Գլխավոր տեղեկություն
Номер
N 1807-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.16/91(1544) Հոդ.1196
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2019
Дата вступления в силу
17.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1807-Ն

 

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդը (այսուհետ` մաքսային կցորդ) գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

2. Մաքսային կցորդը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ՝ Վերին Լարսի անցակետ) առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում:

3. Մաքսային կցորդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն որոշմամբ:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Մաքսային կցորդի խնդիրներն են`

1) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության՝ մաքսային ոլորտին առնչվող շահերի ներկայացումը, մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցության ապահովումը, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկումը.

3) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկությունների հավաքագրումը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանց տրամադրումը։

 

III. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Մաքսային կցորդի գործառույթներն են`

1) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատանքային կապերի ապահովումը.

3) իր լիազորությունների և իրավասությունների սահմաններում Եվրասիական տնտեսական միության օրենսդրության դիտանցումը, դրա կիրառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկների ներկայացումը.

4) մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի հետ.

5) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված գործընթացներում ծագող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի մշակումը, ձեռնարկումը.

6) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը, ամփոփումը և ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանց տրամադրումը, այդ տեղեկությունների հիման վրա մշակված և առկա իրավիճակի հնարավոր բարելավմանն ուղղված առաջարկների՝ ըստ անհրաժեշտության ներկայացումը.

7) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հետ համագործակցության շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման աշխատանքների իրականացման ապահովումն ու աջակցության ցուցաբերումը.

8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված և սույն կարգով սահմանված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթների իրականացումը:

 

 IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԸ

 

6. Մաքսային կցորդը՝

1) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

2) նշանակվում է երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով.

3) Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) Ռուսաստանի Դաշնությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:

7. Մաքսային կցորդը նշանակվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն մեկ տարի գլխավոր կամ բարձրագույն պաշտոնների խմբի պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում առնվազն մեկ տարի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից, որն ազատորեն տիրապետում է առնվազն երկու (ներառյալ՝ ռուսերեն) օտար լեզվի:

8. Մաքսային կցորդն ունի`

1) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և ձևաթուղթ.

2) առանձին բանկային հաշիվ.

3) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր:

9. Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվում է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ քաղաք Վլադիկավկաս:

 

V. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Մաքսային կցորդը՝

1) գործում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարականներով՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում.

2) իր կատարած աշխատանքների մասին հաշվետու է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին.

3) իր ընթացիկ գործունեության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին.

4) իր ընթացիկ գործունեության ընթացքում համագործակցում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության այլ ներկայացուցիչների հետ:

11. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները մաքսային կցորդին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի միջոցով:

 

VI. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Մաքսային կցորդի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:

13. Մաքսային կցորդի պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան