ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2020 թվականի N 205-Լ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-453-24.01.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 28 Երևան |
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-453-24.01.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այդպիսով վերացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված դրույթների հետ հակասությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 21-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որտեղ ներառված էր նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (Կ-29214-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2 ամբ.): Վերջինիս 4-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել գործող օրենքի՝
1) 87-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն վարչական շրջանի ղեկավարի հայեցողական պաշտոնը փոխարինվել է համայնքային վարչական պաշտոնով.
2) 102-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հայեցողական պաշտոնը փոխարինվել է համայնքային վարչական պաշտոնով՝
համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին:
Ուստի նախագծով առաջարկվող փոփոխության և առհասարակ նախագծի հետագա շրջանառության անհրաժեշտությունը բացակայում է: