Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1492
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540).1 Հոդ.1157.3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
03.12.2019
Дата вступления в силу
03.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

3 դեկտեմբերի 2019 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացուցիչ` ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) միջև ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:

Համաձայնագրի հիման վրա վարկավորվող ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) գլխավոր նպատակն է ուժեղացնել Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունությունը և զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները՝ մասնավորապես, պետական պարտքի և ֆիսկալ ռիսկերի կառավարման ուժեղացման, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավման, կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացման միջոցով:

Համաձայնագրով ԱԶԲ-ն համաձայնում է վերոհիշյալ նպատակի իրագործման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ՝ 36,506,000 եվրո գումարի չափով: Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարվա ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված՝ 3 տարի: Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագրին նախորդել են Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված 2017 թվականի հոկտեմբերի 27-ի «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) և 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրերը, որոնց հիման վրա ԱԶԲ-ն Հայաստանի Հանրապետությանը նույն նպատակով տրամադրել է համապատասխանաբար՝ 40 000 000 ԱՄՆ դոլարի և 50 000 000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ԱԶԲ-ին վճարել տոկոսներ` մայր գումարի առհանված և դեռևս չվճարված գումարի նկատմամբ՝ յուրաքանչյուր տոկոսադրույքի ժամանակահատվածի համար, որի չափը հավասար է EURIBOR և 0.60 %, ինչպես սահմանվում է Վարկային կանոնակարգի 3.02 բաժնում, հանած 0.10 %, ինչպես սահմանվում է Վարկային կանոնակարգի 3.03 բաժնում (հոդված II, բաժին 2.02),

- վճարել տարեկան կտրվածքով 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվարկվում է վարկի ամբողջական գումարի նկատմամբ (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)` սկսած Համաձայնագրի ամսաթվին հաջորդող 60 օրվանից հետո,

- Վարկի նկատմամբ տոկոսագումարը և մյուս վճարները կատարել կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին (հոդված II, բաժիններ 2.03 և 2.04),

- վերադարձնել վարկի մայր գումարը սկսած 2023թ. մայիսի 1-ից մինչև 2034թ. նոյեմբերի 1-ը` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին Վարկային հաշվից առհանված 4.166667% մասնաբաժնով (հոդված II, բաժին 2.05, Հավելված 2),

- ապահովել, որ վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով` Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված III, բաժին 3.01),

- առհանել վարկի միջոցները Համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02),

- ապահովել Ծրագրի գործադիր մարմնի և Ծրագիրն իրականացնող մարմինների համապատասխանությունը ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն քաղաքականությանը, ԱԶԲ-ին իրավունք վերապահել ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ կոռուպցիոն, խարդախության, դավադրության կամ հարկադրանք պարունակող գործելակերպ և համագործակցել այդպիսի հետաքննության մասով (հոդված IV, բաժին 4.01, 4-րդ հավելվածի 5-րդ կետ),

- որպես Վարկային կանոնակարգի 7.01 և 7.04 բաժիններում նշված տեղեկությունների և հաշվետվությունների բաղկացուցիչ մաս՝ ԱԶԲ-ին տրամադրել կամ ապահովել, որպեսզի տրամադրվեն Տեղական արժույթով համարժեք միջոցներին ու դրանց օգտագործմանը և Ծրագրի իրագործմանը, այդ թվում՝ Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված թիրախների իրագործմանը և գործողությունների կատարմանն առնչվող ողջամտորեն պահանջված բոլոր հաշվետվությունները և տեղեկությունները (հոդված IV, բաժին 4.02),

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ, ապա վերադարձնել վարկային միջոցների առհանման չափով վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին կետին համապատասխան (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «ա»),

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել վարկի մայր գումարի մարման առաջին օրվա դրությամբ, ապա վարկի մայր գումարի առաջին մարման օրվանից հետո ցանկացած առհանման դեպքում վերադարձնել նման առհանմանը հաջորդող՝ վարկի մայր գումարի յուրաքանչյուր մարման օրը՝ ԱԶԲ-ի կողմից սահմանված վճարման ենթակա գումարի չափով (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «բ»),

- բացառապես վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվա դրությամբ վճարվելիք մայր գումարները հաշվարկելու նպատակներով վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվան նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկել որպես առհանված և չվճարված՝ առհանման օրվան հաջորդող՝ վարկի մայր գումարի մարման երկրորդ օրվա դրությամբ և վճարել առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվանից սկսած՝ մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 3),

- Դեպոզիտային հաշվի հետ կապված՝ վարել առանձին հաշիվներ և գրանցումներ՝ ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքներին համապատասխան և վերջինիս պահանջով կազմակերպել աուդիտի միջազգային ստանդարտներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի՝ դրանց տեղական համարժեքին համապատասխան Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար: Դրանք կազմելուց անմիջապես հետո, սակայն ամեն դեպքում ոչ ուշ, քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս հետո աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների կարծիքները տրամադրել ԱԶԲ-ին՝ անգլերենով (Հավելված 3, կետ 3, ենթակետ «բ»),

- վարկային միջոցները չառհանել Համաձայնագրի 3-րդ հավելվածի առդիրում նշված որևէ ապրանքի ֆինանսավորման նպատակով (Հավելված 3, կետ 4),

- ապահովել, որ Տեղական արժույթով համարժեք միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համահունչ՝ որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով (Հավելված 4, կետ 4):

 

3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով տրամադրվող վարկի միջոցներն ուղղվելու են բյուջետային պակասորդի ֆինանսավորմանը, և դրա հետ կապված՝ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1492

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան