Գլխավոր տեղեկություն
Номер
N 896-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.752
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.07.2003
Дата вступления в силу
14.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 896-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկը (այսուհետ՝ պետական հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Ընդունել ի գիտություն, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական հիմնարկի իրավահաջորդն է՝ փոխանցման ակտի հիման վրա:

3. Պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ 7923,3 հազ. դրամ արժողությամբ, սեփականության իրավունքով հանձնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի։

Պետական հիմնարկի տնօրինության՝ 571 հազ. դրամ արժողությամբ՝ Փավստոս Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի 600 քառ. մետր տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են՝

ա) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումն ու հանրահռչակումը.

բ) Հայաստանի Հանրապետության պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառումը՝ պետական ցուցակների, վկայագրերի, պահպանական գոտիների, վերականգնման և բարեկարգման նախագծերի ու վավերագրերի կազմումը.

գ) «Հայկական պատմամշակութային հուշարձանների դիվան» հրատարակության և «Հուշարձան» տարեգրքի պատրաստումն ու հրատարակումը.

դ) հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմումը և թվայնացումը.

ե) օրենքով սահմանված կարգով՝ պատմամշակութային վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարումը:

5. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտությունների ու մշակումների իրականացում.

բ) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ինժեներական սարքավորանքի ուրվագծերի (բնակավայրերի ու թաղամասերի պատմամշակութային հիմնավորման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների բարեկարգման, վերականգնման և այլ նախագծերի) մշակում.

գ) պատմամշակութային անշարժ հուշարձանների մասին տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում.

դ) հրատարակչական գործ.

ե) տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեության իրականացում.

զ) պատմամշակութային ժառանգության բնագավառի կադրերի վերապատրաստում.

է) պատմամշակութային շարժական և անշարժ հուշարձանների նյութաբանական, մարդաբանական և հնէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում ու հնագիտական գտածոների վերականգնում.

ը) պատմամշակութային, մշակութաբանական և հնագիտական փորձաքննությունների իրականացում.

թ) «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության խնդիրներին և նպատակներին համապատասխան՝ ծառայությունների մատուցում, պատմամշակութային հուշարձանների մանրակերտերի և հուշանվերների պատրաստում ու իրացում.

ժ) մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրերի մշակում։

(5-րդ կետը լրաց. 15.01.15 N 3-Ն)

6. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։

8. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, իսկ հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2003 թվականի միջոցների հաշվին:

9. Լուծարել «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» պետական հիմնարկը:

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» պետական հիմնարկի լուծարման գործընթացը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հուլիսի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 896-Ն
15.01.2015, N 3-Ն 08.02.2015, N 896-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան