Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.01.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2020
Дата вступления в силу
12.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2020 թվականի N 9-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-374-15.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 10

Երևան

        

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-374-15.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

    

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է քրեադատավարական կառուցակարգերում օրենսդրորեն ամրագրել տուժողի և վկայի հարցաքննությունը տեսագրության միջոցով անցկացնելու առանձնահատուկ կարգ, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի ողջամիտ ժամկետում գործի քննությունն արդյունավետ իրականացնելուն:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումները հանգում են հետևյալին՝

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել 209.1-ին հոդվածով, որով սահմանվում են վկայի և տուժողի հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու առանձնահատկությունները:

Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման համաձայն «(...) նախագիծը թույլ է տալիս գործի վարույթն իրականացնող քննիչին անձամբ կատարել հարցաքննությունը՝ չլքելով նախաքննության կատարման վայրը և չսպասելով վկայի ներկայանալուն, այսինքն, նպաստում է նախաքննության ժամկետների էական կրճատմանը, ինչը նաև հարմարավետ է հենց վկաների համար՝ նախաքննության մարմին մեկնելու հետ կապված լրացուցիչ ծախսերից և ժամանակային կորստից խուսափելու համար:

(...) Օրենքի նախագիծը թույլ կտա մինչդատական վարույթում գտնվող գործերով կատարել տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննություն՝ պահպանելով նախաքննության կատարման հիմնական կանոնները և հաշվի առնելով անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները:

(...) Օրենքի նախագծով նախատեսվում է տեսակոնֆերանսի միջոցով դատավարությանը մասնակցող անձանցից միայն վկայի հարցաքննություն: (...)»

Հարկ է նկատել, որ առկա են որոշակի հակասություններ նախագծի և հիմնավորման միջև: Նախագծի հիմնավորումից բխում է, որ խոսքը ոչ թե վկայի և տուժողի հարցաքննությունը տեսագրության, այլ տեսակապի միջոցով կատարելու մասին է: Տեսակապի կիրառումը թույլ է տալիս անցկացնել հեռավար հարցաքննություն (ինչը և առկա է նախագծի հիմնավորման մեջ), մինչդեռ տեսագրության միջոցով հնարավոր չէ իրականացնել հեռավար հարցաքննություն: Ավելին տեսակապի միջոցով իրականացվող հարցաքննությունը կարող է ձայնագրվել, տեսագրվել կամ տեսաձայնագրվել:

Այսպիսով, առաջարկում ենք նախագծում գործածված «տեսագրություն» բառը փոխարինել «տեսակապ» բառով:

Բացի դրանից, նախագծի ամբողջ տեքստում առաջարկվում է տեսագրության միջոցով իրականացնել վկայի և տուժողի հարցաքննություն, մինչդեռ հիմնավորման մեջ հատուկ ընդգծվել է միայն վկայի հարցաքննությունը տեսակապի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտադրելով տուժողի հարցաքննությունը նման կարգով չիրականացնելու պատճառները:

Ուստի, անհրաժեշտ է նաև հստակեցնել այն սուբյեկտների շրջանակը, որոնց հարցաքննությունը կարող է անցկացվել տեսակապի միջոցով:

2. Առաջարկում ենք նախագծով լրացված 209.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝

1) վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.

2) անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը.

3) հարցաքննության կատարումն անհնարին է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:»:

3. Պետք է նշել, որ նախագծում առաջարկվում է տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքը և արդյունքները ձայնագրել և (կամ) տեսագրել: Այսինքն, նախատեսվել են տեսագրության միջոցով իրականացվող հարցաքննության արձանագրման երկու եղանակներ, դրանք են՝ ձայնագրումը և տեսագրումը, որոնք միմյանցից տարանջատվում են և (կամ) շաղկապներով, ինչը նշանակում է, որ հնարավոր են դեպքեր, երբ հարցաքննությունը միայն ձայնագրման կամ միայն տեսագրման միջոցով, տվյալ պարագայում ձայնի և պատկերի միաժամանակյա արձանագրման հնարավորությունը կբացակայի: Նմանատիպ կարգավորման պայմաններում կարող է ստացվել նաև այնպես, որ մի դեպքում առանց պատշաճ հիմնավորման հարցաքննության արդյունքներն ամրագրվեն ձայնագրման, մեկ այլ դեպքում՝ տեսագրման միջոցով՝ ստեղծելով նաև անհավասար պայմաններ դատավարության մասնակիցների համար:

Վերոգրյալի հիման վրա կարծում ենք, որ հարցաքննությունն առաջարկվող ընթացակարգով իրականացնելու համար անհրաժեշտ է գործածել այնպիսի բառ, որն իր մեջ կներառի և´ տեսապատկերը, և´ ձայնը ամրագրելու հնարավորություն: Այսպես, առաջարկում ենք նախագծում գործածված «տեսագրություն» և «ձայնագրություն» բառերը փոխարինել «տեսաձայնագրառում» բառով` միաժամանակ բացառելով միայն ձայնագրությամբ հարցաքննությունն արձանագրելու ընթացակարգի նախատեսման հնարավորությունը:

4. Նախագծով լրացված նոր՝ 209.1-ին հոդվածի 5-րդ մասով հղում է կատարվում օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասին, սակայն պետք է նշել, որ օրենսգրքի 209-րդ հոդվածը նման մաս չունի:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծը կարող է ընդունելի լինել մեր կողմից ներկայացված նկատառումները հաշվի առնելու դեպքում: