Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
19.06.2017
Дата вступления в силу
19.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ3/0196/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ3/0196/05/16
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

 

Ս. Անտոնյանի

 

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի
 

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի
 

Տ. Պետրոսյանի

 

 

Ե. Սողոմոնյանի

 

Ն. տավարացյանի

 

2017 թվականի հունիսի 19-ին

քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Կարեն Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Կարեն Պետրոսյանից բռնագանձել 225.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2016 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած մասը, որոնց հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, պետք է դիտարկվեն ամբողջականության մեջ՝ որպես մեկ հանրային իրավական դրամական պահանջ:  Ընդ որում, օրենսդիրը տուգանքի չափի ավելացումը սահմանել է որպես ինքնաբերաբար տեղի ունեցող իրադարձություն, այսինքն` տուգանքի չափի ավելացման կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն առկա չէ: Հետևաբար սույն գործով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջը՝ 225.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է հարկադիր կատարման դատական կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1)  անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված գումարի բռնագանձման վերաբերյալ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցերը ենթակա են արդյո՞ք դատարանում քննության,

2)  ի՞նչ նյութաիրավական պայմանների առկայության դեպքում է գործում անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը,

3)  անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված  գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական մարմնի կողմից ներկայացված հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցադիմումի ընդունելիության փուլում ի՞նչ որոշում պետք է կայացնի վարչական դատարանը, եթե հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու՝ օրենքով սահմանված նյութաիրավական պայմանները բացակայում են,

4)  հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը կարող է արդյո՞ք տեղի ունենալ դատական եղանակով, եթե այդ պահանջի հիմքում ընկած անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, սակայն այդ գումարի և դրա նկատմամբ իրավունքի ուժով ինքնաբերաբար ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված պայմանները բացակայում են:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի  1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի համաձայն՝  բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաև նույն օրենսգրքի 216.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով: Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ,  123.5-րդ (...), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «հանրային իրավական» է կոչվում պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու այն պահանջը, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)  այդ դրամական գումարները վճարելու կարգը սահմանված է օրենքով,

2)  այդ դրամական գումարները վճարելը պարտադիր է,

3)  այդ դրամական գումարները վճարելու պարտադիրությունը ծագում է և հաստատվում է վարչական ակտի հիման վրա:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորել է  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավական նորմերի միջոցով: Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գոյություն ունեն հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման երկու տարբեր եղանակներ՝ դատական և արտադատական: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը նախատեսված է որպես ընդհանուր կանոն, իսկ դատական կարգով կատարման եղանակը՝ որպես բացառություն ընդհանուր կանոնից:

Այդ ընդհանուր կանոնը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անմիջականորեն այդ պահանջի պարտադիրությունը հաստատող անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Քննարկվող օրենքները սահմանում են, որ անմիջականորեն անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու համար հիմք է հանդիսանում օրենքով սահմանված կարգով կազմված և հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը), որին կից համապատասխան վարչական մարմինը ներկայացնում է նաև հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտը, ինչպես նաև այդ վարչական ակտի մասին հասցեատիրոջը պատշաճ ծանուցելը, տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակում. այդ սահմանափակումները, իրենց հերթին, հանդիսանում են այն պայմանները, որոնց առկայությունն անհրաժեշտ է հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար: Վերոնշյալ պայմանները (սահմանափակումները) նախատեսված են  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում և հանգում են հետևյալին.

ա) անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ) ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ) իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսպիսով, նշված իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը կանխորոշում է հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման եղանակը. այդ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը չի գործում, և գործում է հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ ամրագրելով, որ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվում են այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: Հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը վարչական դատավարությունում քննվում են հատուկ վարույթի կարգով, որի առանձահատկությունները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-ին գլխում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոգրյալ գլխում ամրագրված իրավանորմերը նույն օրենսգրքի համակարգում վերլուծության ենթարկելու արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Հետևաբար անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, քանի որ այդ իրավանորմում «դատարանում» եզրույթի ներքո օրենսդիրը նկատի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններին: Այսինքն՝ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը: Մինչդեռ հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը գործում է անբողոքարկելի վարչական ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա հարուցված՝ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ դատական գործի քննության և լուծման միջոցով, ինչի իրավասությունը վերապահված է վարչական դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը վարչական դատարանում հարուցվում է անբողոքարկելի վարչական ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա, որը պետք է ներառի տեղեկություններ հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին: Այդ սահմանափակումների առկայությունը հիմք է հանդիսանում հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական գործի հարուցման, այսինքն՝ հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու համար:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ կերպով թվարկելով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ դատական գործի հարուցման՝ օրենքով նախատեսված պայմանների բացակայությունը չի դիտարկել որպես հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք: Փոխարենը, օրենսդիրը հատուկ իրավակարգավորում է սահմանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածում, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ դատական գործի հարուցման՝ օրենքով նախատեսված պայմանների բացակայությունը հիմք է հանդիսանում հայցադիմումը վերադարձնելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված ընդհանուր և նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածով նախատեսված հատուկ իրավակարգավորումների կիրառման հարցում նախապատվությունը պետք է տրվի հատուկ նորմին, որը վերաբերում է միայն անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթին: Ըստ այդմ, եթե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված և սույն որոշմամբ նկարագրված իրավաբանական փաստերից որևէ մեկն առկա չէ, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի ուժով վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել անբողոքարկելի վարչական ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումը:

Փաստորեն, հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն: Այլ կերպ ասած՝ հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարչական դատարանը պարտավոր է որոշում կայացնել վարչական մարմնի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձից գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վերադարձնելու մասին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ անբողոքարկելի վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման հայցով դատարան դիմած վարչական մարմնի հայցադիմումով պահանջվող դրամական գումարի չափը չի համապատասխանում այդ անբողոքարկելի վարչական ակտով վճարման ենթակա գումարի չափին: Որոշ դեպքերում այդ իրավիճակն առաջանում է օրենսդրական կարգավորումների արդյունքում: Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ օրենսդիրը սահմանել էր, որ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսով: Այդպիսի վարչական իրավախախտումներից են, inter alia, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 126-րդ հոդվածներով նախատեսված և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին ոտնձգող զանցանքները, որոնց վերաբերյալ գործերի քննության և լուծման լիազորությունը վերապահված է ճանապարհային ոստիկանությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը 13.11.2012 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1056 որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածով նախատեսված այն իրավակարգավորման սահմանադրականության հարցին, որի համաձայն՝ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում կամ հնգապատկվում է: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման համար նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելը չի հանդիսանում վարչական իրավախախտում, հետևաբար տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման դեպքում բացառվում է վարչական վարույթի հարուցումը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Տուգանքի չափի եռապատկումը և հնգապատկումը չի հանդիսանում վարչական տույժի տեսակ և վարչական պատասխանատվության միջոց, այլ կոչված է կանխարգելելու օրենքով սահմանված կարգով նշանակված վարչական տույժերը սահմանված ժամկետում չվճարելու հնարավոր դեպքերը և ուղղված է կանխելու նոր իրավախախտումների կատարումը, բարձրացնելու իրավախախտում կատարած անձանց կարգապահությունը` պետության առջև ունեցած պարտավորությունների բարեխիղճ կատարման գործում: Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել այն պնդումները, համաձայն որոնց` տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման յուրաքանչյուր դեպքը պետք է դիտել որպես նոր պատժամիջոց, և յուրաքանչյուր դեպքում պետք է վարչական վարույթի շրջանակներում ընդունվի վարչական ակտ` որոշում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված կանոնների մեկնաբանման հարցում: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրողությունը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը և 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությունների միջև էական տարբերություններ առկա չեն: Այսպես, եթե որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսվում էր տուգանքի չափի եռապատկման կամ հնգապատկման հնարավորություն, ապա նշված հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ այդ նույն դեպքի համար նախատեսվում էր տուգանքի չափի (դրա չվճարված մասի)՝ 25 կամ 50 տոկոսով ավելացման հնարավորություն: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ թե՛ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի բազմապատկումը, թե՛ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի՝ որոշակի տոկոսով ավելացումը կատարվում էին օրենքի ուժով՝ առանց հատուկ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը, հիմնավոր է համարում այն մոտեցումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում օրենքով նախատեսված զանցանքների համար նշանակված տուգանքի չափի ավելացումը կատարվում է ինքնաբերաբար, իրավունքի ուժով. տուգանքի չափի այդպիսի ավելացումը չի հաստատվում տվյալ զանցանքի համար անձին ի սկզբանե վարչական պատասխանատվության ենթարկած իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված առանձին վարչական ակտով:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը հանգում է հետևյալին.

-  անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ վարչական ակտով նշանակվում է տուգանք,

-  տուգանքը որոշակի ժամկետում չվճարելու դեպքում դրա փաստացի չվճարված մասն ավելանում է 25 կամ 50 տոկոսով (տոկոսային տարբերությունը պայմանավորված է տուգանքը չվճարելու ժամկետով),

-  տուգանքի փաստացի չվճարված մասի ավելացումը կատարվում է օրենքի ուժով՝ առանց որևէ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության,

-  անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը բովանդակում է միայն վարչական մարմնի կողմից ի սկզբանե նշանակված տուգանքի չափը,

-  տուգանքի փաստացի չվճարված մասի՝ 25 կամ 50 տոկոս ավելացման փաստը, ինչպես նաև ավելացված գումարի չափը չի հաստատվում որևէ վարչական ակտով:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այն իրավիճակը, երբ վարչական մարմինը, հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարի բռնագանձման հայցով դիմում է դատարան՝ այդ պահանջի հիմքում ունենալով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական ակտով առաջադրված տուգանքի ու դրա ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: Տվյալ դեպքում դատարանի առջև բարձրանում է այն հարցը, թե կարող է արդյոք հանրային իրավական դրամական այդ պահանջի հարկադիր կատարումն իրականացվել դատական կարգով, թե՝ ոչ:

Նշված հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը ելակետ է ընդունում սույն որոշմամբ ձևավորված այն իրավական դիրքորոշումը, որ հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում տվյալ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը վարչական դատարանում կարող է հարուցվել միայն օրենքով սպառիչ թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում, հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի ուժով վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել վարչական մարմնի համապատասխան հայցադիմումը:

Մասնավորապես, անդրադառնալով հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված պայմանի բովանդակության բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավական նորմը պետք է մեկնաբանվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնով, այսինքն՝ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ առանց փոփոխելու դրանց իմաստը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված իրավանորմի բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվի հետևյալ կերպ. անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական անձին ուղղված դրամական պահանջի հարկադիր կատարումը տեղի է ունենում դատական կարգով, եթե տվյալ վարչական ակտով ֆիզիկական անձից գանձման ենթակա գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրային իրավական դրամական պահանջը հավաստող վարչական ակտով ֆիզիկական անձի նկատմամբ առաջադրված դրամական գումարը, այսինքն՝ բուն վարչական ակտով նախատեսված դրամական գումարը, չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով նախատեսված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու սահմանափակումը բացակայում է: Այլ կերպ, եթե հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած է ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, ապա տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքը բացակայում է՝ անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: Քննարկվող պարագայում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու մյուս սահմանափակումների բացակայության պայմաններում վարչական դատարանը չի կարող վարույթ ընդունել գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական մարմնի հայցադիմումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի ուժով պարտավոր է որոշում կայացնել այն վերադարձնելու մասին, քանի որ բացակայում են հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման օրենքով նախատեսված հիմքերը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը չի կարող տեղի ունենալ դատական կարգով հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1)  ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը,

2)  անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը,

3)  հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները բացակայում են:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա ընդհանուր կանոնի համաձայն, այսինքն՝ արտադատական կարգով: Այլ կերպ ասած, վերը նկարագրված դեպքում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը տեղի է ունենում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված արտադատական եղանակով՝ անմիջականորեն այդ պահանջի պարտադիրությունը հաստատող անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի արտադատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը չգերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի բռնագանձմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում արտադատական եղանակով հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը ներառում է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը չգերազանցող տուգանքի բուն գումարը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարը՝ անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: Փաստորեն, ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական եղանակով հարկադիր կատարման դեպքում ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը, որը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, այլ նաև այդ տուգանքի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասը՝ անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Պետրոսյանը Ծառայության 29.01.2016 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով և Կարեն Պետրոսյանը նշված վարչական ակտի մասին առձեռն եղանակով իրազեկվել է 29.01.2016 թվականին (գ.թ. 3): Ծառայությունը 11.10.2016 թվականին դիմել է դատարան՝ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Կարեն Պետրոսյանից 225.000 ՀՀ դրամ բռնագանձման հայցով: Ծառայության հայցադիմումով պահանջվող գումարը ներառում է 29.01.2016 թվականի որոշմամբ Կարեն Պետրոսյանի նկատմամբ նշանակված տուգանքը (150.000 ՀՀ դրամ), ինչպես նաև այդ տուգանքի 50 տոկոսը (75.000 ՀՀ դրամ), որն ավելացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով (գ.թ. 1):

Դատարանը 17.10.2016 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում բացակայում են անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի հարուցման իրավական հիմքերը, որոնք նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով: Դատարանը, մասնավորապես, գտել է, որ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել 200.000 ՀՀ դրամը գերազանցող դրամական պահանջ պարունակող անբողոքարկելի վարչական ակտ (գ.թ. 9):

Վերաքննիչ դատարանը 05.12.2016 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման իրավական հիմքերի բացակայության վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը (գ.թ. 37-43):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ծառայությունը դիմել է դատարան անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Կարեն Պետրոսյանից 225.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցով: Հայցի հիմքում վարչական մարմինը դրել է Կարեն Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին Ծառայության 29.01.2016 թվականի որոշումը, որով առաջադրված տուգանքի չափը կազմում է 150.000 ՀՀ դրամ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական ակտով առաջադրված տուգանքի ու դրա ավելացած մասի հանրագումարը կազմում է 225.000 ՀՀ դրամ: Փաստորեն, տվյալ դեպքում առկա է հետևյալ իրավիճակը.

1)  ֆիզիկական անձին՝ Կարեն Պետրոսյանին, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով՝ Ծառայության 29.01.2016 թվականի որոշմամբ, նշանակված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը,

2)  անբողոքարկելի վարչական ակտով՝ Ծառայության 29.01.2016 թվականի որոշմամբ, առաջադրված տուգանքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքի ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը,

3)  հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները բացակայում են:

Վճռաբեկ դատարանն ընգծում է, որ տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքը բացակայում է՝ անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով՝ Ծառայության 29.01.2016 թվականի որոշմամբ, առաջադրված տուգանքի և դրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, քանի որ Ծառայության 29.01.2016 թվականի որոշմամբ նախատեսված գումարը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Ծառայության 29.01.2016 թվականի որոշման վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա ոչ թե դատական, այլ արտադատական եղանակով. հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում տվյալ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով ամրագրված որևէ սահմանափակման առկայությունը, իսկ սույն գործով այդ սահմանափակումները (հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար անհրաժեշտ պայմանները) բացակայում են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավացիորեն են եկել այն եզրահանգման, որ սույն գործով անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման իրավական հիմքերը բացակայում են:

Մինչդեռ Դատարանը վերոգրյալ իրավաչափ եզրահանգման դատավարական հետևանքները կիրառելիս հանգել է սխալ հետևության՝ անհիմն կերպով մերժելով Ծառայության հայցադիմումի ընդունումը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես, սույն գործով ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ Ծառայության հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով սահմանված հիմքով, քանի որ հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված պայմանների բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն: Հետևաբար տվյալ դեպքում Դատարանը պարտավոր էր որոշում կայացնել Կարեն Պետրոսյանից գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ Ծառայության հայցադիմումը վերադարձնելու մասին:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Ծառայության հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով վերադարձնելու դատավարական ընթացակարգի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

    

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

 

Ս. Անտոնյան

 

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

 

 

Ե. Սողոմոնյան

 

Ն. տավարացյան