Գլխավոր տեղեկություն
Номер
N 618-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.24/36(1125) Հոդ.494
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2015
Дата вступления в силу
04.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 618-Ն

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ և 19-րդ հոդվածների 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Օրենքով սահմանված պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, վերջինիս անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ.

2) հաստատել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 618-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու (այսուհետ` արդյունաբերական գոտի) ստեղծման նպատակով հայտերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

 

II. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Արդյունաբերական գոտին կարող է ստեղծվել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ (այսուհետ` հայտատու):

4. Արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) արդյունաբերական գոտում մատուցվելիք ծառայությունների ցանկը և սակագները.

3) արդյունաբերական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները.

4) գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը.

5) գործարար ծրագիրը, որը պետք է համապատասխանի սույն կարգի IV գլխում նշված չափանիշներին:

5. Հայտի ուսումնասիրման և գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը քսան աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և դրանց ամբողջականության կամ անճշտությունների բացակայության դեպքում՝ գնահատում գործարար ծրագիրն ու համապատասխան եզրակացությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ փաստաթղթերում առկա են թերություններ, ապա հանձնաժողովը հայտատուին առաջարկում է երկու աշխատանքային օրվա ընթացքում լրացնել ցանկը կամ վերացնել թերությունները: Բացասական եզրակացության համար հիմք է հայտի` սույն կարգով սահմանված գործարար ծրագրի բացասական գնահատականը կամ հանձնաժողովի կողմից ներկայացված թերությունները չվերացնելը:

7. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

8. Հանձնաժողովը կազմված է 11 անձից` նախագահից, քարտուղարից և 9 անդամից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի (համաձայնությամբ) ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահ է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ քարտուղար` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

9. Հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ընդունում համապատասխան եզրակացություն և երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին, որը մշակում է համապատասխան որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: Յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է արդյունաբերական գոտի ստեղծելու և արդյունաբերական գոտու կազմակերպիչ ճանաչելու կամ մերժելու մասին համապատասխան որոշում:

11. Որոշումն ընդունվելուց հետո լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կազմակերպչին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ:

 

IV. ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

12. Գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) գնահատում է հանձնաժողովը` յուրաքանչյուր գնահատման չափանիշի համար կիրառելով կշռային գործակիցներ, որոնց համախումբը չպետք է գերազանցի 100 միավորը: Ելնելով արդյունաբերական գոտու գործառնական նշանակությունից` յուրաքանչյուր չափանիշին տրվող կշռային գործակցի մեծությունը յուրաքանչյուր անգամ կսահմանվի հանձնաժողովի կողմից` նախքան գնահատում իրականացնելը: 51 և ավելի միավոր ստացած ծրագիրը գնահատվում է դրական:

13. Ծրագիրը գնահատվում է` ելնելով հետևյալ չափանիշներից`

1) ծրագրի համապատասխանությունն արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին.

2) տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը.

3) ընդհանուր ներդրումների ծավալները և ուղղությունները.

4) տեղեկատվությունը հիմնական ռազմավարական գործընկերների կամ հնարավոր շահագործողների մասին (առկայության դեպքում).

5) արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու ծառայությունների մատուցումն ապահովող իրավաբանական անձի կողմից շահագործողներ ներգրավելու ուղղությամբ քաղաքականության առկայությունը:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 618-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու (այսուհետ` արդյունաբերական գոտի) կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. «Արդյունաբերական գոտի ստեղծելու և արդյունաբերական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս լիազոր մարմնի, կազմակերպչի հետ կնքում է արդյունաբերական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

4. Արդյունաբերական գոտու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ռեժիմը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքված պայմանագրում նշված ժամկետի ընթացքում:

5. Արդյունաբերական գոտու կազմակերպման նպատակով կազմակերպիչը պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատի, օգտագործի արդյունաբերական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները:

6. Արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպիչը պայմանագիր է կնքում շահագործողների հետ:

7. Կազմակերպիչը պետք է սահմանի արդյունաբերական գոտու անվտանգության ներքին կանոնների առանձնահատկությունները, ապահովի արդյունաբերական գոտուն օրենքով ներկայացվող պահանջների և արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը:

8. Կազմակերպիչը լիազոր մարմնին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունը արդյունաբերական գոտու՝ նախորդ տարվա գործունեության մասին:

9. Արդյունաբերական գոտու միջազգային ճանաչման և նրանում շահագործողների ներգրավման նպատակով կազմակերպիչը պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ:

10. Կազմակերպիչը պետք է սահմանի և հրապարակի արդյունաբերական գոտու շահագործման կարգերը և իրականացնի պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան