Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 30.01.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2020
Дата вступления в силу
31.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2020 թվականի N 64-Լ

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 24

Երևան

 

       

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

     

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23-րդ հոդվածում, որպես աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» կետով.

«ժզ. Ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ և միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաև՝ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:»:

Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները: Ի կատարումն նշված օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ սահմանվել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը:

Հարկ է նշել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է: Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը` բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։

Գտնում ենք, որ նախագծով ներկայացված ձևակերպմամբ՝ արտոնություն սահմանելով ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի մարզիկների համար, խտրական վերաբերմունք կարող է առաջանալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում աշխատելու հրավիրված այլ մարզաձևերի (բասկետբոլ, վոլեյբոլ, գեղասահք, բռնցքամարտ և այլն) մարզիկների, այլ նաև այլ օտարերկրացիների նկատմամբ, քանի որ, համաձայն նախագծի, բարձր որակավորում ունենալու պահանջ ֆուտբոլիստների համար չի սահմանվում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բարձրացված խնդիրներին միասնական և համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն) կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերում (այդ թվում նաև՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում) կատարել մի շարք փոփոխություններ։ Այս կապակցությամբ միգրացիոն ծառայությունն արդեն իսկ անցկացրել է հանդիպումներ տարբեր ոլորտների՝ բիզնեսի, բարձրագույն կրթական հաստատությունների և այլն, ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտային առանձնահատկությունները և այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչներին աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատելու և նրանց բացառությունների ցանկում ընդգրկելու վերաբերյալ հարցեր։

Այնուամենայնիվ, մինչև միգրացիոն ծառայության կողմից մշակված նախագծով նախատեսված փոփոխությունների իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում առաջարկվող կարգավորմամբ և ներկա փուլում նախագծին ընթացք տալու հնարավորությունը։

Միաժամանակ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «կնքել» բառը փոխարինել «կնքում են» բառերով, իսկ «. կամ ունեն սիրողական կարգավիճակ» և «պատրաստվում են» բառերը հանել:

Հայտնում ենք նաև, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածում արդեն իսկ առկա է «ժզ» կետ, որը լրացվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-199-Ն օրենքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան