Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.02.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.22/4(1559) Հոդ.6.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.02.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.02.2019
Дата вступления в силу
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՄԴ/0064/01/09

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2019 թվականի փետրվարի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Ռուբեն Ասծատուրի Զիլֆուղարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2010 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Ռուբեն Զիլֆուղարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժների լրիվ գումարման սկզբունքի կիրառմամբ, Ռ.Զիլֆուղարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 150.000 ՀՀ դրամի չափով։

2. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 21 դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 21-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի մարտի 29-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի միջնորդությունը բավարարվել է, և Ռ.Զիլֆուղարյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված 150.000 ՀՀ դրամ տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներով՝ 750 ժամ տևողությամբ:

5. Դատապարտյալ Ռուբեն Զիլֆուղարյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Ռուբեն Զիլֆուղարյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] իր` Գորիս քաղաքի Յոլյան նրբանցքի թիվ 49 տանը իրացնելու նպատակով պահել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 20.35 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և 0.9 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ (…):

Բացի այդ, Ռուբեն Զիլֆուղարյանն իր տանն, առանց իրացնելու նպատակի, պահել է 3 հատ` յուրաքանչյուրը 0.23 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ, որոնցում հոգեմետ ակտիվ բաղադրատարրի ընդհանուր քաշը կազմել է զգալի չափերի հասնող` 0.15 գրամ «տրամադոլ» հոգեմետ նյութ (...)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

8. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ռուբեն Զիլֆուղարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի     426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

(…)

3. Սույն հոդվածի առաջին (…) մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(…)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի     1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել ավելի քան 10 գրամը, իսկ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանվել ավելի քան 12.5 գրամը, իսկ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռուբեն Զիլֆուղարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի՝ 20.35 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և առանց իրացնելու նպատակի զգալի չափի` 0.15 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պահելու համար5:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնում Ռ.Զիլֆուղարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են դատապարտյալ Ռ.Զիլֆուղարյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են առանց իրացնելու նպատակի 0.15 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պահելու արարքի հանցավորությունը: Ուստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ռ.Զիլֆուղարյանի կողմից կատարված հանցանքի վրա։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ռուբեն Զիլֆուղարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը վերանայելու համար։

17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և դատապարտյալ Ռուբեն Զիլֆուղարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ դատապարտյալ Ռ.Զիլֆուղարյանի նկատմամբ նշանակված 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից պետք է հանել 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով ու հանրային աշխատանքներ՝ 750 ժամ տևողությամբ՝ պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի մարտի 10-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Ռուբեն Ասծատուրի Զիլֆուղարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 21 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դատապարտյալ Ռուբեն Ասծատուրի Զիլֆուղարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Դատապարտյալ Ռուբեն Զիլֆուղարյանի նկատմամբ նշանակված 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից հանել 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով, ու հանրային աշխատանքներ՝ 750 ժամ:

Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի մարտի 10-ից:

4. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 

 

 

_________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 102-130:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Դատավորներ՝

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
  Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
  Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
  Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
 

Ս. ՕՀԱՆՅԱՆ