ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «09» հունիսի 1993 թ. Հ.Ն-0850-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «13» դեկտեմբերի 1993 թ. Հ.Ն-0968-I
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է անհատ ձեռներեց հասկացությունը, անհատ ձեռներեցի գրանցման կարգը, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, գործունեության ընտրության և դադարեցման պայմանները, գործունեության երաշխիքները:
Հոդված 1. | Անհատ ձեռներեցի մասին օրենսդրությունը |
Անհատ ձեռներեցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան ընդունված են սույն օրենքով, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:
Հոդված 2. | Անհատ ձեռներեցը |
Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռներեցը այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է տնտեսական որոշակի գործունեություն` ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, արտադրական գործունեություն, և որը գործում է ինքնուրույն և իր անունից:
Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռներեց կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 3. | Անհատ ձեռներեցի գործունեությունը |
Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն:
Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել տնտեսական գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, առանձին տեսակներ` հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունենալու դեպքում:
Հոդված 4. | Անհատ ձեռներեցի գրանցումը |
Անհատ ձեռներեցին գրանցում է պետական համապատասխան մարմինը: Անհատ ձեռներեց գրանցվելու համար դիմողը գրանցող մարմնին ներկայացնում է.
ա) դիմում` նշելով թղթակցային (բնակության) հասցեն և հավաստումը, որ ինքը չի հանդիսանում որևէ ձեռնարկության լիակատար պատասխանատվությամբ անդամ, մասնավորապես` անհատական (ընտանեկան) ձեռնարկության, լրիվ տնտեսական ընկերակցության և այլն, ինչպես նաև, որ այլ տեղ գրանցված չէ որպես անհատ ձեռներեց.
բ) հատուկ թույլտվություն (լիցենզիա)` տնտեսական գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, առանձին տեսակներ ձեռնարկելու դեպքում:
Գրանցող մարմինը գրանցամատյանում գրառում է կատարում սույն հոդվածում նշված փաստաթղթերը դիմողից ընդունելու մասին և 15 օրվա ընթացքում որոշում է կայացնում անհատ ձեռներեցի գրանցման մասին:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցին գրանցելու դեպքում գրանցման պահից երկու օրվա ընթացքում նրան հանձնում է անհատ ձեռներեցի վկայական:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցումը կարող է մերժել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի պահանջներին դիմողի ներկայացրած փաստաթղթերը չհամապատասխանելու և (կամ) դիմողի տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման դեպքում:
Այլ պատճառներով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, անհատ ձեռներեցի գրանցման մերժում չի թույլատրվում:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցումը մերժելու մասին պաշտոնապես հայտնում է դիմողին` մերժելու պահից երկու օրվա ընթացքում:
Եթե գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցման փաստաթղթերն ընդունելու մասին գրանցամատյանում գրառում կատարելու պահից 25 օրվա ընթացքում պաշտոնապես դիմողին չի հայտնում որպես անհատ ձեռներեց նրա գրանցումը մերժելու մասին, ապա անհատ ձեռներեցը համարվում է գրանցված, և գրանցող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում նրան հանձնել անհատ ձեռներեցի վկայական:
Գրանցող մարմինը, անհատ ձեռներեցի դիմումի համաձայն, նրան գրանցելու համար սահմանված ժամկետներում կարող է անհատ ձեռներեցի գրանցման փաստաթղթերում և վկայականում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
Սահմանված ժամկետներում սույն հոդվածի պահանջները չկատարելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 5. | Անհատ ձեռներեցի վկայականը |
Անհատ ձեռներեցի վկայականը անհատ ձեռներեցին և նրա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթն է:
Անհատ ձեռներեցի վկայականում գրանցվում է.
ա) անհատ ձեռներեցի գրանցման համարը որպես անհատ ձեռներեցի վկայականի համար,
բ) անհատ ձեռներեցի անվանումը,
գ) անհատ ձեռներեցի գործունեության բնույթը և (կամ) տնտեսական գործունեության տեսակը,
դ) անհատ ձեռներեցի թղթակցային (բնակության) հասցեն,
ե) անհատ ձեռներեցի հայեցողությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ տվյալներ,
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
Գրանցող մարմնի կողմից անհատ ձեռներեցի վկայականում փակցվում է անհատ ձեռներեցի լուսանկարը, դրվում է ստորագրություն և այն վավերացվում է կնիքով:
Հոդված 6. | Անհատ ձեռներեցի անվանումը |
Անհատ ձեռներեցի անվանումը համապատասխան տնտեսական գործունեությամբ զբաղվելու ընթացքում անհատ ձեռներեցին բնորոշող անունն է:
Անհատ ձեռներեցի անվանումը պարունակում է.
ա) «Հայաստանի Հանրապետության թ. ------------------------------ անհատ ձեռներեց» արտահայտությունը
(վկայականի համարը)
կամ համարժեք «ՀՀ թ. ------------------------------ ԱՁ» հապավումը,
(վկայականի համարը)
բ) անհատ ձեռներեցի քաղաքացիական անուն-ազգանունը:
Անհատ ձեռներեցի անվանումը պարտադիր պետք է լինի անհատ ձեռներեցի գործարարական բոլոր փաստաթղթերում:
Հոդված 7. | Անհատ ձեռներեցի ֆինանսական ցուցանիշը |
Անհատ ձեռներեցի ֆինանսական ցուցանիշը ստացած եկամուտն է:
Անհատ ձեռներեցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում է ստացած եկամտին համապատասխան հարկեր:
Հոդված 8. | Անհատ ձեռներեցի իրավունքները |
Անհատ ձեռներեցն իրավունք ունի.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային կարգով օգտագործել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների գույքն ու գույքային իրավունքները,
բ) փոխանցել գույքային իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով, այդ թվում` գույքն օտարելով, վարձակալության տալով և այլն,
գ) Հայաստանից արտահանել և Հայաստան ներմուծել գույք, մասնավորապես` հումք, արտադրանք և այլն,
դ) տրամադրել փոխառություններ և դրանք ապահովելու համար գրավ վերցնել,
ե) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ թվում` ներգրավել փոխառու միջոցներ, ինչպես նաև` ներքին շրջանառության և ցանկացած արժույթով դրամական իր միջոցները պահելու, բանկային հաշվարկային և վարկային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար, ունենալ հաշվարկային և այլ հաշիվներ Հայաստանի Հանրապետության բանկային ցանկացած հիմնարկում,
զ) անհատույց կամ փոխառության ձևով Հայաստանի Հանրապետության պետական` հանրապետական, տեղական բյուջեից, պետական նպատակային հիմնադրամներից կամ այլ աղբյուրներից ստանալ միջոցներ ուղղակի ներդրումների, վարկերի, պարգևների և այլ ձևերով,
է) օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել և փոխարկել արժույթ,
ը) կնքել պայմանագրեր, ստանձնել պարտավորություններ, տալ մուրհակներ, լինել գրավատու և գրավառու, վարկեր տալ իր հետ կնքված պայմանագրերը կատարելու համար,
թ) վարել ինքնուրույն արտաքին տնտեսական գործունեություն` ստեղծել և տնտեսական կապեր հաստատել այլ պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, այլ պետություններում իրենց օրենսդրությանը համապատասխան կատարել ներդրումներ և իրականացնել տնտեսական գործունեություն, այդ թվում` միջնորդ կազմակերպությունների միջոցով,
ժ) ներդնել կամ միավորել իր միջոցներն ու ձեռնարկատիրական ջանքերը ցանկացած ձեռնարկության և կազմակերպության գործունեության մեջ,
ժա) անդամակցել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների ձեռնարկությունների տնտեսական միավորումներին, ինչպես նաև` ձեռնարկությունների միջազգային տնտեսական միավորումներին (ասոցիացիաներին, կոնցեռններին և այլն),
ժբ) ունենալ կնիք և դրոշմակնիք,
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնել, ձեռք բերել ցանկացած կազմակերպական իրավական տեսակի ձեռնարկություն, ինչպես նաև ունեցածը վերակազմավորել այնպիսինի, որում ինքը` անհատ ձեռներեցը, չի լինի լիակատար պատասխանատվությամբ անդամ,
ժդ) դատական կարգով պաշտպանել իր շահերը, լինել հայցվոր և պատասխանող դատարանում,
ժե) դիմել գրանցող մարմնին գրանցման փաստաթղթերում և վկայականներում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար,
ժզ) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և այլ իրավունքներից:
Անհատ ձեռներեցը իրավունք չունի.
ա) ունենալ վարձու աշխատողներ,
բ) թողարկել արժեթղթեր` բացառությամբ մուրհակների,
գ) միաժամանակ լինել որևէ ձեռնարկության լիակատար պատասխանատվությամբ անդամ,
դ) դիմել այլ տեղ դարձյալ անհատ ձեռներեց գրանցվելու համար:
Հոդված 9. | Անհատ ձեռներեցի պարտականությունները |
Անհատ ձեռներեցը պարտավոր է.
ա) վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևի գործավարական մատյան և դրանում գրանցումներ կատարել բոլոր գործառնությունների մասին,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հսկիչ և վերահսկիչ մարմիններին ներկայացնել գործավարական մատյանը և գրանցումները հիմնավորող փաստաթղթերը,
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր,
ե) պահպանել ֆինանսական կարգապահությունը,
զ) ձեռնարկության գործունեությունում պահպանել բնության պահպանության և մարդու առողջության անվտանգության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված , պայմանները,
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել իր սնանկանալու մասին, երբ սպառվում է ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունը,
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ` նույն կարգով ստանձնած մյուս պարտավորությունները և դրա համար կրել պատասխանատվություն:
Հոդված 10. | Անհատ ձեռներեցի գործունեության երաշխիքները |
Անհատ ձեռներեցի գործունեության երաշխիքները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձեռներեցության ազատության սկզբունքից:
Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռներեցին երաշխավորվում է`
ա) գրանցվելու իրավունքը և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը,
բ) իրավահավասարությունը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բոլոր անձանց նկատմամբ,
գ) գույքի, իրավունքների և շահերի պաշտպանությունը,
դ) պետական մարմինների չմիջամտելը ձեռնարկատիրական գործունեությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
ե) ստացած եկամտից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումները կատարելուց հետո մնացած եկամտի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքները:
Պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կամ դրանց լիազորված ներկայացուցիչների կողմից ձեռնարկված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործունեության, անհատ ձեռներեցի իրավունքների խախտման, նրա նկատմամբ ունեցած պարտավորությունների անբարեխիղճ կատարման հետևանքով անհատ ձեռներեցին պատճառած վնասը, այդ թվում և բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման այդ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. | Անհատ ձեռներեցի պատասխանատվությունը |
Անհատ ձեռներեցն իր պարտականությունների և ստանձնած պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն իր անձնական այն գույքով, որի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Անհատ ձեռներեցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր կողմից այլ անձանց, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին կամ կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) պատճառած վնասի, այդ թվում և բաց թողնված օգուտների համար, և վնասը կարող է հատուցվել բռնագանձման միջոցով:
Հոդված 12. | Անհատ ձեռներեցի գործունեության դադարեցումը |
Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2001, ՀՕ-167 | 02.05.2001, ՀՕ-90 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|