Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.24/25(1580) Հոդ.295
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
11.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ2/0083/01/17

ՏԴ2/0083/01/17

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Դատավորներ՝

Ս. Չիչոյան

Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ Դ. Մելքոնյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի տեսուչի` 2017 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ դիմում-բողոքի բացակայության հիմքով:

Տավուշի մարզի դատախազության դատախազ Գ.Աղասյանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56200117 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Գրիգոր Ծատուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Ծատուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատական ակտով տուժողի օրինական ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով տվյալ հարցը համարվել է լուծված: Բացի այդ, վճռվել է դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը թողնել առանց քննության:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող Գ.Աղասյանը` միջնորդելով դատական ծախսերի մասով բեկանել, փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 05-ի դատավճիռը և ամբաստանյալ Գ.Ծատուրյանից որպես դատական ծախսեր բռնագանձել քննության ընթացքում նշանակված դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների համար ծախսված փորձագետների վարձատրությունը կազմող ընդհանուր` 102.960 ՀՀ դրամ գումարը։

3.1. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի տեղեկանքի համաձայն՝ «(...) [Սույն] քրեական գործով թիվ 72/Հ, թիվ 73/Հ, թիվ 143/ամբ, թիվ 144/ամբ, թիվ 145/ամբ և թիվ 146/ամբ եզրակացությունների դատաբժշկական փորձաքննություններն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պետական պատվերի պայմանագրով իրականացվող աշխատանքների շրջանակներում:

72/Հ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,

73/Հ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,

143/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,

144/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,

145/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,

146/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ»1։

6. Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների և տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտությունների համար վճարման ենթակա գումարը կազմում է 54.960 ՀՀ դրամ2։

6.1 Մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքի համաձայն՝ «(…) Դատաբժշկական փորձաքննությունների համար ծախսվել է ընդհանուրը` 36.000 ՀՀ դրամ, դատաավտոտեխնիկական փորձաքննության համար` 54.960 ՀՀ դրամ (…)»3:

7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռում արձանագրել է. «(...) Տուժողի օրինական ներկայացուցչի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը պետք է համարել լուծված: Մեղադրողի միջնորդությամբ նշված` դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ, պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը պետք է թողնել առանց քննության (…)»4:

8. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ փաստել է. «(...) Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ այդ առնչությամբ գործում առկա փաստական տվյալներում (12.12.17թ. թվագրմամբ հանձնման-ընդունման արձանագրություն, 08.12.2017թ. թվագրմամբ տեղեկանք) տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ ինքնին բավարար դիտարկվել չեն կարող դատական ծախսերի հարցը կոնկրետ դեպքում, փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար:

Հետևաբար, այդ առնչությամբ մեղադրողի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, քննարկվող դեպքում, բավարար չափով փաստարկված չեն և այն այդ առնչությամբ բավարարելու առումով որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող (…)»5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական և հիմնավորված չեն, ուստի ենթակա են բեկանման:

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ընթացքում կատարվող ծախսերի՝ նյութական կորուստների շրջանակ, որոնք կարող են գանձվել հանցագործության համար մեղավոր ճանաչված անձից։ Այդ ծախսերի շարքին են դասվում փորձագետի վարձատրության ծախսերը։ Մինչդեռ դատարանները, չտարբերակելով քաղաքացիական հայցի և դատական ծախսերի բաշխման հարցերի լուծման դատավարական ընթացակարգերը, չհետևելով քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկայի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին՝ հանգել են սխալ հետևության։

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն` Գ.Ծատուրյանից դատական ծախսերը չբռնագանձելու մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի գանձման դատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատական ծախսերի գանձումը մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացմամբ պայմանավորելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանի կողմից օրինական ուժի մեջ թողնելը։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ «Դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Դատական ծախսերը բաղկացած են՝ (...) փորձագետի (...) վարձատրության գումարներից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ «1.Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:

2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:

3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից` ըստ դատարանի կողմից որոշված բաժնի` հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը և յուրաքանչյուրի գույքային դրությունը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

(...)

10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.

(...)

14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.

(...)»:

15. Դատական ծախսերն այն նյութական ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են գործի պատշաճ քննությունն ապահովելու և/կամ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու համար: Մասնավորապես, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ գործին ներգրավված մասնագետի, թարգմանչի, փորձագետի մատուցած ծառայությունների և այլ միջոցառումների իրականացման համար ծախսված գումարները քրեական դատավարությունում ներառված են դատական ծախսերի մեջ: Միևնույն ժամանակ, օրենսդիրը դատական ծախսերի շարքին է դասել նաև տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները՝ որպես վերջինիս խախտված իրավունքների վերականգնման միջոց:

Սակայն քրեական դատավարությունում վերոնշյալ դատական ծախսերի գանձման կառուցակարգերը չեն նույնանում: Այսպես, եթե տուժողին պատճառված վնասի հատուցման վերականգնումը որպես կանոն պայմանավորվում է նրա կողմից քաղաքացիական հայցի ներկայացման հետ, ապա մյուս դատական ծախսերի դեպքում օրենսդիրն այդպիսի պահանջ չի նախատեսել։ Մասնավորապես, եթե հանցագործության հետևանքով տուժողին անմիջականորեն պատճառված վնասը հատուցվում է վերջինիս կողմից ներկայացված քաղաքացիական հայցի քննության արդյունքում, ապա գործի քննության համար ծախսված նյութական միջոցները հատուցվում են ամբաստանյալի կողմից առանց այդպիսի ընթացակարգի, դատարանի կողմից proprio motu (սեփական նախաձեռնությամբ)։ Վերջինս բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասից, որտեղ մի կողմից դատական ծախսերի լուծման հարցը տարանջատված է քաղաքացիական հայցի լուծման հարցից և ձևակերպված է առանձին կետով, մյուս կողմից դատական ծախսերի լուծումը պայմանավորված չէ դատավարության մասնակցի կողմից դրանց գանձման վերաբերյալ ներկայացվող պահանջով։ Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-169-րդ հոդվածներում օրենսդրի կողմից օգտագործվող «դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա», «դատարանն իրավունք ունի (…) ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց», «դատական ծախսերը գանձվում է (…) ըստ դատարանի կողմից որոշված բաժնի» ձևակերպումները ևս վկայում են այն մասին, որ դատարանի կողմից դատական ծախսերի գանձման վերաբերյալ հարցը լուծվում է proprio motu` առանց քաղաքացիական հայցի ներկայացման։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դատական ծախսերի գումարը չի կարող հանդիսանալ քաղաքացիական հայցի առարկա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան է կազմում հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասը6: Մինչդեռ, դատական ծախսերի գումարը չի հանդիսանում հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնաս: Դատական ծախսերն առաջանում են քրեական գործի հարուցման և քննության, այլ ոչ թե հանցագործության կատարման արդյունքում: Ուստի, դատական ծախսերի գումարը չի կարող ներառվել քրեական դատավարությունում քննվող քաղաքացիական հայցի առարկայի մեջ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտ կայացնելիս դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը` առանց այն պայմանավորելու մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացման հետ։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- դատաբժշկական փորձաքննությունների իրականացման համար ծախսվել է ընդհանուր առմամբ` 48.000 ՀՀ դրամ գումար7, իսկ դատաավտոտեխնիկական փորձաքննության համար` 54.960 ՀՀ դրամ գումար8։

- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռում արձանագրել է, որ մեղադրողի միջնորդությամբ դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով` տվյալ հարցը պետք է թողնել առանց քննության9,

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ մերժելով մեղադրողի բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` փաստել է, որ գործում առկա փաստական տվյալներում տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ ինքնին բավարար դիտարկվել չեն կարող դատական ծախսերի հարցը կոնկրետ դեպքում, փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար10:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս պետք է սեփական նախաձեռնությամբ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի հաջորդականության, քննարկեր և որոշեր, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը։ Ընդ որում, նշված հարցը դատարանը պետք է որոշեր` հիմք ընդունելով քրեական գործի նյութերում պարունակվող համապատասխան փաստական տվյալները («Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի տեղեկանքը, դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության 2017 թվականի դեկտեմբերի 12-ի հանձնման-ընդունման արձանագրությունը), որոնք բավարար էին դատական ծախսերի արժեքը հստակ պարզելու համար։ Այսինքն` Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, թե գործում առկա փաստական տվյալներում տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ բավարար չեն փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և հիմնավոր հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի գանձումը մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացմամբ պայմանավորելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանի կողմից օրինական ուժի մեջ թողնելն իրավաչափ չէ։

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ, 169-րդ հոդվածների և 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է։

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է որոշի, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև դատական ծախսերի ընդհանուր չափի վերաբերյալ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում նշված (ընդհանուր՝ 36.000 և 54.960 ՀՀ դրամ) գումարի չափի և գործի նյութերում պարունակվող փաստական տվյալներում նշված (ընդհանուր՝ 48.000 և 54.960 ՀՀ դրամ) գումարի չափի վերաբերյալ առկա անհամապատասխանությունը11:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 138:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 146:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 194:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 40-41։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 30։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Վարդանյանի գործով 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ՇԴ2/0013/01/11 որոշման 14-15-րդ կետերը:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան