Գլխավոր տեղեկություն
Номер
N 1940-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2019-17.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 21.12.2019
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2019
Дата вступления в силу
22.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1940-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ տեսչական մարմնի կառուցվածքում՝

1) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անվանափոխվում է իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

2) Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետն անվանափոխվում է Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանման.

3) ստեղծվում է որակի ապահովման վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

4) ստեղծվում է արագ արձագանքման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:

3. Տեսչական մարմնի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1) անասնաբուժության տեսչությունը վերակազմավորվում է անասնաբուժության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

2) բուսասանիտարիայի տեսչությունը վերակազմավորվում է բուսասանիտարիայի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

3) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը վերակազմավորվում է սննդամթերքի անվտանգության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

4) միջազգային համագործակցության վարչությունը վերակազմավորվում է միջազգային համագործակցության բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

5) տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն և էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

6) իրավաբանական վարչությունը և ընդհանուր բաժինը միաձուլվում են` ստեղծելով իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.

7) սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժինը և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժինը միաձուլվում են` ստեղծելով սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

8) Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը և Այրումի սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.

9) Բավրայի սահմանային հսկիչ կետը և Գյումրու սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.

10) Երևանի սահմանային հսկիչ կետը և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.

11) դադարեցվում է կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության, ֆինանսատնտեսական վարչության, ներքին անվտանգության և աուդիտի վարչության, անձնակազմի կառավարման բաժնի, նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժնի, տարածքային մարմին հանդիսացող Մարգարա սահմանային հսկիչ կետի գործունեությունը։

4. Տեսչական մարմնի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության անվանացանկը և պաշտոնների անձնագրերը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տեսչական մարմնի կառավարման խորհրդի հավանությանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և անվանացանկը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեսչական մարմնին ամրակցվող գույքի ցանկը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

        

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 19-ի N 1940-Լ

որոշման

  

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

2) ռուսերեն` Инспекционный Орган по Безопасности Пищевых продуктов Республики Армения.

3) անգլերեն` Food safety inspection bodyուղղ. of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Organisme d'inspection de la sécurité alimentaire de la République d'Arménie.:ուղղ.

5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները: Տեսչական մարմինն ունի տարածքային ստորաբաժանումներ:

7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 49/2:

   

2. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում անվտանգության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:

10. Տեսչական մարմնի խնդիրներն են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում:

  

3. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  

11. Տեսչական մարմնի լիազորություններն են`

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը` ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, միջնորդագրերը լիցենզավորող մարմիններ ներկայացնելը.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվության տրամադրումը.

9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարումը և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը.

10) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացումը, վերլուծումը և էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարումը.

11) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով իրավիճակի վերլուծությունը.

12) սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառումը, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարումը.

13) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

14) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցումը.

15) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում՝ կարանտին միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.

16) կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.

17) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվության տրամադրումը.

18) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում` հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ստեղծումը և վարումը, այդ համակարգում գրանցվելու նպատակով մուտքի ծածկագրի տրամադրումը.

19) սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրումը.

20) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

21) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) արդյունքում բուսասանիտարական վտանգի վերլուծությունը, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանումը.

22) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցումը.

23) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում վնասատուների դեմ պայքարի միջոցառումների սահմանումը.

24) բուսասանիտարական անձնագրի տրամադրումը.

25) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողությունը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.

27) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրի վարումը.

28) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարումը.

29) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.

30) կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.

31) Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցումը.

32) կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.

33) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատների և հավաստագրերի համաձայնեցումը և փոխճանաչումը.

34) օրենքով սահմանված դեպքերում վկայականների, տեղեկանքների, սերտիֆիկատների, հավաստագրերի, ինչպես նաև պարզաբանումների և խորհրդատվությունների տրամադրումը.

35) հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակումը և տեղեկատվական բազայի վարումը.

36) բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.

37) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

  

4. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

  

12. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, որը կազմված է տասն անդամից:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և դրանցում կատարում փոփոխություններ.

2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.

3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) նախագահում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

15. Խորհուրդը`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.

6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

18. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

19. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.

4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած՝ տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

20. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեսչական մարմնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

21. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնները վարչական են, նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն ու արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

24. Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում տեսչական մարմնի ղեկավարին.

2) կազմակերպում է տեսչական մարմնի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների և այցերի նախապատրաստումը.

3) համագործակցելով տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` տեսչական մարմնի ղեկավարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

4) կատարում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

25. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին.

2) կազմակերպում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների և այցերի նախապատրաստումը.

3) կատարում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

  

5. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

  

26. Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումներն են՝

1) կառուցվածքային ստորաբաժանումներ՝

ա. ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն,

բ. անասնաբուժության վարչություն,

գ. բուսասանիտարիայի վարչություն,

դ. սննդամթերքի անվտանգության վարչություն,

ե. իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն,

զ. որակի ապահովման վարչություն,

է. նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին,ուղղ.

ը. սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին,

թ. իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին,

ժ. արագ արձագանքման բաժին,

ժա. միջազգային համագործակցության բաժին,

ժբ. էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժին.

2) տարածքային ստորաբաժանումներ՝

ա. Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետ,

բ. Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետ,

գ.Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային հսկիչ կետ,

դ. Ագարակի սահմանային հսկիչ կետ,

ե. Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետ,

զ. Արագածոտնի մարզային կենտրոն,

է. Արարատի մարզային կենտրոն,

ը. Արմավիրի մարզային կենտրոն,

թ. Գեղարքունիքի մարզային կենտրոն,

ժ. Լոռու մարզային կենտրոն,

ժա. Կոտայքի մարզային կենտրոն,

ժբ. Շիրակի մարզային կենտրոն,

ժգ. Սյունիքի մարզային կենտրոն,

ժդ. Վայոց ձորի մարզային կենտրոն,

ժե. Տավուշի մարզային կենտրոն,

ժզ. Երևանի կենտրոն:

27. Տեսչական մարմնի ենթակայությանն է հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

28. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

   

6. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ

   

29. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

30. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

31. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

  

7. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

 32. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

  

8. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

   

33. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

34. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

35. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն խորհրդի համաձայնությամբ:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2023, N 522-Լ 17.05.2023, N 1940-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան