«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1379-Ա
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1873-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ լուծել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության և «Կոնվերս Ինվեստ» ընկերության միջև կնքված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը։
2. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայփոստ Թրասթ» բաց բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը։
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Հայփոստ Թրասթ» բաց բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին՝ համաձայն հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
ա) Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը՝ հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի հաստատման մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի մասին արձանագրային որոշման նախագիծ։
4.1. 2010 թվականի հոկտեմբերի 1-ից կառավարման հիմնադրի լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
(4.1-ին կետը լրաց. 24.09.10 N 1233-Ն, փոփ. 14.11.19 N 1583-Ա)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1873-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 7 |