվավեր ճանաչվել այն հիմքով, որ տրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանվել է այլ անձի կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար, մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն` անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար:

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի (16.12.2016 թվականին ընդունված և 09.01.2017 թվականին ուժի մեջ մտած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-236-Ն ՀՀ օրենքի համաձայն` «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերնագրում և ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինվել է «վճար» բառով) 2-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին։

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մինչև 09.01.2017 թվականը գործող վերը նշված իրավակարգավորումներից հետևում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական տուրք է, որի վճարման պարտականությունը չկատարելու իրավական հետևանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառումն է: Ընդ որում, օրենսդիրն ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանելու լիազորությունը վերապահել է համայնքի ավագանուն (տե'ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Այսպես, Երևան քաղաքի ավագանու 23.12.2015 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 434-Ն որոշման 14-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Երևանի վարչական տարածքում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում տեղական տուրքը սահմանվում է (...) մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Երևան քաղաքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կարող էր համարվել տեղի ունեցած հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը 15 րոպեից ավելի ժամանակով կայանվել է Երևան քաղաքի համայնքային վճարովի ավտոկայանատեղում,

2. չի վճարվել համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք:

Այլ կերպ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու և համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը (տե'ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոկայանատեղի համար տուրք վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է` ապա այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականությունը կրող սուբյեկտների հետևյալ շրջանակը. տեղական տուրքը վճարելու պարտականությունը, որպես կանոն, կրում են ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական և իրավաբանական անձինք, սակայն եթե ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չի վճարվում, ապա ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը): Այսինքն` ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում այն վճարելու պարտականությունը կրող սուբյեկտն ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերն է (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը), ով էլ ենթակա է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար:

Վերոգրյալից հետևում է, որ ավտոտրանսպորտային միջոցը հանձնելով այլ անձի շահագործմանը` դրա սեփականատերը (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը) պետք է ապահովի, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանվելու պայմաններում ավտոկայանատեղի համար սահմանված տեղական տուրքը վճարվի, և կրում է դրա չվճարման բացասական հետևանքների ռիսկը` վարչական պատասխանատվության ենթարկվելու ձևով: Փաստորեն, տվյալ դեպքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը) ենթարկվում է վարչական պատասխանատվության ոչ թե այլ անձի կողմից, այլ իր կողմից մեղավորությամբ կատարված արարքի` օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու պարտականությունը չկատարելու համար, ինչը համապատասխանում է «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» սկզբունքներին:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունն օրենսդիրն առանց որևէ բացառության դրել է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վրա (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձի վրա, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը): Այսինքն` մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` անկախ այն հանգամանքից, թե տրանսպորտային միջոցի սեփականատերն անձամբ է օգտվել վճարովի ավտոկայանատեղից, թե` ոչ, տրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու պայմաններում որպես ավտոկայանատեղի տուրք վճարող, և ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սուբյեկտ օրենսդիրը դիտել է միայն տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն լինելու դեպքում` այն անձին, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արմինե Պետրոսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» 26.01.2017 թվականի թիվ Վ-0207038 որոշումը: Այդ վարչական ակտով Արմինե Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «SKODA OCTAVIA TOUR 1.6» մակնիշի «35VT470» պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 14.12.2016 թվականին ժամը 11:48-ից մինչև 12:05-ի ընթացքում վճարովի ավտոկայանատեղում 15 րոպեից ավելի ժամանակով կայանված լինելու պարագայում չի կատարվել համապատասխան վճարում:

Արմինե Պետրոսյանը վիճարկման հայցի հիմքում դրել է այն փաստարկը, որ վերոգրյալ վարչական ակտով արձանագրված իրավախախտման կատարման պահին «SKODA OCTAVIA TOUR 1.6» մակնիշի «35VT470» համարանիշի տրանսպորտային միջոցը շահագործվել է այլ անձի` Արմեն Խաչատրյանի կողմից: Այդ փաստն ապացուցելու համար Արմինե Պետրոսյանը Դատարան է ներկայացրել իր և Արմեն Խաչատրյանի միջև 15.06.2015 թվականին կնքված ավտոմեքենայի վարձակալության պայմանագրի պատճենը, որի համաձայն` Արմինե Պետրոսյանը 3 տարի ժամկետով, համապատասխան վարձավճարի դիմաց, Արմեն Խաչատրյանի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «SKODA» մակնիշի 2013 թվականի արտադրության, «35VT470» համարանիշի ավտոմեքենան: Միաժամանակ 30.05.2017 թվականի դատական նիստում որպես վկա հրավիրված Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ արդեն երեք տարի վարձակալության հիմունքներով և մշտապես վարում է «SKODA OCTAVIA TOUR 1.6» մակնիշի «35VT470» համարանիշի տրանսպորտային միջոցը:

Դատարանը մերժել է հայցը` նշելով, որ օրենքով սահմանված տուրքն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից վճարված չլինելու դեպքում տեղական տուրքը վճարելու պարտականություն ունեցող անձը` վարչական պատասխանատվության սուբյեկտը հանդիսանում է տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը` անկախ այն հանգամանքից, թե ում տիրապետման կամ օգտագործման ներքո է գտնվել տրանսպորտային միջոցը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արմինե Պետրոսյանի վերաքննիչ բողոքը, անվավեր է ճանաչել վիճարկվող վարչական ակտը` պատճառաբանելով, որ Արմինե Պետրոսյանի և Արմեն Խաչատրյանի միջև 15.06.2015 թվականին կնքված ավտոմեքենայի վարձակալության պայմանագրով, դրա հիման վրա «SKODA OCTAVIA TOUR 1.6» մակնիշի «35VT470» համարանիշի տրանսպորտային միջոցը փաստացի Արմեն Խաչատրյանի օգտագործմանը հանձնված լինելու փաստով, որպես վկա հարցաքննված Արմեն Խաչատրյանի ցուցմունքով հաստատվել է, որ վարչական իրավախախտման կատարման պահի դրությամբ «SKODA OCTAVIA TOUR 1.6» մակնիշի «35VT470» համարանիշի տրանսպորտային միջոցը գտնվել է ոչ թե սեփականատիրոջ` Արմինե Պետրոսյանի, այլ կնքված վարձակալության պայմանագրի հիմքով Արմեն Խաչատրյանի փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, և ըստ դրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով թեև հիմնավորվում է, որ վարչական իրավախախտման պահին տրանսպորտային միջոցը վարել է ոչ թե դրա սեփականատերը, այլ երրորդ անձ, այդուհանդերձ վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո, հիմք ընդունելով մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը` Արմինե Պետրոսյանը:

Նշվածը թույլ է տալիս եզրակացնելու, որ Ծառայության 26.01.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0207038 որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկներն անհիմն են, իսկ Դատարանն իրավացիորեն վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը, ինչպես նաև այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14.06.2017 թվականի վճռին:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան