Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.24/25(1580) Հոդ.294
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
11.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0080/01/17

ՍԴ/0080/01/17

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան 

Դատավորներ՝

Մ. Արղամանյան

Ս. Համբարձումյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ Գ. ԱՄԻՐՅԱՆԻ
պաշտպան  Լ. ԱՍԼԱՆՅԱՆԻ
  դատապարտյալ  Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2019 թվականի ապրիլի 11-ին

ք. Երևանում
                                                                                                                                                                                                                     

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ դատապարտյալ Հասմիկ Սլավիկի Սարգսյանի պաշտպան Լ.Ասլանյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 51153317 քրեական գործը, որն ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ Հասմիկ Սլավիկի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նույն օրը Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի օգոստոսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված պատժի` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման պայմանականորեն չկիրառելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերացվել է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված պատժի` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման պայմանականորեն չկիրառելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճիռը Հ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել է: Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված պատժի` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման պայմանականորեն չկիրառելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված պատժի` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման պայմանականորեն չկիրառելը:  

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Սարգսյանի և նրա պաշտպան Լ.Ասլանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է:

5. Դատապարտյալ Հ.Սարգսյանի պաշտպան Լ.Ասլանյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։   

    

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Նախաքննության մարմինը Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) [Ն]ա, ունենալով ընկերուհու` Սիսիան քաղաքի բնակիչ Մարիետա Աշոտի Հովհաննիսյանի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորություն, 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով նրա բացակայությունից, հրելու միջոցով մուտքի դռան փականը վնասելու եղանակով ապօրինի մուտք է գործել Չարենցի փողոցի 8-րդ շենքի 7-րդ բնակարան և ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակում գտնվող դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ, այնուհետև հեռացել` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»1:

7. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Հասմիկ Սլավիկի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (...) որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի:

(...)

Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի կատարած արարքը (…) ՀՀ քրեական օրենսգրքի 19 հոդվածի 4-րդ մասի համաձայն դասվում է ծանր հանցագործությունների շարքին և ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում։

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան մեկ երեխայի (Տաթևիկ Էդվարդի Դանիելյան` ծնված 02.09.2008 թվականին) առկայությունը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասը ամբողջությամբ կամովին հատուցելը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը:

Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, խնամքին են նաև երկու անչափահաս երեխան, վատառողջ է: Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի և խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Նշանակված պատիժն ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի կողմից կրելու հարցը քննարկելիս` ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից և հաշվի առնելով նրա անձը` այն, որ նա նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում (...)»2։  

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Հասմիկ Սլավիկի Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցանքը կատարելը և նրա մեղքը դատավարության որևէ մասնակցի կողմից չի վիճարկվում:

Չի վիճարկվում նաև Դատարանի դատավճռով հաստատված ճանաչված որևէ փաստական հանգամանք:

Ամբաստանյալ Հ.Սարգսյանը, պատճառաբանելով, որ իր նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, խնդրել է նշանակված պատիժը մեղմացնել և այն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել:

(...)

Դատավճռի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանն ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս (...) դատական ակտով չի անդրադարձել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հարցին:
Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` հաշվի առնելով ներքոհիշյալ հետևյալ հանգամանքները.

Վերաքննիչ դատարանը` որպես ամբաստանյալ Հ.Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ հաշվի է առնում, որ վերջինս կին է, բնակության վայրից բնութագրվում է դրական, ինչը հաստատված է Սիսիանի համայնքի ղեկավար Ա.Սարգսյանի կողմից 17.07.2017թ. և 05.03.2018 թվականին տրված բնութագրերով: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում, որ վերջինս 03.05.2018 թվականի դրությամբ` 13 շաբաթական հղի է, վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Բազմահանգույց միոմա» հիվանդությունը, ինչը հաստատված է թիվ 70011 զորամասի հրամանատար Կ.Գրիգորյանի և բուժ. մասի պետ Կ.Գրիգորյանի կողմից 03.05.2018 թվականին տրված ուղեգրով և ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ախտաբանաանատոմիական լաբորատորիայի պաթոլոգ Դ.Մամունցի կողմից 10.05.2017 թվականին տրված տեղեկանքով:

Ամբաստանյալ Հ.Սարգսյանն ամուսնալուծված է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին` Հակոբ Էդուարդի Դանիելյանը, 12.01.2017 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

Ամբաստանյալի դուստրը` Տաթևիկ Դանիելյանը (ծնված` 02.09.2008 թվականին), վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Ձախ հարականջային շրջանի գոյացություն» հիվանդությունը, ինչը հաստատված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման բժշկական կազմակերպության ղեկավար Ա.Ներսիսյանի կողմից 18.12.2017 թվականին տրված թիվ 579066 ուղեգրով:

Ամբաստանյալի որդին` Հակոբ Դանիելյանը, նույնպես վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Ձախակողմյան վարիկոցելեի ռեցիդիվ» հիվանդությունը, որի կապակցությամբ վիրահատվել է, սակայն պլանավորվում է կատարել կրկնակի վիրահատական միջամտություն, ինչը հաստատված է ՀՀ ՊՆ 14203 զորամասի հոսպիտալի պետի ՊԺԿ Ա.Խաչատրյանի և բաժնի պետ Վ.Հակոբյանի կողմից 16.03.2018 թվականին տրված տեղեկանքով:

Ամբաստանյալ Հ.Սարգսյանն ընդունել է մեղքը, դեպքի կապակցությամբ ի սկզբանե տվել է ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և «Փարոս» համակարգի կողմից ստանում են ընտանեկան նպաստ, հանցանքի կատարումը պայմանավորված է եղել սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակից ելնելով, այն է` ամբաստանյալը հափշտակած գումարով գնել է միրգ և բանջարեղեն` իր և անչափահաս երեխաների կարիքները հոգալու համար:

Բացի այդ, ամբաստանյալ Հ.Սարգսյանը կամովին հատուցել է տուժողին հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք, պարտք կամ պահանջ չի ներկայացրել և Դատարանին խնդրել է վերջինիս նկատմամբ մեղմ վերաբերվել:

Որպես ամբաստանյալ Հ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևորում է նաև հանցավորի դրսևորած վարքագիծը` կատարած հանցագործությունից հետո, այն, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով իրեն մեղսագրված հանցանքը կատարել է 2017 թվականի հուլիսի 04-ին, և դեպքից հետո մինչ այսօր` շուրջ մեկ տարի, գտնվելով ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, հատուցել է տուժողին հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ և զերծ է մնացել որևէ հակաօրինական արարք կատարելուց:

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործի շրջանակներում ամբաստանյալ Հ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոշարադրյալ հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության, և իրենց համակցության մեջ դիտարկելիս, նույնիսկ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում` հաշվի առնելով նաև ամբաստանյալի նախկինում կատարած հանցանքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, բավարար են վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

(...)

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանը սույն հանցագործությունը կատարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի և նույն դատարանի 29.04.2016 թվականի դատավճիռներով սահմանված փորձաշրջանների ընթացքում, փաստում է, որ Դատարանը` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառմամբ վերոնշյալ դատավճիռներով պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, հանգել է ճիշտ իրավական հետևության:

(...)

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի և նույն դատարանի 29.04.2016 թվականի դատավճիռներով ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան նշանակելու պայմաններում` փորձաշրջանի ընթացքում, կատարել է նոր հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով սույն որոշմամբ ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի և նույն դատարանի 29.04.2016 թվականի դատավճիռներով ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված և չկրած պատիժներից մեկական տարի:

Քննության առնելով ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ վերջինիս վերաքննիչ բողոքի փաստարկներն ու պահանջը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն այդ մասով անհիմն է և ենթակա է մերժման (...):

(...)

Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու միջոցով, սույն գործով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Այսպես` վերջինս նշել է, որ իր պաշտպանյալը բազմիցս հայտնել է ոչ թե 10.000 ՀՀ դրամ, այլ 4000 ՀՀ դրամ գումար գողանալու մասին, որը զգալի չափ չի համարվում: Վերոնշյալ փաստը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ ամբաստանյալն այդ գումարով գնել է բանջարեղեն և միրգ, և վարույթն իրականացնող մարմինը, այցելելով Հ.Սարգսյանի բնակարան և տեսնելով դրանք, ասել է, որ այդտեղ 10.000 ՀՀ դրամի ապրանքներ առկա չեն: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Հ.Սարգսյանի ցուցմունքները քննիչի կողմից կորզվել են խոշտանգման միջոցով, ինչի առթիվ հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, և այն ներկայումս գտնվում է ընթացքի մեջ: Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ տուժողի հետ առանձնազրույց ունենալու արդյունքում իր համար պարզ է դարձել այն հանգամանքը, որ թեև տուժողը կրկին իր ցուցմունքներում նշել է, որ գողացվել է 10.000 ՀՀ դրամ գումար, սակայն իրականում Հ.Սարգսյանը նրանից գողացել է 4.000 ՀՀ դրամ գումար, բայց հրաժարվել է ցուցմունքով այս մասին հայտնել Վերաքննիչ դատարանում:

Ըստ բողոքաբերի` եթե անգամ գործով հաստատված լիներ, որ իր պաշտպանյալը գողացել է 10.000 ՀՀ դրամ գումար, ապա ստորադաս դատարանները պետք է կիրառեին ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը: Մասնավորապես, Հ.Սարգսյանը թեև կատարել է ծանր հանցանք, այնուամենայնիվ գողացել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ, ընդ որում դա փոխհատուցել է, որպիսի հանգամանքը ևս պատշաճ չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից: Բողոքի հեղինակի կարծիքով Հ.Սարգսյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, այսինքն՝ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին։

10. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ վերաքննիչ բողոքը ամբաստանյալ Հ.Սարգսյանի կողմից բերված լինելու պարագայում Վերաքննիչ դատարանը դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս թույլ է տվել քրեական նորմի էական խախտում: Այսպես՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնները կիրառելիս գումարել է ոչ թե երեքական ամիս, այլ մեկական տարի:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 64-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 26-ի որոշումը և Հ.Սարգսյանին արդարացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, պաշտպանական կողմի բողոքի քննության արդյունքում Հ.Սարգսյանի նկատմամբ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելով, պահպանե՞լ է արդյոք դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

(...)

4. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից»:

Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու վերոնշյալ հատուկ կանոնից բխում է, որ դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին կարող է գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասն ինչպես լրիվ, այնպես էլ մասնակիորեն: Ընդ որում, մասնակի գումարելու պարագայում օրենքով որևէ կարգ չի նախատեսվում, և յուրաքանչյուր դեպքում դատարանն է որոշում նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից գումարվող պատժի չափը:

 

Միևնույն ժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են որոշակի չափանիշներ, որոնք կանխորոշում են դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության շրջանակները, այն է` վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից: Վերոնշյալ նորմը կարևոր երաշխիք է պատիժ նշանակելու գործընթացում կամայական մոտեցումները հնարավորինս բացառելու տեսանկյունից:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը»:

Մեջբերված նորմն ըստ էության բովանդակում է դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության հայտնի կանոնը (ne reformatio in pejus կամ ne pejus), ինչն ամբաստանյալի բողոքարկման իրավունքի իրացման, վերջի­նիս իրավունք­նե­րի և օ­րի­նա­կան շա­հե­րի պաշտպանութ­յան կարևորագույն երաշխիք է: Այլ կերպ` դեպի վատթարացում շրջադարձի արգելքն ապահովում է անձի պաշպանության և բողոքարկման ազատության իրավունքի անխոչընդոտ իրացումը, հնարավորություն ընձեռում ամբաստանյալին բողոք ներկայացնելու կայացված դատական ակտի դեմ` առանց իր վիճակի հետագա վատթարացման մտավախության: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը վերանայվում է պաշտպանության կողմի բողոքի հիման վրա, անձը չի կարող դատապարտվել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան դատապարտվել է ստորադաս դատարանի դատական ակտով:

Ավելի խիստ պատժի դատապարտման անթույլատրելիությունը վերաբերում է նաև սույն որոշման 13-րդ կետում վերլուծված` դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կարգին: Այսպես` պաշտպանության կողմի բողոքի հիման վրա դատական ակտը վերանայելիս դատարանը կաշկանդված է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով ստորադաս ատյանի կողմից նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից գումարված պատժի չափով, իրավասու չէ դրանից ավել պատիժ գումարել, որքանով էլ որ այն հանգեցնի անձի նկատմամբ նշանակված վերջնական պատժի ընդհանուր առմամբ մեղմացման: Վճռաբեկ դատարանի համոզմամբ հակառակ մեկնաբանությունն անխուսափելիորեն կհանգեցնի դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքի, հետևաբար նաև` անձի պաշտպանության իրավունքի խախտման:  

15. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն5:

Անդրադառնալով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու կարևորությանը` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն): Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստել է հանցավորի ընտանեկան դրությունը, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատժի ազդեցությունը, նրա խնամքին այլ անձանց առկայությունը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղն ու դիրքը, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագիրը և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները գնահատման ենթարկելու անհրաժեշտությունը6:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ կամովին հատուցելը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ ամբաստանյալը դրական է բնութագրվում, վատառողջ է, խնամքին են անչափահաս երեխաները, տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի:

Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դիտել է հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը` արձանագրելով, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում7:

Վերաքննիչ դատարանն իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել, որ վերջինս կին է, բնակության վայրից բնութագրվում է դրական, իսկ որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտարկել է այն, որ Հ.Սարգսյանը 2018 թվականի մայիսի 3-ի դրությամբ 13 շաբաթական հղի է, վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Բազմահանգույց միոմա» հիվանդությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանն ամուսնալուծված է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են նրա խնամքին, դուստրը` Տաթևիկ Դանիելյանը, վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Ձախ հարականջային շրջանի գոյացություն» հիվանդությունը, ամբաստանյալի որդին 2017 թվականի հունվարի 12-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, վերջինս նույնպես վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «Ձախակողմյան վարիկոցելեի ռեցիդիվ» հիվանդությունը, որի կապակցությամբ վիրահատվել է, սակայն պլանավորվում է կատարել կրկնակի վիրահատական միջամտություն:

Բացի այդ, ամբաստանյալն ընդունել է մեղքը, դեպքի կապակցությամբ ի սկզբանե տվել է ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և «Փարոս» համակարգի կողմից ստանում է ընտանեկան նպաստ, հանցանքի կատարումը պայմանավորված է եղել սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակով, այն է` ամբաստանյալը հափշտակած գումարով գնել է միրգ և բանջարեղեն` իր և անչափահաս երեխաների կարիքները հոգալու համար: Հ.Սարգսյանը կամովին հատուցել է տուժողին հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև հանցավորի` հանցագործությունից հետո դրսևորած վարքագիծը` այն, որ Հ.Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով իրեն մեղսագրված հանցանքը կատարել է 2017 թվականի հուլիսի 4-ին, և դեպքից հետո գտնվելով ազատության մեջ` դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Որպես ամբաստանյալ Հ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք Վերաքննիչ դատարանը հաշվի է առել հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործի շրջանակներում ամբաստանյալ Հ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության, ուստի բավարար են վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին8:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված երեք տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարելով նախկինում նշանակված և ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս և 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատիժներից յուրաքանչյուրից մեկ տարին, այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանը դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս մասնակիորեն գումարել էր յուրաքանչյուրից երեք ամիս ժամկետով ազատազրկումը, թույլ է տվել դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքի խախտում: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի համեմատությամբ, ըստ էության, Հ.Սարգսյանին դատապարտել է ավելի խիստ պատժի` թույլ տարով վերջինիս պաշտպանության իրավունքի խախտում:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնին, որ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիությամբ, իրավասու չէր պաշտպանության կողմի բողոքով, ի վնաս անձի, նշանակել ավելի խիստ պատիժ` նախկինում չկրած ազատազրկում պատիժներից մասնակիորեն գումարված չափի տեսանկյունից, քան նշանակվել էր ստորադաս դատարանի դատական ակտով:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պաշտպանական կողմի բողոքի քննության արդյունքում Հ.Սարգսյանի նկատմամբ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելով, չի պահպանել դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքը:

18. Ինչ վերաբերում է Հ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավամբ փաստել է, որ Հ.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները դուրս են սովորականի շրջանակներից և բացառիկ բնույթ են կրում, ուստի բավարար են վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար, այնուամենայնիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում եկել է սխալ եզրահանգման:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, վերջինիս անձը բնութագրող տվյալները, ծանրացնող հանգամանքի` առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության պայմաններում անգամ, էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և հիմք տալիս եզրահանգելու, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին: Այսպես` ամբաստանյալն ընդունել է մեղքը, դեպքի կապակցությամբ տվել է ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարած հանցանքի համար, ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և «Փարոս» համակարգի կողմից ստանում է ընտանեկան նպաստ, ամբողջությամբ հատուցել է տուժողին հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, Հ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ հետևության գալով, պատշաճ գնահատման չի ենթարկել վերջինիս ընտանեկան դրությունը, խնամքին այլ անձանց առկայությունը և նշանակված պատժի հնարավոր ազդեցությունը նրա ընտանիքի կյանքի պայմանների վրա, ինչպես նաև ամբաստանյալի առողջական վիճակը: Այսպես` Հ.Սարգսյանն ամուսնալուծված է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են, վատառողջ է, դստեր մոտ ախտորոշվել է «Ձախ հարականջային շրջանի գոյացություն» հիվանդությունը, որդին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, վերջինս նույնպես վատառողջ է, որպիսի հանգամանքները վկայում են, որ ազատազրկման ձևով պատժի փաստացի կրումն անխուսափելիորեն ծանր հետևանքներ կառաջացնի ամբաստանյալի և նրա ընտանիքի համար` հատկապես նկատի ունենալով, որ հանցանքի կատարումը պայմանավորված է եղել սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակով:

19. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 9-րդ կետում բարձրացված փաստարկներին առ այն, որ Հ.Սարգսյանը բազմիցս հայտնել է ոչ թե 10.000, այլ 4.000 ՀՀ դրամ գումար գողանալու մասին, ինչն օրենքով սահմանված զգալի չափ չի համարվում, և որ վերջինիս ցուցմունքները քննիչի կողմից կորզվել են խոշտանգման միջոցով, ինչպես նաև տուժողի կողմից պաշտպանին հայտնելուն, որ իրականում Հ.Սարգսյանը նրանից գողացել է 4.000 ՀՀ դրամ գումար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սարգսյանը և նրա պաշտպանը բնակարան մուտք գործելով 10.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու փաստը երբևէ չեն վիճարկել և չեն բարձրացրել վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներով, այլ խնդրել են ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սարգսյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու փաստը հաստատվել է ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ հակառակի վերաբերյալ ներկայացված դատողությունները չեն բխում սույն գործում առկա փաստական տվյալներից:

20. Ընդհանրացնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, պաշտպանության կողմի բողոքի հիման վրա Հ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նախկինում նշանակված և չկրած ազատազրկում պատիժներից մասնակիորեն գումարելով յուրաքանչյուրից ոչ թե երեք ամիս, այլ մեկական տարի ժամկետով ազատազրկումը, անձին, ստորադաս դատարանի համեմատությամբ, ըստ էության դատապարտել է ավելի խիստ պատժի` թույլ տալով վերջինիս պաշտպանության իրավունքի խախտում: Նշված խախտումն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, վերջինիս անձը բնութագրող տվյալներն էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և հիմք տալիս եզրահանգելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Հասմիկ Սլավիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի որոշումը՝ նրա նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել:

Հասմիկ Սլավիկի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը,  ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված՝ դատավճիռների համակցության կանոններով, մասնակիորեն գումարել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված ու Հասմիկ Սլավիկի Սարգսյանի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված ու Հասմիկ Սլավիկի Սարգսյանի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և Հասմիկ Սլավիկի Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:                        

Հասմիկ Սլավիկի Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

     

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 37-38:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 133-140:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 128-140:

4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Ա.Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ս.Ամիրխանյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Ա.Մկրտչյանի վերաբերյալ գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վ.Բեգյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մ.Հովհաննսիյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հ.Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ն.Սարգսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Ս.Սարգսյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Ս.Աղախանյանի վերաբերյալ գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջ.Շիրվանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը:

 

        

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան