ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 նոյեմբերի 2019 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՌՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Է. Մարտիրոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Տաշքենդում` Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովման նպատակով:
2. Ըստ գործում առկա նյութերի, մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից պատասխանատու իրավասու մարմինների մասին ներկայացված տեղեկանքի՝ Համաձայնագրի շրջանակներում տեղեկության փոխանակման համար պատասխանատու ՀՀ իրավասու մարմիններն են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև տեղեկանքում նշվում է, որ ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև պետական կառավարման համակարգի մյուս մարմինները:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- կատարել ՀՀ պարտավորությունները Համաձայնագրի շրջանակներում՝ ինքնիշխան հավասարության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և ՀՀ օրենսդրության սկզբունքներին համապատասխան (հոդված 3, մաս 1),
- տիրապետելով իրավասությունը՝ չիրականացնել գործառույթներ, որոնք մտնում են բացառապես այլ Կողմի իրավասության մեջ (հոդված 3, մաս 2),
- ապահովել տեղեկության փոխանակումն անվճար հիմունքներով՝ Համաձայնագրով սահմանված կարգով (հոդված 4, մաս 1, ենթամաս 1),
- ապահովել տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի իրավական ռեժիմի կատարումը (հոդված 4, մաս 1, ենթամաս 2),
- ապահովել տեղեկության փոխանակման գործընթացում օգտագործվող գաղտնի տեղեկույթի պաշտպանումը՝ ՀՀ օրենսդրությամբ, 1993թ. հունվարի 22-ի՝ Միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման վերաբերյալ համաձայնագրով, 2013թ. հոկտեմբերի 25-ի` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին համաձայնագրով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2013թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկույթի հետ վարվելու վերաբերյալ կանոններով և նման կարգի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին ՀՀ կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (հոդված 4, մաս 1, ենթամաս 3),
- Համաձայնագրի շրջանակներում գաղտնի տեղեկույթի փոխանցումն ամեն առանձին դեպքում կատարել ՀՀ օրենսդրության համաձայն՝ ելնելով սեփական շահերից (հոդված 4, մաս 2),
- սահմանել իրավասու այն մարմինների ցանկը, որոնք պատասխանատու են Համաձայնագրի շրջանակներում տեղեկության փոխանակման համար և իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկությունն ուղարկել ավանդապահին՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ ծանուցումն ի պահ հանձնելիս, իսկ իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել ավանդապահին (հոդված 5),
- Համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունը չօգտագործվի այլ նպատակներով՝ փոխանցման նպատակից բացի (հոդված 7, մաս 2),
- ապահովել, որ հայցվող ՀՀ իրավասու մարմինը տեղեկացնի հարցում կատարող իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալու օրվանից 30 օր անց՝ հարցումով նախաձեռնված գործողությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, կամ հարցումը (նրա մի մասը) կատարելու մերժման, հետաձգման և (կամ) պայմանների վերաբերյալ՝ նշելով պատճառները (հոդված 8, կետ 2),
- երաշխավորել, որ հայցվող ՀՀ իրավասու մարմինը չի հրապարակի հարցում ուղարկելու վերաբերյալ տեղեկությունն առանց հարցում կատարող իրավասու մարմնի կամ ԱՊՀ մարմնի նախնական գրավոր համաձայնության (հոդված 8, կետ 4),
- ՀՀ տեղեկատվական համակարգում պարունակվող գաղտնի տեղեկույթն այլ Կողմի իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին փոխանցումը, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական համակարգի օգտատերերին իրավունք տրամադրելն իրականացնել միայն այն գաղտնի տեղեկույթի նկատմամբ, որի փոխանցման մասին որոշումն ընդունվել է` համաձայն ՀՀ օրենսդրության, որի իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ տեղեկատվական համակարգի տերը (հոդված 9, կետ 2):
4. Համաձայնագրի վերաբերյալ ՀՀ կողմից կատարվել է վերապահում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո:
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
26 նոյեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1489 |