Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-62
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.06.1996-28.02.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/11(1111) հոդ.134, 15 հունիսի 1996
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.05.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.06.1996
Дата вступления в силу
15.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«14» մայիսի 1996 թ.

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմունքները

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Համայնքի ղեկավարը (քաղաքապետը, թաղապետը, գյուղապետը) և համայնքի ավագանին ընտրվում են յուրաքանչյուրը երեք տարի ժամկետով:

 

Հոդված 2. Ընտրական համակարգը

 

Համայնքի ղեկավարն ընտրվում է մեծամասնական ընտրական համակարգով:

Համայնքի ավագանին կազմված է`

1) մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում` ութ անդամից.

2) 5001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում` տասը անդամից.

3) 20 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում` տասնհինգ անդամից:

Համայնքի ավագանին ընտրվում է`

1) մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում` մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրական տարածքից.

2) 5001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական երկու տարածքներից` յուրաքանչյուրը հնգական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը.

3) 20 001-ից մինչև 45 000 բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական երեք տարածքներից` յուրաքանչյուրը հնգական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը.

4) 45 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական հինգ տարածքներից` յուրաքանչյուրը երեքական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 3 տոկոսը:

Համայնքի յուրաքանչյուր ընտրական տարածք բաժանվում է հերթական համարակալմամբ ընտրական տեղամասերի:

Ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երեք հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է երեք հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս, բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր:

 

Հոդված 3. Ընտրական իրավունքը

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են համայնքում կամ վերջին երեք տարվա ընթացքում անընդմեջ ընդգրկված են համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներն ընդգրկվում են ընտրական ցուցակում: Համայնքի ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:

Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Թաղային համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, Երևան քաղաքում առնվազն վերջին մեկ տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին համարվում է հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող, եթե սույն օրենքով սահմանված ժամկետում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ չվճարելու կամ վճարումներն ուշացնելու համար տույժերի և տուգանքների չի ենթարկվել:

Համայնքի ղեկավարի պաշտոնում չեն կարող առաջադրվել և ընտրվել կառավարության անդամները, մարզպետները, դատավորները, դատախազության աշխատակիցները, զինված ուժերի, ներքին գործերի և ազգային անվտանգության համակարգերում ծառայողները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող քաղաքացիները չեն մասնակցում:

Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչև կալանքից նրանց ազատվելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, արգելվում է և հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 4. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում և անցկացնում են կենտրոնական, մարզային, Երևանի քաղաքային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները: Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովն իրականացնում է մարզային ընտրական հանձնաժողովի համար սահմանված լիազորությունները:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրությունների միասնական հիմնադրամից, որը ձևավորվում է պետական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից, ինչպես նաև ընտրական գրավից:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են ընտրական հանձնաժողովներին տրամադրել շենքեր և անհրաժեշտ գույք, նպաստել ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:

Ընտրական հանձնաժողովների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

 

Հոդված 5. Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

 

Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածու նախընտրական քարոզչությունն իրականացնելու համար իրավունք ունի օգտագործել անձնական և իր նախընտրական հիմնադրամում գոյացած միջոցները:

Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուն նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իր կամ լիազորված անձի անունով կարող է ստեղծել թեկնածուի նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կամավոր մուծումներից, բայց ոչ ավելի յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 20.000 դրամից, իսկ իրավաբանական անձի համար` 100 000 դրամից:

Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվները բացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախատեսված բանկում:

Թեկնածուների նախընտրական հիմնադրամներում ընտրությունից հետո մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածուների գրանցումը: Նոր ընտրության համար կրկին գրանցված թեկնածուները կարող են օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծած իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եթե նոր ընտրության ժամանակ թեկնածուն չի գրանցվել, ապա նրա հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հրապարակայնությունը

 

Ընտրական հանձնաժողովները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրողներին տեղեկացնում են իրենց կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման հետ կապված գործունեության մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ընտրական հանձնաժողովները թեկնածուների վստահված անձանց, հավատարմագրված օտարերկրյա դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայության համար ապահովում են հավասար պայմաններ:

Թեկնածուի վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական հանձնաժողովների որոշումներին և արձանագրություններին, անել քաղվածքներ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 7. Ընտրական հանձնաժողովների կազմավորման հիմունքները

 

Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և մարզային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրումներից:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումներից:

Ընտրական հանձնաժողովների անդամները հանձնաժողովներում իրենց գործունեության ընթացքում չեն կարող ադմինիստրացիայի նախաձեռնությամբ մշտական աշխատանքից ազատվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց վերադաս ընտրական հանձնաժողովի համաձայնության, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովներում իրենց գործունեության ընթացքում ազատվում են ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Ընտրական հանձնաժողովների նախագահները, նրանց տեղակալները, քարտուղարներն ու անդամները կարող են ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք չունեն:

 

Հոդված 8. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն յոթ անդամից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրումներից, ընդ որում, յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր կազմում ընդգրկված կուսակցությունների թվի կրկնապատիկ թվով թեկնածուներ:

Թեկնածուների առաջադրումը ձևակերպվում է պատգամավորի տիտղոսաթերթի վրա` խմբակցության ղեկավարի ստորագրությամբ: Առաջադրումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին` կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն տասը օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները, կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից յոթ օր առաջ, անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց գրավոր համաձայնությունը հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

Ազգային ժողովի նախագահը, ճշտելով առաջադրումների օրինականությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք օր առաջ կառավարություն է ուղարկում հանձնաժողովի անվանական կազմը:

Կառավարությունը Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում առաջադրված անդամների թիվը պակաս է յոթից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը մինչև յոթը լրացնում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով` հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը կառավարությունը հրապարակում է հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 10.00-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` իր անդամների կազմից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, մինչև հանձնաժողովի նախագահ ընտրվելը, վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում անցկացվում է նոր ընտրություն:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտապես գործում է մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` Ազգային ժողովի կազմավորումից ոչ շուտ, քան 4 ամիս հետո և ոչ ուշ, քան 6 ամիս հետո:

 

Հոդված 9. Մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

Մարզային ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն յոթ անդամից:

Մարզային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրումներից, ընդ որում, յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր կազմում ընդգրկված կուսակցությունների թվի կրկնապատիկ թվով թեկնածուներ:

Թեկնածուների առաջադրումը ձևակերպվում է պատգամավորի տիտղոսաթերթի վրա` խմբակցության ղեկավարի ստորագրությամբ: Առաջադրումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին` մարզային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն տասը օր առաջ:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները, մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն յոթ օր առաջ, անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց գրավոր համաձայնությունը` հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

Ազգային ժողովի նախագահը, ճշտելով առաջադրումների օրինականությունը, մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ուղարկում մարզային ընտրական հանձնաժողովների կազմը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մարզային ընտրական հանձնաժողովի կազմը հաստատում է հրամանով: Եթե մարզային ընտրական հանձնաժողովի կազմում առաջադրված անդամների թիվը պակաս է յոթից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը մինչև յոթը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ:

Մարզային ընտրական հանձնաժողովներն առաջին նիստում իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը հրավիրվում է դրա կազմավորման հաջորդ օրը ժամը 12.00-ին: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լիազորված անդամը: Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով: Եթե մարզային ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակում կենտրոնական ընտրական հանձնաժողովը` մարզային ընտրական հանձնաժողովի կազմից` մարզային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի նշանակվում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երկօրյա ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի կազմից նշանակում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ:

Մարզային ընտրական հանձնաժողովները մշտապես գործում են մինչև նոր մարզային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:

Նոր մարզային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորվելու դեպքում` սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 10. Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու կարգը

 

Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմված են առնվազն 9, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները` առնվազն 15 անդամից:

Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով` յուրաքանչյուր երկու անդամը մեկ թեկնածու սկզբունքով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով` յուրաքանչյուր անդամը մեկ թեկնածու սկզբունքով:

Համայնքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ոչ ուշ, քան նշված հանձնաժողովների կազմավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետից հինգ օր առաջ:

Եթե համայնքային ընտրական հանձնաժողովի կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջադրված անդամների թիվը պակաս է սույն հոդվածում նախատեսված նվազագույն քանակից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը` համայնքային ընտրական հանձնաժողովի համար մինչև 9, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի համար մինչև 15, լրացվում են մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` համապատասխան հանձնաժողովների կազմավորման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներն առաջին նիստում իրենց կազմից ընտրում են համապատասխան հանձնաժողովների նախագահներ: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը հրավիրվում են դրանց կազմավորման հաջորդ օրը ժամը 12.00-ին: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը վարում են մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորած անձինք: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով: Եթե համայնքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներն իրենց առաջին նիստում հանձնաժողովի նախագահ չեն ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը` համապատասխան հանձնաժողովի կազմից` համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա դատական վեճ: Դատական վեճի առկայության դեպքում նշված հանձնաժողովների գործունեությունը դադարեցվում է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 11. Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի տեղակալը երկօրյա ժամկետում հրավիրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ` նախագահի ընտրությունն անցկացնելու նպատակով: Նախագահի ընտրությունը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ`

1) անձնական դիմումի հիման վրա.

2) հանձնաժողովի երեք իրար հաջորդող հերթական նիստերից անհարգելի բացակայելու դեպքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը կարող է գանգատարկվել գերագույն դատարան:

Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն փոխելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում իրենց առաջադրած անդամներին, եթե վերջիններս ներկայացրել են դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին, անհարգելի բացակայել են հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից կամ մահացել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը պարտավոր է Ազգային ժողովի համապատասխան խմբակցության ղեկավարին անհապաղ գրավոր տեղյակ պահել հանձնաժողովի անդամի դիմում ներկայացնելու կամ երկու իրար հաջորդող նիստերից անհարգելի բացակայելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի համապատասխան գրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Ազգային ժողովի համապատասխան խմբակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից առաջադրվող նոր անդամի թեկնածությունը: Հանձնաժողովի նոր անդամի առաջադրումն արձանագրվում է հանձնաժողովի կողմից: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նոր անդամ չի առաջադրվում, ապա խմբակցությունը զրկվում է առաջադրման իրավունքից:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով առաջացած թափուր տեղերը չեն լրացվում, բացառությամբ այն դեպքի, երբ հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում յոթից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել մարզային ընտրական հանձնաժողովը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար նախատեսված հիմքերով:

Մարզային ընտրական հանձնաժողովի այդ որոշումը կարող է գանգատարկվել դատարան:

Ազգային ժողովի խմբակցությունները մարզային ընտրական հանձնաժողովի անդամին կարող են փոխել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի փոխելու համար սույն հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով առաջացած թափուր տեղերը չեն լրացվում, բացառությամբ այն դեպքի, եթե հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում յոթից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել մարզային ընտրական հանձնաժողովը, համապատասխան համայնքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովների կամ դրանց նախագահների նախաձեռնությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար սույն հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) իրավունք ունի (ունեն) փոխել համայնքային ընտրական հանձնաժողովի (տեղամասային ընտրական հանձնաժողովի) կազմում (իրենց) առաջադրած անդամին, եթե վերջինս ներկայացրել է դիմում հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին, անհարգելի բացակայել է հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից կամ մահացել է: Անձնական դիմում ներկայացնելուց կամ հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից անհարգելի բացակայելուց հետո եռօրյա ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը (անդամները) համայնքային ընտրական հանձնաժողովի (տեղամասային ընտրական հանձնաժողովի) նախագահին է (են) ներկայացնում իր (իրենց) կողմից առաջադրվող նոր անդամի թեկնածությունը: Հանձնաժողովի նոր անդամի առաջադրումն արձանագրվում է տվյալ հանձնաժողովի կողմից: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նոր անդամ չի առաջադրվում, ապա մարզային ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) զրկվում է (են) առաջադրման իրավունքից:

Առաջացած թափուր տեղերը չեն լրացվում, բացառությամբ այն դեպքի, երբ համայնքային ընտրական հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում 9-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի թվակազմը` 15-ից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կարող կատարվել ընտրություններին նախորդող հինգ օրվա և ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում:

 

Հոդված 12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է, որը`

1) տնօրինում է ընտրությունների միասնական հիմնադրամի միջոցները, դրանք բաշխում ըստ հանձնաժողովների, վերահսկում ընտրական հանձնաժողովներին շենքերով և կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովումը.

2) ընդունում և հրապարակում է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, քվեարկությունների և ընտրությունների արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման կարգի վերաբերյալ հրահանգներ և որոշումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.

3) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի ձևերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման կարգը.

4) սահմանում է յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողովի հերթական համարը.

5) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

6) հավատարմագրում է օտարերկրյա դիտորդներին.

7) ընտրում և ետ է կանչում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

8) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքերում.

9) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Մարզային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում մարզում ստորադաս ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) հայտարարում է ընտրությունների օրը.

3) կազմավորում է համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ և փոփոխություններ կատարում դրանց կազմում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ հաստատում է ընտրական տարածքները և տեղամասերը` նշելով քվեարկության վայրը (տեղամասային կենտրոնը).

5) սահմանում է ընտրական տարածքների և տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով.

6) ստորադաս ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև ստորադաս ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով և այլ անհրաժեշտ միջոցներով.

7) հետևում է համապատասխան ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակների հատկացմանը, համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը.

8) ստորադաս ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

9) փոխում է քվեարկության տեղը` քվեարկության անցկացումը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում.

10) քննարկում է ստորադաս ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է ստորադաս ընտրական հանձնաժողովների` օրենքին հակասող որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

11) ընտրում և ետ է կանչում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

12) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքում.

13) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 14. Համայնքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Համայնքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է ստորադաս ընտրական հանձնաժողովների` օրենքին հակասող որոշումները.

3) հետևում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընտրողների ցուցակի կազմմանը, կազմում է ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և դրանք հանձնում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, հետևում վերջիններիս կողմից համընդհանուր ծանոթացման համար այդ ցուցակների ներկայացմանը.

4) ապահովում է քվեարկության շենքերի, խցիկների, քվեատուփերի և քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.

5) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամի առաջադրված թեկնածուներին, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը, գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց.

6) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հավատարմագրում է լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

7) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալների հավասար հիմունքներով հրապարակումը.

8) պարզում, ամփոփում և հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, օրենքով նախատեսված դեպքում անցկացնում ստուգումներ, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացած, անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունները.

9) տալիս է վկայականներ ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին.

10) ընտրում և ետ է կանչում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

11) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքում.

12) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) ապահովում է ընտրողների ցուցակներին ազատ ծանոթանալու հնարավորությունը.

2) ընդունում և քննարկում է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ գանգատները և լուծում դրանցում փոփոխություններ կատարելու հարցը.

3) ընտրողներին տեղեկացնում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի, ընտրությունների օրվա, հանձնաժողովի աշխատաժամերի մասին.

4) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում և այն ներկայացնում համայնքային ընտրական հանձնաժողով.

5) ընտրում և ետ է կանչում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

6) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 16. Ընտրական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

Ընտրական հանձնաժողովների աշխատանքները կազմակերպում են համապատասխան հանձնաժողովների նախագահները կամ նրանց հանձնարարությամբ` նախագահի տեղակալները:

Ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց հանձնաժողովների քննարկմանը ենթակա հարցերին և համապատասխան փաստաթղթերին:

Ընտրական հանձնաժողովները սահմանում են իրենց հերթական նիստերի անցկացման ժամանակացույց: Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի քարտուղարը նախապես տեղյակ է պահում հանձնաժողովի բոլոր անդամներին:

Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին:

Ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Առանձին դեպքերում հանձնաժողովի որոշմամբ անցկացվում է փակ քվեարկություն:

Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Վերադաս ընտրական հանձնաժողովներն իրենց իրավասության շրջանակներում իրավունք ունեն ստորադաս ընտրական հանձնաժողովներից պահանջել և ստանալ վերջիններիս տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը:

Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, բացառությամբ քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփման նիստերի:

Հանձնաժողովների որոշումների միջև հակասության դեպքում գործում է վերադաս հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովներում ընդգրկված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարներն աշխատում են մշտական հիմունքներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների նախագահները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կազմավորում են աշխատակազմեր: Ընտրությունների հետ կապված աշխատանքների վարձատրությունը կատարվում է ընտրությունների միասնական հիմնադրամի միջոցներից:

Ընտրական հանձնաժողովները կազմում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով:

Հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին արձանագրվում է գործավարության մատյանում հանձնաժողովի քարտուղարի կողմից, որի տակ իրավունք ունեն ստորագրել հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

 

Հոդված 17. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը

 

Մարզային, Երևանի քաղաքային, համայնքային, տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, բացի տեղամասային (համայնքային) ընտրական հանձնաժողովի քվեարկությունների (ընտրությունների) արդյունքների վերաբերյալ որոշումներից ու գործողություններից, կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան: Ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները կարող են գանգատարկել այդ հանձնաժողովների անդամները, առաջադրման համար գրավ մուծած անձինք, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի գրանցված թեկնածուները, նրանց վստահված անձինք և ընտրողները որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո` երկօրյա ժամկետում: Գանգատը պետք է քննարկվի այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և գործողություններն ընտրական հանձնաժողովների անդամները, առաջադրման համար գրավ մուծած անձինք, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուները` որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո երկօրյա ժամկետում կարող են գանգատարկել գերագույն դատարան, որը հնգօրյա ժամկետում կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշումներ:

Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո մեկ օրվա ընթացքում, կարող են գանգատարկվել համայնքային ընտրական հանձնաժողով: Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո երկօրյա ժամկետում կարող են գանգատարկվել դատարան: Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ դատարանի որոշումները կարող են գանգատարկվել գերագույն դատարան, որը եռամսյա ժամկետում կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշում:

Քվեարկությունների և ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները կարող են գանգատարկել համապատասխան հանձնաժողովի անդամները, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի գրանցված թեկնածուները:

Եթե դատարանը որոշում է կայացնում ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին, ապա դատարանը, ելնելով սույն օրենքի պահանջներից, որոշում է կայացնում նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն առաջադրվում են ինքնառաջադրման կարգով` առաջադրման վերաբերյալ հայտ ներկայացնելու և ընտրական գրավ մուծելու միջոցով:

Ավագանու անդամի թեկնածու կարելի է առաջադրվել համայնքի միայն մեկ ընտրական տարածքում:

Թեկնածուն ընտրությունների միասնական հիմնադրամի հաշվին մուծում է ընտրական գրավ հետևյալ չափերով`

1) մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 4000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 500 դրամ.

2) 1001-ից մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 10 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 1250 դրամ.

3) 5001-ից մինչև 10 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 20 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 2000 դրամ.

4) 10 001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 40 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 4000 դրամ.

5) 20 001-ից մինչև 45 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 100 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 6000 դրամ:

6) 45 001-ից մինչև 75 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 200 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 12 000 դրամ.

7) 75 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 300 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 20 000 դրամ:

Համայնքի ղեկավար ընտրված, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 15 տոկոսից ավելի ձայներ ստացած համայնքի ղեկավարի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը` փոխանցվում պետական բյուջե:

Ավագանու անդամ ընտրված, ինչպես նաև համայնքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստացած ավագանու անդամի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը` փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 19. Թեկնածուների գրանցումը

 

Համայնքային ընտրական հանձնաժողովները քննարկում են թեկնածուների գրանցման հարցը, եթե մինչև առաջադրման համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտը թեկնածուի կողմից անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ներկայացվել են`

1) թեկնածուի առաջադրման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով լրացված առաջադրման հայտը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը.

3) մուծված ընտրական գրավի անդորրագիրը.

4) բնակության վայրի մասին տեղեկանքը:

Համայնքային ընտրական հանձնաժողովն առաջադրման համար սահմանված ժամկետից անմիջապես հետո իրավասու պետական մարմնից պահանջում է առաջադրված թեկնածուների կողմից վերջին երեք տարվա ընթացքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ վճարելու, ինչպես նաև դրանց հետ կապված տույժերի և տուգանքների վերաբերյալ տեղեկանք:

Իրավասու պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նշված տեղեկանքը:

Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստում իրավունք ունի ներկա գտնվել թեկնածուն կամ նրա լիազորած անձը:

Թեկնածուի գրանցումը համայնքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ կամ թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:

Թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժվում է համայնքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:

Առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումը համայնքային ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները: Նման դեպքերում գրանցումն անվավեր ճանաչելը արձանագրվում է համայնքային ընտրական հանձնաժողովի նիստում և հրապարակվում է: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը երկօրյա ժամկետում կարող է գանգատարկվել դատարան: Վերջինս եռօրյա ժամկետում կայացնում է որոշում, որը վերջնական է:

Թեկնածուն կարող է կալանավորվել համայնքային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Համայնքային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում նրա ընտրական գրավը վերադարձվում է, իսկ նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Եթե համայնքում գրանցված ավագանու անդամի թեկնածուների թիվը փոքր է քվեարկվող մանդատների թվի 50 տոկոսից, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքում ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին: Եթե ընտրական տարածքում ավագանու անդամի թեկնածուներ չեն գրանցվել, ապա այդ ընտրական տարածքում քվեարկություն չի անցկացվում:

 

Հոդված 20. Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

Թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը` հրաժարականի մասին դիմում ներկայացնելով համայնքային ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան քվեարկությունից հինգ օր առաջ: Երկրորդ փուլում համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ` առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:

Հրաժարականի մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց հետո փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նրա մահվան, ինչպես նաև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությունից ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ապա երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ` առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:

Եթե թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել մահվան դեպքում, ապա նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 21. Վստահված անձինք

 

Գրանցումից հետո թեկնածուի շահերը ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար համայնքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի ներկայացմամբ գրանցում է երկուսից ոչ ավելի վստահված անձ` յուրաքանչյուր ընտրական տեղամասի և համայնքային ընտրական հանձնաժողովի հաշվարկով: Վստահված անձանց տրվում է վկայական:

Վստահված անձինք ներկայացնում են թեկնածուի շահերը պետական և հասարակական մարմինների հետ փոխհարաբերություններում, իրավունք ունեն ներկա գտնվել համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերին:

Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:

Վստահված անձի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում և նոր վստահված անձին գրանցում է համայնքային ընտրական հանձնաժողովը` թեկնածուի դիմումի հիման վրա:

Վստահված անձինք համապատասխան հանձնաժողովների նիստերում ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Վստահված անձը չի կարող լինել որևէ ընտրական հանձնաժողովի անդամ:

 

Հոդված 22. Նախընտրական քարոզչությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թեկնածուները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում իրականացնել անարգել քարոզչություն` գրանցված թեկնածուի օգտին կամ դեմ:

Իրավապահ մարմիններին, զորամասերին, զինվորական կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնել:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք կարող են օգտվել լրատվության միջոցներից վճարովի հիմունքներով` թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կազմակերպել ժողովներ, հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ ընտրողների հետ և զանգվածային այլ միջոցառումներ:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն անարգել տպագրել և տարածել պաստառներ, թերթիկներ, քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր:

Նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրությունից 30 օր առաջ:

Քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը, ժողովները, հանրահավաքները, երթերը, ցույցերը, տեղամասային կենտրոնի շուրջ մարդկանց խմբերով հավաքվելը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 23. Ընտրողների ցուցակները

 

Յուրաքանչյուր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինը (Երևան քաղաքում, մինչև թաղային համայնքների ձևավորումը, Երևանի քաղաքապետարանը) կազմում է ընտրողների ընդհանուր ցուցակ, որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ընդգրկվում են համայնքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ երկրորդ մասում` տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող, բայց վերջին երեք տարվա ընթացքում այդ համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում անընդմեջ ընդգրկված, Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:

Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմում են ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և հատկացնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին հինգ օրինակից: Յուրաքանչյուր ընտրող ընդգրկվում է միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում: Ընտրողների ցուցակներում, ըստ բնակության վայրի, հերթական համարների տակ լրացվում է ընտրողների ազգանունը, անունը, հասցեն, ծննդյան տարեթիվը (18 տարեկան ընտրողների ծննդյան տարեթվի դիմաց լրացվում է նաև ծննդյան ամիսը և ամսաթիվը):

 

Հոդված 24. Ընտրողների ցուցակների հրապարակումը և դրանց վերաբերյալ դիմումների քննարկումը

 

Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման են ներկայացվում ընտրություններից առնվազն 15 օր առաջ:

Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ գանգատները տեղամասային ընտրական հանձնաժողովը քննության է առնում երկօրյա ժամկետում, իսկ ընտրությունների նախորդ օրն` անհապաղ: Հանձնաժողովն անհրաժեշտ շտկումներ է կատարում ցուցակում կամ մերժում գանգատը` դիմողին հանձնելով որոշման պատճենը:

Քվեարկության օրը ընտրողների ցուցակում փոփոխություններ կամ լրացումներ կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, եթե ընտրողը ներկայացնում է իր անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը` հաշվառման վերաբերյալ համապատասխան նշումով կամ ներկայացնում է տեղեկանք իրավասու պետական մարմիններից` վերջին երեք տարվա ընթացքում անընդմեջ համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Ընտրողների ցուցակում լրացումները կատարվում են հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով` յուրաքանչյուր ընտրողի անվան դիմաց հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Լրացուցիչ ցուցակում ընտրողների համարները շարունակում են ընտրողների ցուցակի համարակալումը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կամ նրա նախագահի որոշումը կարող է գանգատարկվել դատարան: Դատարանի որոշման հիման վրա հանձնաժողովն ընտրողների ցուցակում ճշգրտումը կատարում է անհապաղ:

 

Հոդված 25. Քվեաթերթիկները
 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

Քվեաթերթիկը տպարանային եղանակով պատրաստվող քառածալ թերթիկ է: Քվեարկության նշումների համար հատկացված տեղը գտնվում է ծալվածքի ներսի մասում: Ընտրական տարածքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները միաժամանակ անցկացնելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ դրանք ծալված վիճակում որևէ ձևով տարբերվեն միմյանցից:

Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, կուսակցական պատկանելությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

 

Հոդված 26. Քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող դրոշմը

 

Քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող դրոշմը պատրաստվում է գործարանային եղանակով: Այն պետք է ունենա երկտառ համարանիշ և քառանիշ համար: Քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող դրոշմները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրոշմները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց նշումներ կատարելու դրանց վրա, զմռսում դրանք և ընտրությունից ոչ շուտ, քան հինգ օր և ոչ ուշ, քան երեք օր առաջ հանձնում մարզային ընտրական հանձնաժողով` կատարելով դրոշմների հանձնման միայն քանակային հաշվառում:

Մարզային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր փաթեթը տեղադրում է ծրարի մեջ: Ծրարները կնքվում և համարակալվում են: Նշված ծրարները ընտրությունների նախորդ օրը մարզային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին` յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկ դրոշմ հաշվարկով` արձանագրելով ծրարի համարը և համապատասխան գրառումներ կատարելով գործավարության մատյանում:

 

Հոդված 27. Ընտրական փաստաթղթերի հանձնումը և ընդունումը ընտրական հանձնաժողովներում
 

Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի ստորագրություններով և ստացական տալու միջոցով փաստն արձանագրելով:

Քվեաթերթիկները հատկացվում են ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակային թվից 50 տոկոս ավելի քանակով:

Բոլոր ընտրական փաստաթղթերն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո եռօրյա ժամկետում ուղարկվում են մարզային ընտրական հանձնաժողով: Մարզային ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունն ընտրության արդյունքների ամփոփումից հետո երկամսյա ժամկետում, իսկ դատական վեճի առկայության դեպքում` մինչև վերջնական որոշման կայացումը:

 

Հոդված 28. Քվեարկության տեղը և ժամանակը

 

Տեղամասային կենտրոններում քվեարկությունն անցկացվում է ընտրությունների օրը` ժամը 08.00-ից մինչև 22.00-ն:

 

Հոդված 29. Քվեարկության կազմակերպումը

 

Քվեարկությունը կազմակերպվում է տեղամասային կենտրոններում` հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ կամ սենյակներ` յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով մեկ խցիկ կամ մեկ սենյակ, որտեղ պետք է տեղադրվեն սեղաններ մաքուր քվեաթերթիկների համար: Տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն քվեաթերթիկների հատկացման (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկ սեղան), ինչպես նաև ընտրողների գրանցման և քվեաթերթիկների կնքման համար (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական) սեղաններ:

Ընտրողների գրանցման և քվեաթերթիկների կնքման համար հատկացված սեղանները պետք է գտնվեն քվեախցիկների (սենյակների) և քվեատուփի միջև եղած տարածքում, քվեատուփին հնարավորին չափ մոտ:

Քվեատուփը և ընտրողների գրանցման ու քվեաթերթիկների կնքման համար հատկացված սեղանները պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մեծ մասի համար տեսանելի տեղում:

Նախքան քվեարկության սկսվելը հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում և արձանագրում է իր այն անդամների կազմը, ովքեր քվեարկության օրն իրականացնելու են ընտրողներին քվեաթերթիկների հատկացումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), ընտրողների գրանցումը և քվեաթերթիկների վավերականությունը դրոշմով ամրագրելը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), ինչպես նաև որոշում է այդ անդամների հերթափոխային աշխատանքի ժամանակացույցը: Քվեարկության օրը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ու հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ`

- ստուգում, փակում և կնքում է քվեատուփը.

- ընտրողների մեկական ցուցակ հանձնում է ընտրողների գրանցման և քվեաթերթիկների վավերականությունը դրոշմով ամրագրելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամին և քվեաթերթիկ հատկացնելու համար հանձնաժողովի պատասխանատու անդամին.

- ընտրողների թվին հավասար քանակի քվեաթերթիկներ է հանձնում քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամներին.

- համոզվում է, որ մարզային ընտրական հանձնաժողովի կնքած` քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող յուրաքանչյուր դրոշմի ծրարն ամբողջական է և արձանագրում է ծրարի համարը.

- բացում է յուրաքանչյուր ծրարը և համոզվում է, որ քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող դրոշմի փաթեթի զմուռսը խախտված չէ.

- քանդում է քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող յուրաքանչյուր դրոշմի փաթեթի զմուռսը, արձանագրում դրոշմի համարանիշը և համարը, հանձնում այն ընտրողների գրանցման և քվեաթերթիկների վավերականությունը դրոշմով ամրագրելու համար հանձնաժողովի պատասխանատու անդամին:

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված գործողությունները կատարվում են նշված հերթականությամբ: Յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդը ավարտելուց հետո: Նշված գործողությունների մասին կազմվում է արձանագրություն:

 

Հոդված 30. Քվեարկության անցկացումը

 

Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրող ներկայացնում է անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամին, որը ստուգում է այն, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի անունը, սահմանված նմուշի կտրոնի վրա լրացնում է ընտրողների ցուցակում ընտրողի համարը և ընտրողին հատկացնում լրացված կտրոնը ու մեկական քվեաթերթիկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար:

Ստանալով քվեաթերթիկը` ընտրողը մտնում է քվեարկության խցիկ (սենյակ):

Ընտրող քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում, որտեղ քվեարկության ընթացքում պետք է առկա լինեն որոշակի քանակությամբ (առնվազն երկու) մաքուր քվեաթերթիկներ: Քվեաթերթիկը սխալ լրացնելու դեպքում ընտրողը կարող է օգտվել խցիկում առկա մաքուր քվեաթերթիկներից:

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ: Բացառությամբ նշված դեպքի` քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունն արգելվում է:

Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում թեկնածուների անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, ընտրողը նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե կողմ է քվեարկում և «դեմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում:

Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և մոտենում գրանցման և քվեաթերթիկների կնքման համար նախատեսված սեղանին: Գրանցման և քվեաթերթիկների կնքման համար հանձնաժողովի պատասխանատու անդամը կտրոնի հիման վրա ընտրողների ցուցակում կամ լրացուցիչ ցուցակում գտնում է նրա անունը, ստուգում է ընտրողի անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը, լրացնում է ընտրողների ցուցակում այդ փաստաթղթի տվյալները, որի դիմաց ընտրողը ստորագրում է: Դրանից հետո հանձնաժողովի նշված անդամը կնքում է ընտրողի քվեաթերթիկն` առանց ընտրողից այն վերցնելու: Ընտրողը քվեաթերթիկը անձամբ գցում է քվեատուփի մեջ և դուրս գալիս տեղամասից:

Քվեախցիկից դուրս գալուց հետո ընտրողն իրավունք չունի վերադառնալ քվեախցիկ, ինչպես նաև բացել ծալված քվեաթերթիկը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 31. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 22.00-ին փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`

1) հանձնաժողովի նախագահը փաթեթավորում և զմռսում է քվեաթերթիկների վավերացման համար նախատեսված դրոշմը (դրոշմները)` նշելով փաթեթի վրա ընտրական տեղամասի համարը, ինչպես նաև դրոշմի համարանիշը և համարը.

2) հաշվվում է ընտրողների ընդհանուր թիվը` ըստ հանձնաժողովի գրանցման և քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու անդամի մոտ եղած ընտրողների ցուցակի (ներառյալ լրացուցիչ ցուցակը).

3) հաշվվում է գրանցված ընտրողների թիվը` հանձնաժողովի գրանցման և քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու անդամի մոտ եղած ընտրողների ցուցակում (ներառյալ լրացուցիչ ցուցակում) եղած ստորագրությունների հիման վրա, որից հետո նշված ցուցակը զմռսվում է.

4) բացվում է քվեատուփը: Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի սահմանված նմուշի դրոշմով վավերացված լինելը, քվեաթերթիկի անվավեր կամ չսահմանված նմուշի լինելը, իսկ վավերական քվեաթերթիկի դեպքում` թե ում օգտին է քվեարկված: Այնուհետև քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին դեմ լինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն, որը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` իր հայտարարության համաձայն հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը տեղադրում է «սահմանված նմուշի դրոշմով չվավերացված», «անվավեր կամ չսահմանված նմուշի», համապատասխան թեկնածուի օգտին կամ «բոլորին դեմ» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է բոլոր քվեաթերթիկների համար` համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար առանձին: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու համար այլ առարկաներ:

Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար առանձին, մեկ առ մեկ հաշվում է սահմանված նմուշի դրոշմով չվավերացված քվեաթերթիկների, անվավեր և չսահմանված նմուշի համարված քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված ձայների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը: Նշված արդյունքների հիման վրա հաշվվում է քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

Հաշվված քվեաթերթիկներն, ըստ տեսակավորման, փաթեթավորվում և զմռսվում են:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները կատարվում են նշված հերթականությամբ: Յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտվելուց և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ մասնակի արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը զմռսվում է հիմք հանդիսացող փաստաթղթերի հետ:

Մասնակի արձանագրությունների տվյալների հիման վրա կազմվում է տեղամասում քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար առանձին-առանձին:

Քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրություններում գրանցվում են`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.

3) քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը.

4) անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

5) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

6) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված ձայների թիվը.

7) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

Հաշվվող և արձանագրություններում գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

Քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփիչ արձանագրությունների կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկությունների արդյունքները:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների մեկական օրինակը, զմռսված ընտրական փաստաթղթերը և քվեաթերթիկների վավերացման համար նախատեսված դրոշմը (դրոշմները) անհապաղ ներկայացնում է համայնքային ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 32. Անվավեր քվեաթերթիկը

 

Անվավեր է համարվում սահմանված նմուշի դրոշմով դրոշմված, սակայն մեկից ավելի թեկնածուի օգտին տրված ձայներով, թեկնածուի օգտին տրված և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշում կատարված, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշում կատարված կամ չկատարված, ինչպես նաև ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկը:

Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծում է ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ:

 

Հոդված 33. Չսահմանված նմուշի քվեաթերթիկը

 

Չսահմանված նմուշի է համարվում սահմանված նմուշի դրոշմով դրոշմված այն քվեաթերթիկը, որը տարբերվում է քվեաթերթիկների սահմանված նմուշից:

Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծում է տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ:

 

Հոդված 34. Վավերական քվեաթերթիկը

 

Վավերական է այն քվեաթերթիկը, որը չի ճանաչվել անվավեր կամ չսահմանված նմուշի և որի վրա առկա է սահմանված նմուշի դրոշմը:

 

Հոդված 35. Համայնքում ընտրությունների արդյունքների ամփոփման կազմակերպումը
 

Համայնքում ընտրությունների արդյունքների ամփոփումը սկսելուց առաջ համայնքային ընտրական հանձնաժողովը հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է ընտրական տեղամասերից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի և քվեաթերթիկների վավերականությունն ամրագրող դրոշմի (դրոշմների) առկայությունը, նրանց զմուռսների ամբողջականությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ կատարում գործավարության մատյաններում և դրանք փակում անվտանգ տեղում:

Ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը համայնքային ընտրական հանձնաժողովն անցկացնում է առանց ընդհատման, եթե չի առաջանում ստուգումների անհրաժեշտություն:

Նիստի վերջում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահն ամփոփիչ արձանագրության և հանձնաժողովի որոշման երեք օրինակ անհապաղ ուղարկում է մարզային ընտրական հանձնաժողով: Մարզային ընտրական հանձնաժողովը համայնքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների մեկական օրինակ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:

 

Հոդված 36. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփումը
 

Համայնքային ընտրական հանձնաժողովն, իր նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, ճշտում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալների համապատասխանությունը միմյանց:

Առանձին տեղամասերում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում համայնքային ընտրական հանձնաժողովի առնվազն չորս անդամի գրավոր պահանջով համայնքային ընտրական հանձնաժողովը ստուգում է համապատասխան ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալների համապատասխանությունը քվեարկության փաստացի տվյալներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը կցված հատուկ կարծիքի հեղինակները և այդ հանձնաժողովի նախագահը:

Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում համայնքային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ճշտված արձանագրությունը, որին կցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի սկզբնական արձանագրությունը: Ճշտված արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե համայնքային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ ճշտված արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ճշտված արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում ճշտված արձանագրությանը:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անհամապատասխանությունը սույն հոդվածով նախատեսված դեպքում ճշտելով և, ըստ յուրաքանչյուր տեղամասի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարզելով արձանագրությունների տվյալների անճշտությունները և դրանց ազդեցությունը յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա, համայնքային ընտրական հանձնաժողովը կազմում է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը` նշելով ամփոփ և ըստ տեղամասերի հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.

3) քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը.

4) անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

5) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

6) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված ձայների թիվը.

7) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

8) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:

Արձանագրությունում ամրագրված տվյալների հիման վրա, ելնելով սույն օրենքի պահանջներից, համայնքային ընտրական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) ընտրությունները կայացած ճանաչելու և համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) ընտրությունները համայնքում անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու մասին.

3) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

4) ընտրությունները համայնքում չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին:

Որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրության արդյունքների ամփոփման արձանագրության և որոշման պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Առաջին փուլում ընտրված է համարվում համայնքի ղեկավարի այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին:

Առաջին կամ վերաքվեարկության փուլում երկուսից ավելի թեկնածուների քվեարկվելու դեպքում, եթե նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա առաջին և երկրորդ ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուները մասնակցում են քվեարկության երկրորդ փուլին, որի արդյունքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Համայնքում քվեարկության երկրորդ փուլն անցկացվում է ընտրության օրվանից 14 օր հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

Ընտրության ցանկացած փուլում, եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Համայնքի ղեկավարի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`

1) որևէ թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկվել է մեկ թեկնածու, որը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին.

2) մինչև ընտրության արդյունքների ամփոփումն ընտրված թեկնածուն մահացել է.

3) քվեարկության երկրորդ փուլի ժամանակ քվեարկվել է երկու թեկնածու, որոնք ստացել են հավասար ձայներ.

4) առկա են վերաքվեարկության արդյունքում համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:

 

Հոդված 37. Ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփումը

 

Համայնքային ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, ճշտում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալների համապատասխանությունը միմյանց:

Առանձին տեղամասերում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում, համայնքային ընտրական հանձնաժողովի առնվազն 4 անդամի գրավոր պահանջով համայնքային ընտրական հանձնաժողովը ստուգում է համապատասխան ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալների համապատասխանությունը քվեարկության փաստացի տվյալներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը կցված հատուկ կարծիքի հեղինակները և այդ հանձնաժողովի նախագահները:

Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում համայնքային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ճշտված արձանագրությունը, որին կցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի սկզբնական արձանագրությունը: Ճշտված արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե համայնքային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ ճշտված արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

 Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ճշտված արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ճշտված արձանագրությանը:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անհամապատասխանությունը սույն հոդվածով նախատեսված դեպքում ճշտելով և, ըստ յուրաքանչյուր տեղամասի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարզելով արձանագրությունների տվյալների անճշտությունները և դրանց ազդեցությունը յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա, համայնքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրական տարածքի համար կազմում է համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը` նշելով ամփոփ (ըստ ընտրական տարածքի) և ըստ տեղամասերի հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.

3) քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը.

4) անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

5) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

6) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված ձայների թիվը.

7) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

8) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ամփոփիչ արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ամփոփիչ արձանագրությանը:

Արձանագրությունում ամրագրված տվյալների հիման վրա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում և արձանագրում է յուրաքանչյուր ընտրական տարածքից մանդատի հավակնորդներին:

Մանդատի հավակնորդ են համարվում տվյալ ընտրական տարածքում առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուները (բայց ոչ ավելի տվյալ ընտրական տարածքի համար նախատեսված մանդատների թվաքանակից), որոնց ընտրվելու վրա չի ազդում նրանց ձայների վրա ազդող անճշտությունը: Եթե առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուների թիվը ձայների հավասարության պատճառով գերազանցում է մանդատների թիվը, ապա մանդատի հավակնորդներին որոշելու համար նվազագույն հավասար ձայներ ստացածների միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա, ապա տվյալ ընտրական տարածքից մանդատի հավակնորդներ չեն արձանագրվում:

Եթե համայնքում մանդատի հավակնորդների թիվը գերազանցում է սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու անդամների ընտրությունը կայացած ճանաչելու և ավագանին կազմավորված լինելու մասին: Նշված դեպքում մանդատի հավակնորդները համարվում են ավագանու անդամներ:

Եթե համայնքում մանդատի հավակնորդների թիվը չի գերազանցում սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն ընտրական տարածքներում, որտեղ ընտրության հետևանքով մանդատի հավակնորդների թիվը չի գերազանցում այդ տարածքի համար նախատեսված մանդատների 50 տոկոսը, ընտրությունն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու մասին:

Համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է համայնքային ընտրական հանձնաժողովի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության և որոշման պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

 

Հոդված 38. Ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփումը վերաքվեարկությունից հետո
 

Վերաքվեարկությունից հետո համայնքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրատարածքի համար, որտեղ տեղի է ունեցել վերաքվեարկություն, սույն օրենքի 37 հոդվածով սահմանված կարգի համաձայն կազմում է համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություն, որոշում և արձանագրում է մանդատի հավակնորդներին:

Եթե վերաքվեարկությունից հետո համայնքում մանդատի հավակնորդների թիվը գերազանցում է սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու անդամների ընտրությունը կայացած ճանաչելու և ավագանին կազմավորված լինելու մասին: Նշված դեպքում մանդատի հավակնորդները համարվում են ավագանու անդամներ: Հակառակ դեպքում համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքում ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին:

Համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է համայնքային ընտրական հանձնաժողովի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության և որոշման պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

 

Հոդված 39. Վերաքվեարկություն

 

Եթե համայնքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչել, ապա ընտրության օրվանից 14 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է վերաքվեարկություն` թեկնածուների նույն կազմով:

Եթե դատարանի որոշման համաձայն համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվել, ապա այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է վերաքվեարկություն` թեկնածուների նույն կազմով:

Եթե համայնքային ընտրական հանձնաժողովն ընտրական տարածքում ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչել, ապա ընտրության օրվանից 14 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է վերաքվեարկություն` թեկնածուների նույն կազմով:

Եթե դատարանի որոշման համաձայն ընտրական տարածքում ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչվել, ապա այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով ընտրական տարածքում անցկացվում է վերաքվեարկություն` թեկնածուների նույն կազմով:

 

Հոդված 40. Համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների գրանցումը: Ընտրությունների արդյունքների հրապարակումը
 

Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան հինգ օր հետո:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 41. Հերթական ընտրության նշանակման և անցկացման ժամկետն ու կարգը

 

Հերթական ընտրության նշանակման և անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների ժամկետի ավարտման օրվանից առնվազն չորս ամիս առաջ:

Ընտրությունն անցկացվում է ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:

Հերթական ընտրությունը նախապատրաստվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 42. Ընտրական տարածքների և տեղամասերի ձևավորման ժամկետները
 

Համայնքի բաժանումն ընտրական տարածքների իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 110 օր առաջ:

Ընտրական տարածքների բաժանումն ընտրական տեղամասերի իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 100 օր առաջ:

 

Հոդված 43. Ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները

 

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են հերթական ընտրության օրվանից առնվազն 80 օր առաջ:

 

Հոդված 44. Թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետները

 

Թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրության օրվանից 60 օր առաջ և ավարտվում է ընտրությունից 55 օր առաջ` ժամը 18.00-ին:

Թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրության օրվանից 30 օր առաջ:

Թեկնածուների կենսագրական տվյալները ներկայացվում են համայնքային ընտրական հանձնաժողով ընտրության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 45. Նոր ընտրության նշանակման և անցկացման կարգը
 

Եթե համայնքային ընտրական հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունը ճանաչվել է չկայացած, ապա հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 30 օր հետո համայնքում անցկացվում է նոր ընտրություն` թեկնածուների նոր առաջադրմամբ: Նոր ընտրությունն անցկացվում է արտահերթ ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 46. Արտահերթ ընտրության նշանակման կարգը

 

Եթե օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքով մանդատը թափուր է մնացել, ապա համապատասխան ընտրական տարածքում կառավարության որոշմամբ նշանակվում ու անցկացվում է արտահերթ ընտրություն:

Օրենքով սահմանված դեպքերում ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով առաջացած թափուր մանդատը չի լրացվում: Եթե ավագանու անդամների թիվը, օրենքով սահմանված դեպքերում, ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով չի գերազանցում այդ համայնքի համար սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված ավագանու թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքում անցկացվում է ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Սույն հոդվածով նախատեսված դեպքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նշանակման և անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում 15 օրվա ընթացքում:

Սույն հոդվածով նախատեսված դեպքում համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրության նշանակման և անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում 15 օրվա ընթացքում:

Արտահերթ ընտրությունն անցկացվում է կառավարության որոշումն ընդունելուց հետո 30-րդ օրը` հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 47. Արտահերթ ընտրության համար ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները

 

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ընտրությունից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

 

Հոդված 48. Արտահերթ ընտրության ընտրական տարածքները և տեղամասերը

 

 Արտահերթ ընտրությունն անցկացվում է ըստ հերթական ընտրության համար ձևավորված ընտրական տարածքների և տեղամասերի, եթե մարզային ընտրական հանձնաժողովն այլ որոշում չի կայացրել:

 

Հոդված 49. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ

 

Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:

Թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրությունից 25 օր առաջ և ավարտվում 20 օր առաջ:

Թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրությունից ոչ ուշ, քան տասը օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 50. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 51. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքին համապատասխան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը:

Սույն օրենքին համապատասխան կազմավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման պահից ստանձնում է Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները:

Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է ոչ ուշ, քան ընտրություններից 140 օր առաջ, իսկ մարզային ընտրական հանձնաժողովները` ոչ ուշ, քան 130 օր առաջ:

Մինչև Երևանի թաղային համայնքների ձևավորումը Երևանի համայնքային ընտրական հանձնաժողովների լիազորություններն իրականացնում են քաղաքապետարանի տարածքային բաժիններին համապատասխան ստեղծվող ընտրական հանձնաժողովները:

Մինչև 2000 թվականի հունվարի 1-ը որպես համայնքի ղեկավար առաջադրվող անձի վրա չի տարածվում սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված սահմանափակումը` տվյալ համայնքում (Երևան քաղաքում) մշտապես բնակվելու մասին:

Մինչև 2000 թվականի հունվարի 1-ը որպես համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրվող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված պահանջը հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարելու վերաբերյալ:

Մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում սույն օրենքի 23 հոդվածով նախատեսված տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող, բայց վերջին երեք տարվա ընթացքում այդ համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում ընդգրկված Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:

 

Հոդված 52. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

10 հունիսի 1996 թ.

ՀՕ-62

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.1999, ՀՕ-284 28.02.1999, ՀՕ-62
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան