Գլխավոր տեղեկություն
Номер
N 1986-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.01.2020-18.12.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2019
Дата вступления в силу
31.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2019 թվականի N 1986-Ա

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման համաձայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծելու նպատակով՝

1. Սահմանել, որ`

1) հանձնաժողովը կազմված է լինելու 16 հիմնական անդամներից.

2) հանձնաժողովի ստեղծման ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են՝

ա. ի պաշտոնե՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը,

բ. ի պաշտոնե՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ) և Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ),

գ. մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (համաձայնությամբ),

դ. մեկ ներկայացուցիչ՝ Բարձրագույն դատական խորհրդից (համաձայնությամբ),

ե. իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող վեց իրավաբան-գիտնական (համաձայնությամբ),

զ. հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.

3) hանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից.

4) hանձնաժողովը համարվելու է կազմավորված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անդամների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված որևէ անդամի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ համաձայնություն չներկայացվելու կամ համապատասխան անդամի թեկնածություն չառաջադրվելու դեպքում hանձնաժողովը կարող է կազմավորվել առանց այդ անդամին հանձնաժողովի կազմում ընդգրկելու:
(1-ին կետը փոփ., խմբ. 22.01.20 N 67-Ա, խմբ., լրաց. 24.01.20 N 83-Ա)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2020 թվականի հունվարի 27-ը`

1) կազմել հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված անդամների դեպքում՝ համաձայնեցման, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերություններում նշված անդամների դեպքում՝ մրցութային ընթացակարգերի միջոցով.

2) կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 30

Երևան