ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՎԴ/0044/01/09 |
ԱՎԴ/0044/01/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան |
Դատավորներ՝ |
Կ. Մարդանյան |
Ա. Մնացականյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
2019 թվականի փետրվարի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, նշանակված պատժի մեջ հաշվակցվել է ձերբակալման մեջ գտնվելու 3 (երեք) օրը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
2. Ռ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, Ռ.Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և պատիժ է նշանակել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
3. 2018 թվականի հունվարի 23-ին Ռ.Բաղդասարյանի պաշտպան Տ.Ղազարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ.Բաղդասարյանի պաշտպան Տ.Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը, Ռ.Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելով, իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Առաջին ատյանի] դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանը մշակումն արգելված` թմրամիջոց պատրաստելու հումք հանդիսացող խոշոր չափի` 6500 գրամ քաշով կանեփի թփեր է աճեցրել ու մշակել, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի 1-ին մասով (…)»1:
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին բերված վերաքննիչ բողոքով ամբաստանյալ Ռ.Բաղդասարյանը խնդրել է պատժի մասով բեկանել և փոփոխել նշված դատական ակտը2:
7. 2018 թվականի հունվարի 23-ին ներկայացրած վերաքննիչ բողոքում պաշտպան Տ.Ղազարյանը խնդրել է հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչելով և հռչակելով Ռ.Բաղդասարյանի անմեղությունը: Պաշտպանը վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, հիմնավորել է հետևյալ կերպ. «(...) Ստորադաս դատարանի թույլ տված նյութական իրավունքի հիմնարար խախտումը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի սխալ կիրառմամբ, մասնավորապես, Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այնպիսի արարքի կատարման համար, որը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով հանցագործություն չէ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը հանգեցրել է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (...) կանոնի խախտման (...)»3:
8. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. «(...) [Ք]րեական գործով ըստ մեղադրանքի Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ վերաքննիչ դատարանը արդեն իսկ Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանի վերաբերյալ 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրել է դատական ակտ, ինչը բացառում է նույն դատավճռի դեմ կրկին անգամ բերված վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպան Տ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես դատավարական նորմի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, այն է՝ սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը. վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փոխարեն կայացրել է այն առանց քննության թողնելու մասին որոշում` խախտելով Ռ.Բաղդասարյանի դատական պաշտպանության իրավունքը:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ 2009 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն պատժի մասով, իսկ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննության առարկա դարձնելով այն, բավարարել է` պատժի մասով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը երբևէ չի բողոքարկվել Ռ.Բաղդասարյանին արդարացնելու` մասնավորապես այն հիմքով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության կանոնին, և դրանով անձին դատապարտելը հանգեցնում է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համաձայն` վերադաս դատական ատյանի լիազորությունները չեն կարող ավելի լայն լինել, քան ստորադաս դատական ատյանինը և, համապատասխանաբար, վերադաս դատական ատյանի քննությանը չի կարող ենթակա լինել այնպիսի հարց, որն առհասարակ քննության առարկա չի դարձվել ստորադաս դատարանի կողմից:
10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 19-ի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
12.1. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է անձի իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանության առանձնահատուկ տեղը: Դատական ակտերի վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով5:
12.2. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է, ի թիվս այլոց, հետևյալ իրավական դիրքորոշումները`
- իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որն իրավական պետությունում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ,
- անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս, ինչը ենթադրում է մի դեպքում` օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից` իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից. նշված պահանջն առաջին հերթին վերաբերում է դատական իշխանությանը, որն օժտված է իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով և անկախ է բոլոր այլ մարմիններից,
- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի պահպանման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը6։
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապեu արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության oրենքին և քրեական դատավարությանը համապատաuխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության oրենքին և քրեական դատավարությանը համապատաuխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաuտեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»:
ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (...) Առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են՝ (…) սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»:
13.1. ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ա]րդարադատության բուն էությունը խաթարող և նյութական կամ դատավարական հիմնարար խախտումների արդյունքում անձանց համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու հնարավորության սահմանափակումը՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից՝ վեցամսյա ժամկետով, համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անփոփոխելիության սկզբունքի ապահովմանը, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում են անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դատապարտվածի՝ իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը (...)»7։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Մեջբերված նորմերից բխում է, որ Վճռաբեկ դատարանը հանդես է գալիս որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայող դատական ատյան, որը ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում իրականացնում է ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը վերանայելիս վերադաս դատարանի իրավասության սահմանների հարցին, մշտապես ընդգծել է, որ այն չի կարող ավելի լայն լինել, քան գործը քննած ստորադաս դատարանինը` հիմք ընդունելով դատական ակտերի վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը8:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով Ռ.Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով9: 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Ռ.Բաղդասարյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով պատժի մասով բեկանել և փոփոխել վերը նշված դատական ակտը10: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2009 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է11: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ12: 2018 թվականի հունվարի 23-ին պաշտպանը հիմնարար խախտման հիմքովբողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան13։ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ սույն քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդեն իսկ Ռ.Բաղդասարյանի վերաբերյալ 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրել է դատական ակտ, ինչը բացառում է նույն դատավճռի դեմ կրկին անգամ բերված վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը14:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռ.Բաղդասարյանն Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճռի դեմ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին ներկայացրած վերաքննիչ բողոքով խնդրել էր պատժի մասով բեկանել և փոփոխել վերը նշված դատական ակտը, մինչդեռ 2018 թվականի հունվարի 23-ին Ռ.Բաղդասարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 12-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով` փաստելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիությանը, և դրանով անձին դատապարտելը հանգեցնում է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտման: Արդյունքում պաշտպանը խնդրել էր հռչակել Ռ.Բաղդասարյանի անմեղությունը և նրան արդարացնել:
Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի առջև Ռ.Բաղդասարյանին արդարացնելու հարց նախկինում երբևէ չի բարձրացվել, և Վերաքննիչ դատարանն այդ հարցը քննարկման առարկա չի դարձրել: Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ կետում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ նախկինում կայացված դատական ակտը բացառում է նույն դատավճռի դեմ կրկին անգամ բերված վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը, հիմնավոր չէ` սույն գործով վերաքննիչ բողոքն այլ հիմքով բերված լինելու պատճառաբանությամբ:
17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը թողնելով առանց քննության, վտանգել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված բողոքաբերի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:
Հետևաբար վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:
18. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ռուդիկ Ռոբերտի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 86:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 96:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 10:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 30:
5 Տե'ս, mutatis mutandis, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը:
6 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 և 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշումների 6-րդ կետերը:
7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.2-4.3-րդ կետերը։
8 Դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Գ.Դուրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը:
9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|