Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1503
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.01.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.29/6(1561) Հոդ.22
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
21.01.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
21.01.2020
Дата вступления в силу
21.01.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

21 հունվարի 2020 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ՝ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

- համագործակցել Համաձայնագրի կողմերի (Կողմեր) հետ՝ համաձայն Համաձայնագրի և այլ միջազգային պայմանագրերի դրույթների, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը, միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության անհապաղ տրամադրման հարցում աջակցության, վթարների հետևանքները նվազագույնի հասցնելու և բնակչության առողջության, գույքի և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ արտանետումներից և իոնիզացնող ճառագայթման ազդեցության պաշտպանության նպատակներով,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմինը Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկությունների հիման վրա համատեղ մշակի իրազեկման միասնական ձևերը, որոշի փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, նույնական կապի կետերը և իրազեկման սարքավորումները, համագործակցի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների մշտադիտարկման միջպետական համակարգի ստեղծման գործընթացում,

- օգնությունը տրամադրել գրավոր դիմումի հիման վրա, որով հայցող Կողմը տեղեկացնում է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի և, հնարավորության դեպքում, դրա վտանգավորության աստիճանի գնահատականի վերաբերյալ՝ նշելով օգնության անհրաժեշտ ձևը և ծավալը,

- որպես տրամադրող Կողմ` անհապաղ ուսումնասիրել հայցող Կողմի դիմումը և, իր հերթին, տեղեկացնել վերջինիս օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների, այդ թվում՝ ֆինանսական, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների նշանակումների վերաբերյալ և ձեռք բերել համապատասխան համաձայնեցումներ հայցող Կողմի հետ,

- միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի հետևանքների վերացման համար օգնությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմնի կողմից օգնության ցուցաբերման խմբերի ուղարկման կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տրամադրման միջոցով,

- որպես հայցող Կողմ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբին ապահովել առաջնահերթ մուտքի թույլտվություն Հայաստանի Հանրապետության տարածք,

- երաշխավորել, որ որպես հայցող Կողմ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես ներկրված հատուկ տեխնիկան, սարքավորումները, հանդերձանքը, գործիքները և նյութերն օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից և ապաակտիվացումից հետո ենթակա լինեն վերադարձման օգնություն տրամադրող պետության տարածք Կողմերի միջև համաձայնեցված կարգով,

- որպես հայցող Կողմ հանդես գալու պարագայում` կրել Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման պատասխանատվությունը,

- միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման համար Համաձայնագրի մասնակից պետությունների անցակետերով տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տեղաշարժի հսկողության եղանակների ու միասնական իրականացման նպատակով նպաստել անցակետերում վերահսկման տեխնիկական միջոցների միավորմանը և պետությունների միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների կարգավորման վերաբերյալ օրենքի ներդաշնակեցմանը,

- որպես հայցող Կողմ` տրամադրող Կողմի՝ Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում փոխհատուցել Հայաստանի Հանրապետության տարածքում օգնության ցուցաբերման հետ կապված տրամադրող Կողմի բոլոր ծախսերը՝ տրամադրող Կողմի կողմից եռամսյա ժամկետում փոխհատուցման տրամադրման խնդրանքի ներկայացման դեպքում, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել,

- որպես հայցող Կողմ` տրամադրող Կողմի՝ Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում օգնության տրամադրման խմբերին օգնության տրամադրման իրականացման շրջանակներում տրամադրել անձեռնմխելիություն ձերբակալումից, կալանավորումից և դատական գործընթացներից, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն, ազատել հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների, նյութերի և դեղորայքի ներկրման հարկերից, տուրքերից և մաքսային վճարներից՝ բացառությամբ ապրանքի կամ ծառայությունների արժեքում ներառվածներից,

- որպես տրամադրող Կողմ` օգնություն ցուցաբերող խմբի փոխադրումը հայցող Կողմի պետության տարածք իրականացնել Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակ ունեն ամրապնդելու միջուկային վթարների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցմանն ուղղված՝ արդեն իսկ ձեռնարկվող բազմակողմանի միջոցառումները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

21 հունվարի 2020 թվականի

ՍԴՈ-1503

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան