Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1184.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.08.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
02.08.2019
Дата вступления в силу
02.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0111/04/16 

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0111/04/16 
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան  

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան
   Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Պայթարդ» ՍՊԸ-ի ընդդեմ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Պայթարդ» ՍՊԸ պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2016 թվականի վճռով «Պայթարդ» ՍՊԸ-ի դիմումը բավարարվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Անդրանիկ Ելինյանը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Կուբանյան) 06.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով գույքի վաճառքի ծրագիրը:

Դատարանի 14.07.2017 թվականի որոշմամբ թույլատրվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին հրապարակային սակարկություններով վաճառել Ընկերության պարտավորությունների կատարման համար գրավադրված, ինչպես նաև գրավի առարկա չհանդիսացող անշարժ և շարժական գույքերը (բացառությամբ 6-րդ լոտի):

Դատարանի 17.07.2017 թվականի որոշմամբ մերժվել են Ընկերության սնանկության գործով պարտատերեր «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի գործողությունների դեմ բերված բողոքները: 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2018 թվականի որոշմամբ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 06.07.2017 թվականի «Ընկերության սնանկության գործով գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին», 14.07.2017 թվականի «Ընկերության սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին», 17.07.2017 թվականի «ԵՇԴ/0111/04/16 սնանկության գործով կառավարչի գործողությունների դեմ պարտատերերի կողմից բերված բողոքները քննության առնելու մասին» որոշումները վերացվել են, և սնանկության գործն այդ հարցերի մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասը և 76-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի այն պնդումը, որ կառավարիչը ժողովին չի ներկայացրել 12 լոտով գույքն աճուրդի ներկայացնելու առաջարկ, չի համապատասխանում իրականությանը: Իրականում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանն այդ առաջարկը ներկայացրել է ժողովի քննարկման արդյունքում և առավելագույնս պահպանել է բոլոր պարտատերերի շահերը` հաշվի առնելով գույքերի նշանակությունն ու վաճառքի առանձնահատկությունները, այդ թվում` դրանք լոտերում միավորելու նպատակահարմարությունը:

Բողոքաբերը 2017 թվականի ապրիլ ամսից պարտատերերի ժողովին ներկայացրել է վաճառքի նախատեսվող գույքերը, դրանց գնահատված գները և լոտավորումը: Մի քանի ժողովների ընթացքում քննարկվել են թե՛ գները, թե՛ լոտավորման (ըստ տեսակների գույքի խմբավորման) հարցերը: 30.06.2017 թվականին ժողովի ընթացքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը ներկայացրել է առաջարկ` լոտերը պարտապանի գույքի կազմում ընդգրկված տարբեր գույքի տեսակների առանձնահատկությունների հաշվառմամբ կազմելու մասին, որի վերաբերյալ մասնակիցները հրաժարվել են քվեարկել` առաջարկելով ժողովն անցկացնել հուլիսի 14-ին: Նման պայմաններում ակնհայտ է, որ արհեստականորեն հարցի քննարկումը ձգձգվել է, և որ անհնար է եղել ողջամիտ ժամկետում ժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելը, ինչը հիմք է հանդիսացել վաճառքի ծրագիրը Դատարանի հաստատմանը ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է պահանջի իրավունքը որպես վաճառքի ենթակա գույք ներկայացնելու խնդրին, ապա Ընկերության դեբիտորական պարտքերը նույնպես ներկայացվել են պարտատերերին, սակայն վաճառքի ծրագրում չեն ներառվել, քանի որ հայտնի չի եղել, թե այս կամ այն պահանջն արդյոք ենթակա է վաճառքի, թե դատական կամ արտադատական կարգով հնարավոր է պարտապաններից ստանալ պարտքի գումարները: Այսինքն` անհիմն է նաև ամբողջ գույքը չներառելու խախտման մասին արված հետևությունը:

Հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը թույլատրելու միջնորդությունը կառավարիչը հրապարակել է 03.07.2017 թվականին, և թեև միջնորդությունը Դատարանին ներկայացվել է հաջորդ օրը, սակայն պարտատերերից ոչ մեկը չի զրկվել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից, քանի որ Դատարանն օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետի հաշվարկը կատարել է 07.07.2017 թվականից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` վերաքննիչ բողոքները մերժել»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սնանկության գործով կառավարիչը 03.07.2017 թվականին azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել է հայտարարություն` Ընկերության գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու մասին` հայտարարության մեջ նշելով, որ 04.07.2017 թվականին գույքը վաճառելու միջնորդություն է ներկայացնելու Դատարան: Այսինքն` սնանկության գործով կառավարիչը չի պահպանել պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը Դատարան ներկայացնելու վերաբերյալ պարտատերերին տեղեկացնելու եռօրյա ժամկետը: Նշված միջնորդությանը կցել է այլ վաճառքի ծրագիր, որով նախատեսվել է պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնել 12 առանձին լոտերով, ինչը կառավարչի կողմից չէր ներկայացվել պարտատերերի ժողովի հաստատմանը: Սնանկության գործով կառավարչի կողմից Դատարանին ներկայացված վաճառքի ծրագիրը չի պարունակել պարտապանի ամբողջ գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 9-13):

2) Դատարանի 09.02.2017 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Նույն թվականի մեկ այլ որոշմամբ կասեցվել է Ընկերության գործունեությունը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 14, 15):

3) 24.03.2017 թվականին հրավիրված պարտատերերի ժողովը հետաձգվել է «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի ներկայացուցչի առաջարկով` քննարկելու համար գույքերն ամբողջությամբ կամ մաս-մաս գնահատելու և վաճառելու հարցը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 19-20):

4) 05.04.2017 թվականին հրավիրված պարտատերերի ժողովը հետաձգվել է այն հիմքով, որ ժողովին ներկա մասնակիցներն առաջարկել են «գնահատման աշխատանքներն Ընկերությունում շարունակել և հասցնել ամբողջական գնահատման, բացի արտադրության հետ կապ չունեցող պահեստում և խանութում գտնվող ապրանքներից, այնուհետև ներկայացնել քննարկման` աճուրդի ծրագրի հաստատման համար և սահմանել գնահատման ժամկետ մինչև նույն թվականի հունիսի 15-ը» (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 24-25):

5) 19.06.2017 թվականին հրավիրված պարտատերերի ժողովը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցչի առաջարկով հետաձգվել է այն հիմքով, որ «նյութերը պետք է ներկայացվեն բանկի ղեկավարությանը և նոր քվեարկվի»: Առաջարկության հետ համաձայնվել են նաև մյուս բանկերի ներկայացուցիչները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 26):

6) 30.06.2017 թվականին հրավիրված պարտատերերի ժողովը հետաձգվել է, քանի որ բանկերն առաջարկել են ամբողջ գույքը մեկ լոտի մեջ ընդգրկել: Լոտերը հնարավորինս մեկ լոտի մեջ խմբավորելու առաջարկն ընդունվել է, սակայն որոշվել է ժողովը հետաձգել մինչև 04.07.2017 թվականը, այնուհետև` 14.07.2017 թվականը, քանի որ «պետք է ներկայացնեն բանկերի ղեկավարներին ծրագրերը» (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 28-29):

7) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը 04.07.2017 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով հաստատել սնանկության գործով գույքի վաճառքի ծրագիրը` նշելով, որ 30.06.2017 թվականին անցկացված ժողովի արդյունքում վաճառքի ծրագրի վերաբերյալ որոշում չի ընդունվել և առաջարկվել է ժողովը շարունակել 14.07.2017 թվականին գույքը մեկ լոտով աճուրդի ներկայացնելու հարցը հերթական անգամ քննարկելու համար:

Սնանկության գործով կառավարիչը, որպես միջնորդության հիմնավորում, նշել է, որ ստեղծված իրավիճակում վաճառքի ծրագիրն անորոշ ժամանակով ձգձգվում է` ավելացնելով նաև, որ հաշվի առնելով գրավառու բանկերի առաջարկությունները` աճուրդային վաճառքը նախատեսվում է իրականացնել 12 լոտով: Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասը` խնդրել է հաստատել սնանկության գործով գույքի վաճառքի ծրագիրը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 17-18):

8) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը 04.07.2017 թվականին Դատարան ներկայացրած միջնորդությամբ միջնորդել է թույլատրել վաճառել Ընկերությանը պատկանող գրավադրված և գրավի առարկա չհանդիսացող գույքերը` կից ներկայացնելով 03.07.2017 թվականին Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում նշված միջնորդության մասին տեղադրված հայտարարության արտատպումը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 133-135):

9) 13.07.2017 թվականին սնանկության գործով պարտատերեր «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչները բողոքարկել են սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի գործողությունները` մասնավորապես առարկելով վաճառքի ծրագիրն առանց պարտատերերի ժողովի քննարկման Դատարանի հաստատմանը ներկայացնելու և գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդությունների դեմ` այդ թվում հայտնելով, որ ծրագիրը չի պարունակում գույքի հաշվեկշռային արժեքները, ինչպես նաև պարտապանի պահանջի իրավունքների և շրջանառու միջոցների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն նաև միջնորդել է վաղաժամկետ դադարեցնել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի լիազորությունները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 140-145, հատոր 2-րդ, գ.թ. 49-52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ սնանկության վարույթում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրն առանց պարտատերերի ժողովի կողմից որոշման կայացման դատարանի հաստատմանը ներկայացնելու, ինչպես նաև պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունը քննարկելու հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասի և 76-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու հարցին այն դեպքում, երբ նշված ծրագիրը պարտատերերի ժողովում չի հաստատվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապանի գույքի վաճառքի միջնորդությունը դատարան ներկայացնելու և այդ միջնորդության դեմ պարտատերերի կողմից առարկություն ներկայացնելու ընթացակարգին:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ` պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է հետևյալ գործողությունների հաջորդական պահպանմամբ.

1. կառավարիչը գույքագրում է պարտապանի գույքը, կազմում գույքի վաճառքի ծրագիրը և այն ներկայացնում պարտատերերի խորհրդի, իսկ դրա բացակայության դեպքում` ժողովի հաստատմանը,

2. գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից հաստատվելու, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքում կառավարիչը գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնում է դատարանի հաստատմանը,

3. գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին, որոնք յոթնօրյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց առարկությունները,

4. դատարանը որոշում է կայացնում ինչպես գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, այնպես էլ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունները բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասի կարգավորմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է որոշակի բացառություններ, որոնց դեպքում գույքի վաճառքի ծրագիրը դատարանը կարող է հաստատել` անկախ պարտատերերի խորհրդի կամ ժողովի որոշումից: Այդ բացառություններն են`

1. գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից հաստատված չլինելը, կամ

2. ծրագրի հաստատման համար խորհրդի կամ ժողովի նիստերի անցկացման անհնարինությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ դեպքերի թվին է դասվում նաև պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից ծրագրի հաստատման համար որոշում կայացնելու անհնարինությունը` նկատի ունենալով, որ խորհրդի կամ ժողովի նիստերը կարող են հրավիրվել և անցկացվել` առանց դրանց ընթացքում որևէ որոշում կայացնելու: Նման դեպքերը նույնանում են նիստերի անցկացման անհնարինության հետ` նկատի ունենալով, որ նիստի նպատակը որոշման կայացումն է, և եթե անհնար է որոշում կայացնել, ուստի նիստն էլ դառնում է իմաստազուրկ:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ օրենսդիրը գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու որոշման կայացման անհնարինության դրսևորման կոնկրետ չափորոշիչներ չի նախատեսել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ անհնարինության համատեքստում կարող է ներառվել ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառ, ինչը հնարավորություն չի տալիս խորհրդի կամ ժողովի կողմից հաստատելու կառավարչի ներկայացրած վաճառքի ծրագիրը (պարտատերերի միջև տարաձայնություններ, պարտատերերի անհամաձայնություն կառավարչի ծրագրին, որոշման կայացման քվորումի անբավարարություն, նիստերի բազմակի հետաձգումներ և այլն): Նկատի ունենալով, որ կառավարչի գործառույթների նպատակը սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռումն է (տե'ս, օրինակ, թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը), օրենսդիրը նմանատիպ դեպքերի համար կառավարչին հնարավորություն է տվել չկաշկանդվել պարտատերերի դիրքորոշմամբ (կամքով) և պարտապանի գույքի վաճառքի ծրագրի հաստատումն իրականացնել ուղղակիորեն դատական կարգով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված կարգավորումն այն մասին, որ ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով, թույլ է տալիս եզրակացնել, որ պարտապանի գույքի վաճառքի հաստատված ծրագիրը, անկախ նրանից, թե որ ընթացակարգով է հաստատվել, անվերապահորեն վերջնական փաստաթուղթ չէ և կարող է  ենթարկվել փոփոխության: Ընդ որում, օրենսդիրը չի սահմանել այն դեպքերը, որոնք հիմք կարող են ծառայել հաստատված ծրագիրը փոփոխության ենթարկելու համար: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծրագրի փոփոխությունը կարող է վերաբերել ինչպես վաճառքի մեջ ներառվող գույքի կազմին, քանակին, գնին և այլն, այնպես էլ ծրագրով նախատեսված ընթացակարգերին:

Բացի այդ, նկատի ունենալով, որ ծրագրի փոփոխման համար քննարկվող իրավական դրույթը սահմանել է նույն իրավակարգավորումը, ինչ նախատեսված է ծրագրի հաստատման համար, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ծրագրի փոփոխությունը ենթակա է հաստատման պարտատերերի խորհրդի կամ ժողովի որոշմամբ, այնուհետև (այդ թվում` խորհրդի կամ ժողովի որոշման բացակայության դեպքում)` դատական կարգով: Հետևաբար եթե պարտապանի գույքի վաճառքի հաստատված ծրագրում բացակայում է գույքագրման ցանկում ներառված որևէ գույք, կամ ի հայտ է գալիս նախկինում չբացահայտված այլ գույք, ապա նման դեպքերի համար օրենսդիրը նախատեսել է ծրագրի փոփոխման ինստիտուտից օգտվելու իրավական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև կառավարչի կողմից գույքը վաճառելու թույլտվության վերաբերյալ միջնորդության ժամկետներին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սնանկության կառավարչի համար օրենսդիրը սահմանել է պարտականություն` մինչև վաճառքի թույլտվության միջնորդությունը դատարանին ներկայացնելը երեք օր առաջ այդ մասին պարտատերերին տեղեկացնել: Պարտատերերի կողմից կառավարչի միջնորդության դեմ դատարանին առարկություններ ներկայացնելու համար սահմանելով յոթնօրյա ժամկետ` օրենսդիրը փաստորեն նպատակ է հետապնդել կառավարչի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու և դրան համապատասխան վարքագիծ դրսևորելու համար պարտատերերի համար նախատեսել բավարար ժամանակահատված, որն ընդհանուր թվով պետք է կազմի տասն օր:

Ինչ վերաբերում է սահմանված ժամկետի ընթացքում պարտատերերի կողմից գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ընթացակարգին, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ.

1. պարտատերերը կառավարչի կողմից վաճառքի թույլտվություն տալու միջնորդության վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առարկություններ,

2. այդ առարկությունները կարող են ներկայացնել դատարանի կողմից միջնորդության կապակցությամբ որոշման կայացմանը նախորդած յոթնօրյա ժամանակահատվածում,

3. առարկությունում պետք է ներկայացվեն առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, 

4. պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ:

Վերոգրյալ իրավական նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ոչ միայն սահմանել է վաճառքի թույլտվության միջնորդության դեմ բերված առարկության հստակ ժամանակահատված, այլև նախատեսել է, որ առարկությունը պետք է վերաբերի կոնկրետ գույքի վաճառքի մեկնարկային գնին: Նշված վավերապայմաններին չբավարարող առարկությունները չեն կարող սույն իրավանորմի իմաստով գնահատվել որպես վաճառքի թույլտվության վերաբերյալ ներկայացված միջնորդության դեմ բերված առարկություն և դատարանի կողմից այդ կապակցությամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի կանոնը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկության գործով կառավարիչը պարտատերերի ժողովի հաստատմանն է ներկայացրել պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը, որը լոտերի բաժանման հետ կապված առարկվել է պարտատերերի կողմից: Պարտատերերի առարկությունները հաշվի առնելով` սնանկության գործով կառավարիչը ներկայացրել է պարտապանի գույքի վաճառքի նոր ծրագիր, ըստ որի պարտապանի գույքը բաժանված է եղել 12 լոտի, որը կրկին առարկվել է պարտատերերի կողմից։ Պարտատերերի կողմից ներկայացվել են գույքի վաճառքի այլ առաջարկներ, որոնք սնանկության գործով կառավարչի կարծիքով ըստ էության կարող էին դժվարացնել գույքի վաճառքը, ինչպես նաև դժվարություններ առաջացնել միջոցների հետագա բաշխման հարցում, քանի որ դրանց մի մասի համար անհրաժեշտ կլիներ պահանջել հատուկ թույլտվություն, բացի այդ, գույքերի մի մասը գրավադրված են եղել տարբեր գրավառուների մոտ: Արդյունքում անցկացվել են թվով երեք նիստեր, որոնց արդյունքում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը ժողովի կողմից չի հաստատվել: Նման պայմաններում կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասի իրավակարգավորմամբ, ծրագիրը ներկայացրել է Դատարանի հաստատմանը` նշելով, որ ստեղծված իրավիճակում վաճառքի ծրագիրն անորոշ ժամանակով ձգձգվում է: Միաժամանակ կառավարիչը 04.07.2017 թվականի միջնորդությամբ միջնորդել է թույլատրել վաճառել Ընկերությանը պատկանող գրավադրված և գրավի առարկա չհանդիսացող գույքերը` ներկայացնելով 03.07.2017 թվականին Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում նշված միջնորդության մասին տեղադրված հայտարարության պատճենը: 13.07.2017 թվականին սնանկության գործով պարտատերեր «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչները բողոքարկել են սնանկության գործով կառավարչի գործողությունները:

Դատարանը, 06.07.2017 թվականի որոշմամբ հաստատելով ծրագիրը, գտել է, որ այն ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաստատված է համարել, որ պարտատերերի ժողովներ են հրավիրվել 24.03.2017 թվականին, 05.04.2017 թվականին, 19.06.2017 թվականին և 30.06.2017 թվականին, սակայն վաճառքի ծրագիրն այդպես էլ չի հաստատվել:

14.07.2017 թվականի որոշմամբ թույլատրելով կառավարչին պարտապանի գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` Դատարանը փաստել է, որ կառավարիչը ծանուցումը հրապարակել է 03.07.2017 թվականին, իսկ միջնորդությունը ներկայացրել 04.07.2017 թվականին, ուստի Դատարանը պարտատերերի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետը հաշվարկում է 07.07.2017 թվականից: Դատարանն արձանագրել է, որ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից չեն պահպանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջները, քանի որ չի առաջարկվել աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին, չեն նշվել առաջարկվող մեկնարկային գնի վերաբերյալ առարկության հիմքերը, ինչպես նաև չի ներկայացվել սնանկության հատուկ հաշվին կատարված վճարումը հավաստող փաստաթուղթ: Դատարանը նաև եզրահանգել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը պարտատերերին այլ հիմքով առարկություն ներկայացնելու իրավունք չի վերապահում:

Դատարանը, 17.07.2017 թվականի որոշմամբ մերժելով կառավարչի գործողությունների դեմ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացրած բողոքները, արձանագրել է, որ թեև պարտատերերը նշել են, որ վաճառքի ծրագիրը չի պարունակում պարտապանի ողջ գույքի մասին տեղեկություններ, սակայն դա չի բացառում հետագայում դրանք վաճառքի ներկայացնելու հնարավորությունը` վաճառքի ծրագրում փոփոխություն կատարելու եղանակով: Անդրադառնալով գույքի վաճառքի ծրագիրն առանց պարտատերերի կողմից հաստատման Դատարան ներկայացնելու հարցին` Դատարանը գտել է, որ պարտատերերի ժողովի կողմից ծրագիրը չհաստատելը կարող է իրականացվել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ գործողություններով: Անդրադառնալով գույքի վաճառքի միջնորդության ներկայացման համար սահմանված եռօրյա ժամկետի պահպանված չլինելու հարցին` Դատարանը նշել է, որ այդ փաստարկին անդրադարձել է 14.07.2017 թվականի որոշմամբ` երաշխավորելով պարտատերերի իրավունքների արդյունավետ իրականացման հնարավորությունը, ուստի պարտատերերի իրավունքները չեն խախտվել:

 

Վերաքննիչ դատարանը, բավարարելով «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները, արձանագրել է, որ կառավարիչը Դատարանին ներկայացրել է գույքի վաճառքի ծրագիր 12 լոտով, ինչը չէր քննարկվել պարտատերերի ժողովում: Բացի այդ, գույքի վաճառքի ծրագիրը պարտապանի ամբողջական գույքը չի ներառել: Կառավարիչը չի հիմնավորել պարտատերերի ժողովի կողմից ծրագիրը չհաստատելը կամ ժողովն անցկացնելու անհնարինությունը: Նման պայմաններում հաստատելով գույքի վաճառքի ծրագիրը` Դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի խախտում:

Անդրադառնալով պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության վերաբերյալ կառավարչի միջնորդության կապակցությամբ Դատարանի որոշման հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանն անտեսել է, որ կառավարիչը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարտատերերին տեղեկացնելու եռօրյա ժամկետի խախտում` զրկելով պարտատերերին յոթնօրյա ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորությունից: Միաժամանակ Դատարանն անտեսել է, որ հրապարակային սակարկություններով պարտապանի գույքը վաճառելու միջնորդությունը 04.07.2017 թվականին ներկայացնելու պահին առկա չի եղել պարտատերերի ժողովի կողմից հաստատված ծրագիր:

Ինչ վերաբերում է կառավարչի գործողությունների դեմ բերված բողոքների քննության արդյունքում Դատարանի կայացրած որոշմանը, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը, առանց քննելու 13.07.2017 թվականին կառավարչի գործողությունների դեմ բերված բողոքները, 14.07.2017 թվականին որոշում է կայացրել թույլատրել վաճառել պարտապանի գույքը և միայն 17.07.2017 թվականին է քննության առել բողոքները` արձանագրելով, որ կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի խախտում թույլ չի տրվել, որպիսի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատել է անհիմն:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում, գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառավարչի մոտ ողջամտորեն կարող էր ձևավորվել համոզմունք այն մասին, որ պարտատերերի ժողովների հետաձգման արդյունքում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը չի հաստատվելու, որպիսի պայմաններում կառավարիչն իրավասու էր գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնել Դատարանի հաստատմանը` առանց պարտատերերի ժողովի հաստատման: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ մոտ չորս ամսվա ընթացքում ժողովները հետաձգվել են չորս անգամ` այդպես էլ պարտատերերի կողմից ընդհանուր համաձայնության չգալով պարտապանի գույքի վաճառքի ծրագրի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ կառավարիչը պարտավոր է սնանկության վարույթում հաշվի առնել ինչպես բոլոր պարտատերերի, այնպես էլ պարտապանի շահերը, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում կառավարչի կողմից առանց պարտատերերի ժողովի հաստատման գույքի վաճառքի ծրագիրը Դատարան ներկայացնելու լիազորության կիրառումը` եզրահանգելով, որ սույն գործով առկա է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի  75-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված բացառությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման հանգել է Դատարանը, և որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի վաճառքի ծրագրում  պարտապանի որոշակի գույքի բացակայությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ ծրագրի հաստատմանը` նկատի ունենալով, որ կառավարիչը գույքի վաճառքը նախատեսում էր իրականացնել 12 լոտերով` ըստ յուրաքանչյուր լոտում ներառված գույքի որոշակի նպատակային նշանակության, և որոշակի գույքի բացակայությունը տվյալ վաճառքի ծրագրում ինքնին չի բացառում հետագայում վաճառքի ծրագրում կատարվող փոփոխություններով դրանց վաճառքի կազմակերպումը:

Ինչ վերաբերում է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին միջնորդության քննության արդյունքներով Դատարանի կայացրած որոշման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն արձանագրել է կառավարչի կողմից ժամկետի խախտմամբ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը և առարկություն ներկայացնելու յոթնօրյա ժամկետի սկիզբ է սահմանել 07.07.2017 թվականը` դրանով իսկ ապահովելով ընդհանուր առմամբ պարտատերերի համար նախատեսված տասնօրյա (մինչև դատարան միջնորդություն ներկայացնելը երեք և դատարան ներկայացնելուց հետո յոթ օր) ժամանակահատվածը` փաստորեն «շտկելով» կառավարչի թույլ տված խախտումը: Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում պահպանվել է պարտատերերի կողմից առարկություն ներկայացնելու տասնօրյա ժամկետը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատերերի իրավունքների խախտում թույլ չի տրվել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն առարկել են կառավարչի գործողությունների դեմ Դատարան ներկայացված երկու միջնորդությունների մասով էլ, իսկ Դատարանի կայացրած երեք որոշումները փոխկապակցված են, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով սահմանված` պարտատերերի կողմից առարկություն ներկայացնելու բովանդակային սահմանափակումը կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով, որ կառավարչի գործողությունների դեմ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն առարկել են գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին միջնորդությունների` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթներին չհամապատասխանելու մասով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իրավացիորեն նախ քննարկել է կառավարչի միջնորդությունները, այնուհետև մերժել է կառավարչի գործողությունների դեմ բողոքները` նկատի ունենալով, որ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին միջնորդությունները համապատասխանել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանի կողմից թույլ տված նյութական իրավունքի խախտումը հանգեցրել է վեճի սխալ լուծման: Բացի այդ, թույլ տրված խախտման արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, այն է` Վերաքննիչ դատարանը, սահմանափակելով կառավարչի կողմից գույքի վաճառքի ծրագիրը Դատարանի հաստատմանը ներկայացնելու լիազորությունը, հաշվի չի առել կառավարչի լիազորություններն ի շահ բոլոր պարտատերերի և պարտապանի իրականացնելու հանգամանքը, ինչպես նաև, բեկանելով Դատարանի որոշումը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունը բավարարելու մասին, հաշվի չի առել, որ Դատարանն արդեն իսկ ապահովել էր պարտատերերի իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը` դրանով իսկ Դատարանի որոշումը բեկանելով ձևական հիմքով: Վերոգրյալի արդյունքում բեկանելով նաև Դատարանի 17.07.2017 թվականի որոշումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է կառավարչի` իր գործառույթները «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայեցողական լիազորությունների շրջանակներում իրականացնելու իրավունքը:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտերին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի ««Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության սնանկության գործով գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին», 14.07.2017 թվականի ««Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին», 17.07.2017 թվականի «ԵՇԴ/0111/04/16 սնանկության գործով կառավարչի գործողությունների դեմ պարտատերերի կողմից բերված բողոքները քննության առնելու մասին» որոշումներին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան