Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-103
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (21.07.1994-01.09.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/11
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
13.06.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.1994
Дата вступления в силу
21.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» մարտի 1994 թ. Հ.Ն-1015-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994 թ. Հ.Ն-1073-I

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է անհատական (ընտանեկան) ձեռնարկության հասկացությունը, ստեղծման, գործունեության տեսակի ընտրության ու դադարման պայմանները, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

 

Հոդված 1.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն

 

Անհատական է կոչվում այն ձեռնարկությունը, որը մեկ ֆիզիկական անձի սեփականությունն է:

Ընտանեկան է կոչվում այն ձեռնարկությունը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընտանիքի անդամներին:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունն իրավական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:

Հայաստանի Հանրապետությունում անհատական (ընտանեկան) ձեռնարկություն կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության անվանման մեջ պետք է նշվի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) չի կարող միաժամանակ հանդիսանալ անհատ ձեռներեց (ձեռներեցներ) կամ անհատական (ընտանեկան) այլ ձեռնարկության (սեփականատեր), տնտեսական ընկերակցության լիակատար պատասխանատվությամբ անդամ (անդամներ):

 

Հոդված 2.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին օրենսդրությունը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

Հոդված 3.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներ կարող է իրականացնել միայն պետական լիազորված մարմնի կողմից տրված հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունենալու դեպքում:

 

Հոդված 4.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գույքը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գույքը գոյանում է`

ա) ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) դրամական կամ գույքային ներդրումներից.

բ) արտադրանքի իրացումից, ձեռնարկությունների մատուցումից, աշխատանքների կատարումից ստացված եկամուտներից.

գ) բանկերից, ֆինանսավարկային այլ կազմակերպություններից և այլ վարկատուներից ստացված վարկերից.

դ) վաղօրոք հայտարարված պայմաններով, որպես լրավճար կամ փոխատվություն` այդ թվում և մրցույթով (եթե ձեռնարկության գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նախապատվություն ունեցող ոլորտներում), սոցիալ-տնտեսական զարգացման հանրապետական ծրագրերին համապատասխան, պետական բյուջեի նպատակային հատուկ ֆոնդերից կատարվող հատկացումներից.

ե) բարեգործական ներդրումներից, առանձին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ քաղաքացիների նվիրատվություններից.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Ընտանեկան ձեռնարկությունների սեփականատերերի միջև գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքերով, «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 5.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գույքի նկատմամբ սեփականության իրավունքը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունն իր սեփականատիրոջից (սեփականատերերից) առանձնացված գույք չունի:

Անհատական ձեռնարկության գույքը պատկանում է անհատական ձեռնարկության սեփականատիրոջը` անձնական սեփականության իրավունքով:

Ընտանեկան ձեռնարկության գույքը պատկանում է ընտանիքի անդամներին (սեփականատերերին)` համատեղ սեփականության իրավունքով:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) լիակատար գույքային պատասխանատվություն է կրում անհատական (ընտանեկան) ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) պարտավորությունների կատարումն ապահովվում է նաև այդ ձեռնարկության գույքով:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գույքը կարող է բռնագրավվել միայն դատական կարգով:

 

Հոդված 6.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության պետական գրանցումը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից` «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 7.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը բովանդակում է ձեռնարկության սեփականատիրոջ )սեփականատերերի կամ նրանցից որևէ մեկի (անունը) (անունները), ձեռնարկության գտնվելու վայրը (հասցեն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

Ձեռնարկության ֆիրմային անվանումը գրանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության կանոնադրությունը բովանդակում է`

ձեռնարկության ֆիրմային անվանումը,

գտնվելու վայրը (հասցեն),

գործունեության նպատակները, խնդիրներն ու տեսակը, տեղեկություններ սեփականատիրոջ )սեփականատերերի) մասին,

տեղեկություններ սեփականատիրոջ (սեփականատերերի) գույքային վիճակի մասին,

տեղեկություններ ձեռնարկության գույքի գոյացման աղբյուրների մասին,

ձեռնարկության կառավարման և դրա գործունեության հսկողության կազմակերպման կարգը,

ձեռնարկության վերակազմավորման և գործունեության դադարման կարգը:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության կանոնադրությունը կարող է բովանդակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

 

Հոդված 9.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության կառավարումը

 

Անհատական ձեռնարկության կառավարումն իրականացնում է դրա սեփականատերն կամ աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա վարձված տնօրենը:

Ընտանեկան ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի ընդհանուր ժողովն է:

Ընտանեկան ձեռնարկության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը կարող է վարձվել աշխատանքային պայմանագրի հիման վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 10.

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը

 

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը`

հաստատում է ձեռնարկության կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ ու լրացումներ,

որոշում է ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունները,

քննում և լուծում է ձեռնարկության սեփականատերերի կազմի փոփոխության հարցերը, որոնց վերաբերյալ ժողովի ընդունած որոշումները վերջնական են,

ընտրում (նշանակում) և ազատում է ձեռնարկության տնօրենին,

իրականացնում է ձեռնարկության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են սեփականատերերի ընդհանուր թվի կեսից ավելին:

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովը սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ ձայների պարզ մեծամասնությամբ:

 

Հոդված 11.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության տնօրենը

 

Անհատական ձեռնարկության սեփականատիրոջ և վերջինիս կողմից նշանակված տնօրենի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընտանեկան ձեռնարկության տնօրենն ընտրվում (նշանակվում) է ձեռնարկության սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընտանեկան ձեռնարկության տնօրենը կարող է ընտրվել (նշանակվել) նաև ձեռնարկության սեփականատերերից: Ընտանեկան ձեռնարկության տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, օգտվում է ձեռնարկության անունից, տնօրինում է ձեռնարկության գույքը, կնքում է պայմանագրեր` այդ թվում աշխատանքային, տալիս է լիազորագրեր, արձակում է հրամաններ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 Անհատական (ընտանեկան) ձեռնարկության տնօրենի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, ձեռնարկության կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 12.

Ընտանեկան ձեռնարկության գործունեության վերահսկողությունը

 

Ընտանեկան ձեռնարկության գործունեության վերահսկողությունն իրականացվում է նրա բոլոր սեփականատերերի կողմից:

Ընտանեկան ձեռնարկությունում վերահսկիչ հանձնաժողով չի ստեղծվում, եթե այլ բան չի նախատեսված ընտանեկան ձեռնարկության կանոնադրությամբ:

 

Հոդված 13.

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները

 

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերն իրավունք ունեն`

1) մասնակցել ձեռնարկության ղեկավարմանը, որոշումների ընդունմանը, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկմանը,

2) լրիվ կամ մասնակիորեն միմյանց պատվիրակել իրենց իրավունքները,

3) ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալ ընտանեկան ձեռնարկության եկամտի իրենց մասնաբաժինը,

4) ընտանեկան ձեռնարկությունից դուրս գալու դեպքում ստանալ հատուցում` ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով,

5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և այլ իրավունքներից:

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերը պարտավոր են`

1) անձնական աշխատանքային մասնակցություն ունենալ ձեռնարկության գործունեությանը,

2) ընտանեկան ձեռնարկության գույքային պարտավորությունների համար, նաև ձեռնարկության անվճարունակության դեպքում կրել համապարտ գույքային պատասխանատվություն իրենց անձնական այն գույքով, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում է տարածվում:

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերն իրավունք չունեն`

1) վաղաժամկետ բնաիրային ձևով ետ պահանջել իրենց գույքային ներդրումները, եթե ձեռնարկության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,

2) առանց նախնական համաձայնության հրապարակել ձեռնարկության առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի միջև ծագած տնտեսական վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 14.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆինանսական ցուցանիշը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության ֆինանսական ցուցանիշը եկամուտն է:

Ընտանեկան ձեռնարկության եկամուտը ընտանեկան ձեռնարկության սեփականատերերի միջև բաշխվում է ձեռնարկության կանոնադրության համաձայն:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում է ստացված եկամտին համապատասխան հարկեր:

 

Հոդված 15.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության (անհատական ձեռնարկության սեփականատիրոջ) իրավունքները

 

1. Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը (անհատական ձեռնարկության սեփականատերը) իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային կարգով օգտագործել այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների գույքը և գույքային իրավունքները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով պատվիրակել իր գույքային իրավունքները, այդ թվում` գույքն օտարելու և վարձակալության տալու մասով.

գ) օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել և փոխարկել արժույթ.

դ) կնքել պայմանագրեր, ստանձնել պարտավորություններ, տալ մուրհակներ, լինել գրավատու և գրավառու.

ե) դրական կարգով պաշտպանել ձեռնարկության շահերը, լինել հայցվոր և պատասխանող դատարանում.

զ) դիմել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստր` պետական գրանցման քարտում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար.

է) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և այլ իրավունքներից:

2. Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունն իրավունք ունի`

ա) արտահանել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել գույք, մասնավորապես` հումք, արտադրանք և այլն.

բ) իր միջոցները միավորել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցների հետ, տալ դրամական փոխառություններ, առևտրային և սպառողական վարկեր, դրանք ապահովելու համար գրավ վերցնել.

գ) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ թվում` ներգրավել փոխառու միջոցներ, ինչպես նաև` ցանկացած արժույթով դրամական միջոցները պահելու, բանկային բոլոր տեսակի գործառնություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկում ունենալ հաշվարկային և այլ հաշիվներ.

դ) անհատույց կամ փոխառության ձևով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից` հանրապետական (տեղական) բյուջեի, պետական նպատակային ֆոնդերի հաշվին կամ այլ աղբյուրներից ստանալ միջոցներ ուղղակի ներդրումներ, վարկերի, պարգևների և այլ ձևերով.

ե) վարել ինքնուրույն արտաքին տնտեսական գործունեություն` հաստատել տնտեսական կապեր օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան կատարել ներդրումներ և իրականացնել տնտեսական գործունեություն, այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության բնագավառում մասնագիտացած և այլ միջնորդ կազմակերպությունների միջոցով.

զ) իր միջոցները և ձեռնարկատիրական ջանքերը ներդնել և միավորել ցանկացած ձեռնարկության գործունեությունում.

է) անդամակցել Հայաստանի Հանրապետության, համատեղ, օտարերկրյա ձեռնարկություններին և ձեռնարկությունների միջազգային տնտեսական միավորումներին (ասոցիացիաներին, կոնցեռններին և այլն).

ը) ունենալ կնիք և դրոշմ.

թ) ունենալ վարձու աշխատողներ և օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 16.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության պարտականությունները

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը պարտավոր է`

ա) իրականացնել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վճարել հարկեր և կատարել պարտադիր մուծումներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել կնքված պայմանագրերը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում` փոխհատուցելով հասցրած վնասը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային և պետական վերահսկիչ մյուս մարմիններին թույլատրել, իրենց իրավասության սահմաններում, ստուգել ձեռնարկության գործունեությունը.

դ) պահպանել ֆինանսական և բանկային կարգապահությունը, կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած այլ պարտականություններ:

 

Հոդված 17.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության երաշխիքները

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության երաշխիքները բխում են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռներեցության ազատության սկզբունքից:

Հայաստանի Հանրապետությունում անհատական (ընտանեկան) ձեռնարկության համար երաշխավորվում է`

ա) գրանցվելու իրավունք և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ազատություն.

բ) իրավահավասարություն իր և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտների միջև.

գ) գույքային իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանություն.

դ) ձեռնարկատիրական գործունեությանը պետական մարմինների միջամտության բացառում` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

ե) ստացած եկամտից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումներ կատարելուց հետո մնացած եկամտի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունք:

Պետական մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների կամ դրանց կողմից լիազորված մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող գործունեության հետևանքով ձեռնարկությանը պատճառված վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման այդ մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց կողմից:

 

Հոդված 18.

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության դադարումը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը դադարում է`

սեփականատիրոջ (սեփականատերերի) որոշմամբ.

դատարանի վճռով.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունը սնանկ ճանաչվելու դեպքում.

վերակազմավորման և կազմակերպական-իրավական այլ ձևի վերափոխվելու դեպքերում.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Գործունեության դադարման դեպքում ընտանեկան ձեռնարկության սեփականատերերը ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանում են իրենց գույքային մասնաբաժինները:

Առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

13 հունիսի 1994 թ.
ՀՕ-103

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.1998, ՀՕ-229 06.08.1998, ՀՕ-103
12.05.1997, ՀՕ-116 01.09.1997, ՀՕ-103
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան