Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-33
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.03.1996-31.05.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/5-6
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.02.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.03.1996
Дата вступления в силу
05.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 հոդվածին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումը:

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրությունը
 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս 80 հազար դրամից:

 

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

ա) նստավայր Երևանում (Բաղրամյան 26),

բ) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ,

գ) պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,

դ) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,

ե) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության Նախագահի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի անձն անձեռնմխելի է: Նրա անվտանգության, պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության գործունեությունը ֆինանսավորվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության Նախագահի ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համար սահմանված սպասարկման և անվտանգության ապահովման պետական ծառայություններից:

 

Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության Նախագահի և ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 

Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` հանրապետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 6.

Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի համապատասխանաբար 75 և 60 տոկոսի չափերով:

Նշված հատուկ թոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում նախկին Նախագահը կամ փոխնախագահը վարում են որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում գործող Նախագահի աշխատավարձի 80 (փոխնախագահի համար` 60) տոկոսի չափը գերազանցող վարձատրություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ) հատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահը ապահովվում է բնակարանով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

5 մարտի 1996 թ.

ՀՕ-33

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան