Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2019-12.06.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.06.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
12.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԵՄԴ/0141/01/12

 ԵԷԴ/0058/01/09

 ԵՔՐԴ/0624/01/08

1-38/07

1-19/06

1-150/04

 

 

 

 

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում
   

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով (քրեական գործ թիվ 1-150/04) Աշոտ Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգով դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժների մասնակիորեն գումարման սկզբունքի կիրառմամբ, Ա.Չիլինգարյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:

2. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի ապրիլի 10-ի դատավճռով (քրեական գործ թիվ 1-19/06) Աշոտ Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, և 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ա.Չիլինգարյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով:

3. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի մարտի 21-ի դատավճռով (քրեական գործ թիվ 1-38/07) Աշոտ Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով, 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով նշանակված պատիժները, ինչպես նաև Ա.Չիլինգարյանի նկատմամբ ԱՄՆ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի՝ 2006 թվականի մարտի 26-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 6 տարի ժամկետով ազատազրկումը և Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի ապրիլի 10-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 1 տարի 9 ամիս ազատազրկումը մասնակիորեն գումարվել են, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 տարի ժամկետով և տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով:

4. Երևանի քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0624/01/08) Աշոտ Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել տուգանքի՝ 50.000 ՀՀ դրամի չափով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ կետերով՝ ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, 235-րդ հոդվածի   4-րդ մասով՝ ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով Ա.Չիլինգարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով և տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի մարտի 21-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 10 տարի ժամկետով ազատազրկումն ու 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, և վերջնական թողնվել է կրելու` ազատազրկում՝ 15 տարի ժամկետով և տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

4.1. Ա.Չիլինգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4.2. Նշված որոշման դեմ Ա.Չիլինգարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԷԴ/0058/01/09) Ա.Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով և տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճռով նշանակված պատժից 14 տարի ժամկետով ազատազրկման չկրած մասը, և Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 տարի ժամկետով և տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

5.1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Ա.Չիլինգարյանի դիմումը բավարարվել է, և վերանայվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը, Ա.Չիլինգարյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը համապատասխանեցվել է 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին: Նույն որոշմամբ վերանայվել է նաև Երևանի քրեական դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և Ա.Չիլինգարյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

6. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵՄԴ/0141/01/12) Ա.Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ինը դրվագով, և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել ազատազրկման՝ 7 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 38-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 9 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ Ա.Չիլինգարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ Ա.Չիլինգարյանի նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 3 տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:

7. Դատապարտյալ Ա.Չիլինգարյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և դատապարտյալ Ա.Չիլինգարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Աշոտ Չիլինգարյանը թիվ 1-150/04 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…) ապօրինի (…) ձեռք է բերել խոշոր չափ հանդիսացող՝ 2.1 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, օրից 0.9 գրամը նույն օրն իրացրել է (…), իսկ 1.2 գրամ քաշով [«ափիոն» տեսակի] թմրամիջոցը պահել է իր մոտ (…)1:

9. Ա.Չիլինգարյանը թիվ 1-19/06 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր (…) բնակարանում ապօրինի պահել է 0.0568 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեներգործուն նյութ (…): Բացի այդ (…) Աշոտ Չիլինգարյանը (…) առանց բժշկի թույլտվության գործածել է կանաբիսի խմբի թմրամիջոց (…)»2:

10. Ա.Չիլինգարյանը թիվ 1-38/07 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] ներարկվելու միջոցով գործածել է «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, (…) առանց բժշկի թույլտվության (…) ներարկվելու միջոցով գործածել է «ափիոն» տեսակի թմրամիջոց (…):

Բացի այդ, Ա.Չիլինգարյանը (…) ապօրինաբար ձեռք բերած և պահած «ափիոն» տեսակի թմրամիջոցի պատրաստի լուծույթից հյուրասիրելու միջոցով իրացրել է իր ընկեր[ոջը] և առանց բժշկի թույլտվության նրա հետ ներարկվելու միջոցով գործածել է «ափիոն» տեսակի թմրամիջոց: Նույն ժամանակահատվածում իր ընկեր[ոջը] երկու անգամ հյուրասիրել է 0.4 մլ «ափիոն» տեսակի թմրամիջոցի պատրաստի լուծույթ:

Այնուհետև Ա.Չիլինգարյանը (…) [երեք անձանց] երեք անգամ հյուրասիրել է ապօրինաբար ձեռք բերած և պահած 0.25-0.33 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց և ինքն էլ նրանց հետ միասին ներարկվելու միջոցով առանց բժշկի թույլտվության գործածել է նույնքան «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Հետագայում Ա.Չիլինգարյանը (…) ապօրինաբար ձեռք է բերել խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդով վերամշակելուց հետո առանց բժշկի թույլտվության գործածել է ներարկվելու միջոցով:  (…) Ա.Չիլինգարյանն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու հարցով դիմել է իր ընկեր[ոջը] և վերջինիս կողմից իր [մորն] իրացրած խոշոր չափի՝ 1.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը քննությամբ չպարզված անձի կողմից հանձնվել է [Ա.Չիլինգարյանի] բանտախուց (…):

Ա.Չիլինգարյանը, (…) իր [մորից] վերցնել է տվել հանձնուքի փաթեթը, որի թեյի տուփի մեջ թաքցված է եղել խոշոր չափի՝ 3.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, (…) սակայն հանձնուքը բանտախուց չի ուղարկվել, քանի որ ՔԿՀ-ի օպերատիվ մասի աշխատակիցների կողմից այն խուզարկության է ենթարկվել, որում առկա թեյի տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափի՝ 3.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև Ա.Չիլինգարյանը կրկին ցանկացել է գործածելու նպատակով ձեռք բերել խոշոր չափի թմրամիջոց, իր  ընկեր[ոջը] խորհուրդ է տվել 3.2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը մոր (…) հետ թաքցնել հանձնուքի հացի մեջ և այն իրեն փոխանցել (…), սակայն հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ (…) ոստիկանության (…) աշխատակիցները [քրեակատարողական հիմնարկի] մոտից [Ա.Չիլինգարյանի ընկերոջն ու մորը] բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ հանձնուքի զննությամբ հայտնաբերվել ու առգրավվել է 3.2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը:

Ա.Չիլինգարյանը քննությամբ չպարզված (…) անձնավորությունից պահանջել և մոր[ն] է փոխանցել տվել 5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը վերջինս ապօրինաբար ձեռք բերելով, պահել և (…) քննությամբ չպարզված անձի միջոցով փոխանցել է տվել [Ա.Չիլինգարյանին] (…): Այնուհետև կրկին նույն եղանակով (…) փոխանցելու համար ապօրինաբար [Ա.Չիլինգարյանի մորն] են տվել  «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, որը վերջինս պահել և (…) փոխանցել է (…) Ա.Չիլինգարյանին»3:

11. Ա.Չիլինգարյանը թիվ ԵՔՐԴ/0624/01/08 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [Ա.Չիլինգարյանի քրոջ ամուսինը] գործով չպարզված անձից ձեռք է բերել Ա.Չիլինգարյանին փոխանցվելիք, խոշոր չափերի հասնող՝ 1.05 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը և պրեկուրսորը: (…) [Ա.Չիլինգարյանի քրոջ ամուսինը] ձեռք բերված՝ [«ափիոն» տեսակի] թմրամիջոցի 0.75 գրամը ցանկապատից ներս նետելու նպատակով տեղավորել է (…) պլաստմասե դատարկ շշում և, դրա մեջ լցնելով մանր քարեր, ցանկացել է այն նետել զորամասի պատից ներս, որտեղից էլ գործով չպարզված եղանակով Ա.Չիլինգարյանը պետք է ձեռք բերեր թմրամիջոցը, սակայն նույն ժամանակ ոստիկանները [Ա.Չիլինգարյանի քրոջ ամուսնուն] բերման են ենթարկել ոստիկանություն, որի պատճառով էլ Ա.Չիլինգարյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով։

Բացի այդ, Ա. Չիլինգարյանն առանց իրացնելու նպատակի, գործով չպարզված հանգամանքներում ապօրինի (…) ձեռք է բերել և պահել է ներարկիչով օգտագործման համար պատրաստի խոշոր չափերի՝ 0.085 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց (…):

Բացի այդ, Ա. Չիլինգարյանը (…) թմրամիջոցներ պատրաստելու նպատակով գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, որը (…) հայտնաբերվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից (…)»4:

12. Ա.Չիլինգարյանը ԵԷԴ/0058/01/09 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել խոշոր չափի, այն է` 1.985 գրամ քաշով «ացետիլացված ափիոն» տեսակի, 1.07 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցներ և 10.1 մլլ. ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ (…)»5:

13. Ա.Չիլինգարյանը թիվ ԵՄԴ/0141/01/12 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ինը դրվագով, 38-268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] Կ.Ստեփանյանի և Ժ.Քյաբաբչյանի օժանդակությամբ, վերջինիս ներկայացնելով թմրամիջոցներն իր համար նախատեսված լինելու մասին, քննությամբ չպարզված անձից իրացնելու նպատակով, 9 դրվագով, ապօրինի ձեռք է բերել, յուրաքանչյուր անգամ` խոշոր չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք նույն ժամանակ Կարեն Ստեփանյանի միջոցով ապօրինի իրացրել է տարբեր անձանց:

Բացի այդ, Աշոտ Չիլինգարյանը օժանդակել է Կարեն Կարապետյանին` նրա կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերի [4.278 գրամ] «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն (…)»6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

14. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

15. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքները նոր հանգամանք են դատապարտյալ Աշոտ Չիլինգարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

17. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

18. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն7:

19. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»8:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»9:

20. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

21. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...) 4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...) 2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 0.2 գրամից մինչև 5 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.5 գրամից 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 500 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 0.01 գրամից մինչև 0.1 գրամը ներառյալ, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ՝ 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.03 գրամից մինչև 0.15 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.15 գրամից մինչև 0.75 գրամը ներառյալ, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես մանր չափ՝ 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ, որպես զգալի չափ՝ 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

21.1. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած: Այլ կերպ՝ օրենքի փոփոխությամբ վերացվել է արարքի հանցավորությունը, այսինքն՝ տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Աշոտ Չիլինգարյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 0.9 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար10,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերի՝ 1.2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու համար11,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.0568 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար12,

- ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց բժշկի թույլտվության կանաբիսի խմբի թմրամիջոց գործածելու համար13,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու անգամ 0.4 մլ «ափիոն» տեսակի թմրամիջոցի պատրաստի լուծույթ, երեք անգամ 0.25-0.33 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար14,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար15,

- ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց բժշկի թույլտվության «ափիոն» տեսակի թմրամիջոց գործածելու համար16,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերի՝ 3.2 գրամ և 3.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձի համար17,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերի՝ 1.5 գրամ «ափիոն» տեսակի և 5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու համար18,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պրեկուրսոր ապօրինի ձեռք բերելու փորձի համար19,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 0.75 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձի համար20,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 0.085 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար21,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի ձեռք բերելու և պահելու համար22,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 10.1 միլիլիտր պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի ձեռք բերելու և պահելու համար23,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի՝ 1.985 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի և 1.07 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար24,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 9 դրվագով խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար25,

- ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 4.278 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար26:

23. Սույն որոշման 22-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Չիլինգարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 9 դրվագ, 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

23.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Չիլինգարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն», «մարիխուանա» և «հերոին» տեսակների թմրամիջոցների խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.2 գրամ, 1.5 գրամ և 0.75 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցները, 5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ու 0.085 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են: Ուստի` դատապարտյալ Ա.Չիլինգարյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

23.2. Վերոգրյալի հետ մեկտեղ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ 0.0568 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի էԱյսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա.Չիլինգարյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

23.3. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախատեսված արարքների հանցավորությունը։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած, այսինքն՝ տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) առաջադրված մեղադրանքներում ևս Ա.Չիլինգարյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

24. Նման պայմաններում վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Չիլինգարյանի կողմից կատարված արարքների վրա:

25. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքը և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք են դատապարտյալ Ա.Չիլինգարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

26. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը: Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա.Չիլինգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալի հետ մեկտեղ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի մարտի 21-ի դատավճիռը. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով Ա.Չիլինգարյանի նկատմամբ նշանակված պատժին` 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված տուգանքը` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի    34-268-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիսը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ու տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի գերագույն դատարանի՝ 2006 թվականի մարտի 26-ի դատավճռով Ա.Չիլինգարյանի նկատմամբ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել նաև Երևանի քրեական դատարանի` 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 6-ի որոշումը. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով Աշոտ Չիլինգարյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է լրիվ գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ու տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման 2009 թվականի փետրվարի 13-ի դրությամբ չկրած 10 (տասը) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օրից 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումն ու 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, և Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով և տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը: Նշված դատավճռով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքին և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն պետք է գումարել նշանակված 12 (տասներկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկման 2009 թվականի հուլիսի 10-ի դրությամբ չկրած 11 (տասնմեկ) տարի 4 (չորս) ամիս 17 (տասնյոթ) օրից 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկումը և 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը՝ Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի ժամկետով և տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Վերոգրյալի հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը: Նշված դատավճռով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի նկատմամբ նշանակված պատժին՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկմանը՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պետք է մասնակիորեն գումարել նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, իսկ պատժի սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի մարտի 21-ի դատավճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունիսի 17-ի որոշումը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի    1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա.Չիլինգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

3. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի մարտի 21-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի    268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով Ա.Չիլինգարյանի նկատմամբ նշանակված պատժին` 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված տուգանքը` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետը, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետը, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, ու տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի գերագույն դատարանի՝ 2006 թվականի մարտի 26-ի դատավճռով Ա.Չիլինգարյանի նկատմամբ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

5. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի` 2009 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի    34-268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով Աշոտ Չիլինգարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը լրիվ գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի   1-ին մասով նշանակված 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, ու տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 9 (ինն) ամիս ժամկետով ազատազրկման 2009 թվականի փետրվարի 13-ի դրությամբ չկրած 10 (տասը) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օրից 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը և տուգանքը՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով և տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

6. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Նշված դատավճռով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքին և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել նշանակված 12 (տասներկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկման 2009 թվականի հուլիսի 10-ի դրությամբ չկրած 11 (տասնմեկ) տարի 4 (չորս) ամիս 17 (տասնյոթ) օրից 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկումը և 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը՝ Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի ժամկետով և տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

7. Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Նշված դատավճռով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի նկատմամբ նշանակված պատժին՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկմանը՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկման 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Չիլինգարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:

8. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

9. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս թիվ 1-150/04 քրեական գործը, հատոր 3-րդ, թերթեր 109-113:

2 Տե՛ս թիվ 1-19/06 քրեական գործը, հատոր 1-ին, թերթեր 175-176:

3 Տե՛ս թիվ 1-38/07 քրեական գործը, հատոր 12-րդ, թերթեր 252-272:

4 Տե՛ս թիվ ԵՔՐԴ/0624/01/08 քրեական գործը, հատոր 2-րդ, թերթեր 385-389:

5 Տե՛ս թիվ ԵԷԴ/0058/01/09 քրեական գործը, հատոր 1-ին, թերթեր 221-224:

6 Տե՛ս թիվ ԵՄԴ/0141/01/12 քրեական գործը, հատոր 4-րդ, թերթեր 32-67:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

8 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

23 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

24 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

25 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

26 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան