Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1483
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.28/75(1528) Հոդ.954
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.10.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
22.10.2019
Дата вступления в силу
22.10.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հոկտեմբերի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա.Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

Համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում` երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանելու նպատակով:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● որպես Միության անդամ պետություն (այսուհետ՝ անդամ պետություն) ուսումնասիրել միջազգային պայմանագիր կնքելու առաջարկությունը, ըստ անհրաժեշտության՝ անցկացնել խորհրդակցություններ և փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում ՀՀ դիրքորոշումների մասին գրավոր տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով ),

● ապահովել մասնակցություն՝ Հանձնաժողովի ներկայացուցիչներից և անդամ պետություններից կազմված բանակցային պատվիրակության կազմում բանակցությունների անցկացմանը՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող հրահանգներին համապատասխան,

● ապահովել մասնակցություն՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների անցկացման հրահանգների նախագծի մշակմանը,

● Համաձայնագրին համապատասխան փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը կատարել փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում,

● միջազգային պայմանագիրը բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով ստորագրվելու դեպքում՝ ապահովել ներկայացված միջազգային պայմանագրի նախագծի՝ հայերեն թարգմանության լրամշակումը և դրա ուղարկումը Հանձնաժողով ոչ ուշ, քան մինչև միջազգային պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման արդյունքների մասին տեղեկատվության ուղարկումը,

● Միության համար միջազգային պայմանագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը հետ վերցնելու, միջազգային պայմանագրի դադարեցման, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողության կասեցման մասին առաջարկությունը քննարկելուց հետո՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում, Հանձնաժողովին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների մասին:

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. Գյուլումյան

     

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1483